Անդրկովկասյան Դաշնակցային Հանրապետության (1918 թ ապրիլի 26-մայիսի 26) կառավարության կազմը

3586

1918 թվականի ապրիլի 22-ին Անդրկովկասյան Սեյմի մուսուլմանական խմբակցությունները և վրացի մենշևիկները, Օսմանյան կայսրության պարտադրանքով, առաջարկեցին հիմնադրել անկախ ժողովրդական Անդրկովկասյան Դաշնակցային Հանրապետություն:

Կառավարության կազմավորումը վստահվեց թուրքերի հետ խաղաղության կողմնակից Ակակի Իվանովիչ Չխենկելուն: Դեռևս վարչապետի պաշտոնում չհաստատված՝ Չխենկելին հրամայեց Հայկական կորպուսին հանձնել Կարսը: Հրամանը, որ արձակված էր առանց Սեյմի կամ դահլիճի մեջ մասնակցելուն համաձայնված հայերի իմացության, Կարսի բնակչությանը կատարյալ խուճապի մատնեց: Մի քանի ժամվա ընթացքում հազարավոր հայեր արդեն փախչում էին դեպի Երևանի նահանգի սահմանները:

Ապրիլի 25-ին Օսմանյան 3-րդ բանակի գնդերը մտան ամրոց և գրավեցին զենքի ու զինամթերքի վիթխարի պաշարներ՝ 11 հազար հրացան, մոտ 2 միլիոն փամփուշտ, 67 հրանոթ, 19 գնդացիր և մեկ տարվա պաքսիմատի պաշար:

Թիֆլիսի հայ ղեկավարները, ուշացումով իմանալով Չխենկելու գաղտնի քայլի մասին, հրաժարվեցին նրա դահլիճի մեջ մտնելու իրենց որոշումից և զայրույթով պահանջեցին պաշտոնանկ անել դավաճան վրացուն:

Մենշևիկյան պարագլուխները ընդունեցին, որ Չխենկելին սխալ է գործել, սակայն կհամաձայնվեին նրան տապալել միայն այն դեպքում, եթե մի որևէ հայ, նախընտրելի էր՝ Հովհաննես Քաջազնունին, իր ձեռքը վերցներկառավարման ղեկը: Վրացիները լավատեղյակ էին, որ հայերը նման առաջարկը չեն ընդունի, քանի որ թուրքերը դա կդիտեին որպես պատերազմի կողմնակից կառավարության վերականգնում…

Խորապես նվաստացած, դաշնակցականներն այնժամ հետ վերցրեցին իրենց հրաժարականները և միացան Չխենկելու դահլիճին, որը Սեյմը հաստատեց 1918թ ապրիլի 26-ին:

Կառավարությունն ուներ հետևյալ կազմը.

Ակակի Չխենկելի – ղեկավար, վրացի,

Նոյ Ռամիշվիլի, վրացի,

Նոյ Խոմերիկի, վրացի,

Գրիգորի Գեորգաձե, վրացի,

Ֆաթհալի Խան-Խոյսկի, մուսուլման,

Խուդադաթ բեկ Մելիք-Ասլանով, մուսուլման,

Նեսիբ բեկ Ուսուբբեկով, մուսուլման,

Մահմեդ Հասան Հաջինսկի, մուսուլման,

Իբրահիմ բեկ Հայդարով, մուսուլման,

Ալեքսանդր Խատիսյան, հայ, ՀՅԴ,

Հովհաննես Քաջազնունի, հայ, ՀՅԴ

Ավետիք Սահակյան, հայ, ՀՅԴ

Արամայիս Երզնկյան, հայ, սոցիալ-դեմոկրատ մենշևիկ:

Աղբյուրը՝ Ռիչարդ Գ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, Հատոր 1, առաջին տարին, 1918-1919, Տիգրան Մեծ, Երևան 2005, էջ 28-29:

Լուսանկարում՝ Ակակի Չխենկելին