Անդրեյ Շիլկով. Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը»

699


Ձեզ ենք ներկայացնում խորհրդային 8 տարիների քաղկալանավոր Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» հատորից մի կտոր: Գիրքը 2018-ին հրատարակել է ԱՆԻ կենտրոնը: 

Անդրեյ Շիլկովը, Անդրեյը, Անդրյուխան, երկու մետրանոց իմ ընկերը, որ այսօր այլեւս չկա։ Այնքան գոհ եմ ճակատագրից, որ նրա մահից առաջ վերջին հանդիպում ունեցանք։ 2007-ի դեկտեմբերին Իսրայել էի գնացել՝ Երուսաղեմ։ Անդրեյը հենց Երուսաղեմում էլ ապրում էր իր ընտանիքի հետ։ Նա ոչ միայն Երուսաղեմի բնակիչ էր, այլ նաեւ սիրահարված էր այդ քաղաքին ու ամենալավ էքսկուրսավարից շատ ավելի լավ գիտեր քաղաքը։ Օրերով կարող էր պտտել մարդուն այնպիսի վայրերով, որտեղ էքսկուրսավարները չեն էլ տանի։ Նա շատ էր սիրում հին քաղաքի տանիքներն ու այդ տանիքներից արված բազմաթիվ յուրօրինակ լուսանկարներ ուներ։

2008-ի նոյեմբերի 30-ին Իրինայից՝ Անդրեյի տիկնոջից, որն աքսորավայրում մշտապես ինձ նամակ գրող՝ հրեական շարժման ակտիվիստ Ասյա Լաշչիվերի դուստրն է, կարճ նամակ եմ ստանում․

-Մահացավ Անդրեյ Շիլկովը։

Սա այն դեպքն է, երբ սարսափելի լուրը լսելիս ոչ թե կարկամում, այլ զարմանում ես։ Չի կարող պատահել։ Անհնարին բան է։ Բայց մեր այս կյանքում նաեւ անհնարին բաներ են պատահում։ Անդրեյը 56 տարեկան էր։

Մենք ծանոթացանք 35-րդ կալանավայրում ու շատ արագ մտերմացանք։ Այնուհետեւ մի կարճ շրջան միասին էինք 37-ի փոքրում։ Նա 1985-ի ապրիլին՝ իր երեք տարի պատժաչափը կրելուց հետո աքսորի դուրս եկավ Տոմսկի, իսկ ես՝ նույն թվականի հուլիսին՝ Մագադանի մարզում։ Երկուսիս աքսորի ժամկետն էլ երեք տարի էր։ Մշտապես նամակագրական կապի մեջ ենք եղել։

Անդրեյը հագնում էր աներեւակայելի մեծ՝ 46, թե՞ ավելի մեծ համարի կոշիկ։ Աշնանը ձմեռային տաք կոշիկ գնելու նպատակով գնացել էր խանութ։ Նրան ասել էին, որ հույսը կտրի, այդքան մեծ կոշիկ իրենք չունեն, ու քիչ հավանական է, որ ունենան։ Գնացի խանութ։ Պարզվեց՝ Մագադանի մարզում այդ չափի կոշիկներ լինում են։ Ընտրեցի ցրտաշունչ Մագադանին հարմարեցված ամենատաքը եւ ուղարկեցի Անդրեյին։ Մի քանի օրից նամակ եմ ստանում՝ լուսանկարով. մահճակալին պառկած է ժպտերես Անդրեյը, իսկ գլխավերեւում՝ իմ ուղարկած կոշիկներն են։ Գրել է․

-Ես դրանք միայն գլխավերեւում եմ պահելու։

Անդրեյը գրականություն շատ լավ գիտեր։ Ոչ միայն ռուս, այլ համաշխարհային գրականության մասին է խոսքս։ Ճապոնացիներից սկսած՝ մինչեւ եվրոպացիներ ու ամերիկացիներ, ու ըստ ժամանակաշրջանների։ Հետաքրքիր էր նրա հետ զրուցելը։ Իսկ պոեզիան նրա տարերքն էր։ Ե՛ւ սիրում էր, ե՛ւ լավ արտասանում էր, ե՛ւ շատ լավ գիտեր։ Ես էլ շատ բանաստեղծություններ անգիր գիտեի։ Ծխարանում նստած հերթով արտասանում ու ոգեւորում էինք իրար։

Մեր կալանավայրերում շատ էին գրականության ու պոեզիայի իսկական գիտակները, գնահատողներն ու սիրահարները։ 37-րդ գաղութում Մարկ Մորոզովն անընդհատ ասում էր, թե ինձ հետ պետք է մաթեմատիկա պարապի։ Ասում էր՝ քեզ մոտ կստացվի։ Ինձ համոզելու նպատակով ոգեւորված խոսում էր մաթեմատիկայի ու պոեզիայի նմանություններից ու գեղեցկությունից։ Այդ երկու տարբեր գեղեցկություններն իրար հետ համեմատելու ընթացքում ինձ համար անակնկալ սկսեց արտասանել Բլոկի «Ռեստորանում» բանաստեղծությունը։

                               Никогда не забуду (он был, или не был,
                               Этот вечер): пожаром зари
                               Сожжено и раздвинуто бледное небо,
                               И на жёлтой заре – фонари.

Այնքան խոր զգացմունք կար նրա արտասանության մեջ, որ զարմացած էի մնացել։ Ինքս էլ Բլոկից շատ բանաստեղծություններ անգիր գիտեի, բայց հիվանդ, հյուծված, դժվարությամբ շարժվող ու անատամ Մորոզովի այդքան խոր ու այդքան զգացմունքային արտասանությունը անսպասելի էր ու դաջվել է հիշողությանս մեջ։ Ամեն անգամ Բլոկ կարդալիս պարտադիր Մորոզովին եմ հիշում։

Անդրեյը հատուկ չէր նստում ու հավանած բանաստեղծությունն անգիր չէր անում։ Դրանք ավտոմատ էին հիշվում, եւ նա ինքնամոռաց արտասանում էր։ Հսկայական հատվածներ պոեմներից, անգամ՝ ամբողջական պոեմներ։ Նրա ասմունքը գեղեցիկ էր։ Այնպես, ինչպես նա էր կարողանում արտասանել, ես այլեւս որեւէ մեկից չեմ լսել։

Ես էլ շատ բանաստեղծություններ անգիր գիտեմ։ Ավելի ճիշտ՝ գիտեի։ Հիմա արդեն կամաց- կամաց մոռանում եմ։ Ճիշտ է, Անդրեյի պես գեղեցիկ արտասանել երբեք չեմ կարողացել, բայց ժամերով ու հաճույքով արտասանում էի։ Պոեզիան միշտ էլ ինձ հետ է եղել ու օգնել է ինձ։ Երբ փնթի ու կեղտոտ բանտերով էի անցնում կամ այս ու այն կալանավայրում էի գտնվում՝ մտքումս միշտ սիրածս բանաստեղծություններն եմ կարդացել, ու կյանքս անհամեմատ հեշտացել է։ Երբ մեծ հաջողություն է եղել, ու ինչ-որ պահի մենակ եմ եղել՝ կարդացել եմ բարձրաձայն, ինչը բանտերի համար մեծ շնորհ էի համարում․

-Թող աշխարհից կտրված ու աշխարհից մոռացված այս կեղտոտ պատերը, հազար տեսակի հայտնի ու անհայտ դաժանություններ, խեղված կյանքեր տեսած այս պատերը Տերյան լսեն։ Թող Տերյան լսեն ու մի քիչ մաքրվեն։

Ես էլ կանխամտածված երբեք չեմ նստել ու բանաստեղծություն անգիր չեմ արել։ Եթե հավանել եմ բանաստեղծությունն, ապա մի քանի անգամ կարդալուց հետո դարձել է իմը, եւ ես կարողացել եմ արտասանել։ Ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն։ Հիշում եմ՝ կալանավայրում մեկը Քիփլինգ ուներ։ Կարճ ժամանակով վերցրի։ «Արեւելքը եւ արեւմուտքը» պոեմն առաջին անգամ էի կարդում։ Շատ հավանեցի։ Մտածեցի՝ պետք է արտագրել տետրում։ Գրքի տիրոջն ամեն վայրկյան կարող են մոտիցդ տանել, ու հետո շատ կզղջաս, որ չես արտագրել։ Արտագրելու ընթացքում արդեն պարզ էր, որ դաջվել է հիշողությանս մեջ։

Զարմանալի է, բայց պատահում էին բանաստեղծություններ, որոնք շատ էի հավանում, բայց դրանք ոչ մի կերպ չէին դառնում բերանացի հիշվող գործեր։ Արտագրել էի ու առիթի դեպքում միշտ էլ կարդում էի Ուայլդի «Ռեդինգյան բանտի բալլադը», բայց այդպես էլ հիշողությանս մեջ չտպավորվեց։ Հիմա էլ եմ դեպքից դեպք սիրով կարդում, բայց ինձ համար այդպես էլ ոչ թե որպես արտասանվող, այլ որպես կարդացվող գործ է մնում։

Հայաստանում հրապարակված որեւէ նոր նշանակալի գործ՝ անկախ ծավալից, ես ստանում էի։ Երկու քույր ունեմ՝ Նարինե ու Կարինե։ Իրենց առօրյա գործերից հետո՝ նրանք գիշերները նստած արտագրում էին գրքերից ու հանդեսներից ծավալուն հատվածներ եւ ուղարկում ինձ։ Ես շատ ու հաստափոր նամակներ էի ստանում քույրերիցս։ Արտագրում էին ե՛ւ իմ պատվիրած, ե՛ւ իրենց նախընտրած գործերը։

Հետագայում, երբ աքսորավայրում էի, Անդրեյն իր մոսկովյան կապերի միջոցով կազմակերպել էր, եւ ինձ շատ լավ գրականություն էին ուղարկում։

1987-ին Անդրեյը վաղաժամ ազատ արձակվեց։ Մոսկվայում Սերգեյ Գրիգորյանցը սկսել էր հրապարակել իր «Գլասնոստ» հանդեսը։ Անդրեյը «Գլասնոստ»-ում էր աշխատում։ Իսկ ավելի ուշ ընտանիքով Իսրայել տեղափոխվեց։