1919-ին Հայաստանը արտահանում էր բամբակ, կոնյակ, բուրդ, կաշի, մորթի, գինի և աղ

3124

Հատված Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից

1920 թվականի առաջին շրջանում Հայաստանի Հանրապետության ընդհանուր դրությունը առնվազն գոհացուցիչ էր:

Կրթական գործ. 1918 թվին, թուրքերի հեռանալուց հետո, Հայաստանի կրթական գործը գրեթե հիմքից քայքայված էր կամ գործում էր մեջ ընդ մեջ: Ուսումնարանները կարճ կամ երկար ժամանակով հատկացվում էին որբանոցներին ու գաղթականներին, իբրև հանրակացարան: Որոշ տեղեր էլ սովն ու համաճարակը թույլ չէր տալիս կանոնավոր պարապմունքներ ունենալու:

Հայաստանի կառավարության կազմակերպումից հետո առաջին գործերից մեկը եղավ դպրոցական քանդված շեքերի վերանորոգությունը, որի համար հատկացվեց մեկ միլիոն ռուբլի, որ այն ժամանակ մեծ գումար էր: Հաստատվեց հանրային կրթության և արվեստի նախարարություն՝ կենտրոնական ուսումնական խորհրդով: Ամբողջ Հայաստանը բաժանվեց 11 կրթական շրջանների և նշանակվեցին շրջանային տեսուչներ: Մշակվեց և գործադրության դրվեց կրթական ծրագիր: Խորհրդարանի կողմից քվեարկվեցին խոշոր գումարներ կրթական գործի համար: Եվ ահա ստացված արդյունքը.

1918-19 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանը ուներ 133 տարրական դպրոց 383 ուսուցչով և 11,136 աշակերտով, իսկ 1919-20-ին 456 տարրական դպրոց (առանց Զանգեզուրի և Լոռիի) 1047 ուսուցչով և 41,188 աշակերտով:

Ըստ Լուսժողկոմի պաշտոնական տեղեկություների՝ 1922-23 ուս[ումնական] տարվա ընթացքում ամբողջ Հայաստանում, [ներառյալ] Զանգեզուրն ու Լոռին, կար 547 տարրական դպրոց, որից 467 հայկական, 41 թուրքական, 23 ռուսական , 7 եզդիտական, 4 հունական և 5 ասորական: Այդ դպրոցներում կար 47,870 աշակերտ- աշակերտուհի, որից 42,590 հայեր, մնացյալը՝ այլազգիներ և 1274 ուսուցիչ-ուսուցչուհի: Ուրիշ խոսքով՝ երեք տարվա աղմուկից ու ժխորից հետո Խորհրդային Հայաստանի այսօրվա վարիչները տարրական կրթությունը քանակի տեսակետից, դրել են մոտավորապես նույն վիճակի մեջ, ինչ որ 1919-20 ուս[ումնական] տարում էր: Կրթական-դաստիարակչական վիճակի մեջ, դժբախտաբար, թվեր չունենք:

1918-19-ին Հայաստանում կար 6 միջնակարգ (երկրորդական) դպրոց 177 ուսուցչով և 3,137 աշակերտով, 1919-20-ին՝ 20 միջնակարգ դպրոց 305 ուսուցչով և 5,162 աշակերտով:

Կրթական գործը տարվում էր պետական լեզվով, բայց կառավարությունը քաջալերում էր և այլազգիների կրթութիւնը: 1919-20-ին Կարսի շրջանում կար 16 թաթարական դպրոց: Մոլոկանների և եզդիների գյուղերում էլ բացված էին տարական դպրոցներ:

1920թ. հունվարի 31-ին, առաջին անգամ Հայաստանի հողի վրա, բացվեց բարձրագույն կրթարան-հայկական առաջին համալսարանը՝ Ալեքսանդրապոլում, որը հաջորդ տարի փոխադրվեց Երևան: Բացման օրը համալսարանը ուներ 8 ուսուցչապետ և 200 ուսանող: Երևանում, Ալեքսանդրապոլում, Ղարաքիլիսայում և այլուր հիմնվեցին հանրակրթական դասընթացներ, ժողովրդական համալսարաններ, մասնագիտական դպրոցներ: Ծրագրված էր բանալ մանկավարժական, տեխնիկական, կոոպերատիվ, արվեստագիտական, երաժշտական, զինվորական, երկրաչափական, դեղագործական վարժարաններ: Ալեքսանդրապոլում բացվեց երկրագործական դպրոց, մեկ ուրիշը հիմնվեց Նոր Բայազետում: Քաջալերվում էր ֆիզիկական կրթությունը. բոյ [boy]-սկաուտական կազմակերպությունը լայն ծավալ էր ստացել Հայաստանում:

Ես, դժբախտաբար, ձեռքիս տակ չունեմ 1919-20թ. պետական բյուջեն, բայց եթե հնարավոր լիներ հրատարակել Հայաստանի Հանրապետության 1919-20թ. ելևմուտքը, կերևար, թե կառավարությունը ի՜նչ մեծ կարևորություն էր տալիս կրթական գործին, որը դրված էր բոլորովին անկուսակցական՝ պետական հողի վրա, և դպրոցների դռները լայնորեն բացված էին քաղաքական ամեն դավանանքի տեր մանկավարժների ու կրթական գործիչների առջև:

1920 թվականին, դարձյալ առաջին անգամ Հայաստանի հողի վրա, տեղի ունեցավ հայ արվեստագետների պատկերահանդեսը: Կառավարությունը՝ պետական թանգարանի հիմքը դնելու և արվեստը քաջալերելու նպատակով հատկացրեց բավական պառակտելի մի գումար և գնեց նկարներ ու արձաններ: Նաև այն ժամանակվա համար բավական խոշոր գումար բաժանվեց, իբրև նպաստ, Թիֆլիսում ապրող հայ գրողներին:

Կառավարությունը զբաղված էր նաև պետական թատրոնի և երաժշտանոցի բացման նախապատրաստական աշխատանքներով: Մեծ գումարներ հատկացվեցին նաև դասագրքերի և այլ տեսակ գրքերի հրատարակության [համար]: 1920թ. նախահաշվի մեջ մտցված էր 3,220,000 ռուբլի հայ հեղինակների երկերը հրատարակելու և 3, 220,000 ռուբլի գիտական գրքեր թարգմանելու համար: Հնությունների պահպանման համար հիմնված էր հատուկ բաժին հմուտ մասնագետների ղեկավարությամբ և մեկ միլիոն ռուբլի բյուջեով: Դպրոցական շենքերի նորոգության և նորերը չլինելու համար 1920-ի նախահաշվի մեջ դրված էր 35,920,400 ռուբլի: Կառավարությունը պատրաստվում էր ընդհանուր և պարտադիր ուսում մտցնել և մշակում էր ծրագիր երկիրը հանրամատչելի գրադարան-ընթերցարանների ցանցով պատելու: Պետական գրադարանի համար արտասահմանում ստացվել կամ գնվել էին մի շարք մասնավոր գրադարաններ, որոնց մեջ հիշատակության արժանի է Իշխան Արղության-Երկայնաբազուկի մոտ 20,000 կտոր գրքից բաղկացած թանկարժեք գրադարանը՝ մի շարք հազվագյուտ հրատարակություններով:

Արդարադատություն. Դատական գործերի տեսակետից Հայաստանը 1918-ից առաջ ենթարկվում էր Թիֆլիսին: Հայաստանում կար միայն մի շրջանային դատարան և մի քանի հաշտարար դատարաններ: Վճռաբեկ ատյան գոյություն չուներ: Դատավարությունը կատարվում էր ռուսերեն լեզվով: Անկախությունից հետո կազմակերպվեց արդարադատության նախարարություն: 1918թ. դեկտեմբերի -5ի օրենքով հիմնվեց բարձրագույն դատարան քաղաքացիական, քրեական և վարչական բաժիններով: Ապա գործադրության մեջ մտցվեց երդվյալ ընթերակաների դրությունը (ժյուրի): Ամբողջ դատաստանական գործը ազգայնացվեց և վերածվեց հայերենի: Հիմնվեցին շրջանային դատարաններ Երևանում, Շիրակում և Կարսում և հաշտարար դատարաններ բոլոր գավառներում: Մշակվեց և հրատարակվեց իրավաբանական բառերի հայերեն բառարան, որ մինչև այսօր էլ գործադրության մեջ է և նմանը չունի: Հայկական օրենսդրության հիմքը դրվեց, մշակվեցին օրենքների նախագծեր ու սկսեցին թարգմանվել արևմտյան օրենսգրքերը:

Ֆինանս, առևտուր, արդյունաբերություն. 1918-ի աշնանը Հայաստանում առևտրա-արդյունաբերական կյանքը մեռած էր, իսկ պետական ֆինանսներ էին կազմում այն բաները, որ կառավարությունը բերել էր հետ Թիֆլիսից: Ֆինանսների նախարարությունը բառիս բուն նշանակությամբ ստեղծվեց, անդրկովկասյան բոներից զատ, պետականացված բամբակը և տուրքը անշարժ կալվածքների, կոնյակի, գինու և մի քանի այլ նյութերի վրա: Բայց թողնվեցին հայկական դրամներ: Արտասահմանում պատրաստվեց 300 միլիոնի թղթադրամ: Երևանում և երկրի զանազան վայրերում հիմնվեցին պետական գանձարաններ: Կազմակերպվեց մաքսային գործը: Որոշ դրություն ստեղծվեց առևտրի և ապրանքափոխութեան համար: Մշակվեց և խորհրդարանից անցավ 1919-ի պետական բյուջեն: Մշակվեց և խորհրդարան մտցվեց 1920-ի պետական բյուջեն: Հիմք դրվեց ոսկու ֆոնդի և ձեռնարկվեց 20 միլիոն դոլարի փոխառություն: 1919-ի երկրորդ կեսից սկսած Հայաստանում առևտուրն արդեն կենդանացել էր: Արտասահմանից սկսվեցին ներածվել ապրանքներ, Բաքուից՝ նավթ: Երկրից արտահանում էին հում նյութեր՝ բամբակ, կոնյակ, բուրդ, կաշի, մորթի, գինի, աղ: Բացվեցին արհեստանոցներ ու գործարաններ՝ օճառի, կաշու, կոնյակի, ծխախոտի և այլն:1919-ի վերջը Հայաստանում արդեն բանում էր 5 ծխախոտի գործարան: Լայն վարկեր բաց թողնվեցին կոոպերատիվներին՝ Հայկոոպ, Երկաթկոոպ: Հրավիրվեց կոոպերատիվ միությունների համագումար: Հիմնվեցին մանր վարկի հաստատություններ: 1920-ին Հայաստանում գործում էին 280 կոոպերատիվներ 111,957 անդամներով, որ ասել է՝ մոտ կեսը,  մտնում էր կոոպերատիվ շարժման ցանցի մեջ: Ընդունվեց հառաջատվական տուրքի սկզբունքը: Պետականացվեց Շուստովի կոնյակի գործարանը («Արարատ» պետական գործարան) և կոնյակի պետական տնտեսության հիմք դրվեց: Երևանում և գավառում հաստատվեցին պետական պահեստներ, Թիֆլիսում և Բաթումում՝ ֆինանսական և առևտրական ներկայացուցիչներ:

Շարունակելի

Լուսանկարում՝ Երևանի Շուստովի գործարանում պատրաստված այս հսկա գինու տակառի տարողությունը 1000 դույլ էր, 1911 թվականի լուսանկար, աղբյուրը՝ charkhchyan.wordpress.com