Հայաստանը և տուն ու տեղը կորցրած արցախահայությունը՝ Նախիջևան-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունում

1423

Առաջիկա երեք օրերը՝ մարտի 16-ից 18-ը, անց եմ կացնում Հայաստանի Հանրապետություն-Նախիջևան սահմանային գյուղերում՝ հանդիպելու բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին:

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում բնակվող տեր և տիկին Նուպար և Ալիս Պօսթանեանների, ԱՄՆ Օհայո նահանգի Քոլամբուս քաղաքի հայության, Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքի հայկական բժշկական առաքելության, ինչպես նաև Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում ու Ավստրալիայում բնակվող մի շարք անհատների ու կազմակերպությունների տրամադրած միջոցներով փոքր օժանդակություններ ենք հասցնում տուն ու տեղը, կահ-կարասին կորցրած արցախահայերին:

Հայաստանի Հանրապետություն-Նախիջևան սահմանը սկսվում է Երասխավանից՝ ՀՀ-Իրան-Նախիջևան-Թուրքիա անկյունից, և հասնում մինչև Կարճևան՝ ՀՀ-Իրան-Նախիջևան եռանկյունի:

Նախքան Երասխ հասնելը որոշեցի աջ թեքվել ու մտնել Նոյակերտ և Եղեգնավան գյուղերը, որոնք Արաքսի վտակ Վեդի գետի ափին են: Մեքենաս չափից ավելի էր բեռնված տարբեր օգնություններով, այդ պատճառով՝ պետք էր մի քիչ թեթևանալ ու ավելի հեշտ հաղթահարել Երասխ-Տիգրանակերտ-Զանգակատուն ոլորապտույտ ճանապարհը:

Եւ՛ Նոյակերտում, և՛ Եղեգնավանում տասնյակ արցախահայ ընտանիքներ են հաստատվել: Քանի որ այցիս նպատակը լրագրությունը չէր, կոռեկտ չէ անուններ նշելը: Նոյակերտում շփվեցի 8 ընտանիքների հետ՝ երկուսը Հադրութի Տումի գյուղից, մեկը՝ Ստեփանակերտից, երկուսը՝ Մարտակերտի Վերին Հոռաթաղից, մեկական Հադրութի Առաքել, Մարտունու Կարմիր Շուկա և Կոլխոզաշեն բնակավայրերից:

Եղեգնավանում շփվեցի երկու ընտանիքի հետ՝ մեկը Հադրութի Թաղասեռ, մյուսը՝ Մարտունու Մաճկալաշեն գյուղերից:

Շատ ծանր է մեկ օրում կորցնել ամեն ինչ և զրոյից կյանք սկսել մի վայրում, որի անունն անգամ չես լսել նախքան տեղահանությունը: Այդու, արցախահայերը չարացած չեն, շատ լավ են արտահայտվում իրենց նոր հարևանների մասին, ովքեր օգնում են նրանց, ինչով կարողանում են:

Նրանց հետ շփումներում և զրույցներում ես քաղաքականությունից բառ անգամ չեմ խոսում: Միակ բանը, որ ասում եմ, հետևյալն է՝ չհեռանա՛ք Հայաստանից:

Նոյակերտցիները և եղեգնավանցիները նույնպես արցախահայեր են: Նոյակերտը նախկին Խալիսա, իսկ Եղեգնավանը նախկին Շիդլու ադրբեջանաբնակ գյուղերն են: 1988 թվականին ադրբեջանցիների հեռանալուց հետո այս գյուղերում հաստատվեցին Բաքվից և Ադրբեջանից բռնի տեղահանված հայերը, որոնք արմատներով նույնպես Արցախից են:

Եղեգնավանը Հայաստան-Թուրքիա հենց սահմանին է: Գյուղի հարևանությամբ ռուս-հայկական համատեղ սահմանապահ ուղեկալն է, դիմացը՝ Արարատի հենց ստվերի տակ՝ Գյոդեքլի գյուղը, որի սպիտակ մզկիթը՝ զույգ մինարեթներով, պարզ երևում է: Դեպի հարավ Նախիջևան-Իրան-Թուրքիա եռանկյունին է:

Եղեգնավանից Արարատը ուղղակի դիմացդ է: Այսօր Բիբլիական լեռը ամբողջությամբ ամպերի մեջ էր, և միայն ստորոտի հարազատ գոգավորությունից կարելի էր հասկանալ, որ Արարատն է:

Խորհրդանշական պատահականությամբ էի այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ-Նախիջևան-Թուրքիա եռանկյունում: 1921թ այս օրն է ստորագրվել ռուս-թուրքական դաշնագիրը, որի կետերից մեկով Նախիջևանը դե-յուրե դրվել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Դե ֆակտո Նախիջևանը ՀՀ-ն կորցրել է 1919թ ամռանը: Բրիտանացիները Նախիջևանը միացրեցին Հայաստանին, սակայն միայն երկու ամիս կարողացանք այն պահել:

Եղեգնավանում կանգնեցի այն տեղում, որտեղով անցնում է Արաքսից դուրս եկող և Արարատյան դաշտի ներքին հատվածը ոռոգող ջրատարը:

Նախիջևան-Թուրքիա սահմանային դիմացի մասում Իգդիրի շրջանի Արալըխի հատվածն է: Իգդիր-Սուրմալուն՝ Արաքս գետի և Արարատյան դաշտի աջափնյա շրջանը, մինչև 1920 թվականի աշուն ՀՀ մաս էր կազմում, թեև բնակչության մի ստվար հատված մուսուլմաններ էին: Նրանց թվաքանակը ավելացել էր 1920 թվականի Զանգիբասարի կռիվներում թաթարների կրած պարտությունից հետո: Թաթարները, այսօր՝ ադրբեջանցիներ, 1920 թվականի ամռանը Արաքսի ձախափնյա շրջանից հազարներով անցան գետը և հաստատվեցին Իգդիրի շրջանում:

Թաթուլ Հակոբյան, ԱՆԻ կենտրոն

16 մարտի, 2024թ