Ծաղկաձորի շրջանը Երևանի խանության օրոք. Կեչառիսի վանական համալիրը

5410

Երևանի խանության օրոք (խանությունը մաս էր կազմում Պարսից Ղաջարի դինաստիայի տիրապետության) Ծաղկաձորի, այն ժամանակ՝ Դարաչիչակի մահալը (տարածվում էր այսօրվա Հրազդանի և Սևանի շրջանների տարածքներում) թվով 14-րդն էր Ծաղկաձոր (այն ժամանակ՝ Դարաչիչակ) կենտրոնով:

Համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, Դարաչիչակի մահալը 1832-ին ուներ 37 բնակավայր 8.650 բնակչությամբ, որից մահմեդականների թիվը 1.300 էր: Հայկական մարզի մահմեդականներն էին քրդերը, պարսիկները և թուրքալեզու քոչվոր մի քանի տասնյակ ցեղեր, այդ թվում՝ այսօրվա ադրբեջանցիների նախնիները:

Ռուսների գալուց հետո հազարավոր հայեր հաստատվեցին նորաստեղծ Հայկական մարզում (1828-1840), այդ թվում Դարաչիչակի շրջանում: Շոպենի տվյալներով՝ Դարաչիչակի մահալում հաստատվեցին 3.535 հայեր Պարսկաստանից, 3.263 հայեր Օսմանյան կայսրությունից՝ Արևմտյան Հայաստանից: Մահալում բնիկ հայերի թիվը կազմում էր 552 հոգի, ովքեր բնակվում էին Ծաղկաձորում, Արզականում, Ծաղկունքում, Գոմաձորում:

Երևանի խանությունը, որ շուրջ 200 տարի Պարսկաստանի մաս էր կազմում, 1828-ին՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում անցավ Ռոմանովների Ռուսաստանին և անվանվեց Հայկական մարզ (որի մաս կազմեց նաև Նախիջևանի խանությունը): Երևանի անության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:

Երևանի խանությունը Ղաջարիների տիրապետության շրջանում բաժանված էր 15 վարչական շրջանների: Ըստ հերթականության՝ դրանցից 14-րդը Դարաչիչակի մահալն (շրջան) էր:

Երևանի վերջին խանը Հոսեյն Ղոլի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին:

Կեչառիսի վանք

Ծաղկաձորում է գտնվում Կեչառիսի վանական համալիրը՝ միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից մեկը: Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։ Համալիրը կազմված է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։ Գլխավոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ հարավային մուտքի վերևի արձանագրության,
1033թ.-ին կառուցել է Գրիգոր Մագիստրոսը։