1995-ի ապրիլի 21-ին խորհրդարանը ընդունել է հայտարարություն Հայոց ցեղասպանության 80-ամյակի առիթով

3650

Հայաստանի պատմության մեջ երկրի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությանը անդրադարձել է մի քանի անգամ, այդ թվում՝ 1990-ին և 1995-ին:

1990-ի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիր, որի տակ դրված է այն ժամանակ խորհրդարանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ասվում էր. “Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին”:

Ուշագրավ է, որ Տեր-Պետրոսյանը քննարկումների ընթացքում կողմնակից չէր Հայոց ցեղասպանության հարցի ընդրկմանը Հռչակագրի մեջ, սակայն տեղի տվեց մեծամասնության ցանկությանը: Խորհրդարանում մեծամասնություն էր կազմում նրա իսկ գլխավորած Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությունը:

Հռչակագրի ահա հենց այս կետն էին նաև թուրքերը մատնանաշում ու, դա դարձնելով մատի փաթաթան, հրաժարվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Ավելին, ամեն առիթով թուրքերը հայտարարում էին, որ Հայաստանի Սահմանադրության մեջ կա կետ հողային պահանջատիրության մասին, ինչը ճիշտ չէ, քանի որ մինչև 1995 ամառը Հայաստանը չուներ Սահմանադրություն:

1995-ի ապրիլի 21-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը արտահերթ նիստում, միաձայն ընդունեց հայտարարություն Հայոց ցեղասպանության 80-ամյակի առիթով: Հայաստանի խորհրդարանի նախագահը Բաբկեն Արարքցյանն էր:

Հայոց ցեղասպանության ճանաչման և միջազգայնացման հարցում 1995թ. կարելի է համարել ամենակարևոր տարիներից մեկը` Ռուսաստանի խորհրդարանը ճանաչեց այն, Երևանում կազմակերպվեց միջազգային գիտաժողով, և ամենակարևորը` բացվեց Հայոց ցեղասպանության թանգարանը:

Տեր-Պետրոսյանը 1995թ. մարտին ստորագրեց հրամանագիր “Հայոց ցեղասպանության 80-ամյակի կապակցությամբ ցեղասպանությունը վերապրած հայերին պետական աջակցություն ցուցաբերելու մասին”: Հաշվի առնելով Մեծ Եղեռնը վերապրած հայերի նկատմամբ “համազգային, համապետական աջակցության և հոգատարության դրսևորման անհրաժեշտությունը”, Տեր-Պետրոսյանը որոշեց “Սփյուռքում բնակվող, ցեղասպանությունը վերապրած (մինչև 1915թ. ներառյալ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված) Հայաստանի քաղաքացիություն չունեցող հայերին տալ Հայաստանի կացության հատուկ կարգավիճակ և հանձնել Հայաստանի հատուկ անձնագրեր (նրանց կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ)”: Բացի այդ, “Հայաստանի տարածքում մշտապես բնակվող, ցեղասպանությունը վերապրած հայերի համար” նախատեսվում էր սոցիալական պաշտպանվածությունն ապահովող միջոցառումներ: Տեր-Պետրոսյանի հրամանագրով 1994թ. ստեղծվել էր պետական հանձնաժողով, որն աշխատում էր չորս հիմնական ուղղություններով` հրատարակչական, միջազգային գիտաժողովի հրավիրման ու կազմակերպման և թանգարանային համալիրի կառուցման ու թանգարանային ցուցանմուշների կազմակերպման:

1995թ. ապրիլի 21-23-ը Գիտությունների Ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում, պետական բարձր մակարդակով, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով “Ցեղասպանության հարցեր” թեմայով, որին ներկա էին 16 երկրներից ժամանած գիտնականներ: Ելույթ ունեցան նաև նախագահ Տեր-Պետրոսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանը:

1995թ. ապրիլի 24-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի բացումը: Ժապավենը կտրեց Տեր-Պետրոսյանը, նրա կողքին էին Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը (այսօր՝ Սահմանադրական դատարանի նախագահ) և թանգարանի տնօրեն (հանգուցյալ) Լավրենտի Բարսեղյանը: Ներկա էին Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը (Ռոբերտ Քոչարյան):

Թանգարան ունենալու անհրաժեշտության մասին հայկական մամուլում առաջինը արտահայտվել է հանգուցյալ Վլադիմիր Մովսիսյանը (այն ժամանակ՝ Հայկոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար) դեռ 1990-ի ապրիլին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 75-ամյակը:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝  Բաբկեն Արարքցյան