«Հայաստանի 2017-ի ընտրությունը». օրակարգ, ձևաչափ, զեկույցներ

1895

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հոկտեմբերի 22-ին Գյումրիում (Շահումյան փող., 69 շենք, Արևամանուկ կենտրոն) կազմակերպում է «Հայաստանի 2017-ի ընտրությունը. Հայացք ներսից և Սփյուռքից» խորագրով մեկօրյա խորհրդաժողով՝ նվիրված գարնանը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Խորհրդաժողովի օրակարգը

11.30 – Բացում

11.35 – 11.50 – ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, ԱՆԻ կենտրոնի համակարգող

«Հայաստանի համապետական ընտրությունները. 1990-ից 2017»

11.50 – 12.05 – ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար

«Որո՞նք են այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կազմակերպել արդար քվեարկություն»

12.05-12.20 – ԻՒԱՆ ԱՐՏՀԱԼՋԵԱՆ, ՀՅԴ, ճարտարագետ

«Ժողովրդավարության սյուները. իմ դերը»

12.20-12.50 – հարցեր և քննարկում,

12.50 -13.05 – սուրճի դադար

13.05-13.20 – ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ

«ՏԻՄ ընտրությունների դերը համապետական փոփոխությունների համատեքստում»

13.20-13.35 – ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ»

«Դիտորդական առաքելության դերը 2017-ի խորհրդարանական ընտրություններում»

13.35 -13.50 – հարցեր և քննարկում

13.50 – 14.30 – ճաշ

14.30 – 14.45 – ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ

«Արցախյան ընտրական գործընթացների քառորդդարյա փորձի առանձնահատկությունները»

14.45 – 15.00 – ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ, Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու լրատվամիջոցի գլխավոր խմբագիր

«Վրաստանի ազգային փոքրամասնությունները և 2016-ի խորհրդարանական ընտրությունները»

15.00 – 15.20 – հարցեր և քննարկում, սուրճ

15.20 – 15.35 – ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ, ՍիվիլՆեթ,  քաղաքական մեկնաբան, հաղորդավար

«Ընդդիմադիր քաղաքի համբավը և համապետական ընտրությունների փորձը Գյումրիում»

15.35 – 15.50 – ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ

«Գաղափարակից Լիբերալների Ալյանս (ԳԱԼԱ)-ի փորձը»

15.50 – 16.15 – հարցեր և քննարկում, սուրճ, խորհրդաժողովի փակում:

Խորհրդաժողովը ամբողջությամբ՝ ելույթները և քննարկումները, տեսագրվելու են և տեղադրվելու www.aniarc.am կայքում:

*****

ԶԵԿՈՒՑԱԲԵՐՆԵՐԸ. ՈՎ ՈՎ է

 

mane-tandilyan

Մանե Թանդիլյանը 1999 թ. ավարտել է Երեւանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան: 2002 թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: 2016 թ. ACCA: 2003-2004 թթ․ աշխատել է որպես ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, 2004 թ․՝ հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում, 2004-2006 թթ.՝ գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում, 2006-2008 թթ.՝ գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում, 2009 թ. առ այսօր՝ ֆինանսական տնօրենի տեղակալ գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։ 2015 թ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի Քարտուղարն է։

ivan

Իւան Արտհալջեանը սովորել է Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանում (Բեյրութ, Լիբանան), Նյու Յորքի Բրուքլինի Պոլիտեխնիկական համալսարանում, ապա՝ Բոստոնի համալսարանում: ՀՅԴ անդամ է: Աշխատում է Զվարթնոց օդանավակայանում որպես մենեջեր և ճարտարագետ:

 

lena-nazaryan

Լենա Նազարյանը 2001-2007թթ.-ին սովորել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, այնուհետև՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցում: 2008 – 2009թթ.-ին եղել է կամավոր «Եվրոպական կամավորական ծառայության» (ԵԿԾ) «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում։ 2012-2014թթ.-ին սովորել է «Ժամանակակից արվեստի ինստիտուտում»։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 2005թ.-ին՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ում որպես «Հետք» շաբաթաթերթի լրագրող: 2008թ.-ից աշխատել է նաև «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում՝ որպես հարցազրուցավար: 2010թ.-ից միացել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության»-ը: 2009-2015թթ.-ին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում: 2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015թ.-ի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ:

 

armen-1

Արմեն Գրիգորյանը աշխատանքի է անցել «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» ՀԿ-ում որպես ծրագրի համակարգող 2015թ.: Մինչ «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ»-ի թիմին միանալը աշխատել է Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպությունում որպես Քաղաքացիական հասարակության ծրագրի համակարգող: Նա նաև հրավիրյալ դասախոս է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազագային հարաբերությունների ֆակուլտետում: Նա «Քաղաքական էլիտան հետխորհրդային Հայաստանում. բնութագրիչները և ձևավորման ուղիները» գրքի համահեղինակ է, ինչպես նաև հոդվածներ է գրում www.civilnet.am կայքի համար Հայաստանի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության, տնտեսական, ինչպես նաև քաղաքական զարգացումների մասին: Արմեն Գրիգորյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժինը, այնուհետև ստացել է Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանում:

gegham-2

Գեղամ Բաղդասարյանը աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթում՝ որպես թարգմանիչ, թղթակից, ապա հրապարակախոսության բաժնի վարիչ։ 1992-ի փետրվարին նշանակվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավար և ԳԽ նախագահի մամուլի քարտուղար, պաշտոնավարել մինչև 1993-ի վերջը։ 1994-ին եղել է «Արցախ» (որոշ ժամանակ անց վերանվանվել է «ԼՂ Հանրապետություն») թերթի գլխավոր խմբագիր։ 1997-ին աշխատել է որպես Տեղեկատվության ու մամուլի նորաստեղծ դեպարտամենտի պետի տեղակալ։ 1998-ին նշանակվել է «Ազատ Արցախ» հանրապետական պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։ 1999-ի վերջին, պաշտոնաթող լինելուց հետո, մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «10-րդ նահանգ» հասարակական-քաղաքական թերթը, եղել նրա գլխավոր խմբագիրը։ 2004-2008 թվականներին խմբագրել է «Դեմո» հանրային թերթը, իսկ 2009-ից ցայսօր «Անալիտիկոն» վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիրն է։ 2005-2010 թվականներին եղել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահն է հիմնադրումից՝ 1998 թվականից ի վեր։

arsen

Արսեն Խառատյանը 1998-ին ավարտել է Երեւանի թիվ 88 դպրոցը։ 2005-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը՝ արաբագետ-իսլամագետի մասնագիտությամբ։ 2005-2008 թթ. սովորել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 2010-2013թթ․սովորել է ԱՄՆ-ի Ջորջ Մեյսոնի համալսարանի կոնֆլիկտաբանության դպրոցում։ 2001-2002 թթ․ աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում որպես լրագրող։ 2003-2008 թթ. Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում համակարգել է հանրային մասնակցության ուղղությունը։ 2009-2014թթ. աշխատել է Ամերիկայի Ձայնի հայկական ծառայությունում (Վաշինգտոն), որպես հեռուստալրագրող։ 2015-ին հիմնել եւ մինչ այժմ աշխատում է Վրաստանի Ալիք մեդիա հայալեզու մեդիահարթակում, որպես գլխավոր խմբագիր։ Ակտիվ ներգրավվածություն է ունեցել Հայաստանի մի քանի երիտասարդական եւ քաղաքացիական, այդ թվում՝ Սկսելա… եւ Հիմա շարժումների ստեղծմանը եւ գործունեությանը։

derenik-malxasyan

Դերենիկ Մալխասյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարբերություններ ֆակուլտետի քաղաքագիտություն բաժինը: Աշխատել է ԳԱԼԱ հեռուստաընկերությունում որպես քաղաքական մեկնաբան, վարել հեղինակային մի շարք հաղորդումներ: 2012-ից ներգրավվել է ՍիվիլՆեթի աշխատանքներին՝ որպես քաղաքական մեկնաբան է, հաղորդավար:

armenuhi

Արմենուհի Վարդանյանը մասնագիտությամբ պատմաբան է, ավարտել է Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը: 2005 թվականից աշխատում է ԳԱԼԱ հեռուստաընկերությունում: 2016 թվականին ԳԱԼԱ հեռուստաընկերության մի քանի աշխատակիցների հետ նախաձեռնել է Գաղափարակից Լիբերալների Ալյանս (ԳԱԼԱ) կուսակցության ստեղծման գործընթացը: ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ է, լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

