Քաջազնունի. Թուրքահայ դատի հոգեվարքը՝ Սևրից Լոնդոն և Լոզան

3525

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից

Ո՞րն էր անկախության շրջանում կատարած մեր դիվանագիտական աշխատանքը դրսի աշխարհում (Պոլսում, Եվրոպայում ու Ամերիկայում) և ի՞նչ արդյունք էր տվել այն:

Որովհետև այս պատմական ամփոփումը, հակառակ իմ ցանկության, երկարացավ չափից ավելի, կբավարարվեմ հիշատակելու երկու ծայրերը միայն՝ սկիզբն ու վերջը:

1919թ. գարնանը Փարիզում հանրապետության պատվիրակությունը, Ազգային պատվիրակության հետ միասին, դաշնակից մեծ պետություններին ներկայացրեց մի հուշահիր՝ մեր պահանջները Խաղաղության համաժողովից:

Ըստ այդ հուշագրի, հայ պետության սահմանների մեջ պիտի առնվեին.

ա) Անդրկովկասյան Հանրապետությունը ընդլայնված սահմաններով (Երևանյան նահանգը ամբողջովին, Կարսի շրջանը առանց Արդահանի հյուսիսային մասի, Թիֆլիսի նահանգի հարավային կեսը, Գանձակ նահանգի հարավ-արևմտյան մասը):

բ) Թուրքահայաստանի յոթ վիլայեթները (Վան, Բաղեշ, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա, Կարին ու Տրապիզոն՝ դուրս ձգելով միայն Դիարբեքիրի հարավային և Սեբաստիայի արևմտյան շրջանները):

գ) Կիլիկիայի չորս սանջակները (Մարաշ, Սիս, Ջեբել-Բերեքեթ ու Ադանա՝ Ալեքսանդրետով):

Ծրագրվում էր ու պահանջվում մի լայնատարած պետություն, մի մեծ Հայաստան՝ Սև ծովից մինչև Միջերկրականը, Ղարաբաղի լեռներից մինչև արաբական անապատները:

Ո՞րտեղից ծնունդ առավ աշխարհակալական այս ապշեցուցիչ պահանջը:

Ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ էլ պետական կյանքին ուղղություն տվող կուսակցությունը՝ Հ. Յ. Դաշնակցությունը՝ մտքով անգամ չէին անցկացրել այդպիսի մի ցնորամիտ, տղայական ծրագիր: Հակառակը, մեր պատվիրակությունը, իբրև հրահանգ, Երևանից տարել էր շատ համեստ պահանջներ, համապատասխան մեր շատ համեստ կարողությունների:

Ի՞նչպես պատահեց, ուրեմն, որ պատվիրակությունը ստորագրեց ու ներկայացրեց «ծովից ծով» պահանջը:

Տարօրինակ ու միանգամայն անհավատալի է թվում, բայց փաստը այն է, որ հայկական Փարիզը որոշեց այդ և մեր պատվիրակությունը պարզապես տարվեց գաղութներում  տիրող հոսանքով, ենթարկվեց դրսի ազդեցություններին և թույլ տվեց ահաբեկելու իրեն, մի բան, որ այնքա՛ն ծանոթ է մեզ:

Պատվիրակությանն ասել էին, որ եթե չպահանջի այդ հրապուրիչ սահմանները, թուրքահայերը (հանձինս Ազգային պատվիրակության) կանջատեն իրենց դատը «Արարատյան» հանրապետության դատից և մեզանից անկախ դիմում կանեն պետություններին: Ապա ասել էին՝ փոքր Հայաստանի մանդատը Ամերիկան հանձն չի առնի, իսկ «ծովից ծով»-ինը՝ կառնի: Եվ որովհետև մեր դատը պետությունների առաջ պաշտպանելու համար շատ վտանգավոր կլիներ երկու տարբեր, իրար հետ պայքարող մարմինների ու երկու տարբեր, իրար հակասող սահմանային պահանջների գոյությունը, ապա որովհետև ամերիկյան մանդատը մեր մեծագույն ցանկությունն էր ու լավագույն հույսը, ուստի պատվիրակություը՝ հակառակ ստացած հրահանգների, դրեց իր ստորագրությունը ու ներկայացրեց հուշագիրը: Իսկ Հայաստանի կառավարությունը իր անունից ներկայացված պահանջի մասին տեղեկություն ստացավ երկու թե երեք շաբաթ հետո միայն:

Կրկնում եմ՝ դարձյալ: Մեր պատվիրակությունը մեղադրելու համար չէ, որ արձանագրում եմ այս դեպքը և ոչ էլ ուզում եմ ասել, որ եթե այն ժամանակ չափավորած լինեինք մեր պահանջները, հետագայում տարբեր արդյունք պիտի ստանայինք: Ոչ, ուզում եմ միայն հիշեցնել մի անգամ ևս, թե ինչպես ամենից հիմնական, ամենից մեծարժեք ու ամենից պատասխանատու խնդիրներում իսկ մենք չէինք ունեցել մեր հաստատուն կամքը, չենք վարել մեր գործերը ընստ մեր հասկացողության, չենք գնացել մեր սեփական ճամբով, այլ թույլ ենք տվել, որ ուրիշները տանեն մեզ իրենց ետևից ուր կամենան:

Փարիզի հուշագիրը շատ ոգևորեց խակ մտքերը, մանավանդ՝ գաղութներում: Այնպիսի մի մտայնություն էր ստեղծվել, որ կարծես գծելով թղթի վրա պետության սահմանները, արդեն տեր ենք դառել այդ սահմաններին կամ, առնվազն, անխուսափելի իրավունքներ ենք ձեռք բերել: Այնուհետև, ամեն մի կասկած հաջողելու մասին թարգմանվում է իբրև փոքրոգություն, չափավոր լինելու ամեն մի տրամադրություն՝ իբրև դավաճանություն և ամեն մի հակառակություն դրսից՝ իբրև թշնամություն հանդեպ մեր դատի և իրավունքների:

Անիմաստ պահանջներին ու չափազանցված պահանջներին բնականորեն պիտի հետևեր դառն հիասթափություն:

Սևրի դաշնագիրը, որ չէր հիշատակում ոչ Կիլիկիա, ոչ Խարբերդ, ոչ Սվազ (բայց նախատեսվում էր այնպիսի լայն սահմաններ, որոնք թերևս վեր էին մեր կարողություններից), արդեն այդ իսկ դաշնագիրը առաջ բերեց հիասթափում ու սովորական գանգատներ: Ասում էինք՝ պետությունները անարդար եղան, չգնահատեցին ու չվարձատրեցին մեզ ըստ մեր արժանիքների, կրճատեցին մեր անվիճելի իրավունքները, զրկեցին…

Մի քիչ անցած՝ նոր ու շատ մեծ հիասթափում. Հյուսիս-Ամերիկյան Միացյալ Նահանգների Սենատը մերժեց այն իսկ մանդատը, որի վրա այնքա՜ն հույսեր էինք դրել մենք:

Նախագահ Վիլսոնի ծրագրած Հայաստանի սահմանները նույնպես չբավարարեցին մեզ, նոր գանգատների տեղիք տվ[եց]ին: Ասում էինք. նախագահ Վիլսոնը կարող էր ավելի լրիվ օգտագործել Սևրի դաշնագիրը ու ավելի մեծ հողեր հատկացնել մեզ:

Բայց և այդ նեղ համարված սահմանները՝ մի տեսակ կապույտ թռչուն եղավ մեզ համար, անշոշափելի ու անհասանելի:

Թուրքերը չէին ուզում ճանաչել ո՛չ Վիլսոնի վճիռը, ո՛չ մեր գանգատները, ո՛չ իսկ Սևրի դաշնագիրը: Փոխանակ, դատարկելու հայկական հողերը, նրանք եռանդորեն զինվում էին ու ամրացնում դիրքերը, իսկ դաշնակից պետությունները ոչ մի տրամադրություն չէին ցույց տալիս՝ զենքի ուժով կարգի հրավիրելու անհնազանդ անկարացիներին: Դեռ հակառակը՝ սիրախաղ էին սկսել միլլիականների հետ… դաշնակիցները մոռանում էին, կարծես, որ մենք մնացել ենք անբավարարված ու իրենց սեփական գործերն էին կարգադրում:

(Հաճախ ասում եմ՝ «մենք», «մեզ», առանց ճշտելու դերանունը, որովհետև շատ դեպքերում՝ չեմ տարբերում կուսակցությունը ժողովրդական զանգվածներից. նույն հոգեբանությունը, նույն անհեռատեսությունը, իրականության նույն անգիտակցությունը, քաղաքական նույն տհասությունը):

1922 թվականին սկսվեց թուրքահայ դատի հոգեվարքը:

Լոնդոնի խորհրդաժողովում առաջին անգամ, պաշտոնապես արտասանվեց ու արձանագրվեց Home բառը: Սևրի դաշնագիրը մոռացվել էր հիմնովին: Այլևս խոսքը անկախ հայ պետության մասին չէր, ոչ իսկ ինքնավար նահանգների, այլ ինչ որ ազգային Home-ի՝ մի կասկածելի օջախի ուրիշի տան մեջ:

Բայց, ասում էին, սա վերջին զիջումն է, որ արվում է համառող Անկարային՝ խաղաղության սիրույն համար: Home-ի պահանջը պարտադիր պիտի լինի Թուրքիայի համար ոի ինքը՝ Home-ը՝ անկախ թուրք[ական] իշխանությունից:

Այսպես էր տրված հարցը մարտ ամսին:

Տարվա վերջում՝ Լոզանում, գործը մի քիչ տարբեր ընթացք առավ. Home-ը չառաջադրվեց իբրև պահանջ, այլ ներկայացվեց թուրքերի բարեհաճություն՝ իբրև բարեկամական խորհուրդ ու խոնարհ խնդիր: Տեղի ունեցավ մի օպերետային երկխոսություն: Թուրքերը՝ միշտ քաղաքավարի ու սիրալիր, շատ ցավեցին, որ պիտի մերժեն բարեկամական խորհուրդը ու առավել ևս, որ հարկադրված են չհարգելու խնդիրը: Դաշնակից մեծ պետությունները մի հուսահատական ժեստ ար[եց]ին. մենք սպառեցինք մեր բոլոր միջոցները, աս[աց]ին, ար[եց]ինք ամեն հնարինն ու անհնարինը, այլևս ոչինչ չենք կարող անել խեղճ հայերի համար… ու անցան կուպոնների խնդրին:

Բայց այստեղ հանդես եկավ ընկեր Չիչերինը ու Խորհրդային Ռուսաստանի անունից մեծահոոգաբար առաջարկեց տեղ տալ թուրքահայության մնացորդներին Ղրիմում, Վոլգայի ափերին ու Սիբիրում:

Պետությունը վերածվեց Home-ի, Home-ը վերածվեց գաղութների… Սիբիրում: Սարը մուկ ծնեց, ո՛չ, սարը երկնեց անասելի տանջանքների մեջ, ցնցվեց հիմքերից, պատառ պատառ եղավ արյան հեղեղներ հոսեցրեց արգանդից ու ծնեց ոչինչ, ոչ իսկ մուկ:

Այս էր անցյալը:

Եթե ուզենք մի ընդհանուր գնահատում անել մեր կատարած շատ ծանր աշխատանքի ու ձեռք բերած արդյունքների, հանրապետության անկախությունը հռչակելուց հետո, պետք է ասենք, որ պարծենալու շատ բան չունեինք: Պետք է ասենք, որ մեզ վիճակված բեռը՝ պետություն կազմելու և պետական կյանքը ղեկավարելու գործը մեր ուժերից շա՛տ վեր է եղել:

Անհերքելի ճշմարտություն է, որ Հայաստանի դրությունը եղել է բացառիկորեն ծանր ու մեր աշխատանքի պայմանները՝ բացառկորեն անբարեհաջող: Բայց անհերքելի է և այն, անհերքելի է գոնե ինձ համար, որ սրա վրա ավելացել է նաև մեր սեփական անկարողությունը, պետական գործեր վարելու անձեռնհասությունը:

Եթե ճիշտ է, որ կառավարել՝ ասել է նախատեսել, ապա ուրեմն մենք միանգամայն անպետք կառավարիչներ ենք եղել, որովհետև հենց այդ նախատեսելու ընդունակությունն է, որ չենք ունեցել բնավ:

Մենք շարունակ սխալվել ենք մեր հաշիվներում ու շարունակ անակնկալների հանդիպել, անակնկալներ՝ միայն մեզ համար, որովհետև նախատեսել չենք գիտեցել:

Մեր ամենամեծ թուլությունը այդ է եղել:

Ապա չենք ունեցել որոշ և հստակ գիտակցություն մեր անելիքի մասին, չենք ունեցել մի ղեկավարող սկզբունք ու տևողական, հետևողական համակարգ, գործել ենք կարծես հանկարծակի ու պատահական ներշնչումների տակ, տատանվել ենք, պատից-պատ ընկել՝ կես կուրորեն շոշափելով ոտներիս տակի հողը:

Չենք ճանաչել ու հաճախ գերագնահատել ենք մեր կարողության չափը, չենք հասկացել դժվարությունների մեծությունը, արհամարհել ենք հակառակ ուժերը և թեթևամտության աստիճանի անփույթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդեպ:

Կտրուկ ենք եղել այնտեղ, ուր պետք էր ծայրահեղ զգուշություն, ու անվճռական այնտեղ, ուր պետք է կտրուկ լինեինք:

Չենք կարողացել տարբերել պետությունը կուսակցությունից ու կուսակցական մտայնություն ենք մտցրել պետական կյանքում:

Պետական մարդիկ չէինք մենք:

Պակաս անբարեհաջող պայմաններում թերևս կարողանայինք սխալվելով ու քնթահարվելով հանդերձ, գտնել վերջապես ճամբան, ոտներս մի տեղ ամրացնել ու կամաց կամաց շինել, կարգավորել պետական շենքը: Բայց այն սոսկալի պայմաններում մենք չէինք, որ պիտի կարողանայինք, առանց որևէ հենարանի, միայն մեր ուժերով, կատարել այդ հերկուլեսյան աշխատանքը:

Թող ոչ ոքի չվիրավորվի այս խոսքերից: Անբարյացկամ մարդու չարախնդություն չէ սա, այլ մի պարզ ինքնագնահատում: Չէ՞ որ անկարողների առաջին շարքում՝ ձեր կողքին ու ձեր հետ միասին, եղել եմ և ես: Ես ձեր գործակիցն եմ եղել, ձեզ հետ ու ձեր չափ պատասխանատու մեր պարտության:

Պատասխանատու, ասի… Քաջություն չունեմ ավելացնելու, որ մենք ոչ միշտ ու ոչ հարկավոր չափով գիտակցել ենք, թե ինչ մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա: Ապա նաև՝ թե ոչ միշտ ու ոչ հարկավոր չափերով բարեխիղճ ենք եղել մեր պարտականությունների հանդեպ… Քաջություն չունեմ, որովհետև վախենում եմ, թե անարդար լինեմ: Բայց ո՞վ գիտի, գուցե ինձանից ավելի անաչառ մի մարդ այդ էլ ասի ու անիրավացի չլինի…

Ի՞նչ է ներկան:

Արաքսի ու Սևանի միջև ունենք այսօր մի փոքրիկ հանրապետություն, անունով անկախ, իսկ իրոք՝ վերահաստատվող Ռուսական կայսրության ինքնավար ծայրագավառներից մեկը:

Թուրքահայաստան չկա՝ ոչ իբրև պետություն, ոչ իբրև Home, ոչ իսկ իբրև միջազգային դիվանագիտության խնդիր: Խնդիրը փակված է, սպանված ու թաղված Լոզանում:

Ավելին, Թուրքահայաստանում հայ չկա այլևս ու չկա հավանականություն, թե լինելու է այսուհետև: Թուրքերը պինդ փակել են դռները ու ասպարեզում չկա, չի երևում ոչ մի ուժ, որ հարկադրեր բանալու:

Մոտ մեկ միլիոն հայ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում, միլիոնից ավելի մնում է դուրսը (Վրաստան, Ադրբեջան, Հյուսիսային Կովկաս, Պարսկաստան, Սիրիա, Պոլիս, Բալկաններ ու ապա՝ աշխարհի ամեն կողմը):

Դրսեցիների մի չմչին մասը միայն կարող է ապաստան գտնել Հայաստանի Հանրապետությունում: Անկախ ժամանակավոր դժվարություններից, հանրապետության խիստ նեղ սահմանները թույլ չեն տալիս զանգվածային ներգաղթողներ (հատկապես՝ հայկական վիլայեթներից ազատված գյուղացիության ներգաղթը): Մյուս կողմից, պակաս արգելք չի ներկայացնում նաև Անդրկովկասից դուրս գտնվող գաղութային հատվածների սոցիալական դեմքը՝ մանր քաղքենիություն, որ տնտեսապես կապված է առևտրական կենտրոնների հետ ու չի կարող սահմանափակ թվից ավել, ապրուստ գտնել Հայաստանի պես աղքատ ու ավեր գյուղական երկրում:

Ընդհանուր առմամբ, դրսեցի հայերը պետական տարր չեն այսօրվա Հայաստանի համար:

Եվ որքան երկար տևի ներկա դրույթունը, այնքան ավելի պիտի խորթանան ու օտարանան, անպետք դառնան իբրև ազգային տարր, թերևս միառժամանակ ներկայացնեն որոշ արժեք (և սա մեծապես կախված կլինի նրանից, թե որքան ընդունակ կլինենք կազմակերպելու ազգային կապն ու գիտակցությունը գաղութներում կենդանի պահելու համար), բայց իբրև պետական տարր մնում են միայն Հայաստանի հայությունը և այն խոշոր հատվածները, գլխավորապես գյուղացիությունը, որ գտնվում են հանրապետության դրացի Վրաստանում և Ադրբեջանում: Սրանց վրա պիտի հենվի ու սրանց համար հաստատվի հայ պետությունը:

Գաղութային հայությունը, լավագույն դեպքում, մնալու է իբրև օժանդակող ուժ (այն էլ շատ համեստ չափերով) ու մի տեսակ պահեստ՝ անորոշ ապագայի համար:

Այսօր հայ քաղաքական մտքի անմիջական հոգատարության առարկան պիտի լինի գոյություն ունեցող հանրապետությունը, նրա մեջ և նրա շուրջ ապրող հայ ժողովուրդը:

Ընդգծում եմ ուժգնորեն այս նախադասությունը ու հանձնում ձեր առանձին ուշադրությանը, որովհետև սա՛ պիտի լինիմեր ապագա անելիքի ելակետը:

Ի՞նչ դիրք պիտի բռնի մեր կուսակցությունը այդ հանրապետության, նրա ռեժիմի ու կառավարության հանդեպ:

Հանրապետությունը անկախ չէ, նա կազմում է Դաշնակցային Անդրկովկասի ու ապա Դաշնակցային Ռուսաստանի մի մասը, փաստորեն, Հայաստանը ինքնավար նահանգ է Մոսկվայի հսկողության և հրամանատարության տակ:

Այս դրությունը կարո՞ղ է արդյոք բավարարել մեր կուսակցությանը, սա՞ է արդյոք մեր քաղաքական իդեալը:

Իհարկե, ոչ:

Վերևում հիշատակեցի արդեն, որ 1918թ. գարնանը Հ. Յ. Դաշնակցությունը ակամա ձայնակցեց Ռուսաստանից անջատվելու առաջարկին: Մենք հակառակ էինք բաժանման, վախենում էինք բաժանվելուց, ուզում էինք կապված մնալ Ռուսաստանին: Բայդ դա չի նշանակում, թե անկախության ձգտում չունեինք, թե վասալական դրությունը մեր իդեալն էր:

Հ. Յ. Դաշնակցությունը, իմ խորին համոզումով, միշտ եղել է ու մնացել, գիտակցաբար, թե անգիտակից, հայ քաղաքական ազատագրման մարտիկը, իսկ այդ ազատագրման վերջին կայանը անկախ պետությունն է: Մեր կուսակցության էությունը, գոյության իմաստը, պատմական կոչումը, ուժն ու արժեքը ա՛յդ է եղել ու միայն այդ: Չի եղել և չկա ոչ մի իսկական դաշնակցական, ինչ հովերով էլ նա տարված լինի, ինչ ֆրազեոլոգիա էլ ունենա բերանում, որ ներշնչված չլինի անկախության գաղափարով, ավելի ճիշտ՝ լցված չլինի անկախության բնազդով: Եվ այդ իմաստով մեր կուսակցության սահմանները շատ ավելի ընդարձակ են, կուսակցականների թիվը շատ ավելի մեծ է, քան արձանագրված է կոմիտեական տետրակներում:

Այս միտքը ես երկար զարգացրել եմ անցյալ գարնանը «Ճակատամարտ»-ում և այստեղ իրավունք չեմ համարում կրկնելու: Ուզում եմ ասել միայն, որ Հայաստանի ներկա քաղաքական վիճակը իդեալ չէ և չի կարող լինել Հ. Յ. Դաշնակցության համար:

Անշուշտ, մենք ամենաջերմ կողմնակից ենք եղել (ու այսօր էլ ենք) Դաշնության և գիտենք, որ Հայաստանի պես մի փոքրիկ պետություն այլ կերպ չի կարող ապահովել իր գոյությունը: Բայց մենք ուզում ենք այնպիսի Դաշնություն, որի մեջ դաշնակցող պետությունները մտնում են ազատ կամքով ու հավասար իրավունքներով: Ռուսաստանի ներկա Դաշնությունը այդպես չի կազմված:

Հայաստանի Հանրապետությունը խորհրդային է: Խորհրդային իրավակարգը տեսականորեն ենթադրում է՝ մինչև դասակարգերի անդառնալի վերացումը՝ պրոլետարիատի դասակարգային դիկտատուրա: Իրականում, այսօրվա Հայաստանի իշխանությունը կոմունիստական կուսակցության դիկտատուրա է:

Կարո՞ղ է բավարարել մեզ այդ բնույթի մի իշխանություն:

Իհարկե, ոչ:

Ճիշտ է, որ մենք ինքներս մի անհաջող փորձ ենք արել՝ հաստատելու մեր սեփական դիկտատուրան: Բայց դիկտատուրան (ոչ կուսակցականը, ոչ դասակարգայինը) դավանանք չէ մեզ համար: Անվարժ պետական կյանքի ու վարչական աշխատանքի, թունավորված իշխանության թույնով, մենք չկարողացանք դիմադրել գայթակղությանը և սայթաքեցինք: Բայց արդեն զգացել էինք մեր սխալը և նահանջելու ճանապարհներ էինք որոնում և եթե ուշացնեինք, պիտի տապալվեինք անխուսափելիորեն: Որովհետև ոչ միայն մեր կուսակցական դավանանքը, այլև ազգային կազմը աննպաստ է, հակառակ է որևէ դիկտատուրայի: Հայաստանում չկա ոչ մի դաս կամ շերտ, ոչ մի կուսակցություն կամ խմբակցություն, որ կարողանա իր ուժերով ու իր վրա հենված՝ դիկտատուրա հաստատել: Մեր երկրում կայուն դիկտատուրա կարող է իրականացնել միմիայն դրսի, օտար ուժը, բայց ոչ երբեք՝ տեղականը: Մեր երկիրը կարծես հատկապես ստեղծված է դեմոկրատական իրավակարգի համար և պակասում էմի բան միայն՝ քաղաքական դաստիարակություն ու պետական կյանքի վարժություն: Այդ մեծ պակասը դժվարացնում է իսկական ռամկավար կարգեր հաստատելու, բայց չի կարող հենարան դառնալ ներքին դիկտատուրայի համար:

Խորհրդային Դաշնության, ուրեմն և Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքը վերաշինվում է (կամ փորձ է արվում վերաշինելու) կոմունիստական սկզբունքներով:

Համարո՞ւմ ենք մենք հարկավոր ու օգտակար այդպիսի մի քաղաքականություն Հայաստանի համար:

Ոչ, չենք համարում:

Եվ սա միանգամայն անկախ նրանից, թե մեր կուսակցության դավանած սոցիալիզմը ո՞րքան գիտակցված ու մարսված է, որքան համապատասխանում է կուսակցական իրական կազմին ու հավաքական մտայնությանը: Ես, որ առանց տատանվելու գրում եմ այդ կտրուկ «ոչ»-ը, իմ աշխարհայացքով ես վաղուցվանից և անուղղելի կոմունիստ եմ, բայց գիտեմ, որ ոչ միայն կոմունիստական, այլև պարզ սոցիալիստական կարգերը անհանդուրժելի են այսօրվա Հայաստանի համար:

Հայաստանը չի հասունացել սոցիալիզմի համար ու չունի օբյեկտիվ տվյալների այն նվազագույնը, որ կարողանար արդարացնել փորձը: Ամեն մի ճիգ այդ ուղղությամբ կանխավ դատապարտված է անհաջողության ու հանցանք է, հատկապես՝ հայ աշխատավորության հանդեպ:

Այս խնդրի մասին էլ ընդարձակ գրել եմ անցյալ տարի նույն «Ճակատամարտ»-ում: Բավականանում եմ այս մի քանի կարճ տողերով միայն, վստահ լինելով, որ այս կետում տարաձայնություն չկա մեր մեջ:

Այսպիսով, Խորհրդային Հայաստանի ո՛չ քաղաքական վիճակը, ո՛չ վարչաձևը, ո՛չ էլ ներքին սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չեն կարող բավարարել մեզ: Մենք ուրիշ բան ենք ուզում, քան այսօրվա հանրապետությունը:

Ուրեմն, ի՞նչ դիրք պիտի բռնենք այդ հանրապետության, նրա ռեժիմի ու կառավարության հանդեպ:

Պարզ ու կարճ պատասխանն է՝ պիտի պայքարենք:

Բայց կարճ ու պարզ պատասխանները հաճախ սխալ են լինում, երբ հարցը վերաբերում է բարդ երևույթների ու կնճռոտ դրությունների:

Քաղաքական կուսակցությունները գիտական ճեմարաններ չեն, ուր հետազոտություն են առնվում ու տեսականորեն լուծվում վերացական խնդիրներ. քաղաքական կուսակցությունները կոչում ունեն ոչ թե տեսություններ զարգացնելու (սա օժանդակող աշխատանք է միայն), այլ գործելու և գործելու տվյալ կոնկրետ պայմաններում:

Երբ հարցը այս հողի վրա դնենք ու պետք է, որ դնենք, այլապես չարաչար սխալված կլինենք, պատասխանը արդեն ուրիշ կլինի:

