Քարաբերդ գյուղը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից՝ 32 կմ հեռավորության վրա, ալիքավոր հարթավայրում` ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա:
Նախկինում ունեցել է Դաշղալա անունը, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է Քարաբերդ: Դաշղալայից Քարաբերդ է վերանվանվել 1947 թվականի փետրվարի 3-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Քարաբերդ գյուղի բնակչությունը, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – ավերակ,
1873 թվական – 622 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 776 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 933 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1908 թվական – 1014 հոգի,
1914 թվական – 663 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 727 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 683 հոգի,
1919 թվական – 736 հոգի,
1922 թվական – 427 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 1000 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 996-ը՝ հայ, 4-ը՝ բելոռուս,
1931 թվական – 1268 հոգի, որից 1267-՝ հայ, 1-ը՝ գերմանացի:
Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:
Անի համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագարան (Խարկովի հետ միասին), Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:
Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:
Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:
Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի:












