Բաքվում հանդիպեցին հայ, ադրբեջանցի և թուրք լրագրողները. հունիսի 20-23, 2001թ

448

ԹՈՒՐՔԵՐԸ ՇՌԱՅԼՈՐԵՆ ԳՈՐԾԱԾՈՒՄ ԵՆ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ

Բաքվում հայ, ադրբեջանցի եւ թուրք լրագրողները քննարկեցին ԼՂ հակամարտության կարգավորման, Ցեղասպանության, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրները

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Բաքու, 20-23 հունիս, 2001թ

«Ռադիկալի» թղթակից Դենիզ Զեյրեքը այսպիսի միտք արտահայտեց. «Ինձ այնքան էլ չի հետաքրքրումՙ եղել է ցեղասպանություն, թե ոչ: Միգուցե այս թեման պատմաբանների համար հետաքրքիր է: Ես ուզում եմ, որ հետագայում ցեղասպանություն չլինի, մտածում եմ հայ, թուրք ապագա սերունդների լուսավոր կյանքի մասին»: Ներկա գտնվող բոլոր թուրք լրագրողները չէին խուսափում, երբեմն շռայլորեն գործածում էին «ցեղասպանություն» բառը, ինչը զարմացնում եւ զայրացնում էր ադրբեջանցի լրագրողներին: Այնպիսի տպավորություն էր, կարծես 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության կազմակերպողներն ու իրականացնողները ոչ թե թուրքերն էին, այլ ադրբեջանցիները: Ակնհայտ է, որ հայ-թուրքական հնարավոր մերձեցմանը Բաքուն արձագանքում է նյարդայնորեն:

Այժմ իրադարձություններին անդրադառնանք հերթականությամբ:

Հունիսի 20-23-ը Բաքվի «Գյանջլիկ» միջազգային զբոսաշրջության կենտրոնում տեղի ունեցավ «Պատմական եւ ժամանակակից տարածաշրջանային հիմնախնդիրները զանգվածային լրատվամիջոցներում» թեմայով սեմինար, որին մասնակցում էին վեցական լրագրողներ Հայաստանի (ՀՀ եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերություններ, Արմենպրես գործակալություն, «Գոլոս Արմենիի» եւ «Ազգ» օրաթերթեր), Ադրբեջանի (AzTV, «Թուրան» գործակալություն, ANS, «Զերկալո», «Ենի Մուսավաթ», «Ենի Նեսիլ») եւ Թուրքիայի («Kanal 7» TV, «Միլիեթ», «Ռադիկալ», «Սթար, «Turkish daily news») առաջատար լրատվամիջոցներից:

«Սթարի» թղթակից Սեմիհ Իդիզը նշեց, որ լրագրողների նման հանդիպում (Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան) առաջին անգամ է կազմակերպվում. «Մեր միջեւ առկա հիմնախնդիրները քննարկելու առումով նման հանդիպումներն անհրաժեշտ են եւ կարեւոր»: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հիշեցրեց, որ «երեք պետությունների միջեւ կան լուրջ հիմնախնդիրներ, որոնք չեն կարող այստեղ լուծվել», «ԶԼՄ-ների դերը սահմանափակ է, մենք պետք է արդյունավետ աշխատենք այդ սահմանափակ շրջանակներում», ավելացնելով, որ «ԶԼՄ-ները կարող են ստեղծել այն միջավայրը, մթնոլորտը, որը կնպաստի այդ հիմնախնդիրների կարգավորմանը»:

Ի՞նչ հարցերի շուրջ կարող են բանավիճել հայ, թուրք եւ ադրբեջանցի լրագրողները: Բնականաբար, առաջին հերթին ԼՂ հակամարտության կարգավորման, 1915-23 թթ. Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից պետականորեն ծրագրված եւ իրականացված շուրջ 1,5 մլն անմեղ հայերի Ցեղասպանության, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունների շուրջ:

«Պրոմեթեւս» հեռուստաընկերության մեկնաբան Արամ Սաֆարյանն իր ելույթում նշեց, որ Օսմանյան կայսրությունում կազմակերպվել եւ իրականացվել է հայերի զանգվածային ոչնչացումՙ Ցեղասպանություն Արեւելյան Անատոլիայում կամ ինչպես ընդունված էր այն ժամանակ ասելՙ Թուրքահայաստանում, հայ բնակչությունը դադարեց գոյություն ունենալուց, ավելին. «Թուրքական զորքերի օժանդակությամբ Նախիջեւանի մահմեդական մեծամասնությունը սկսեց վերահսկել Նախիջեւանը, որը եւ հիմք դարձավ, որպեսզի 1921 թ. խորհրդա-թուրքական պայմանագրով Նախիջեւանը հանձնվի Ադրբեջանին: Հետագա քսան տարիներին 40 տոկոս հայ բնակչությունը լքեց Նախիջեւանը: Զանգեզուրում իրադարձություններն այլ զարգացում ստացան: Գարեգին Նժդեհի գլխավորությամբ հայ բնակչությունը նախ ուժգին դիմադրություն ցույց տվեց թուրքական, ապա ռուսական (Կարմիր բանակի) զորքերին: 1921 թ. Կավբյուրոյի որոշումը հաճախ է քննարկության նյութ դարձել հայկական ԶԼՄ-ների համար: Այսօր Հայաստանում ամեն տարի նշվում են 1920 թ. Շուշիի կոտորածները, երբ 20 հազար հայեր սպանվեցին կամ հեռացան լեռներ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական առումը գնահատելով, հայկական ԶԼՄ-ները ելնում են այն հիմնավորումից, որ ԼՂ հայ բնակչության պայքարը նեղ իմաստով ինքնորոշման, ավելի լայն իմաստովՙ հայերի ազգային-ազատագրական պայքար է հանուն ֆիզիկական գոյության եւ սեփական պետականության»:

Մթնոլորտը լարվեց, Բաքվի մամուլի ակումբի նախագահ Բաբա Բայրամովը հորդորեց չշեղվել սեմինարի թեմայից, չարտահայտվել ենթատեքստերով. «Ե՚վ Հայաստանում, ե՚ւ Ադրբեջանում պատմական իրադարձություններն իրենց ձեւով են մեկնաբանում: Այն, ինչ անվանվում է այսպես կոչված Հայկական ցեղասպանություն, հայերի համար շատ ցավալի թեմա է, եւ պետք է ճիշտ ներկայացնել»: Որպես ճշգրիտ օրինակ ներկայացվեց «21-րդ դար» կուսակցության առաջնորդ Դավիթ Շահնազարյանիՙ վերջերս Թուրքիայում տեղի ունեցած կոնֆերանսում արված այն հայտարարությունը, համաձայն որի Ցեղասպանության հարցի արծարծումը չի բխում Հայաստանի պետական շահերից, վնասում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: (Այստեղ են ասելՙ աղվեսից վկա ուզեցին, պոչը ցույց տվեց:- «Ազգ»):

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբան Մարինա Գրիգորյանը հիշեցրեց, որ յոթ տարիՙ 1991-1998 թթ. պաշտոնական Երեւանը չի արծարծել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, սակայն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ճանապարհին որեւէ առաջընթաց չի եղել: «Ազգի» թղթակիցն իր հերթին նկատեց, որ Դ. Շահնազարյանը սովորական հայ է, կարող է ունենալ սեփական կարծիքը, որը չի կարելի նույնացնել պաշտոնական Երեւանի տեսակետի հետ. «Շահնազարյանը լիներ Քոչարյանի թիմում, նման արտահայտություններ չէր անի: Այսօր նա նման արտահայտություններ է անում, որպեսզի ի ցույց դնի իր ընդդիմադիր կեցվածքը իշխանությունների քաղաքականության հանդեպ»: Քանզի «Ենի Մուսավաթի» փոխխմբագիրն իր ելույթում չէր շրջանցել ադրբեջանցիների ավանդական թեմանՙ 20 տոկոս գրավյալ տարածքներ, 1 մլն փախստականներ, ներկաներին հարկ համարեցի հիշեցնել, որ 1988 թ. դրությամբ Ադրբեջանում բնակվում էին ավելի քան 400 հազար հայեր, որոնք այսօր դարձել են, շարունակում են մնալ գաղթականներՙ Ադրբեջանում թողնելով իրենց ունեցվածքը, անցյալը, հեռացել եւ տանիք են փնտրում օտար ափերում:

Փիլիսոփայության դոկտոր, «Թուրան» գործակալության վերլուծաբան Հասան Գուլիեւի ելույթն առավել կշռադատված էր. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու առումով չափազանց կարեւոր է հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների դերը: Հիշում ենք, ժամանակին մեր եւ ձեր մամուլը պատերազմի կոչ էր անում: Եկեք փորձենք ձեռնպահ մնալ պատմությանը եւ պատմական փաստերին անդրադառնալուց: Պատմությունը ավելի է բորբոքում հակամարտությունը, պատմությանը հղում անելով մենք միայն կխորացնենք ԼՂ հակամարտությունը: Եթե հարցին մոտենանք պատմական տեսանկյունից, ապա ԼՂ հակամարտության կարգավորումը շատ բարդ կլինի»:

ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը թուրք լրագրողներին առավելապես հետաքրքրում եւ հուզում էր նախ եւ առաջ այն պատճառով, որ դա հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանՙ Թուրքիայի համար խոչընդոտներից կամ նախապայմաններից մեկն է: Վստահաբար կարող ենք նշել, որ բոլոր վեց թուրք լրագրողներն արտահայտվում էին միանման, փորձում էին ներկայացնել պաշտոնական Անկարայի տեսակետները եւ կասկած չկար, որ իշխանություններից որոշակի առաջադրանք էին ստացել: Ինչ վերաբերում է Ցեղասպանությանը, ապա այս թեմային թուրք լրագրողներն անդրադառնում էին կամովին, ցանկանում էին քննարկել հայ լրագրողների հետ: Թուրք լրագրողները մասնավոր զրույցներում ակնարկում էին, որ ե՚ւ Ցեղասպանության հարցը, ե՚ւ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը պաշտոնական Անկարայի համար տասներորդական խնդիր է, եւ չլինեին ԱՄՆ-ի ճնշումները, չարժեր էլ մտածել Անկարա-Երեւան դիվանագիտական կապերի հաստատման, հայ-թուրքական երկխոսություն սկսելու մասին:

«Միլիեթի» թղթակից Բուրչին Յինանչը համաձայնեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Թուրքիան ճկուն քաղաքականություն չի որդեգրել պաշտոնական Երեւանի նկատմամբ եւ չի արձագանքել Հայաստանի նախկին իշխանություններիՙ հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու պատրաստակամությանը: Ինչպես «Միլիեթի» թղթակիցը, այնպես էլ մյուս թուրք լրագրողները նշեցին, որ ԼՂ հակամարտության պատճառով է նաեւ, որ Թուրքիան չի ցանկանում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել: ՀՀ հանրային հեռուստատեսությունից Վալերի Այդինյանը միջամտեց, ասելով, որ հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂ հակամարտությունը բացարձակապես տարբեր, միմյանց հետ կապ չունեցող թեմաներ են:

«Պատմական եւ ժամանակակից տարածաշրջանային հիմնախնդիրները ԶԼՄ-ներում» թեմայով սեմինարն անց է կացվում երեք փուլով: Բաքվից հայ, ադրբեջանցի եւ թուրք լրագրողները կմեկնեն Թուրքիաՙ քննարկումները շարունակելու Անկարայում: Սեմինարի երրորդ փուլը կանցկացվի Երեւանում, ենթադրաբարՙ օգոստոսին:

Հ. Գ. Այս հրապարակման պատրաստմանը աջակցել են Երեւանի մամուլի ակումբը եւ Բաքվի «Ենի Նեսիլ» լրագրողների միությունը:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ, 23 հունիս, 2001թ

https://www.azg.am

#115, 2001-06-22 | #116, 2001-06-23 | #117, 2001-06-26