Պայքարը ենթադրում է մի որոշ նպատակ և այդ նպատակին հասնելու համար՝ մատչելի ու արդյունավետ միջոցներ:

Ո՞րոնք են մեր միջոցները և ի՞նչ արդյունք կարող է տալ նրանց գործադրությունը:

Եթե խորհրդային կարգերը ճանաչեին քաղաքացիական ազատություններ, մենք, իբրև ընդդիմություն, հանդես կգայինք մամուլում և հրապարակային ժողովներում, կքննադատեինք խորհուրդների սխալ քաղաքականությունը, հասարակական կարծիք կստեղծեինք, մեր շուրջը համակիրներ կհավաքեինք, կկազմակերպեինք դժգոհ ու ընդդիմադիր տարրերը:

Եթե խորհրդային կարգերը ճանաչեին նաև քաղաքական իրավունքների հավասարություն, մենք կմասնակցեինք ընտրական պայքարին, կաշխատեինք տեղեր զբաղեցնել խորհուրդներում ու մեր ցանկացած ուղղությունները մտցնել օրենսդրության և վարչաձևի մեջ:

Բայց խորհրդային իշխանությունը չի ուզում ճանաչել ո՛չ քաղաքացիական ազատություններ, ո՛չ էլ քաղաքացիական իրավունքների հավասարություն՝ կուսակցական (ասենք՝ դասակարգային) դիկտատուրա է այն: Մենք կարող ենք շատ ցավել այս առթիվ, գանգատվել, բողոքել, զայրանալ… բայց դրությունը չի փոխվի, փաստը կմնա փաստ՝ իբրև օրինական ընդդիմություն, մենք տեղ չունենք Հայաստանում:

Ասում եմ Հայաստանում, որովհետև չեմ ըմբռնում ընդիմության արժեքը Հայաստանից դուրս:

Իհարկե, գաղութներում մենք կարող ենք խոսել ու գրել, որքան կամենանք ու ինչ կամենանք: Դրա համար հարկավոր է միայն թուղթ ու տպարան, այսինքն՝ մի քիչ դրամ և ուրիշ ոչինչ: Բայց Խորհրդային Հայաստանի համար քանի՞ գրոշի արժեք ունի ռումինահայ կամ եգիպտահայ գաղութների հասարակական կարծիքը (ենթադրելով իսկ, թե այդպիսի կարծիքկհաջողվի ստեղծել):

Գուցե գաղտնի մտցնել մեր տպագրական խոսքը Հայաստան…

Անցյալում, ցարական ռեժիմի տակ, մենք երկիր էինք մտցնում Դրոշակը և ուրիշ հրատարակություններ, իսկ այսօր, եթե չեմ սխալվում՝ սոցիալիստ-հեղափոխականները շարունակում են ռուսաստան մտցնել իրենց արտասահմանյան գրականությունը: Չգիտեմ, ի՞նչ հույսեր ունեն սոցիալիստ-հեղափոխականները և ո՞րքան են հաջողեցնում գաղտնի քարոզչությունը; Բայց, հաշվի առնելով մեր իրականությունն ու մեր կարողությունը, հարց եմ տալիս՝ ի՞նչ նշանակություն պիտի ունենան մեր թերթիկները որ գաղտագողի պիտի կարդա մի քանի ալևոր մարդ, հանդեպ այն հսկա գրականության որով բոլշևիկները հեղեղում են երկիրը: Վախենում եմ, որ մեր փորձի միակ հետևանքը լինի այդ մի քանի հարուր մարդու կյանքի ազատության վտանգումը և ուրիշ ոչինչ:

Իսկ որ ամենից կարևորն է՝ գաղտնի քարոզչության համար հարկավոր են շատ որոշակի, կտրուկ հեշտ ըմբռնելի ու զանգվածներին ոգևորելու ընդունակ բանաձևեր, մի բան, որ մենք չունենք չենք կարող ունենալ:

Այս առթիվ՝ մի քիչ հետո: