Շիրակի Իսահակյան գյուղը Անիի տարածաշրջանում է, նախկինում ունեցել է Ղազարապատ անունը։ Ղազարապատից Իսահակյան է վերանվանվել 1945 թվականի հունիսի 30-ին։ Ղազարապատից առաջ այս բնակավայրը հանդիպում է նաև Ղարաբուլաղ անունով:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 25 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի, այժմ՝ ջրամբարի ձախ ափին։
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Ղազարապատ, այսօր Իսահակյան գյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 325 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 353 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 488 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 596 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1908 թվական – 584 հոգի,
1914 թվական – 744 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 642 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 652 հոգի,
1919 թվական – 1836 հոգի,
1922 թվական – 587 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 446 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 431-ը՝ հայ, 1-ը՝ թուրք, 14-ը՝ ռուս,
1931 թվական – 535 հոգի, որից 531-ը՝ հայ, 4-ը՝ ասորի:
Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:
Անի համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագարան (Խարկովի հետ միասին), Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:
Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:
Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:
Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի:
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի













