Իթթիհատական ոճրագործների վերջը

5484

Հալիս Թուրգութը եղել է Միություն և առաջադիմություն կուսակցական ակտիվիստ և խորհրդարանական, պատերազմի ժամանակ Սեբաստիայի (Սվաս) նահանգում գործող Հատուկ կազմակերպության քանակակազմի հրամանատար: Ավելի ուշ աշխատել է կովկասյան ճակատում` ներառյալ Նախիջևանի շրջանում` 1917-1918 թթ: Հայկական տեղահանություններն ու կոտորածները հետաքննող թուրքական զինվորական ատյանի հետապնդումներից խուսափելով, համախոհների մի փոքր խմբի հետ թաքնվել է Սեբաստիայի լեռներում:

Ահմեդ Շյուքրուն պատերազմի ժամանակ եղել է կրթության նախարարը, ծայրահեղ իթթիհատական և հայերի ոխերիմ թշնամի: Նրան կախել են երկու անգամ, քանի որ պարանն առաջին անգամ կտրվել է և կիսամեռ գետին փռվել: Ապա կախաղանի վրա հոգին ավանդել` ահասարսուռ ձայներ արձակելով: Տասնյակ հազարավոր անմեղ հայ գյուղացիների մահվան դուռը հասցրած այս ոճրագործը կախաղան բարձրանալիս վախից սարսափահար գոռացել է:

Իսմայիլ Ջանփոլաթը եղել է Թալեաթի աջ ձեռքը, կայսրության հասարակական անվտանգության (Էմնիյեթի Ումումիյե) գրասենյակի պետ, օսմանյան մայրաքաղաքի կառավարիչ և պատերազմի վերջերին նաև ներքին գործերի նախարար:

Դատավարության երկրորդ շարքը սկսվել է Անկարայում 1926 թ. օգոստոսի 2-ին, ավարտվել` օգոստոսի 26-ին, և նույն օրը երեկոյան չորս շատ հայտնի իթթիհադականներ, որոնք նույնպես մեղադրվում էին Քեմալին սպանելու համար, կախաղան բարձրացվեցին: Նրանցից մեկը ‎‎ֆինանսների նախարար Չավիդն էր, որի դերը Հայոց ցեղասպանության կազմակերպման հարցում, ըստ Տատրյանի, չնչին էր. “Մյուս երեքը, Թալեաթից հետո գուցե, ամենամոլեգին դերակատարներն էին”:

Դոկտոր Նազըմը հայերի զանգվածային բնաջնջման գաղափարը մտահղացողներից էր, մեծ ազդեցություն է ունեցել Թալեաթի վրա: Կախաղանին մոտենալիս ցնցվել ու դողացել է, բողոքել կատարվածի դեմ ու ասել, որ ինքն անմեղ է:

Ենիբահչելի Նայիլը Տրապիզոնի նահանգում եղել է Իթթիհադի պատասխանատու քարտուղարը: Նա Ջեմալ Ազմիի հետ նահանգի հայ բնակչությանը ենթարկել է բնաջնջման անենադաժան ձևերով, ոչ ոքի չի խնայել: Կախաղան բարձրանալիս որդուն խնդրել է հոգ տանել մոր և մյուս երեխաների մասին:

Ֆիլիփելի Հիլմին եղել է Իթթիհադի պատվիրակը Էրզրումում, դոկտոր Շաքիրի աջ ձեռքը և Հատուկ կազմակերպության տարածաշրջանային ուժերի ընդհանուր հրամանատարը: Նրա վերահսկողությամբ են իրականացվել Էրզրումի նահանգի հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Հիլմին երկու անգամ է կախաղան բարձրացվել, քանի որ առաջին անգամ պարանը կտրվել է:

Վահագն Տատրյանի ուսումնասիրությունների համաձայն, հայկական ջարդերի մի քանի տեղական կազմակերպիչների մահվան են դատապարտել իթթիհատականները: Կոտորածներին իրենց վճռորոշ մասնակցությամբ նրանք հաճախ հպարտացել են պոռոտախոսություններով:

Չերքեզ Ահմեդը եղել է Վանի կառավարիչ Ջևդեթի գլխավոր օգնականը նահանգի հայ բնակչությանը բնաջնջելու հարցում: Հետագայում աշխատել է Դիարբեքիրի կառավարիչ` դոկտոր Ռեշիդի ձեռքի տակ և իրագործել օսմանյան խորհրդարանի երկու հայ պատգամավորներ Վարդգեսի և Զոհրապի սպանությունը: Նրան մեղադրել են սպանության և թալանի մեջ: Զինվորական ատյանը մեղավոր է ճանաչել և մահվան դատապարտել. նա կախաղան է հանվել իր մեղսակից ընկերոջ` Հալիլի հետ 1915թ. սեպտեմբերին Դամասկոսում` Ջեմալ փաշայի կողմից: Նրա դատավճիռն ի կատար ածելու առիթով Ջեմալի աշխատակազմի ղեկավար Ալի Ֆուադ Էրդենն ասել է. “Կեղտոտ գործեր կատարողների կարիքը զգացվում է ծայրահեղ իրավիճակներում` հիմնականում պատասխանատվությունը նրանց վրա գցելու նպատակով: Բայց անհրաժեշտ է գործն ավարտելուն պես ազատվել նրանցի”: Թալեաթն իր հերթին նրա մահապատժի հրամանն ստորագրելիս ասել է. “Բոլոր պարագաներում նրա ոչնչացումն անհրաժեշտ է: Այլապես նա խիստ վտանգավոր կարող է դառնալ հետագայում”:

Յակուբ Ջեմիլը, ինչպես Չերքեզ Ահմեդը, գլխավոր դեր է կատարել կայսրության արևելյան հատվածում մեծ թվով հայերի բնաջնջման գործում: Էնվերի և Թալեաթի հետ գժտվելով, նա սկսել է սպառնալ նրանց: Մահապատժի է ենթարկվել 1916թ. սեպտեմբերին:

Քուրդ ելուզակների առաջնորդ Ամերոն Դիարբեքիրի կառավարիչ, դոկտոր Ռեշիդի հրամանով տեղի հայ համայնքի 636 ականավոր դեմքերի խեղումն ու սպանությունն իրագործելուց հետո, չերքեզ ելուզակների կողմից սպանվել է նույն կառավարչի և Դիարբեքիրից պատգամավոր Ֆեյզիի (երկուսն էլ` զանգվածային սպանությունների գլխավոր կազմակերպիչներ) հրամաններով: Քուրդ Մուրզա բեյը հպարտացել է Էրզրումի նահանգում 70 հազար հայեր սպանելով: Իր պոռոտախոսության համար էլ վտանգավոր համարվելով, սպանվել է իր ղեկավարի հրամանով:

“Ջեմալ փաշան մի շարք քրդերի կախաղան է բարձրացրել Իսլահիյեում հայերի դեմ կազմակերպված գազանություններին մասնակցելու համար: Վեհիբ փաշան կախաղան է բարձրացրել Հատուկ կազմակերպության երկու սպաներ` Սվասում  աշխատանքային գումարտակներում ընդգրկված 2000 հայերի կոտորածը կազմակերպելու համա”,- գրում է Տատրյանը:

Հատուկ կազմակերպության երեք հայտնի ղեկավարներ, որոնց` հայերի նկատմամբ ունեցած գազանային և արյունարբու վերաբերմունքի մասին լեգենդներ են հյուսվել, սպանել են քեմալականները:

Յահյա Քափթանը եղել է Տրապիզոնում զանգվածային խեղդման գործողությունների պատասխանատուն. հազարավոր երեխաներ, կանայք և ծերունիներ փոխադրվել են բաց ծով և թափվել ջուրը` սվինահարվելուց հետո: Քափթանը հետագայում միացել է քեմալականներին` չխզելով Էնվերի հետ կապերը: Նրա հավատարմությունը ստուգելու պատրվակով անցկացված հարցաքննությունների ժամանակ Քափթանը սպառնացել է չափազանցված ճնշումների դեպքում բացահայտել իրեն հայտնի պետական գաղտնիքները: Անծանոթ մարդասպանները նրան դարանակալել են և սպանել Տրապիզոնում 1922թ. հուլիսին:

Թոփալ Օսմանը գործել է արևելյան սահմանային շրջաններում որպես Հատուկ կազմակերպության ելուզակ` չեթե: Հաճախ է գլուխ գովել հայերին սպանելու իր առաքելության մասին: Պատերազմից հետո միացել է քեմալականներին և կազմակերպել Տրապիզոնի հույն և հայ բնակչության լայնածավալ կոտորածները: Մուսթաֆա Քեմալը բարձրացրել է նրա պաշտոնը և նշանակել իր անձնական պահակախմբի ղեկավար: Հետագայում, սակայն, Անկարայի խորհրդարանի քեմալական պատգամավորների զայրույթն է առաջացրել, երբ վրեժխնդրությունից դրդված խեղդամահ է արել իր տուն հրավիրած պատգամավորներից մեկին: Սպանվել է իրեն ձերբակալելու եկած զինվորական տարբեր խմբավորումների փոխհրաձգության ժամանակ: 1923-ի մարտին նրա դիակը կախել են խորհրդարանի շենքի առաջ:

Հատուկ կազմակերպության սպա (Դելի) Հալիթը մասնակցել է արևելյան նահանգների հայ բնակչության սպանություններին: Եղել է մոլեռանդ իթթիհատական, ապա դարձել է մոլեռանդ քեմալական, երբ հետպատերազմյան թուրքական զինվորական դատարանը սկսել է հետապնդել նրան` որպես կոտորածների մասնակցի: Եղել է կռվարար և հանդուգն: Այլ քեմալական ղեկավարների և պատգամավորների հետ ունեցած հաճախակի վեճերից մեկի ժամանակ սպանվել է թուրքական խորհրդարանի նախասրահում 1925թ. փետրվարին:

Մի շարք իթթիհատական ղեկավարներ ինքնասպանություն են գործել: Դիարբեքիրի նահանգի կառավարիչ դոկտոր Ռեշիդը եղել է ամենադաժան կառավարիչներից, ով մեծ ոգևորությամբ է իրագործել Դիարբեքիրի և այլ շրջաններից եկած հայերին բնաջնջելու իթթիհատականների դժոխային ծրագիրը: Ձերբակալումից, բանտից փախուստից և վերակալանավորվելուց հետո 1919թ. հունվարին ինքնասպանություն է գործել:

Իթթիհատի անխոնջ մարտիկներից զորավար Մահմուդ Քյամիլը 1915-1916 թթ. եղել է 3-րդ բանակի հրամանատարը, նրա հրամանատարության տարածաշրջանն ընդգրկում էր 6 հայկական նահանգները և Տրապիզոնի նահանգը, որի հայ բնակչության բնաջնջումը վստահված էր նրան: Հատուկ հրահանգներ է տվել` մանուկներին, ծերերին և հղի կանանց չխնայելու վերաբերյալ: Նաև սպառնացել է կախել այն մահմեդականներին, ովքեր կհամարձակվեն ապաստան տալ հայերին: Ինքնասպանություն է գործել 1922թ. նոյեմբերին:

Իթթիհատի ղեկավարներից Քարա Քեմալը եղել է Թալեաթի մտերիմը: Կուսակցության բոլոր գաղտնի ծրագրերը և  որոշումները գտնվել են նրա տրամադրության տակ: 1926թ. դատարանը նրան  մեղավոր է ճանաչվել Մուսթաֆա Քեմալին սպանելու դավադրության մեջ: Նրան հաջողվել է փախչել: Կալանավորվել է հավաբնում և 1926թ. հուլիսին ինքնասպանություն  գործել:

Հայ ժողովրդի դահիճներից մի քանիսը դժբախտ պատահարներով են մահացել: “Իսլամի բանակի”  հրամանատար, ռազմական նախարար Էնվերի եղբայրը` Նուրի փաշան, ով 1918թ. սեպտեմբերին Բաքվի հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչն էր, պատերազմից հետո դառնում է գործարար և արդյունաբերող, Ստամբուլում զենքի և զինամթերքի գործարան է հիմնում: 1949թ. մարտին գործարանն ուժեղ պայթյունի հետևանքով փուլ է գալիս, Նուրին մնում է փլատակների տակ:

Երզնկայի շրջանի, հետագայում Բիթլիսի, Բաղդադի և Մոսուլի նահանգների կառավարիչ Մեհմեդ Մեմդուհը եղել է Երզնկայի շրջանի կոտորածների գլխավոր կազմակերպիչը: Մեծ հարստություն է դիզել հայ զոհերի հաշվին: Պատերազմից հետո փորձել է Զմյուռնիայում (Իզմիր) գործարարությամբ զբաղվել, սակայն մահացել է ավտովթարից:

Մոլեռանդ իթթիհատական և հայերի ոխերիմ թշնամի, Մալաթիայից խորհրդարանի պատգամավոր Հաշիմ բեյը հովանավորել է որդու` Մուհամմեդի գործողությունները: Վերջինս կոտորել է տվել Մալաթիայի հայ բնակչության զգալի մասին: Գողացված ձիու պատճառով ծերունի մի քրդի հետ կռվի բռնվելով` Մուհամմեդը սպանվում է այդ քրդի որդու ձեռքով: Լուրն ստանալով` Հաշիմ բեյը կաթված է ստանում և երկար տառապելուց հետո մահանում 1917թ.:

Մալաթիայի մուֆթին ղեկավարել է Մալաթիայի հայ կաթոլիկ առաջնորդի խեղդամահությունը, երբ վերջինս մերժել է ընդունել մահմեդականություն: Խեղդամահ անելուց առաջ կաթոլիկ առաջնորդին մարմնական անասելի տառապանքներ են պատճառել: Տուն վերադառնալուց անմիջապես հետո մուֆթին սրտի կաթված է ստանում և տեղում մահանում:

ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Լուսանկարը՝ Թալեաթ փաշան