«Դաշնակցության կյանքը Քաջազնունին ոչ թե մահ կամ հոգեվարք, այլ բոլորովին այլ վիճակ պիտի տեսներ»

1591

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից:

—–

Չլինելով դաշնակցական, բառիս բուն իմաստով, Քաջազնունին միանգամայն անհաղորդ է մնացել մեր կուսակցական զանգվածների տրամադրութիւններին: Պաշտոնապես կուսակցության մեջ եղած ժամանակամիջոցների էլ նա մեկն է եղել մեր այն տիպի գործիչներից, որոնք իրենց առանձնասենյակի պատուհաններից են դիտում կուսակցական զանգվածների կյանքն ու հոգին և այդ պատճառով էլ՝ նրանց տրամադրութիւններին, ցանկություններին և իղձերին մեծ մասամբ անհաղորդ մնում:

Միևնույն պատճառով, հեռու մնալով հեղափոխական կյանքի եռուզեռից, մանավանդ՝ կուսակցության անլեգալ պայքարի շրջաններում, Քաջազնունին միանգամայն անտեղյակ է մնացել հեղափոխական շարժման ելևէջներին, անտեղյակ մինչև այն աստիճան, որ այն, ինչ ամեն մի հեղափոխականի համար պիտի հանդիսանար իբրև ինքնըստինքյան հասկանալի մի բան, Քաջազնունուն ամենաարտառոց եզրակացությունների տեղիք է տալիս:

Պարզեմ միտքս մի օրինակով:

Քաջազնունին, որոշ «տվյալների» հիման վրա, ոչ միայն գալիս է այն եզրակացության, որ Դաշնակցությունը այլևս անելիք չունի հայ իրականության մեջ և այդ պատճառով պիտի դադարեցնի իր գոյությունը, այլև հայտարարում է, որ Դաշնակցությունը «չկա այլևս»: Ի՞նչն է հիմք ծառայում այսպիսի մի տարօրինակ հայտարարության [համար]:

Այն, որ ընկերներից շատերը փախչում են մեզանից և լքում կուսակցությունը, իսկ իսկ մնացյալների մեջ էլ տիրում է հուսալքություն, անտարբերություն, աշխույժից ու ոգևորությունից զուրկ մի հոգեվիճակ:

Այն, որ «երիտասարդությունը, նոր սերունդը մեզ հետ չէ այլևս, ինչպես էր 20-25 տարի առաջ»:

Այն, որ «փոխադարձ անվստահության, անհավանության, կասկածների ու մեղադրանքների մթնոլորտ» է ստեղծված ընկերական շարքերում և դրան համապատասխան «փոխհարաբերություններ… դաշնակցական պատասխանատու ընկերների, մարմինների ու խմբակների միջև»:

Այն, որ երկու տարի աշխատեցինք ու չկարողացանք գումարել… Ընդհանուր ժողով, որի կարիքն այնքան ուներ կուսակցությունը»:

Վերջապես այն, որ Վիեննայի խորհրդաժողովը հանել է «անբովանդակ, հակասական, ոչինչ չասող, ոչինչ չպարտադրող ու ամեն բան պարունակող որոշումններ»:

Որքան տող, այնքան անտեղյակութիւն մեր կուսակցական իրականության մասին: Որքան նախադասություն, այնքան և անհասկացողություն հեղափոխական շարժման ընթացքի, նրա տարուբերումների, նրա ելևէջների…

Անձամբ շփվելով մեր կուսակցական կազմակերպությունների հետ՝ ես մնացել եմ միանգամայն ապշած, թե ինչպես է, որ նրանք այսքան քիչ են ազդվել մեր քաղաքական ձախողանքներից:

Ճիշտ է մի քանի կոմիտեներում տրամադրությունը ընկած է: Ճիշտ է, միանգամայն ճիշտ, որ մի շարք ընկերներ և առաջին հերթին նրանք, որոնք իրավամբ կարող են որակվել իբրև «վատեր, շահախնդիրներ, վարձկաններ և վախկոտներ» և որոնք միշտ էլ թքով են կպած եղել Դաշնակցությանը՝ այսօր հեռացել են մեզանից: Վերջապես, ճիշտ է և այն, որ մեր լավ ընկերներից ոմանք, մասամբ հոգնած երկարատև պայքարից, բայց գլխավորապես ազդված այն սխալ և հիմար մտքից, թե մենք այլևս Հայաստան չունենք, որովհետև թուրքն ու ռուսը ոտքի տակ են առել մեր երկիրը, թե այլևս ամեն ինչ կորած է և ամեն հույս մարած մեզ համար, այսօր՝ առանց դադարելու իրենց դաշնակցական համարելուց, դուրս են եկել մեր կազմակերպական մարմիններից  և նրանց շուրջն են պտտվում:

Սական մի՞թե այս պետք է լինէր մեր քաղաքական փլուզումի և կուսակցական ձախողանքների ազդեցությունը:

Թո՛ղ Քաջազնունին հիշի 1896թ. կոտորածներին հաջորդած ռեակցիան կուսակցական շարքերում. ամբողջ երեք տարի մեր ուժեղ ընկերներն ու մարմիններն իսկ չէին կարողանում ուշքի գալ կրած հարվածի ծանրությունից, իսկ թույլերի մեջ «հեղափոխություն» խոսքն ուղղակի զզվանք էր առաջ բերում:

Թո՛ղ Քաջազնունին մտաբերի ռուսական առաջին հեղափոխության (1905թ.) վիժումից  հետո ստեղծված  կացությունը մեր կուսակցության մեջ: 1910 թվին, երբ արտասահմանից վերադարձա Կովկաս, մեր գավառական կազմակերպություններից հետք չէր մնացել, իսկ Թիֆլիսում, ուր մենք հազարներով ընկերներ ունեինք, մեծ ջանքերից հետո միայն կարելի եղավ մի խումբ կազմել, այն էլ՝ 18 հոգուց բաղկացած… Ճիշտ է, հաջորդ տարիների ընթացքում թե՛ Թիֆլիսի խմբերի թիվը շատացավ և թե՛ գավառների կազմակերպությունները վերակենդանացան, բայց մինչև համաշխարհային պատերազմը, կամ մինչև 1917 թիվը, մեր կուսակցությունը Անդրկովկասում չկարողացաւ հասնել նախկին աստիճանին…

Նույն վիճակի մեջ էին այս ժամանակաշրջանում և կովկասյան բոլոր հեղափոխական կուսակցությունները: Բայց  այդ ծանր օրերին ոչ ոք, կարծեմ ոչ իսկ Քաջազնունին, կպնդեր, թե «Դաշնակցությունը չկա այլևս»:

Ինչո՞ւ է նա հիմա պնդում: Ի՞նչ մի անբնական բան կլիներ, եթե անլուր զոհերի և անհնարին աշխատանքների գնով ձեռք բերված անկախության ոչնչացումը, քաղաքացիական պատերազմները և Դաշնակցության կրած հարվածները ավելի ևս նոսրացնեին մեր շարքերը և ճնշեին տրամադրությունները, քան թե մենք տեսնում ենք հիմա:

Սական, պիտի ասեմ Քաջազնունուն, որ ինձ զարմանք է պատճառում ոչ միայն այն, որ մեր «քայքայման պրոցեսը», այսքան թեթև է՝ համեմատած անցյալի օրինակներին և կրած հարվածի ծանրությանը, այլև որ նա, ըստ երևույթին, շատ ավելի կարճատև պիտի լինի, քան եղել են նախորդները:

Եթե Քաջազնունին մինչև կուսակցության չգոյության մասին իր հայտարարությունն անելը նեղություն հանձն առներ շրջելու մեր խմբերն ու կոմիտեները հենց թեկուզ արտասահմանում, նա թերևս  ա՜յդքան հապճեպ չլիներ իր եզրակացության մեջ: Որովհետև նա պիտի տեսներ ամենաշոշափելի կերպով, որ մեր հուսալքված ընկերներից շատերը, սթափվելով ռեակցիայի մղձավանջից՝ վերադառնում են դեպի կուսակցական շարքերը, որ այդ շարքերի մեջ ծնունդ է առնում քաղաքական գիտակցության մի նոր շրջան, որ մեր մամուլն այսօր տարածվում է ընկերների շրջանում շատ ավելի մեծ չափով, քան առաջ, և այլ բազմաթիվ այսպիսի երևույթներ, որոնք ոչ թե կուսակցությունների հոգևարքն են գուժում, այլ բոլորովին մի այլ բան…

Այսօր երիտասարդներ չեն գալիս մեր շարքեր, ինչպես 20-25 տարի առաջ, մելամաղձորեն բացականչում է Քաջազնունին:

Անկասկած, ուրիշ էր դրութիւնը 20-25 տարի առաջ և ուրիշ՝ հիմա: Այն ժամանակ ընդհանուր հասարակական ոգևորության շրջան էր, իսկ հիմա՝ ընդհանուր հուսալքության ու անտարբերության: Եվ եթե Քաջազնունին ցանկանում է ճիշտ գնահատել մեր երիտասարդության, նոր սերնդի այժմյան տրամադրության արժեքը հանդեպ կուսակցության, նա այդ պետք է համեմատի ոչ թե 20-25 տարի առաջ, այլ 1896-1899 և 1908-1914 թվերին եղած տրամադրության հետ: Այն ժամանակ նա, ինչ ակնոց էլ դնի իր աչքերին, այլ բան կտեսնի մեր իրականության մեջ:

Քաջազնունին շատ հեռու չէ մեր գաղութներից ու բավական մոտ է Եվրոպային, ուր այսօր կենտրոնացած է մեր նոր սերնդի, մեր ուսանողության մի կարևոր մասը: Թո՛ղ նա մի փոքր հետաքրքրվի այդ վայրերի երիտասարդության կյանքով և ապա ասի մեզ, թե արդյոք կա՞ ներկաումս որևէ քաղաքական կազմակերպություն, որ ավելի շատ ունենա իր շարքերում մեր նոր սերունդից, քան Դաշնակցությունը: Ես հայտարարում եմ բացարձակորեն, որ նա այդ բանը չի կարող ասել:

Այսօր ճիշտ է, անտարբեր կամ ռեակցիոն տրամադրություն է իշխում մեր նոր սերնդի, երիտասարդության մեջ  միանգամայն հասկանալի պատճառով: Սական, եթե մի կուսակցություն կա, որ նրա մեջ համակրանք է շարժում, էլի Դաշնակցությունն է: Եվ որ գլխավորն է՝ այդ նոր սերնդից նրանք, որոնք այսօր գտնվում են Դաշնակցության շարքերում, շատ ավելի մեծ սրտացավություն և քաղաքական գիտակցություն են երևան բերում կուսակցական գործերում, քան ոգևորված շրջանների նոր սերունդը, որի համար նորույթի հանգամանք ուներ Դաշնակցության մեջ մտնելը: Այս տեսակետից ևս դիտելով՝ Դաշնակցության կյանքը Քաջազնունին ոչ թե մահ կամ հոգեվարք, այլ բոլորովին այլ վիճակ պիտի տեսներ ներկայումս այնտեղ: