Հայկաձոր (Անիի շրջան, Շիրակի մարզ) գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային շրջանում

4240

Շիրակի մարզի Հայկաձոր գյուղը Անիի տարածաշրջանում է, նախկինում ունեցել է Կարմիր վանք, Կզըլքիլիսա Մեծ, Ղզըլքիլիսա, Ղոշավանք, Ղոշավանք Նոր անվանումները։

Հայաստան-Թուրքիա սահմանին ամենամոտ գտնվող բնակավայրերից է, մարզկենտրոն Գյումրիից ունի 37 կիլոմետր հեռավորություն՝ դեպի հարավ-արևմուտք: Սահմանակից է Ջրափի և Խարկով, այսօր՝ Նորշեն, բնակավայրերին:

Հայկաձորի դիմաց՝ Ախուրյանի աջ ափին, գտնվում է պատմական Հոռոմոսի վանքը, որը կառուցվել է Բագրատունիների Հայոց թագավոր Աբասի ժամանակներում՝ (929-953):

Ղոշավանքից Հայկաձոր է վերանվանվել 1950 թվականի ապրիլի 19-ին: Հայկաձորը մաս է կազմում խոշորացված Անի համայնքի, որի կենտրոնը Մարալիկ քաղաքն է:

Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:

Անի  համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, ԱնիպեմզաԲագարան (Խարկովի հետ միասին)Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, ՁիթհանքովՁորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:

Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Հայկաձոր գյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 152 հոգի, բոլորը՝ հայ,,

1873 թվական – 718 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 837 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1.052 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 1.143 հոգի,

1914 թվական – 1.269 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1.257 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1.156 հոգի,

1919 թվական – 860 հոգի,

1922 թվական – 644 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 840 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 831-ը՝ հայ, 9-ը՝ ռուս,

1931 թվական – 1.246 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Հայկաձորում բնակչության թիվը կազմել է.

1939 թվական – 856 հոգի,

1959 թվական – 596 հոգի,

1970 թվական – 483 հոգի,

1979 թվական – 413 հոգի:

Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի:

https://www.aniarc.am/2017/11/12/artik-1831-all-villages-korkotian/