Ծառուկյանը մարտահրավեր է նետում Փաշինյանին. ինչո՞ւ հիմա

1107

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, առաջարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ միանալով նախկին իշխանությունների այլ ներկայացուցիչների պահանջին:

Ինչո՞ւ հենց այսօր, երբ Հայաստանի կառավարությունը դիմագրավում է լրջագույն մարտահրավերի՝ կորոնավիրուսի համաճարակ, որն ամենալուրջ հարվածն է հասցրել Փաշինյանի վարկանիշին, և, փաստացի, ամենամեծ սպառնալիքն է թավշյա իշխանությունների համար:

Անկասկած, գործող իշխանությունները լուրջ սխալներ են թույլ տվել կորոնավիրուսի դեմ պայքարում: Սկզբնական շրջանում նրանք մատների արանքով էին նայում համաշխարհային համավարակին և անում ոչ համարժեք հայտարարություններ: Փաշինյանը անգամ հանրաքվեի քարոզարշավ սկսեց, սակայն Սյունիքում կայացած մի շարք մարդաշատ հավաքներից հետո դադարեցրեց հանդիպումները, ապա հետաձգեց քվեարկությունը: Հայաստանում մտցվեց արտակարգ դրություն, մի շարք սահմանափակումներ, սակայն հայկական lockdown-ը շատ վատ աշխատեց: Այսօր, երբ երկրների մեծ մասը հաղթահարում է կորոնավիրուսը, Հայաստանը հայտնվել է ծանր վիճակում: Սրան գումարվեցին Արցախում նախագահական ընտրությունների երկու փուլերը և հայտնի խնջույքը, որի մասնակից ՀՀ և Արցախի իշխանությունները չէին պահում սոցիալական հեռավորություն:

Կորոնավիրուսի սպառնալիքին Գագիկ Ծառուկյանը, «Բարգավաճ Հայաստանի» մի շարք անդամներ շատ ավելի անլուրջ էին վերաբերվում, քան իշխանությունները սկզբնական շրջանում: Հայկական դավադրապաշտության և ինֆանտիլիզմի ամենաանհեթեթ հայտարարույթունը հնչեց հենց Ծառուկյանի շուրթերից՝ կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպչում, հետևաբար, ինքը կարիք չունի դիմակ կրելու: Կուսակցության պատգամավորներից մեկը հրաժարվում է դիմակ կրել՝ զրկվելով ԱԺ աշխատանքներին մասնակցությունից։

Ճիշտ է նաև, որ Ծառուկյանը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ավելի քան 60 միլիոն դրամ է հատկացրել:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Ծառուկյանը պահանջում կառավարության հրաժարականը, երբ երկու տարի առաջ աջակցել է Թավշյա հեղափոխությանը: Պարոն Ծառուկյանը առնվազն մի քանի պատճառ ունի նման կերպ վարվելու:

Առաջին. նա և նրա համակիրները առնչություն ունեն և/կամ անցնում են մի քանի քրեական, մասնավորապես՝ կաշառքի գործով: Այսինքն՝ դիմակ չկրող բարի մարդու ոտքը Փաշինյանը տրորել է: Սա այն դեպքում, երբ և՛ հեղափոխության օրերին, և՛ Փաշինյանի՝ ԱԺ-ում վարչապետ ընտրվելու գործում Ծառուկյանն ու նրա կուսակցությունը սատարել են:

Երկրորդ. Փաշինյանի դեմ դուրս գալով՝ Ծառուկյանը նախ և առաջ փորձում է իր բիզնեսը պահել: Թեև Փաշինյանը Ծառուկյանին այլևս չի որակում օլիգարխ, ինչպես նախկինում, այլ խոշոր սեփականատեր, սակայն, ի տարբերություն այլ օլիգարխների կամ խոշոր սեփականատերերի, ինչպես Սամվել Ալեքսանյանն է, Ծառուկյանը չի համարվում գործող իշխանություններին մոտ մարդ:

Երրորդ. Ծառուկյանը, զգալով, որ Փաշինյանի դիրքերը թուլանում են, նախապատրաստվում է եկող ընտրություններին և այդ ընտրությունների արդյունքում՝ վարչապետի աթոռին:

Այս երեք պատճառները կամ դրանց համադրությունը պետք է հաշվի առնել, երբ փորձում ենք հասկանալ պարոն Ծառուկյանի վարքագիծը:

Փաշինյանի համար Ծառուկյանը այս պահին կարող է լինել ամենալուրջ մրցակիցը, քանի որ վերջինս տիրապետում է վիթխարի ֆինանսական միջոցների ու դրա հետ մեկտեղ ունի աջակիցների բավականին մեծ թիվ, ինչից զուրկ են Փաշինյանի հրաժարականը պահանջող նախկին իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ և կուսակցություններ: Փողի պակաս, նախկին իշխանությունները ակնհայտորեն չունեն, և դա պարզ երևում է նաև լրատվական դաշտում: Մյուս կողմից, սակայն, նախկին իշխանությունների վարկանիշն այնքան ցածր է, որ Փաշինյանն ու նրա թիմը նախկինների վերադարձը ժողովրդին ներկայացնում են որպես վտանգ ու սպառնալիք: Այս մարտավարությունը երկու տարի աշխատել է:

Ծառուկյանին, սակայն, դժվար է տեղավորել Ռոերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Միքայել Մինասյան առանցքում, որքան էլ նա ունի գործակցության անցյալ այս եռյակի հետ:

Նախ, Ծառուկյանը ունի վարկանիշ, և այն գրեթե անփոփոխ է: Սրա հետ մեկտեղ, նա տիրապետում է ֆինանսական այնպիսի միջոցների, որոնք լիուլի բավարար են իշխանության հասնելու համար: Այլ խնդիր է, թե ինչքանով նա պատրաստ կլինի դիմել ռիսկի՝ աչքի առաջ ունենալով իր բիզնես-կայսրությունը: Դու կարող ես ունենալ աջակցություն հանրության որոշ շրջանում, ունենալ երկրորդ ամենամեծ խմբակցությունը Ազգային ժողովում, ունենալ ֆինանսներ, մի խոսքով՝ դասական առումով լինել օլիգարխ, բայց վերջին պահին, երբ վճռական քայլին պիտի գնաս, հետքայլ կատարել:

Այսպես մի անգամ եղել է 2015-ին, երբ քաղաքական մի քանի ուժեր մտադրություն ունեին իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Բուրժուան, սակայն, հրապարակավ ստորացվեց Սերժ Սարգսյանի ու նրա թիմի կողմից և հեռացվեց քաղաքականությունից: Մի քանի տարի անց Ծառուկյանը վերադարձավ և իր թիմով միացավ ու մերժեց Սերժին:

Ծառուկյանի և Փաշինյանի հարաբերությունները, մեղմ ասած, բարիդրացիական չեն եղել:

«Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Փաշինյանը օլիգարխ Ծառուկյանի քննադատներից էր սկսած այն ժամանակից, երբ վերջինս հիմնադրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2004-ին։ Այդ տարի հրկիզվեց Փաշինյանի «Նիվա» ավտոմեքենան։ Մեղադրանքներն ուղղվեցին Ծառուկյանի դեմ։ Փաշինյանը իրավապահներին առաջարկեց քննել «Ծառուկյանի կողմից պայթյունը կազմակերպված լինելու վարկածը»:

2007-ի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանը ձևավորեց «Իմպիչմենտ» դաշինքը, որի հիմնական կարգախոսն էր՝ «Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը»։ Կարգախոսի բովանդակությունը վերծանելու իմաստ, ինչպես 2007-ին, այնպես էլ այսօր, չկա։

Մոտ մեկուկես տարվա ընդհատակից ու նույնքան բանտարկությունից հետո Փաշինյանը դուրս եկավ ազատություն, 2012-ին պատգամավոր ընտրվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի ցուցակով։ Կարճ ժամանակ անց, սակայն, Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի միջև տեղի ունեցավ խզում։ Հիմնական և գլխավոր պատճառը Տեր-Պետրոսյանի բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու նպատակն էր, այն է՝ օլիգարխ Ծառուկյանին ներգրավել «Սերժ Սարգսյանի ավազակապետական համակարգը կազմաքանդելու գործում»։ Փաշինյանը ի սկզբանե դեմ էր Ծառուկյանի ներգրավմանը՝ դա համարելով ձախողված քայլ։

Համակարգը չքանդվեց, իսկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի և երիտհանրապետականներ Արմեն Աշոտյանի ու Կարեն Ավագյանի, անգամ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի կողմից ենթարկվեց հրապարակային ստորացման և անպարկեշտ բնութագրումների։

2015-ի հունվարին «Հայկական ժամանակ»-ում կեղծանունով հրապարակվեց «Մեծ խառնակչություն» վերնագրով հոդվածաշար, որի հեղինակը, դատելով շարադրանքի ոճից, Նիկոլ Փաշինյանն էր։ Այդ շրջանում Փաշինյանին Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ամենակոշտ ձևով քննադատում ու ծաղրուծանակի էին ենթարկում՝ նրան մեղադրելով Սերժ Սարգսյանի հետ թաքուն համագործակցելու մեջ՝ ընդհուպ մինչև 2018-ի մարտի վերջերը։

Քաղաքականության, ինչպես և դիվանագիտության մեջ, չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ: Երեկ Ծառուկյանը աջակցել է հեղափոխությանն ու Փաշինյանի վարչապետ ընտրվելուն խորհրդարանում, այսօր կարող է դուրս գալ նրա դեմ: Երեկ Ծառուկյանը օլիգարխ էր, ապա՝ խոշոր սեփականատեր, այսօր կրկին կարող է դառնալ օլիգարխ և անցնել քրեական գործով:

Ամենակարևոր հարցերից է այն, թե ինչքանո՞վ Ծառուկյանը պատրաստ կլինի միանալ նախկին իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրա փեսա Միքայել Մինասյանին, որոնք անհաշտ պայքար են մղում իշխանության վերադարձի և Փաշինյանին տապալելու համար: Ի՞նչ հարաբերություններ ունի Ծառուկյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Փաշինյանի հրաժարականը պահանջող այլ, այդ թվում՝ ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի հետ: Առաջիկա ամիսները ավելի հստակ կուրվագծեն Փաշինյանի դեմ պայքարող ուժերի առանցքը:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