«20-րդ դարում երկրորդ անգամ մենք ձեռք ենք բերում անկախություն». Րա‎ֆֆի Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

2776

Րա‎ֆֆի Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում

Նյու Յորք, 2 մարտի, 1992 թվական

Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար, հարգելի գործընկերներ,

1992թ. մարտի 2-ը հայոց պատմության մեջ կմնա որպես հատուկ եւ անմոռանալի տարեթիվ, քանզի մեր հնադարյան երկիրը մուտք գործեց Միացյալ ազգերի կազմակերպություն` դառնալով միջազգային համայնքի անդամներից մեկը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը դառնում է հարգարժան համաշխարհային կազմակերպության լիիրավ մասնակիցը ոչ միայն քաղաքակրթությանը բերած իր ավանդի, այլեւ այն իրողության շնորհիվ, որին հասել է արդի զարգացման իր նոր շրջափուլով: 20-րդ դարում երկրորդ անգամ մենք ձեռք ենք բերում անկախություն եւ մտադիր ենք այդ ձեռքբերումը վերարժեւորել` ժողովրդավարության խորացման, համամարդկային արժեքներին հավատարմության մեր հանձնառությամբ:

Անդամագրվելով ՄԱԿ-ին` Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հայտարարում է, որ հարգելու է ՄԱԿ-ի Ուխտում եւ հիմնարար այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքներն ու նպատակները եւ գործելու է դրանց տառին ու ոգուն համապատասխան: Խաղաղությունը, ապահովությունը, ազգերի ինքնորոշումը, մարդու ազատությունն ու իրավունքները ներկայիս Հայաստանի քաղաքական մտածողության էական սկզբունքներն են, քանի որ բխում են ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ազգությունների ընտանիքի շահերից:

Հետեւաբար` Հայաստանի քաղաքականությունը չի եղել եւ չի կարող ուղղված լինել ընդդեմ որեւէ ժողովրդի կամ երկրի: Մենք լիովին կողմնակից ենք տարածքային ամբողջականության եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքներին, ինչպես նաեւ հռչակում ենք ազգերի ինքնորոշման անվիճարկելի իրավունքին մեր անսասան հավատարմությունը: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները համոզիչ կերպով ցույց են տալիս այն ողբերգությունը, որը կարող է այդ իրավունքի ոտնահարման հետեւանք դառնալ: Եթե միջազգային հանրությունը եւ, հատկապես, ՄԱԿ-ը ժամանակին միջոցներ չձեռնարկեն հարցի լուծման ուղղությամբ, ապա ողբերգությունը կշարունակվի եւ լրջագույն հետեւանքներ կունենա թե՛ տարածաշրջանի, թե՛ աշխարհի համար:

Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի անունից թույլ տվեք, պարոն Գլխավոր քարտուղար, խորին երախտագիտություն հայտնել Ձեզ եւ ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներին: Ձեր աջակցության եւ ջանքերի շնորհիվ է, որ մեր քույր պետությունների դրոշների կողքին այսօրվանից սկսյալ կծածանվի նաեւ հայոց եռագույնը` մեր իղձերի, ինքնության եւ ազատության խորհրդանիշը:

Թույլ տվեք վստահեցնել բոլորին, որ ՄԱԿ-ի անդամ դառնալով` Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ի կիրառումն ընդունի մեծահարգ այս կառույցի ուղենիշային սկզբունքները: Մենք լիահույս ենք, որ մեր մասնակցությամբ արժանի լուման կներդնենք ազգերի միջեւ խաղաղության, փոխըմբռնման եւ ներդաշնակության կերտման գործում: Մեծ պատվախնդրությամբ ու խորին ակնածանքով Հայաստանը պաշտոնապես միանում է մեր ընդհանուր մոլորակի համար երջանիկ եւ բարգավաճ ապագա դարբնելու ձեր համատեղ որոնումներին:

Լուսանկարում՝ եռագույնը բարձրանում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Նյու Յորք