Սյունիքում ավելի վտանգավոր է Ռուսաստանը

1024

Թուրք-ադրբեջանական վտանգ և սպառնալիք Սյունիքի նկատմամբ եղել է, կա և կլինի, հատկապես՝ ադրբեջանական:

Բայց, իմ կարծիքով, Սյունիքում ավելի վտանգավոր է Ռուսաստանը, և եթե այսօր մենք մեր համեստ ուժերով՝ մեր բանակով, Սյունիքի մեր հպարտ ու անվեհեր ժողովրդով, Երևան-Թեհրան և Երևան-Արևմուտք կապերով, կարող ենք կանխել ադրբեջանական սպառնալիքն ու ներխուժման փորձերը, ապա չենք կարող դա անել, եթե Ռուսաստանը որոշի գրավել Սյունիքը, կամ մի հողաշերտ Սյունիքից կամ էլ՝ Արաքսի ափամերձ գոտին՝ միջանցքը:

Իմ վախերն ու մտահոգությունները գալիս են պատմությունից և այն անբարո կեցվածքից, որ դրսևորեց Մոսկվան Սոթք-Սյունիք հատվածում 2021թ մայիսին, նոյեմբերին և հատկապես 2022թ սեպտեմբերին:

Մեծ ջանքերի և զոհողություների գնով ՀՀ-ն 1919-1920թթ հանրապետությանը միացրեց Սյունիքը, որը 1920 թվականի օգոստոսի 10-ի պայմանագրով անցավ Ռուսաստանը հսկողության՝ ժամանակավոր օկուպացիայի տակ:

1921թ, նաև Մյասնիկյանի խոհեմ քաղաքականության ջանքերով, դրան նախորդած Նժդեհի ու Սյունիքի ժողովրդի դիմադրության շնորհիվ, նաև՝ Կրեմլի հեռահար հաշվարկներով, Զանգեզուրի հայաբնակ հատվածը դարձավ Խորհրդային Հայաստանի մաս:

Հայաստանի գործող իշխանությունները պետք է չափազանզ զգույշ և շրջահայաց լինեն: Սյունիքի նկատմամբ վտանգ, առնվազն Արաքսի ափամերձ հատվածում միջանցք կորզելու իրական սպառնալիքը գալիս է հենց Ռուսաստանից: Այդ հարցում, ցավալիորեն, այսօր Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանի պետականության թիվ մեկ թշնամի Ադրբեջանն է:

Թաթուլ Հակոբյան

Արաքսի ափ, ՀՀ-Իրան սահման, 14 մայիս, 2023թ