Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Շուշի. 1957 թվականի սեպտեմբեր

908

ԼՔՈՒԱԾ ԱՂՕԹԱՏԵՂԻՆԵՐ ԵՒ … «ՆԻՐՀՈՂ ԿՈՎԵՐ». ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑԻ, ՇՈՒՇԻ, 1957

Ինչպէս մի քանի օր առաջ յիշեր էի, Վազգէն Ա. Վեհափառը Լեռնային Ղարաբաղ այցելած է 1957 թուականի Սեպտեմբերին։ Այդ ընթացքին եղած է նաեւ Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) տաճարին մէջ, որ այդ ժամանակ տասնամեակներէ ի վեր լքուած էր։

Այցելութենէն անմիջապէս ետք, «Էջմիածին» պաշտօնաթերթին մէջ Հայրիկ վրդ. Աւետիսեան հրապարակած է հետեւեալ նկարագրականը.

“Մեկնում ենք Շուշի։

Վեհափառ Հայրապետին ուղեկցում են մարզգործկոմի կուլտուրայի բաժնի պետ պ. Ա․ Բալայանը և պ. Մամեդովը։ ․․․Հեռվից երևում են Շուշիի մեծ գերեզմանոցը, եկեղեցին և փլատակների մի մասը։ Քաղաքի միջից քայլելով գնում ենք դեպի նշանավոր Ամենափրկիչ եկեղեցին, որը կոչում են Ղազանչեցոց եկեղեցի։ ․․․ Եկեղեցու արտաքինը մեզ հիացնում է իր ճարտարապետությամբ։ Վեհափառ Հայրապետը լուռ աղոթում է։ Աղոթում ենք և մենք ու մտովի խոնարհվում նրանց առջև, որոնց ճարտար ձեռքով կառուցվել է այս հրաշակերտ եկեղեցին։ Մանրակրկիտ դիտում ենք նրա առանձին մասերը, յուրահատուկ ձևով շինված երկշարք սյուները, խորանները, աննման կամարները։ ․․․ Վեհափառ Հայրապետը մտածում է անմիջական որոշ նորոգություններ կատարելու մասին, որպեսզի պատմական այս հոյակապ կոթողը պահպանվի։» («Նորին Սուրբ Օծություն Տ․ Տ․ Վազգեն Ա կաթողիկոսի հովվապետական այցելությունը Ադրբեջանի հայոց թեմին», «Էջմիածին», ԺԴ. տարի, թիւ Ժ, Հոկտեմբեր 1957, էջ 30-33)

Վեհափառին ընկերակցած Ադրբեջանական ՍՍՀ Մինիստրների Սովետին առընթեր ԿՊԳԽ-ի լիազօր Մ. Մամեդովը Հոկտեմբեր 3-ին կազմած իր տեղեկանքին մէջ Ղազանչեցոց այցելութեան մասին կը հաղորդէ.

«Եկեղեցին … որը հանրապետութեան Մինիստրների Սովետի որոշմամբ, գլխաւոր յատակագծի համաձայն, որպէս ճարտարապետական յուշարձան պէտք է ցանկապատուէր, քաոսային վիճակում էր, աղբով լի, քարերի մի մասը գողացուած էր։

«Ստեփանակերտ վերադարձին ինձ հետ զրոյցում կաթողիկոսը հիացմունքով խօսելով Շուշիի դիրքի ու բարձրլեռնային կլիմայի մասին, ասաց, որ գերմանացիները Ռումինիայից նահանջելիս աւելի վատ ձեւով, քան Շուշին, Ռումինիայի փոքր քաղաքներից մէկը հիմնայատակ աւերել են: Սակայն, ինչպէս ասաց նա, ռումինական կառավարութիւնը հիմնովին մաքրելով այդ քաղաքը, մի քանի տարուայ ընթացքում այն վերածեց ծաղկաստանի՝ նրա շուրջը նոր տներ կառուցելով։

«Երկրորդ օրը ես մարզի ճարտարապետական վարչութեան պետ ընկ. Շիրակեանից տեղեկանալով հանրապետութեան Մինիստրների Սովետի Շուշիի գլխաւոր յատակագծի եւ եկեղեցին ցանկապատելու որոշման մասին, դա յայտնեցի կաթողիկոսին, ինչին նա չափազանց դրականօրէն արձագանգեց։»

Ապա, կը շարադրէ Կաթողիկոսին ներկայացուցած խնդրանքները, որոնցմէ երրորդն է հետեւեալը.

«Տեղական իշխանութիւնների օգնութեամբ Շուշիի հայկական մայր եկեղեցին մաքրել աղբից, դռներ ու լուսամուտներ պատրաստել՝ այնտեղ նախիրի մուտքը արգելելու համար։ Կաթողիկոսը նպատակ ունի 1958 թ-ին Էջմիածնի հաշուին միջոցներ ու տանիքի երկաթ յատկացնել եւ կառավարութեան թոյլտուութեամբ մասնակիօրէն վերանորոգել այդ եկեղեցին՝ որպէս հրաշալի ճարտարապետական յուշարձան, նրան յետագայ աւերումից պահպանելու նպատակով։» (Գէորգ Եազըճեան, կազմող եւ խմբագիր, «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան, Գիրք ԺԶ․, Վազգէն Ա․ Պալճեան Ամենայն Հայոց Կաթողիկոս (1908-1994)․ փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու», Երեւան, 2008, էջ 496-502)

Այս խոստումները, սակայն, ընդհանուր առմամբ չեն գործադրուիր, ու տարի մը ետք, Վեհափառը իր ներքին գրագրութեան մէջ առանց քաղաքավարական մեղմասացութիւններու ցոյց կու տայ իր վրդովմունքը։

26 Օգոստոս 1958-ին, այսինքն՝ այցելութենէն 11 ամիս ետք, ան Հայաստանի մէջ կրօնական գործերու խորհուրդի նախագահ Սերգէյ Գասպարեանին կը գրէ՝ սխալ յիշելով, սակայն, Ղազանչեցոց տաճարին անունը.

«Ողբալի կացութեան է մատնուած Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շէնքը, որը ճարտարապետական ու պատմական մի հիասքանչ, հոյակապ կոթող կարելի է համարել։ Բարեբախտաբար այս եկեղեցին ամբողջութեամբ դեռեւս կանգուն է, փլուած է միայն կենտրոնական գմբէթը եւ որոշ աւերածութեան է ենթարկուած շէնքի ներսը։

«Անցեալ 1957 թուականի սեպտեմբերին, երբ անձամբ այցելեցի այս եկեղե-ցին, Մենք դառն կսկիծով ականատես եղանք աննկարագրելի մի տեսարանի։ Բացի փլուած գմբէթից, եկեղեցու բոլոր դռներն ու պատուհանները հանուած էին, երբեմնի այս աղօթավայրը ուղղակի վեր էր ածուել անասունների ախոռի։ Մենք եւ Մեր ուղեկիցները ականատես եղանք, թէ ինչպէս երկու կովեր նիրհում էին եկեղեցու սեղանի վրայ, իսկ եկեղեցու ամբողջ յատակը լեցուն անասնաղբով։

«Այդ պահին Մեզ հետ էր նաեւ Ադրբեջանական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Կրօնից Գործերի Լիազօր պրն. Մամեդովը։ Նա եւս Մեզ հետ միասին վրդովուեց այս տեսարանով եւ համաձայնուեց, որ ճարտարապետական եւ պատմական այդ հոյակապ կոթողի նման ողբալի վիճակը հետեւանք է դատապարտելի անտարբերութեան։ Հենց տեղւոյն վրայ Մենք պայմանաւորուեցինք Պրն. Մամեդովի հետ, որ տեղական իշխանութիւնները ձեռք կ’առնեն ամենատարրական միջոցները եկեղեցու հետագայ շէնքը աւերածութիւնից պաշտպանելու՝ ներսը մաքրելու եւ շէնքի դռներն ու պատուհանները հասարակ տախտակ գամելու, որպէսզի անասունները ներս չմտնեն, մինչեւ որ հնարաւոր լինի հնութիւնների պահպանման պետական մարմինների միջոցով նորոգելու այդ եկեղեցին, որը իբրեւ պատմական ու ճարտարապետական հնութիւն կարող է միայն պատիւ բերել որեւէ քաղաքի։

«Ահա՛ անցել է մէկ տարի, սակայն Մեր ունեցած տեղեկութիւնների համաձայն, ոչ մի միջոցառում չի կատարուած եւ եկեղեցին մնում է նոյն անմխիթար վիճակում:» («Բանբեր Հայաստանի Արխիւների», 1(99), Երեւան, 2001, էջ 110-112. տե՛ս նաեւ . Եազըճեան, «Վաւերագրեր», Գիրք ԺԶ․, էջ 680-682)

Խորհրդային տարիներուն, Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ Մայր Տաճարի մասնակի նորոգումը թոյլատրուեցաւ եւ իրագործուեցաւ միայն 1981-88 թուականներուն՝ Ղարաբաղեան Շարժման նախօրեակին։

ԱՐԱ ՍԱՆՃԵԱՆ

Այս գրությունը նախապես դրվել է դոկտոր Սանջյանի Ֆեյսբուքի էջում, որտեղից, հեղինակի իմացությամբ և թույլտվությամբ, դրել ենք ԱՆԻ կենտրոնի կայքում: