Քաջազնունու վերջին գրություններից. ինքնակենսագրական, 28 ապրիլի, 1936 թվական

1666

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Ձեր 29 մարտի թվակիրը ինձ բերին ապրիլի 26-ին միայն: Նկատի ունենալով, որ գործը, ինչպես գրում եք, շտապ է և արդեն ուշացված է մոտ մի ամսով, ուզում էի պատասխանել նույն օր ևեթ, բայց ընթացիկ անհետաձգելի աշխատանքներս այդ հնարավորություը չտվին: Խնդրում եմ ներողամիտ լինեք երկու օր ուշացնելուս համար: Այժմ կատարում եմ ձեր պատվերը, թեև լավ չեմ հասկանում, թե Թումանյանի
ընթերցողներին ինչո՞ւ պիտի հետաքրքրի իմ անձնավորությունը:

* * *

Ծնվել եմ 1868 թվականին և մինչև այսօր դեռ չեմ մեռել, թեև մեռնելու համար ունեցել եմ բազմազան ու խիստ բարենպաստ առիթներ, մի քիչ համառ ու հաստակող ծերուկ եմ ես:

Միջնակարգ կրթություն ստացել եմ Թիֆլիսի ռեալական դպրոցում , բարձրագույն՝ Քաղաքացիական ճարտարապետների ինստիտուտում (Պետերբուրգի): Թե մեկը և թե մյուսը հիշում և գարշանքով ու զայրույթով: Ցարական ռեժիմի քաղցրությունը ճաշակել եմ ամենից առաջ դպրոցների միջոցով, և միակ լավ բանը, որ տվել են ինձ այդ դպրոցները՝ անհաշտ ատելությունն է եղել ամեն կարգի բռնության հանդեպ: Շատ սիրել եմ գեղարվեստը ընդհանրապես և գեղարվեստական գրականությունը մասնավորապես: Միաժամանակ տարված եմ եղել հասարակական ու քաղաքական խնդիրներով: Ապա՝ իբրև արևելքցի՝ հակված եմ եղել երազելու և փիլիսոփայելու:
Է՛լ ասեմ: Անբուժելի ռոմանտիկ եմ եղել և միաժամանակ շեշտված սկեպտիկ: Հաշտեցրեք, եթե կարող եք:

Իբրեւ ճարտարագետ՝ նախագծել եմ ու շինել: Իբրև գրասեր՝ բավականին գրել եմ դեսից-տենից (գլխավորապես ռուսերեն)(1): Իրև հասարակական-քաղաքական գործիչ՝ աշխատել եմ զանազան հաստատություններում և 30 տարի շարունակ անդամ եմ եղել ՀՅ Դաշնակցության, իսկ 18-20 թվականներին վարել եմ նաեւ պետական խիստ պատասխանատու պաշտոններ(2): Իբրև տնաբույս փիլիսոփա՝
շատ մտածել եմ անլուծելի խնդիրների մասին (բարեբախտաբար, մարդկության համար, փիլիսոփայել եմ միայն մտքիս մեջ, լռելյայն, ինքս ինձ):

Ի՞նչ է եղել իմ տաղանդների ու հակումների այսպիսի բազմակողմանիության հետևանքը: Այն, որ ոչ մի ասպարեզում ոչինչ դրական չեմ տվել, ճարտարագետին խանգարել է փիլիսոփան, գեղարվեստասերին՝ քաղաքական գործիչը և ընդհակառակը: Արել եմ շատ սխալներ, սրանց թվում նաև՝ խոշոր, հետևանքներով ծանր սխալներ: Շատ բան չեմ հասկացել, շատ բան չեմ կարողացել:

Եթե ընդունակ լինեի զղջալու և ափսոսալու, հավանորեն այս տարիքիս չէի հասնի և այսօր այս տողերը գրելու հաճույքը չէի ունենա: Բայց զղջալու և ափսոսալու առաքինություններից ես զուրկ եմ ի բնե, ավելին ևս. այդ մարզանքները համարում եմ միանգամայն պարապ բան: Ասում եմ, եղել է, ուրեմն պիտի լիներ: Ֆատալիզմ է, հարկավ: Մխիթարվում եմ սակայն նրանով, որ եթե ֆատալիզմ բառի փոխարեն դնեք
դետերմինիզմ, այնքան էլ տգեղ չի հնչի:

Բայց ի՞նչ կապ ունի այս ամենը Հ. Թումանյանի ու նրա երկերի հետ: Ոչ մի կապ: Թումանյանին ես շատ եմ սիրել, երկար տարիներ «վայելել եմ» նրան, բայց իմ կյանքը գնացել է իր սեփական ճամփով, և իմ մեղքերին մեղսակից չի եղել Օհաննեսը: Գուցե ե՞ս եմ ունեցել ազդեցություն Թումանյանի վրա: Այդ էլ չեմ կարծում կամ, եթե եղել է, շատ աննշան չափերով: Հիշում եմ, օրինակ, որ մեր բարեկամության սկզբնական
շրջանում ես Թումանյանի ուշադրությունը դարձրել եմ Պուշկինի վրա (շատ էր տարված Լերմոնտովով և համարյա չէր ճանաչում Պուշկինին): Նույնը և Շեքսպիրի վերաբերմամբ, որը մի տեսակ կրոնական պաշտամունքի առարկա էր ինձ համար: Ապա հիշում եմ, որ կարողացել եմ համոզել Օհաննեսին, որ իր փոխադրած «Սասունցի Դավթի» ոճը մանրացած է, պետք է փոխել և որ «Դեպի Անհունի» նման թեմաներ մշակելուց հրաժարվի…

Գուցե եղել են սրանց նման և ուրիշ դեպքեր, բայց պարզ է, որ եթե ես չլինեի,
ամեն մի գրագետ մարդ նույնը կասեր Թումանյանին, և վերջապես, Թումանյանը այնքան զգայուն էր գեղեցիկի ու գեղարվեստականության հանդեպ, որ ինքն էլ գլխի կընկներ առանց կողմնակի օգնության:

Մենք բարեկամներ ենք եղել բառին ամենալավ իմաստով՝ ահա պարզ իրականությունը: Ավելի քան 30 տարվա ընթացքում ապրել ենք մտերմաբար, ունեցել ենք աղմկալի վիճաբանություններ, պատահել է, որ փիս հայհոյել ենք իրար, բայց երբեք, ոչ մի օր չենք դադարել անկեղծ ու սրտագին բարեկամներ լինելուց:
Եւ իմ անցնող կյանքի ամենահաճելի էջերից մեկը եղել է Հ. Թումանյանի բարեկամությունը:

* * *

Ահա իմ կենսագրությունը: Հույս չունեմ, թե օգտագործելի լինի ձեզ համար, բայց եղածն այդ է:

Հարգանքներով՝ ՀՈՎՀ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻ
28 ապրիլի, 1936

Լուսանկարում՝ Քաջազնունու վերջին և մեզ հասած լուսանկարն է