Ռուսաստանի բողոքը Բաթումի բանակցությունների առիթով․ 15 մայիսի, 1918թ

2667

Չիչերինի նոտան Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչ Միրբախին

15 մայիսի, 1918թ

․․․ [Ռուսաստանի] Ժողովրդական կոմիսարիատը նշում է, որ իր կարծիքով, անհրաժեշտ է ռուսական կառավարության լիազոր ներկայացուչին ներգրավել այն բանակցություններում, որոնք Բաթումում տարվում են մի կողմից գերմանական և օսմանյան կառավարությունների, մյուս կողմից՝ այսպես կոչված անդրկովկասյան կառավարության միջև։

․․․ Անդրկովկասի շատ վայրերում բնավ չի ճանաչվում այսպես կոչված անդրկովկասյան կառավարության իշխանությունը, և ամբողջ Անդրկովկասում ժողովրդական լայն զանգվածները ընդհանրապես արտահայտվում են նրա դեմ։

Թիֆլիսի և Քութայիսի նահանգներում բնակչությունը բողոքում է Ռուսաստանից անջատվելու դեմ։ Սուխումում, Փոթիում, Քութայիսում, Գորիում, Թիֆլիսում, Դուշեթում  և վրացական այլ քաղաքներում և գյուղաքաղաքներում հսկայական միտինգներում ընդունվում են բանաձևեր, որոնք Սեյմին մեղադրում են բռնատիրման մեջ և համառորեն պահանջում են հանրաքվե։ Բանաձևերում ընդգծվում է, որ Սեյմի անդամները ընտրվել են Համառուսական Սահմանադիր ժողովում հեղափոխության նվաճումները ամրապնդելու համար, որ նրանք չունեին և չէին կարող ունենալ լիազորություններ Ռուսաստանից անջատվելու հարցը լուծելու համար։

Հայկական քաղաքներն ու գյուղերը է՛լ ավելի համառությամբ են պահանջում հանրաքվե, պնդելով, որ իրենց պատգամավորները հեռանան Սեյմից։

Վրացի և հայ պատգամավորներից շատերը արդեն հեռացել են Սեյմից։

Բաքուն մի խումբ սեյմականների անվանել է բռնատիրողներ, նույնիմաստով են արտահայտվել Լենքորանը, Ալյաթը, Դերբենտը, Պետրովսկը, Հաջիքաբուլը, Քյուրդամիրը և ընդհանրապես ամբողջ Արևելյան Անդրկովկասը՝ ընդհուպ մինչև Ելիզավետպոլը։

Համառորեն պնդելով, որ ռուսական կառավարության պատգամավորները պետք է մասնակցեն Բաթումում տեղի ունեցող բանակցություններին, Ժողովրդական կոմիսարիատը շեշտում է, որ դա բնավ ցույց չի տալիս, թե ռուսական կառավարությունը մտադիր է ճանաչել այսպես կոչված անդրկովկասյան կառավարությանը, ընդ որում ավելացնում է, որ առանց իր մասնակցության կնքված պայմանագիրը նա իրեն իրավացի չի համարի ճանաչել։

Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի ժամանակավոր տեղակալ՝ Չիչերին

Աղբյուրը՝ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1972, էջ 434-435