Եղեգնավանի բնակչությունը 1831-2011 թվականներին. ՀՀ-Նախիջևան-Թուրքիա եռանկյունու գյուղերը

860

Եղեգնավան գյուղը գտնվում է ՀՀ-Նախիջևան-Թուրքիա եռանկյունում, Արաքս գետի ձախ ափին, Արաքս թափվող Վեդի գետի աջափնյակում, ծովի մակերևույթից ավելի քան 800 մետր բարձրության վրա՝ Արարատ սարի հայաստանյան ստորոտում:

Եղեգնավանը սահմանակից է Նոյակերտ և Լուսառատ գյուղերին: Անմիջապես դիմացը՝ Արաքսի մյուս ափին, այսօրվա Թուրքիայի Իգդիրի շրջանի Գյոդեքլի բնակավայրն է: Եղեգնավանից պարզ երևում է Գյոդեքլիի սպիտակ մզկիթը՝ զույգ մինարեթներով:

Դեպի Իրան ուղղությամբ Եղեգնավանի հարևան գյուղերն են Քուշը և Փանջարլուն:

Եղեգնավանը գտնվում է Արարատ քաղաքից 10 կմ, մարզկենտրոն Արտաշատից մոտ 25 կմ հեռավորության վրա:

Նախկինում գյուղն ունեցել է Շիդլի, Շիդրլու, Շիթլու, Շյուտլի, Շուդլու, Շուխնի, Շիդլու անվանումները: Եղեգնավան է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Եղեգնավանն ունեցել է.

1831 թվական –  263 հոգի, բոլորը՝ թաթար,

1873 թվական – 806 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 823 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 992 հոգի, բոլորը՝ իսլամ (ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամար),

1904 թվական – 777 հոգի,

1914 թվական – 790 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 855 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 1842 հոգի,

1922 թվական – 571 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 607 հոգի, որից 1-ը՝ հայ, 216-ը՝ քուրդ, 390-ը՝ թուրք (ԽՍՀՄ առաջին մարդահամար),

1931 թվական – 470 հոգի, որից 5-ը հայ, 465-ը՝ թուրքական խումբ:

Խորհրդային տարիներին Եղեգնավանի ամբողջ մուսուլման բնակչությունը համարվեց ադրբեջանցի:

1988 թվականին, հայ-ադրբեջանական տեղահանությունների ընթացքում, տեղի ադրբեջանցիները հեռացան, նրանց փոխարեն հաստատվեցին Բաքվից և Ադրբեջանի այլ բնակավայրերից հայեր:

Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Եղեգնավանի մշտական բնակչությունը կազմել է 1420, առկա բնակչությունը՝ 1279 մարդ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի, ՀԵՏՔ