Ուզում եմ վերադառնալ Հայրենիք. Քաջազնունու դիմումը խորհրդային իշխանություններին, 15 մայիսի, 1924թ

2785

Դիմում Խորհրդային Իշխանութեան

Անդրկովկասեան Խորհրդային Հանրապետութիւնների Առեւտրական Ներկայացուցչին

Բերլին

Ցանկանալով վերադառնալ Հայաստան, խոնարհաբար խնդրում եմ հրահանգէք ինձ, թէ ինչ գործողութիւններ պէտք է կատարեմ՝ պատշաճ թոյլտուութիւնը ստանալու համար:

Տեղեկութիւններ իմ մասին.

Ծնուած եմ 1868 թուականին, Ախալքալաք խաղաքում: Ամուսնացած եմ – կինս ու զաւակներս գտնւում են այժմ Թիֆլիսում: Մասնագիտութիւնով քաղաքացիական ինժեներ եմ: Կուսակցականօրէն՝ մինչեւ անցեալ տարի պատկանելիս եմ եղել Հ. Յ. Դաշնակցութեան: Անցեալ 1923թ Օգոստոս ամսին դուրս եմ եկել Դաշնակցութեան կազմից ու այժմ կապուած չեմ ոչ մի կուսակցութեան հետ: 1918 թուականի առաջին ամիսներում՝ Անդրկովկասեան  Ֆէդէրատիւ Հանրապետութեան գոյութեան շրջանում՝ անդամ եմ եղել Սէյմի, ապա եւ կառավաչութեան: Ֆեդերացիան լուծուելուց յետոյ՝ 1918թ. ամրան սկզբներից մինչեւ 1919թ ամրան վերջերը՝ եղել եմ վարչապետ Հայաստանի ռամկավար Հանրապետութան: 1919 եւ 1920 թուականներում անցել եմ Եւրոպա ու Հիւսիսային Ամերիկա՝ Հայաստանի համար տնտեսական օգնութիւն գտնելու նպատակով: 1920 թուականին ընտրուած եմ եղել Պարլամենտի Նախագահ: Հայաստանից դուրս եմ եկել 1921թ. Ապրիլին՝ փետրուարեան ապստամբութեան պատճառով նահանջող զորքի ու ժողովուրդի հետ: Անցել եմ Լեռնահայաստանի վրայով Պարսկաստան ու այնտեղից՝ Հնդկաստանի ու Եգիպտոսի գծով՝ եկել եմ Պոլիս, ուր մնացել եմ մինչեւ 1922թ, աշունը: 1922թ. Սեպտեմբերի վերջերին եկել եմ Բուքրէշ, ուր եւ մնում եմ մինչեւ այսօր:

Այժմ ուզում եմ վերադառնալ Հայրենիք, որովհետեւ քաղաքացիական պարտք եմ համարում ու անկեղծ ցանկութիւն ունեմ՝ մասնակցելու Հայաստանում կատարուող շինարարական աշխատանքներին:

Ընդունեցէք յարգանքներից հաւաստիքը:

Յովhաննէս Քաջազնունի

15 Մայիսի 1924

Բուքրէշ

Փոստային անպատեհութիւններից ազատ մնալու համար, խնդրում եմ Ձեր բարեհաճ պատասխանը ուղղէք Ս. Յակոբեանի հասցէին.4 Mechitaristengasse, Wien VII

Յովհ. Քաջազնունի

Խմբ. ԱՆԻ- Այս նամակը հրապարակվել է 1965թ Քաջազնունու «Յետ Մահու. Պատմուածքներ, Յուշեր, Յօդուածներ, նամակներ» հատորում, որը պատրաստել է Սիմոն Վրացյանը (Հրատարակութիւն «Համազգային» Ընկերութեան, Տպարան Մշակ, Պէյրութ, 1965, էջ 12-13):