tatul-hakobyan_by_jnews

Թաթուլ Հակոբյանը Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբանն է 2009 թվականից, ԵՊՀ դասախոս 2010-ից և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող 2014-ից: Նա հեղինակն է «Արցախյան օրագիր. Կանաչ եւ սև» և «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» գրքերի: Նրա ռեպորտաժները, հոդվածները լույս են տեսնում և հեռարձակվում ՍիվիլՆեթ-ով և միջազգային ու Սփյուռքի տարբեր լրատվամիջոցներով: 1991-ից աշխատել է Անկախություն, Երկիր, ԱԶԳ թերթերում, Հայաստանի Հանրային ռադիոյում, The Armenian Reporter շաբաթաթերթում:

*****

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի կազմակերպած տարեկան նախորդ խորհրդաժողովը (30 հոկտեմբեր, 2015թ., Գյումրի, «Շիրակ» կենտրոն) կրում էր «Մեր Կարսը» խորագիրը և նվիրված էր Հայաստանի Հանրապետության քաղաքներից Կարսի անկման 95-ամյակին:

Այս տարվա՝ 2016-ի խորհրդաժողովը ևս տեղի է ունենալու Գյումրիում և կրում է «Հայաստանի 2017-ի ընտրությունը. Հայացք ներսից և Սփյուռքից» խորագիրը:

2017-ի գարնանը Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն են 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո:

Խորհրդաժողովը, նրա ընթացքում ներկայացվելիք զեկուցումները և քննարկումները կփորձեն պատասխան տալ հետևյալ հարցերին.

հնարավոր է՞ Հայաստանում անցկացնել ազատ և թափանցիկ ընտրություններ և ի՞նչ քայլեր պետք է գործադրվեն այդ ուղղությամբ,

որո՞նք են այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կազմակերպել արդար քվեարկություն,

ո՞րն է Սփյուռքի դերակատարությունը և ունի՞ Սփյուռքը հանձնառություն Հայաստանի ներքաղաքական կյանքում,

ինչպե՞ս են Ջավախքի հայ քաղաքացիներին ներգրավում ընտրակեղծարարության մեջ,

ընտրակեղծարարության ո՞ր եղանակներով են իշխանությունները ապահովում հաջորդական հաղթանակներ ընտրություններում,

ինչքանո՞վ է ուսանելի Վրաստանի՝ համեմատաբար ազատ ընտրություններ անցկացնելու փորձը,

կարող է՞ ընդդիմությունը միավորվել, ի՞նչ գործոններ են խանգարում միավորմանը:

Եվ վերջապես՝ Հայաստանում հնարավոր է՞ իշխանափոխություն սահմանադրական՝ ընտրությունների ճանապարհով, իսկ եթե ոչ, ապա որն է ելքը «փակ շղթայից» և ԻՆՉ ԱՆԵԼ:

Մեկօրյա այս խորհրդաժողովը կազմակերպվում է «ժողովրդական հանգանակության» (crowd funding) շրջանակներում, և բոլոր անհատներն ու կազմակերպությունները, ովքեր ցանկանում են իրենց համեստ կամ առատաձեռն նպաստը բերել, կարող են դա անել ԱՆԻ կենտրոնի բանկային հաշիվներին փոխանցում կատարելով: Բոլոր անհատների և կազմակերպությունների անունները պատշաճ կերպով հիշատակվելու են ինչպես խորհրդաժողովի ընթացքում և նյութերում, այնպես էլ՝ ԱՆԻ կենտրոնի կայքում:

ConverseBank-ում ԱՆԻ-ի բանկային հաշիվներն են.

Դրամով՝ 19300  52522110100

Եվրոյով՝ 19300  52522110104

Դոլարով՝ 19300  52522110101

Բոլոր նրանք, ովքեր մտադիր են կատարել հանգանակություն, խնդրվում է այդ մասին ԱՆԻ կենտրոնին տեղեկացնել՝ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝aniarcf@gmail.cominfo@aniarc.amt.hakobyan@aniarc.am:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարը՝ Հայկ Ադամյանի