Արցախի շուրջ զարգացումներ` ի՞նչ սցենարների պատրաստվել. Պետրոս Ղազարյանի զրույցը Թաթուլ Հակոբյանի հետ

8523

Արցախի շուրջ զարգացումներ. ի՞նչ սցենարների պատրաստվել. Պետրոս Ղազարյանի զրույցը Թաթուլ Հակոբյանի հետ

27 մարտի, 2023թ, Հ

Արցախը հերթական անգամ մերժեց Բաքվի առաջարկը, գնալ այնտեղ: Ի՞նչպես կմեկնաբանեք:

– Բարդ հարց է: Ադրբեջանը փորձում է այդ հանդիպումները ներկայացնել որպես ինտեգրման գործընթաց, իսկ Արցախի իշխանությունները [այդ հանդիպումների ընթացքում] քննարկում են բացառապես հումանիտրա խնդիրներ: Նախորդ երկու հանդիպումների ընթացքում խոսք է գնացել ճանապարհի ապօրինի շրջափակմանը վերջ տալու, գազատարը բացելու, բարձրավոլտ էլեկտրական հոսքագիծը վերականգնելու և Կաշենի հանքավայրը վերաշահագործելու մասին: Ադրբեջանի այդ հանդիպումները ներկայացնում է ինտեգրացիա:

Հանդիպումների առաջարկը մերժելու դեպքում Արցախի մեր իշխանությունները պետք է նաև գիտակցեն, որ մերժելը կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենալ: Ես հիմա չեմ ասում, որ պետք է ընդունել առաջարկը և գնալ Բաքու: Մենք պետք է հստակ հաշվարկ կատարենք, թե ինչ կշահենք մենք դրանից:

– Իրենք [Արցախի իշխանությունները] չեն մերժում հանդիպումը, իրենց մերժում են Բաքու գնալը:

– Արցախի իշխանությունները հասկանում են, որ սա գայլ ու գառի կռիվ է, գառը չի կարող առանց միջնորդի բանակցել, և Արցախի իշխանությունները ուզում են բանակցել հենց Իվանյանում, ռուսների ներկայությամբ, Վոլկովի [Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար] կաբինետում:

Ուզում եմ մեկ այլ բան ասել: Արցախի իշխանությունները բանակցելով Ադրբեջանի հետ, օգնում են Հայաստանին և զրկում Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիա իրականացնելուց:

– Ի՞նչպես:

– Բանակցելը որոշ իմաստով նշանակում է փակ պահել նոր պատերազմի սպառնալիքը Հայաստանի նկատմամբ: Եթե լինի նոր պատերազմ, լինելու է Հայաստանի նկատմամբ և Հայաստանի Հանրապետության տարածքում: Հետևաբար, երբ Արցախը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցում է, սրանով մենք կարողանում ենք կանխել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ռազմական ագրեսիան:

– Դրանք բանակցություններ չեն, դա վերջնագիր է, [Արցախի նախագահ] Արայիկ Հարությունյանն էլ ասաց:

– Բայց մենք նո՞ր ենք իմանում, որ մեզ հետ վերջնագրերի լեզվով են խոսում:

– Ինչպե՞ս է դա Հայաստանի նկատմամբ ագրեսիան իջեցնում: Մենք մերժում ենք և ամեն անգամ իրավիճակը սրվում է:

– Այլընտրանքը ո՞րն է:

– Դուք կանխեցիք իմ հարցը: Ո՞րն է այլընտրանքը:

– Եկեք քննարկենք: Ինչ տարբերակներ կան:

– Ասեմ՝ միակ տարբերակը, որ ձևակերպված է՝ մենք կգնանք մինչև վերջ:

– Ի՞նչ է նշանակում մինչև վերջ: Այսինքն՝ 120 հազար հայ բնակչությանը դու տանում ես, ինչ ասեմ, սրի բերա՞նը: Դա է՞ այլընտրանքը: Դա է՞ մինչև վերջ գնալը: Ինչո՞վ: Ի՞նչ ունես դրա համար: Երբ մենք չենք կարողանում ադրբեջանցիներին դուրս շպրտել Հայաստանի Հանրապետության ներխուժած 100 կետերից որևէ մեկից, ի՞նչպես ենք կանխելու ադրբեջանական հերթական ագրեսիան: Ռուսների վրա ե՞նք էլի դնում հույսներս: Վստահ ե՞նք, որ ռուսները գալու են օգնության: Ե՞րբ են գալու օգնության: Այս բաները մենք պետք է քննարկենք: Շատ հեշտ է ասել՝ գնում ենք մինչև վերջ: Մենք գնում ենք Արցախը փրկելու, բայց այնպես չլինի, որ Արցախը դառնա Հայ դատի մաս…

– Դե այլընտրանքը կա՝ ճանապարհը բացեն, արցախցիները գան Հայաստան: Ձեր ասածի այլընտրանքը դա է:

– Դա էլ պետք է քննարկել, այո: Եկեք քննարկենք տարբերակները, առանց վախենալու, թե ինչ քննադատություն կհետևի: Եկեք քննարկենք, թե ինչ տարբերակներ ունենք:

Տարբերակ առաջին՝ Ադրբեջանը նոր պատերազմ է սկսում, իրականացնում էթնիկ զտում, ջարդեր, կոտորածներ, ինչպես եղել է մեր պատմության ընթացքում: Դա համարենք ամենասարսափելի տարբերակը: Բայց այդ տարբերակի մասին միայն մենք չենք չէ՞ խոսում: Անդադար խոսվում է այդ մասին, որ Ադրբեջանը նման քայլի է գնում:

Տարբերակ երկրորդ՝ մենք էվակուցանում ենք, փրկում ենք մեր 120 հազար հայրենակիցներին: Սա էլ է չէ՞ տարբերակ:

Տարբերակ երրորդ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր են կնքում, որը, իմ կարծիքով, Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու ամենակարևոր գործոնը կլինի: Ես դեռ մի կողմ եմ դնում Արցախի կարգավիճակի հարցը:

Տարբերակ չորրորդ՝ Հայաստանը կարողանում է վերականգնել ռազմական հավասարակշռությունը և Ադրբեջանի այս վերջնագրերին տալիս համարժեք պատասխաններ: Բայց մենք այդ կետից չափազանց հեռու ենք: Մենք պետք է ճիշտ գնահատենց մեր ուժերը և մեր ժողովրդին չտանենք նոր արկածախնդրության:

Տարբերակ հինգերորդ՝ մենք կարող ենք էլի տարբերակներ նշել, բայց ես հիմնականներն եմ ներկայացնում: Հայաստանը վերականգնում է Արցախի հարցում իր ունեցած ստատուս-քվոն, երբ Հայաստանն էր Արցախի անվտանգության և պաշտպանության միակ երաշխավորը: Եկեք քննարկենք այս բոլոր տարբերակները և ոչ թե ասենք, թե գնում ենք մինչև վերջ, գնում ենք փրկելու: Ի՞նչով ենք մինչև վերջ գնալու: Այսինքն՝ 120 հազար ժողովրդին տանելու ես մահվան բերա՞ն:

– Ամեն ինչ ճիշտ ասացիք, բացի մի նրբությունից: Մոռացաք: Երբ մենք քննարկում ենք ձեր տարբերակը՝ փրկենք 120 հազերին, որովհետև, եթե պատերազմ սկսվի և չկա վստահություն ռուսների նկատմամբ, ակնհայտ է, որ մարդիկ են զոհվելու: Փրկել 120 հազարին ավելի լավ է, քան զոհվելը: Բայց դա ենթագիտակցորեն ենթադրում է, որ այդտեղ կվերջանա ամեն ինչ: Ադրբեջանը կկլանի Արցախը և Հայաստանը հանգիստ կապրի: Մինչդեռ Արցախը կլանելուց հետո, նրանք չեն էլ թաքցնում՝ հաջորդը լինելու է Զանգեզուրը: Եվ եթե մենք չենք ուզում Սյունիքը կորցնել, ապա մենք մինչև վերջ պետք է պահենք Արցախը: Որովհետև քանի մենք Արցախը պահում ենք, նրանք Սյունիք չեն գալու: Իսկ դուք ասում եք՝ խաղը միանգամից տեղափոխենք Սյունիք:

– Ես նման բան չեմ ասում:

– Դուք ասում եք՝ եկեք համարձակ լինենք, փրկենց Արցախը, որովհետև երբ ռացիոնալ մտածում ես՝ ի՞նչ ունենք, ո՞նց ենք պահելու: Բայց երբ մենք չենք կարողանում մինչև վերջ գնալ, նույնիսկ իռացիոնալ պահել, նոր են սկսվում մեր դժբախտությունները: Սյունիքի ժողովրդի՞ն ուր ենք տանելու:

– Այդ նույն տրաբամանությամբ՝ մենք պետք է վերջացնենք, փակենք Հայաստանը, գնանք:

– Ասեք հակառակը:

– Հայաստանը պետք է վերականգնի ռազմական հավասարակշռությունը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի, որպեսզի մենք կարողանանք խոսել հավասարը հավասարի, ինչպես խոսել ենք 1994թ մայիսյան անժամկետ զինադադարից մինչև 2020թ աղետալի պատերազմը: Տարբերակը դա է: Եթե այդ ճանապարհին արվում են քայլեր, ապա լավ է, որ արվում են քայլեր:

Այն, ինչ որ Ադրբեջանի համար երկու տարի առաջ ներքին քննարկման, քարոզչության թեմա էր, այսօր դարձրել է արտաքին քաղաքականության օրակարգի մաս: Օրինակը՝ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի թեման: Երկու տարի առաջ դա քարոզչական, ներքին քայլ էր, հիմա Ադրբեջանը իրեն ավելի լավ է զգում, բերել է արտաքին քաղաքականության օրակարգ և դա հակադրում 120 հազար արցախցիների ներկայության հետ: Ղարաբաղը մերն է, դուք էլ պետք է ընդունեք 120 հազար ադրբեջանցիների, որոնք Հայաստանից դուրս են եկել:

Հայաստանի վիճակը շատ ծանր է: Անել վիճակ է, բայց պետք չէ շարունակել նախկին 25-30 տարիների նման, երբ մենք հնարավորություն ենք ունեցել պահել ինչ-որ բան, բայց էլի գնացել ենք փրկության ճանապարհով, էլի փրկիչներ են հայտնվել, և մենք ամեն ինչ կորցրել ենք:

– Մենք պետք է ձևակերպենք, թե որ ճանապարհն է փրկվելը: Բայց երբ դուք ասում եք, որ մի մասը զիջենք՝ Արցախը և փրկենք Հայաստանը…

– Ես այդպիսի բան չասացի…

– Դա փրկություն չի, դա մեր դժբախտությունն է…

– Ես չեմ ասում Արցախը զիջենք… Ես չեմ ասում նման բան, ես ասում եմ՝ քննարկենք տարբերակները…

– Դե եթե մարդիկ պիտի դուրս գան Արցախից, որպեսզի չկոտորվեն, ինչպես դուք շատ հիմնավոր ասացիք…

– Դուք գիտե՞ք ինչ տրամադրություններ կան Արցախում:

– Ի՞նչ տրամադրություններ:

– Շատ անկումային:

– Դուք շատ ճիշտ եք ասում, ես ուղղակի ուզում էի ասել, որ ձեր բանաձևը իրականում փսևդո բանաձև է:

– Իմ բանաձևը հետևյալն է՝ քո հնարավորությունների սահմանը որոշում է քո ունեցած ուժը տվյալ պահին: Եթե քո հնարավորությունների սահմանը 1920 թվականին եղել է 60 հազար քառակուսի կիլոմետր, 1918-ին եղել է 10 հազար, հետո է դարձել 60 հազար, հետո 1920-ին դարձել է 30 հազար, սա է իմ բանաձևը:

– Ստոպ: Էդ 30 հազարի բանաձևը չեն երաշխավորում: Սա է հարցը:

– Համաձայն եմ: Ներողություն, կարող է երկու տարի հետո գալ մի պահ, երբ մենք մտածենք, թե ոնց ենք Հայաստանի ինչ որ մասը փրկում: Դա էլ է հնարավոր: Դրա համար եմ ասում՝ եկեք քննարկենք: Ներողություն, Պետրոս, Ձեզ թվում է ես չե՞մ կարող, կրթությո՞ւնս չի բավարարում, գիտելիքնե՞րս չեն բավարարում, մեր վերջին 100 տարիների պատմության ամենօրյա հետազոտությունները չեն բավարարում, որպեսզի գամ ձեր եթեր և ասեմ, որ գնում ենք մինչև վերջ, գնում ենք Քուռ-Արաքսյան Հայաստան, Բաքվում թեյ ենք խմում: Դուք գիտեք դա չե՞մ կարող ասել, ի՞նչն է խանգարում… Ավելին ասեմ, որ այդպես ասեմ, ինչ մի հազար մարդ կծափահարի, բայց մենք պետություն ենք և պետք է տվյալ պահին ճիշտ որոշումներ կայացնենք: Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության ապագայի, անվտանգության և 120 հազար արցախահայության փրկելու մասին, որը պատանդ է Ադրբեջանի ձեռքում: Իմ ասածը սա է:

– Ասեմ՝ ինչն է խանգարում: Խանգարում է պարկեշտությունը: