Սարակապ գյուղը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից 35 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Բոզդողան, Պոզտողան անվանումները:
Սարակապ է վերանվանվել 1935 թ հունվարի 3-ին: Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա հովտում`ծովի մակարդակից 1570մ բարձրության վրա:
Գյուղի շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոցի ավերակներ: Գյուղն ունի 7-րդ դարում կառուցված ս. Աստվածածին անունով եկեղեցի և Կարմիր վանքը:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Սարակապ գյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 70 հոգի, որից 65-ը՝ հայ, 5-ը՝ իսլամ,
1873 թվական – 658 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 743 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 937 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1908 թվական – 1.033 հոգի,
1914 թվական – 1.088 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 1.136 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 1.048 հոգի,
1919 թվական – 703 հոգի,
1922 թվական – 578 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 597 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 583-ը՝ հայ, 14-ը՝ եզդի,
1931 թվական – 762 հոգի, որից 747-ը՝ հայ, 15-ը՝ եզդի:
Խորհրդային տարիներին Սարակապն ունեցել է.
1939 թվական – 910 բնակիչ,
1959 թվական – 686 բնակիչ,
1970 թվական – 657 բնակիչ,
1979 թվական – 649 բնակիչ,
1989 թվական – 550 բնակիչ:
Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:
Անի համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագարան (Խարկովի հետ միասին), Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:
Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:
Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:
Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի:













