Սևրից հետո՝ ռուս-թուրքական և ռուս-անգլիական համաձայնագրերը. մարտի 16, 1921թ

1835

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից

—-

Տասնյոթերորդ գլուխ

Լոնդոնի խորհրդաժողովը, Մոսկվայի թուրքբոլշևիկյան դաշնագիրը

Լոնդոնի խորհրդաժողովը արդյունք էր այն դիմադրության, որ Թուրքիան ցույց տվեց Սևրի դաշնագրի պայմաններին ենթարկվելու դեմ:

Երկու ելք կար. կամ «հաղթական դաշնակիցները» պետք է ուժով ստիպեին Թուրքիային, որ ընդունի և կատարի Սևրի դաշնագրի պայմանները, կամ պետք է բռնեին զիջումների և իրավախոհության ճանապարհը, և, իհարկե, զիջումները պետք է լինեին նվազագույն դիմադրության գնով:

Իսկ ի՞նչ շահեր կարող էին զոհաբերվել: Ինչո՞ւմ պետք է արտահայտվեին զիջումները և մի՞թե պարտված Թուրքիան լրջորեն կարող էր Եվրոպային ցուցադրել իր անհամաձայնությունը:

Այս բոլոր հարցերը չափազանց կարևոր են, որովհետև դրանց պատասխանները նախորոշեցին այն ամենը, ինչ որ տեղի ունեցավ Լոնդոնի խորհրդաժողովից հետո Փարիզում ու Լոզանում և ա՛յն, ինչ որ տեղի է ունենում մինչև այսօր:

Այն ժամանակվա քաղաքական միջավայրի հոգեբանությունը լավ հասկանալու համար պետք է նկատի առնել հինգ գործոններ:

Առաջին. Եվրոպայի ժողովրդների հոգնածությունը պատերազմից հետո և խաղաղության ընդհանուր ծարավը: Երկրորդ. Ֆրանսիայի և Անգլիայի միջև գոյություն ունեցող պատմական մրցակցությունը Արևելքում, որից օգտվում էր Թուրքիան: Երրորդ. Թուրքիայի դիմադրական ուժը շնորհիվ դաշնակցության և զինակցության Խորհրդային Ռուսաստանի հետ և գրգռիչ ու դավադրական գործունեության եվրոպական պետությունների ասիական և աֆրիկյան գաղթավայրերում: Չորրորդ. այն հանգամանքը, որ արդեն վերջացել էր ներքին քաղաքացիական կռիվը Ռուսաստանում, որից Ռուսաստանի ձայնը ավելի զորավոր էր հնչում Արևելքում և, մասնավորապես, Կովկասում, ուստի՝ եվրոպական պետությունները հարկադրված էին ավելի զգույշ լինել կովկասյան հանրապետությունների և, մասնավորապես, Հայաստանի վիճակը կարգավորելու մեջ: Հինգերորդ.  Հունաստանի պարտությունը, որից հետո իրենց ուժը կորցնում էին Սևրի դաշնագրի բոլոր հոդվածները Իզմիրի վերաբերյալ:

Այս բոլոր գործոնները հաշվի առնելով, Թուրքիան ձեռնտու համարեց իր անհամաձայնությունը հայտարարել Սևրի դաշնագրի պայմաններին: Մանավանդ, որ նա իրապես արդեն տիրում էր ոչ միայն Թուրքահայաստանին, այլև Կարսի նահանգին և Սուրմալուի գավառին:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը քանիցս դիմեց անգլիական և ֆրանսիական կառավարություններին՝ հարցնելով, թե նրանք շարունակում ե՞ն արդյոք պաշտպանել հայերի իրավական պահանջները: Պատասխանը միշտ եղավ դրական:

«Անգլիան մտադիր չէ փոխել Սևրի դաշնագրի պայմանները»,- այսպես էին պատասխանում Լոնդոնից: Ֆրանսիացիներն ասում էին նույնը, թեև ոչ այդքան վճռական ձևով:

Իրերի այսպիսի դրության պայմաններում նշանակված էր Սևրի դաշնագրի ստորագրությունից հետո առաջին խորհրդաժողովը արևելյան հարցի մասին: Ես Լոնդոն եկա խորհրդաժողովի սկսվելուց մի քանի օր հետո, փետրվարի 28-ին:

Արդեն Լոնդոնում էին ՀՀ պատվիրակության նախագահ Ահարոնյանը, Անգլիայում, Իտալիայում և Ամերիկայում մեր ներկայացուցիչներ զորավար Բագրատունին, Վարանդյանը, Փաստրմաջյանը և Սեպուհը: Իսկ մի քանի օր հետո եկավ նաև Սարգիս Արարատյանը՝ Հայաստանի ելևմտական նախկին նախարարը: Նրանցից զատ Լոնդոն էր եկել նաև Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը: Վերջապես, այդ ժամանակ Լոնդոնում էր նաև ՀՀ պատվիրակության խորհրդական Հովհաննես Խան Մասեհյանը:

Հունաստանի կողմից Լոնդոն էին եկել վարչապետ Գունարիսը, արտաքին գործերի նախարար Բալտացցին և զորավար Կալաջերոպուլոսը: Անգլիայի ներկայացուցիչն էր արտաքին գործերի նախարար Լորդ Քըրզընը, իսկ Ֆրանսիայի կողմից ներկա էր արտաքին գործերի նախարար Բրեանը՝ ընկերակցությամբ մարշալ Ֆոշի և նախարարության ընդհանուր քարտուղար Բերտըլոյի: Իտալիան ներկայացված էր արտաքին գործերի նախարար, կոմս Սֆորցայով:

Թուրքերի կողմից Անկարայի կառավարության նախագահ Բեքիր Սամի բեյն էր: Միևնույն ժամանակ, Պոլսի թուրք կառավարության կողմից այնտեղ էր Թեվֆիք փաշան. երկու պատվիրակությունները միշտ գործում էին համերաշծ: Պետք է ասել, որ նույն ժամանակ առանձին թուրքական մի պատվիրակություն էլ, Յոսուֆ Քեմալի նախագահությամբ, Մոսկվայում բանակցություններ էր վարում խորհրդային կառավարության հետ: Հարկավ, խորհրդային կառավարությունը իրազեկ էր այն բոլորին, ինչ որ կատարվում էր Լոնդոնում: Այսպիսով, թուրքերը Մոսկվայում իրենք իրենց ապահովագրում էին այն ամենից, ինչ որ կարող էր սպառնալ Լոնդոնում:

Լոնդոնի խորհրդաժողովի սկզբունքների գլխավոր առարկան Սևրի դաշնագրի պայմանների վերաքննությունն էր: Խորհրդաժողովում նախագահում էր Անգլիայի վարչապետ Լլոյդ Ջորջը:

Փետրվարի 2-ին Անկարայի ներկայացուցիչ Բեքիր Սամի բեյը պահանջ դրեց վերականգնել Եվրոպայում 1914 թվի Թուրքիայի սահմանները, վերադարձնել Իզմիրը, Կիլիկիան, իսկ Հայաստանի և Քրդստանի վերաբերյալ արտահայտվեց հետևյալ խոսքերով. «Մենք գտնում ենք, որ հողային խնդիրների ուշադիր ուսումնասիրությունը, մասնավորապես Հայաստանի և Քրդստանի հարցում, հնարավորություն կտա արդարացի լուծում գտնել էական կետերում»:

Փետրվարի 26-ին խորհրդաժողովը լսեց հայ ներկայացուցիչներ Պողոս Նուբար փաշային և Ավետիս Ահարոնյանին: Երկուսն էլ կատարելապես համերաշխ պահանջում էին Սևրի դաշնագրի տրամադրությունների անփոփոխ պահպանումը: Իրենց պահանջին ի նպաստ առաջ էին բերում մի շարք պատճառաբանություններ:

Նրանք ասում էին, որ թուրքերը հարձակվել են Հայաստանի վրա՝ քաջալերված և օժանդակություն ստանալով Խորհրդային Ռուսաստնից, որի բուն նպատակն է քանդել Սևրի դաշնագիրը: Ահագին թվով փախստականներ (մինչև 300 հազար) Թուրքահայաստանից հարմար րոպեի են սպասում՝ վերադառնալու իրենց տները՝ Հայաստան: Նրանք ասում էին, որ  խորհրդային իշխանությունը նույն օրերին արդեն տապալվել է Ռուսական Հայաստանում՝ փետրվարի 18-ին տեղի ունեցած ապստամբության հետևանքով, հետևաբար՝ վերականգնվել է Հայաստանի կատարյալ անկախությունը: Այս հեղաշրջումը չափազանց կարևոր էր Լոնդոնում հայկական շահերի պաշտպանության համար, որովհետև այն նորից վերականգնում էր Միացյալ և Անկախ Հայաստանի կորիզը: Կասկած կար միայն, թե որքան ամուր և տևական կարող է լինել այդ վերականգնումը: Կիլիկիայի համար հայ պատվիրակները պահանջում էին ինքնավարություն:

Լորդ Քըրզոնը մատնանշեց այն դժվարին կացությունը, որում գտնվում էր խորհրդաժողովը Հայաստանի հարցում. Թուրքերը, փաստորեն գրավել են բոլոր վիլայեթները, որոնք պետք է անցնեին Հայաստանին, և նույնիսկ՝ Ռուսահայաստանի մի մասը. եվրոպական պետությունները չեն կարող այնտեղ ուղարկել զորքեր, իսկ Ռուսական Հայաստանը, թեև ազատվել է խորհրդային լծից, բայց գտնվում է նոր հարձակման սպառնալիքի տակ:

Բերտըլոսը Ֆրանսիայի կողմից հայտարարեց, որ Սևրի դաշնագրով Կիլիկիան չուներ հատուկ կազմական կանոնագիր (ստատուս) և այդ պատճառով դժվար է այժմ հրատարակել նոր իրավունքներ նրա համար և որ ֆրանսիական կառավարությունը հոգ կտանի այնտեղ բնակվող հայերի մասին, իբրև «փոքրամասնություն»: Նուբար փաշան հայտարարեց, որ Կիլիկիայում հայերը ոչ թե փոքրամասնություն են, այլ՝ մեծամասնություն: Ավետիս Ահարոնյանը հայտարարեց, որ Ալեքսանդրապոլի դաշնագրիը, որը մատնացույց արեց Բեքիր Սամի բեյը, բռնադատված էր, ստորագրված սպառնալիքի և ճնշման տակ և որ այդ դաշնագիրը դեռ վավերացված չէ: Մարտ 4-ին խորհրդաժողովը լսեց թուրքերի պատասխանը. թուրքերը շատ լավ էին օգտագործում եվրոպական ներկայացուցիչների տրամադրությունները և նորից  պնդում էին իրենց սկզբնական պահանջները: Լորդ Քըրոզնը իր պատասխանի մեջ կրկին անգամ շեշտեց, որ դաշնակիցները ոչ մի տրամադրություն չունեն հրաժարվելու Միացյալ և Անկախ Հայաստան ստեղծելու իրենց որոշումից:

Բոլոր շահագրգիռ կողմերին լսելուց հետո, մարտի 12-ին խորհրդաժողովը առաջարկի ձևով հույներին և թուրքերին հայտնեց իր որոշումը՝ բաղկացած 10 կետերից: Նա, միևնույն ժամանակ, հայտնեց, որ իր առաջարկները անբաժանելի ամբողջություն են կազմում, որ պետք է կամ ամբողջապես ընդունել կամ մերժել: Այդ առաջարկները պարունակում էին մի շարք զիջումներ թուրքերին:

Հայաստանի մասին 9-րդ կետն էր, որը խմբագրված էր այսպես.

«9. Հայաստան. ինչ վերաբերում է Հայաստանին, ներկա պարտավորությունները կարող են հարմարեցվել, պայմանով, որ Թուրքիան ճանաչի թուրքահայերի իրավունքները Ազգային Օջախի համար Ասիական Թուրքիայի արևելյան սահմաններում և համաձայնի ընդունել այն հանձնաժողովի որոշումը, որը կնշանակվի Ազգերի Լիգայի Խորհրդից՝ նպատակ ունենալով տեղում ուսումնասիրել այն հողամասերի խնդիրը, որոնք արդարացի կլիներ այդ նպատակի համար փոխանցել Հայաստանին»:

Ինչպես ընթերցողն է տեսնում, «ազատ և անկախ պետություն» բառերի փոխարեն, որոնք կիրառվել են Սևրի դաշնագրի 88-րդ հոդվածում, այժմ հրապարակ էր գալիս անորոշ մի խոսք՝ foyer (օջախ): Ի՞նչ էր օջախը և որտեղի՞ց առաջ եկավ:

Ասվում է, թե այդ դարձվածքը առաջարկված է եղել ամերիկյան միսիոնարների կողմից՝ ի դիմաց Մոնկոմերիի, որը այդ ժամանակ նույնպես գտնվում էր Լոնդոնում: Օճախ նկատվում էր իրավախոհության մի միջոց Թուրքիայի հովանավորության տակ հայերու համար ինքնավարություն ստեղծելով: Դա, հարկավ, խոշոր զիջում էր թուրքերին:

1921թ. սեպտեմբերի 21-ին Ազգերի Լիգան միաձայնությամբ բացատրեց, որ ինքը գտնում է, որ այդ օջախը պետք է միանգամայն անկախ լինել Թուրքիայից: Իսկ Լոզանում 1923 թվականի հունվարի 6-ին հայկական խնդրով զբաղվող հանձնախմբի նախագահ Մոնթանան արտահայտվեց այն մտքով, որ այդ օջախը թուրքական հողամաս է, որի վրա կարող են հայերը հավաքվել, որպեսզի այնտեղ ազատ կերպով մշակեն ու զարգացնեն «իրենց լեզուն, ավանդական սովորությունները եւ քաղաքակրթությունը»:

Ստանալով վերոհիշյալ առաջարկները՝ թուրքերն ու հույները պետք է ներկայացնեին իրենց խորհրդարանների քննությանը: Հույները ավելի քիչ էին հակված համաձայնվելու դաշնակիցների առաջարկներին, որոնց մեջ իրենց վերաբերող կարևորագույն կետերը ավելի էին ուժեղացնում թուրքերի սահմանները և ազդեցությունը Իզմիրում և Բալկաններում: Նրանք կարծում էին, որ իրենք «երկու շաբաթվա ընթացքում թուրքերին դուրս կքշեն» դեպի Անկարա:

Տեսնելով իրերի այսպիսի վիճակը՝ հայ պատվիրակները, հարկավ, մեծ հուզմունքի մեջ էին: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Օջախի գաղափարին վերաբերվեց թշնամաբար՝ գտնելով, որ ինքը, ինչպես և բոլոր հայերը, պարտավոր է շարունակել պաշտպանել Անկախ և Միացյալ Հայաստանի գաղափարը: Ազգային պատվիրակությունը հաշտվում էր Օջախի գաղափարի հետ:

Մարտի 12-ին Հունաստանին և Թուրքիային առաջարկներ անելուց հետո Լոնդոնի խորհրդաժողովը վերջացրեց իր աշխատանքները: Մարտի 13-ին ես վերադարձա Փարիզ: Երկու օր հետո վերադարձան նաև հայկական մյուս պատվիրակները:

Մինչև Լոնդոնի խորհրդաժողովի վերջանալը, այսինքն՝ մարտի 9-ը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բրիանը և Թուրքիայի արտաքին գործավար Բեքիր Սամի բեյը ստորագրեցին անջատ համաձայնություն, որով ֆրանսիացիք կրճատում էին իրենց ազդեցության շրջանը Սիրիայում հօգուտ Թուրքիայի և դրա փոխարեն ստանում մի շարք արտոնություններ՝ Կիլիկիայում, Դիաբեքիրում և Սեբաստիայում մենաշնորհներ ձեռք բերելու համար: Հետագայում, այսինքն՝ 1921 թվականի հունիսի 11-ին, Բրիանը բացատրեց այդ համաձայնության դրդապատճառները: Նման համաձայնության փաստն իսկ արդեն կանխորոշում էր ֆրանսիական քաղաքականության ուղղությունը հօգուտ Թուրքիայի: Քանի որ այդ քաղաքականությունը Թուրքիայի հետ բարեկամանալու ուղղությամբ է, դրանով իսկ ուղղված էր հայկական շահերի դեմ: Լոնդոնի համաձայնությանը շուտով հետևեց Ֆրանքլին Բույոնի ուղևորությունը դեպի Թուրքիա, որը վերջացավ Անկարայի ծանոթ դաշնագրով:

Մարտի 12-ին Իտալիայի արտաքին գործերի նախարար Կոմս Սֆորցան նույնպես ստորագրեց անջատ համաձանություն Բեքիր Սամի բեյի հետ, որով Իտալիան պարտավորվում էր վերջնական հաշտություն կնքելու ընթացքում պաշտպանել թուրքերի բոլոր պահանջները. դա արդեն Հայաստանի նկատմամբ ուղղակի դավաճանություն էր:

Մարտի 16-ին Անգլիան ստորագրեց համաձայնություն Սովետների հետ, որով վերջինները պարտավորվում էին անգլիական գաղութներում հրաժարվել քարոզչությունից, իսկ անգլիական կառավարությունը պարտավորվում էր չպաշտպանել այն նորակազմ պետություններին, որոնք կազմված էին նախկին ռուսական կայսրության երկրներից: Դա առաջին հարվածն էր Հայաստանին, որովհետև Անգլիան արդեն պարտավորվում էր չօգնել հայերին՝ իրենց անկախությունը վերականգնելու պայքարում:

Լոնդոնի խորհրդաժողովի հետ միաժամանակ Մոսկվայում տեղի էր ունենում խորհրդաժողով Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Բանակցությունները հանգեցին ռուս-թուրքական դաշնագրի, որը կնքվեց 1921 թվականի մարտի 16-ին, այսինքն՝ ճիշտ նույն օրը, երբ ստորագրվեց ռուս-անգլիական համաձայնությունը: