Ադրբեջանի խորհրդայնացումը. 28 ապրիլ, 1920թ – հայկական մամուլի արձագանքները

4374

ՄՈՒՍԱՖԱԹԱԿԱՆ ԿԱՌԱՒԱՐՈՒԹԻՒՆԸ ՏԱՊԱԼՒԱԾ

(Րադիո հեռագիր, բռնւած Երևանի րադիո կայանի կողմից)

Մոսկւա, Լենինին: Ադրբէջանի Խորհրդային հանրապետութեան ժամանակաւոր զինւորական յեղափոխական կոմիտէն, որը իշխանութեան գլուխն անցաւ Բագու քաղաքի յեղափոխական պրոլետարիատի և Ադրբէջանի աշխատաւոր գիւղացիութեան կամքով, յայտարարելով հին Մուստաֆական կառավարութիւնը ժողովուրդի դաւաճան և թշնամի երկրի անկախութեան, խզում է բոլոր յարաբերութիւնները Անտանտի (դաշնակիցների) և Խորհրդային Ռուսաստանի միւս թշնամիների հետ:

Անկարող լինելով սեփական ուժերով դիմադրելու սեփական արտաքին և ներքին հակայեղափոխութեան միացած բանդաների յարձակման, Ադրբէջանի զինւորա-յեղափոխական կոմիտէն առաջարկում է Ռուսաստանի Խորհրդային հանրապետութեան կառավարութեանը եղբայրական դաշն կապել՝ միասին պայքարելու համաշխարհային իմպերիալիզմի դէմ և խնդրում է անմիջապէս իրական օգնութիւն ցոյց տալ, ուղարկելով Կարմիր բանակի զօրամասեր:

Ադրբէջանի կոմունիստական հանրապետութեան զինւոր յեղափոխական կոմիտէ՝ Նարիման Նարիմանով, Միրզա Դաւուդ Հուսէյնով, Համիդ Սուլթանով, Ալիմով եւ Ալի Հայդար Կարաեւ:

(Այս հեռագիրը բռնւած է ապրիլ 29-ի գիշերը)

Ժողովուրդ, թիվ 70, ուրբաթ, 30 ապրիլի, 1920թ

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/70.pdf

—–

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ԱԴՐԲԷՋԱՆՈՒՄ

(Րադիս հեռագիր Մոսկւա, Լենինին, Բագւից):

Յենւելով Բագւի յեղափոխական պլորետարիատի և Ադրբէջանի գիւղացիութեան կամքի վրայ, Ադրբէջանի կոմունիստական կուսակցութեան կենտրոնական կոմիտէն յայտարարում է դաւաճան, ոճրագործ և հակայեղափոխական Մուսաֆատ կուսակցութեան կառավարութիւնը տապալւած:

Այսուհետև Ադրբէջանի աշխատաւոր ազգաբնակութեան կամքի և ձգտումների արտայայտիչ միակ կառավարական իշխանութիւնը կը լինի Ադրբէջանի ժամանակաւոր զինւորա-յեղափոխական կոմիտէն, որը բաղկացած է հետևյալ ընկերներից. Նարիման Նարիմանով, Միրզա Դաւուդ Հուսէյնով, Մուսաբէկով, Համիդ Սուլթանով, Ալիմով և Ալի Հայդար Կարաև: Այդ կոմիտէն գոյութիւն կունենայ մինչև գիւղացիական, բանւորական և ասկեարների ներկայացուցիչների խորհրդի համագումարի գումարումը:

Ադրբէջանի կոմունիստական կուսակցութեան կենտրոնական կոմիտէ:

Ժողովուրդ, թիվ 70, ուրբաթ, 30 ապրիլի, 1920թ

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/70.pdf

Լուսանկարում՝ Բաքուն 1920-ական թվականներին