Արցախի երկնքում իրանական օդանավի խոցումը. 1994-ի մարտի 17

2943

Ռազմական բախումների գոտիներում քաղաքացիական օդանավերի խոցման ցավալի, ողբերգական ու դատապարտելի դեպքերը, ինչպես տեղի ունեցավ օրեր առաջ Թեհրանում, երբ Իրանը սխալմամբ խոցեց Թեհրան-Կիև մարդատար օդանավը, տեղի են ունեցել նաև նախկինում, այդ թվում՝ Հայաստանում:

1994 թվականի մարտի 17-ին հայկական զինված ուժերը Արցախի երկնքում՝ Ստեփանակերտից 10 կիլոմետր դեպի արևելք, սխալմամբ խոցեցին Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող C-130 Հերկուլես օդանավը, որն իրականացնում էր Մոսկվա-Թեհրան չարթերային չվերթը:

Օդանավում Մոսկվայի Իրանի դեսպանության աշխատակիցների ընտանիքների անդամներն էին, որոնք Թեհրան էին մեկնում՝ նշելու իրանական Նոր տարին՝ Նովրուզը:

Օդանավում գտնվող բոլոր 32 քաղաքացիական անձինք զոհվեցին:

1994 թվականի մարտ-ապրիլը արցախյան հակամարտության վերջին, բայց նաև ամենաարյունալի շրջաններից էր:

Իրանական օդանավը շեղվել էր երթուղուց և Վրաստանի ու Հայաստանի Հանրապետության օդային տարածքից թեքվել դեպի արևելք՝ Արցախի երկինք, որտեղ ընթանում էին ռազմական գործողություններ: Այս շրջանում էր Ադրբեջանը օգտագործում գնդիկավոր ռումբեր:

Օդանավը խոցվեց զենիթահրթիռային համակարգի կրակից: Հայկական ուժերին թվացել է, որ հերթական անգամ Արցախի երկնքում ադրբեջանական օդանավ է:

Սկզբնական շրջանում հայկական կողմը՝ պաշտոնական Երևանը, չէր ընդունում իր մեղքը, սակայն օրեր անց ստիպված եղավ ընդունել, որ իրականան օդանավը սխալմամբ է խոցել, ներողություն խնդրեց տեղի ունեցած սարսափելի ողբերգության համար:

Զոհված քաղաքացիների աճյունները տեղափոխվեցին Իրան, հուղարկավորությանը մասնակցեց նաև Հայաստանի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը:

Այս ողբերգական պատահարը լայն արձագանք գտավ միջազգային մամուլում: Հայկական, ադրբեջանական, իրանական ու ռուսական լրատվամիջոցներից բացի, դրան անդրադարձան Բի Բի Սին, Ինդիփենդենթը, Լոս Անջելես Թայմսը, Ասոշեյթիդ Փրեսը, Քրիսչըն Սայնս Մոնիթորը:

Թաթուլ Հակոբյան