Սիմոն Վրացյան. ո՛չ Ռուսաստան, և ո՛չ Թուրքիա

2009

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է հատված Հայաստանի Հանրապետության վարչապետ (1920թ. նոյեմբերի 24-դեկտեմբերի 2) Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից:

Քաջազնունին ասում է. «Ռուսաստան և ոչ Թուրքիա»: Իսկ մենք ասում ենք. ո՛չ Ռուսաստան, և ո՛չ Թուրքիա, որովհետև եթե մեկը լինի, մյուսը անխուսափելի կերպով պիտի գա: Բայց ցավն այն է, որ առանց մեր համաձայնությունը հարցնելու էլ մեկը կարող է գնալ և մյուսը գալ: Իհարկե, մենք չենք ուզում, որ Թուրքիան գա: Բայց եթե նա, այնուամենայնիվ, առանց մեզանից արտոնություն խնդրելու, գա՞ : Եթե նրան բեր[եց]ին հենց մեր հարևաննե՞րը, ի՞նչ կհրամայի այդ պարագայում Քաջազնունին, ի՞նչ ունի հայ ժողովուրդը, միանա ռուսների հետ ու կռվի՞ ելնի թուրքերի, վրացիների, ադրբեջանցիների, լեռնցիների դեմ, ի՞նչ անի:

Այդ օրվա համար է, և Քաջազնունին համաձայն է, որ այդ օրը կարող է գալ, մենք ասում ենք. «Մի՛ կրկնեք հին սխալը, մի՛ դարձրեք հայ ժողովրդին գործիք ռուս դիվանագիտության ձեռքին: Բավական է: Մե՛նք չկանք»: Այդ հեռանկարը աչքի առաջ ունենալով է, որ մենք անվերջ կրկնում ենք. «Մահվան չափ վտանգավոր է մենակ մնալը, ընդհանուր լեզու գտնենք, համաձայնության գանք մեր հարևանների հետ»:

Քաջազնունին պնդում է, թե մենք չենք կարող ընդհանուր լեզու գտնել հարևանների հետ: Մենք անցյալում անընդունակ ենք եղել, ապագայում էլ չպիտի կարողանանք խաղաղ կենակցություն ստեղծել վրացիների ու ադրբեջանցիների հետ, մինչդեռ բոլշևիկները… «Այդ կենակցությունը կա արդեն ՝ Անդրկովկասյան պետություններում. ոչ միայն խաղաղ կենակցություն, այլ նույնիսկ շատ սերտ դաշնակցություն»: Պարապ բան է առարկել Քաջազնունուն, որ «այդ կենակցությունը կարելի չէ ստեղծել ժողովրդի կամքին հակառակ, բռունցքով ու սվինով: Կարելի է միառժամանակ խեղդել հակամարտությունները, կարելի է ստիպել, որ մարդիկ լռեն, բայց երեխայություն է խոսել խաղաղ կենակցության մասին այնտեղ, ուր ամեն զգացմունք, ամեն միտք, ամեն խոսք խեղդված է բռնի ուժով և ուր գոյություն չունի ոչ մի ազատություն:

Ի՞նչ է, իրոք, այսօրվա Անդրկովկասը. իսկապես դաշնակցային հանրապետությո՞ւն է, թե՞ նախորդ փոխարքայության երկրորդ չարափոխուած տպագրությունը: Քաջազնունու համար այստեղ էլ տարակույս չկա. դրությունը շատ ավելի լավ է, քան էր փոխարքների օրով: Նա տարվում է երևույթների արտաքին շպարով, բոլշևիկների գրած ու արտասանած խոսքերով: Կա ինչ որ Անդրկովկասյան Դաշնակցային Հանրապետություն, կա տեղական կառավարություն, հայտարարում են ազգային-կուլտուրական իրավունքները հաստատող դեկրետներ, խոսվում է իշխանության և հաստատությունների ազգայնացման, ազգային զորքի կազմակերպման և այլ բաների մասին: Բայց ի՞նչ է այս ամենի իրական բովանդակությունը՝ գիտի՞ Քաջազնունին: Գիտի՛: Նա երկուսուկես ամիս ապրել է բոլշևիկյան դիկտատուրայի տակ և լսել է է՛լ ավելի շռնդալից խոսքեր. կարո՞ղ է երաշխավորել, որ այսօրվա խոսքերը այլ բան են ասում, քան այն, որոնց ինքը ականջալուր է եղել իր ժամանակին: Կարո՞ղ է հերքել այն պնդումները, որոնց ինքը ականջալուր է եղել իր ժամանակին: Կարո՞ղ է հերքել այն պնդումները, որոնց համաձայն Անդրկովկասում ոչ անկախություն կա, ոչ ինքնավարութիւն, այլ Մոսկվայի Պոլիտբյուրոյի և Չեկայի կամայականությունը: Որ Կովկասն այսօր շատ ավելի ճնշված վիճակում է, քան էր, օրինակ, Վորոնցով-Դաշկովի ժամանակ: Որ այդ ճնշող վիճակը, ինչպես պնդում են վրացի կոմունիստները և նույն ինքը՝ Ստալինը, Կոմունիստական կուսակցության XII համագումարին ներկայացրած իր զեկուցման մեջ, ոչ միայն հետևանք է կոմունիստական դիկտատուրայի, այլև մեծ ռուսների հարձակողական նացիոնալիզմի: Որ բոլշևիկյան նացիոնալիզմը չափազանց նեղսիրտ է ու անհանդուրժող, ավելի դաժան, քան էր ցարական նացիոնալիզմը: Որ, այսպես կոչված, ինքնավար հանրապետությունների քաղաքական և տնտեսական բոլոր իրավունքներն ու միջոցները կենտրոնացած են Մոսկվայի ձեռքին: Կարո՞ղ է նա վստահ կերպով ասել, թե ո՞ւր կհանգի բոլշևիզմի քաղաքական էվոլյուցիան, երբ իր իսկ աչքի առջև, 2-3 տարվա մեջ, ծայրահեղ ապակենտրոնացումից Ռուսաստանը վերածվեց ծայրահեղ կենտրոնապաշտ պետության: Քաջազնունին խաբվում է արտաքին երևույթներից, մի բան, որ ներելի է գաղութահայ գործիչներին, բայց բնավ ներելի չէ Քաջազնունու համար:

Սակայն, այս տողերի նպատակը Քաջազնունու ասածը հերքելը չէ: Թերևս և, իրոք, խորհրդային պետական կազմակերպությունում կան ազգային ազատության որոշ հատկանիշներ, որոնք նպաստավոր հանգամանքներում կարող են լայնանալ ու վերածվել իսկական ազատության, ինչպես հավատում է Քաջազնունին: Չեմ վիճում, թերևս: Ինձ զարմացնողն այդ չէ: Ինձ զարմացնում է այն արտասովոր թափը, այն անվերապահ հավատը, որով Քաջազնունին պնդում է, թե խորհրդային կարգը ապահովում է ինչ որ մինիմումը ազգային ազատութեան, այն ժամանակ, երբ ինքը իր աչքով տեսել է միայն ժխտումը այդ ազատության, իսկ նրանցից հետո, բացի բոլշևիկյան թերթերի լուրերից, ոչ մի առիթ չի ունեցել ականատես լինելու հակառակ փաստերի: Այս է, որ ինձ համար տարօրինակ ու զարմանալի է թվում: Ինքնաներշնչման ի՜նչ ջանք թափած պետք է լինի մարդ, որպեսզի կարողանա հանգել այսպիսի կույր հավատի:

Նույնը Հայաստանի վերաբերմամբ: Նա շատ լավ գիտի, որ «խորհրդային իշխանությունը անհարազատ է ու անհամապատասխան հայկական իրականությանը», գիտի, որ «բոլշևիկների տնտեսական սիստեմը՝ մասնավոր սեփականության իրավունքի բացասումը՝ անվիճելիորեն կործանարար է այսօրվա Հայաստանի համար», բայց և այնպես համառորեն պնդում է, որ միայն հայ բոլշևիկներն են ընդունակ կառավարելու Հայաստանը և շարունակելու Դաշնակցության գործը:

Այստեղ ո՛չ տրամաբանություն կա, ոչ էլ՝ քաղաքական իմաստություն:

Եթե բոլշևիզմը այդքան վատ է, որ ո՛չ երկիրը կարող է վերաշինել, ոչ էլ համապատասխան է Հայաստանի իրական պահանջներին, էլ ինչո՞ւ համար է նա այդքան թանկագին ու անհրաժեշտ, ինչո՞ւ համար է ուզում Քաջազնունին  այդ ռեժիմը հավերժացնել Հայաստանում: Միայն նրա համար, որ պիտի պաշտպանի հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը թուրքի՞ց: Բայց նախ, ինչպես տեսանք, այդ պաշտպանությունը շատ էլ հաստատուն չէ. Քաջազնունին գոնէ չի կարող իր անձնական հավատից զատ ուրիշ համոզուեցուցիչ փաստ բերել, որ բոլշևիկները, պատերազմի դեպքում, պիտի պաշտպանեն Հայաստանը: Երկրորդ, այդ ի՞նչ ֆիզիկական գոյության պաշտպանություն է, երբ բոլշևիկները տարիներ ու տարիներ պիտի քայքայեն երկրի տնտեսությունը, սպառեն ժողովրդի կենսական ուժերը և մղեն նրան դեպի պանդուխտություն ու այլասերում: Նույն «ֆիզիկական գոյության» վտանգումը չէ՞ այս: Թիֆլիսի բոլշևիկյան թերթերը հաղորդում են, որ տնտեսության քայքայման հետևանքով 30,000 զանգեզուրցիներ գաղթել են Բաքու,Անդրկասպյան երկիր և Ռուսաստանի ներսը: Տնտեսական պատճառներով արտագաղթ է տեղի ունենում և ուրիշ վայրերից՝ Վայոց Ձորից, Շիրակից, Արարատյան դաշտից, Իջևանից: Կառավարությունը դիմումներ է ստանում զանազան կողմերից, որ իրավունք տրվի գաղթելու Հյուսիսային Ամերիկա, Բրազիլիա, Բալկաններ: Էլ չեմ ասում այն մասին, որ Հայաստանի սահմանները չինական հաստ պարիսպներով շրջապատված են արտասահմանի ավելի քան 700,000 հայերի առջև, որոնք զանգվածաբար հայտարարված են «բուրժուա» ու  «հակահեղափոխական»: Սա նույն «ֆիզիկական բնաջնջումը» չէ՞, որ բոլշևիկները՝ գիտակցաբար թե անգիտակից, սիստեմատիկ կերպով գործադրում են հայ ժողովրդի նկատմամբ: Ա՞յս է այն ուժը, որին վիճակված է Դաշնակցության ժառանգը հանդիսանալ: Ա՞յս ուժին է ուզում Քաջազնունին հանձնել հայ ժողովրդի ճակատագրի ղեկավարության գործը: Հանցագործություն չէ՞ արդյոք սա:

Կրկնում եմ. հասկանալի է, երբ Քաջազնունին, կամա-ակամա հաշտվում է ստեղծված դրության հետ, իբրև ժամանակավոր երևույթի, իբրև չարքներից փոքրագույնի, բայց երբ նա հենց իր տեսակետից անհարազատ ու վատ, բռնությամբ դրսից եկած և միայն արտաքին ուժի վրա հենվելով իր գոյությունը պահող կործանարար մի ռեժիմ դարձնում է անսահման ժամանակների համար Հայաստանի իշխանություն և պահանջում է, որ հայ ժողովուրդը գլուխ խոնարհի, այդ կործանարար ռեժիմի օրը օրհնի, մնում է անհասկանալի, անբնական ու տարօրինակ:

Բարեբախտաբար, ոչ միայն մեզ, այլև հայ ժողովրդի ճնշիչ մեծամասնության համար էլ անհասկանալի է ու զարմանալի Քաջազնունու ջատագովությունը բոլշևիկների հասցէին: Հայ ժողովուրդը և՛ Հայաստանում, և՛ գաղութներում գիտի շատ լավ, որ «բոլշևիզմը հայկական  ռեժիմ չէհայկական բոլշևիզմը շարունակությունն է ու մի փոքրիկ մասը ռուսական բոլշևիզմի»: