Բաղանիս – Բաղանիս Այրում հատվածում տեղադրվել է 20 սահմանային սյուն

1076

Հայ-դրբեջանական սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն, հայտնում են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները՝ չնշելով սյուների տեղադրման կոնկրետ վայրը:

Մի քանի հարյուր մետր հեռավորությունից տեսանելի էր, որ այսօր առավոտվանից Բաղանիս-Բաղանիս Այրում հատվածում՝ Բաղանիս գետի ձախ ափին, աշխատում են հայ և ադրբեջանցի մասնագետները:

Այսօր առավոտվանից փակ էր Ոսկեպարի եկեղեցուց Աշաղը Ասկիպարա-Բաղանիս Այրում- Բաղանիս միջպետական ճանապարհը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա»,- նշված է հաղորդագրությունում։

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են, որ սահմանազատվող Բաղանիս-Բաղանիս Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրիմլի և Բերքաբեր-Ղըզըլ Հաջիլի հատվածներում կտեղակայվեն հայկական և ադրբեջանական սահմանային ուժեր:

1994 թվականից ի վեր, ինչպես սահմանի մյուս, այնպես էլ այս հատվածում տեղակայված էին հայկական և ադրբեջանական բանակի ստորաբաժանումները:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ Կենտրոն