Քոչարյանը թողեց կլանային-օլիգարխիկ համակարգ. Սուրեն Հարությունյան

4439

Շարունակում ենք ներկայացնել հատվածներ Խորհրդային Հայաստանի առաջնորդ, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1988 թ. մայիս-1990թ. ապրիլ) Սուրեն Հարությունյանի Անցյալի և ներկայի մասին գրքից, Երևան, Նոյյան Տապան, 2011թ., էջ 441-447: Ներքոշարադրյալ հատվածում Հարությունյանը, ով Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 1999-ին նշանակվել էր դեսպան Բելառուսում, կոշտ քննադատության է ենթարկում երկրորդ նախագահին ու նրա ղեկավարության ժամանակաշրջանը: Ի միջի այլոց, Հարությունյանը գրքում քննադատաբար է արտահայտվում նաև Կարեն Դեմիրճյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ճիշտ է, օգտագործելով ավելի մեղմ բառապաշար:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն 

_________________________

suren

Ինչպես ամեն մի քաղաքակիթ երկրում, Հայաստանն էլ կարիք ունի կառուցողական ընդիմության: Տարբեր պատճառներով, որոնց մեջ չեմ ուզում խորանալ, մեզանում այն չի եղել, փաստորեն նա իր մասին հայտարարեց, երբ քաղաքական ասպարեզում կրկին հայտնվեց Լևոն-Տեր Պետրոսյանը: Իշխանությունը դա խիստ հիվանդագին ընդունեց, քանի որ սովորել էր ապրել հարամարավետ պայմաններում՝ գործելով քեֆն ուզածը անելու սկզբունքով:

Իհարկե, նման պայմաններում իշխանությունը իրեն է ենթարկում հասարակությանը, իսկ հասարակ քաղաքացին իրեն անպաշտպան է զգում այնտեղ, որտեղ պաշտոնյան, վարչապետը կարող է անարգել կամայականություն դրսևորել, քանզի նա հակազդեցության չի հանդիպում: Ուժեղ իշխանությունը չպետք է վախենա ուժեղ կառուցողական ընդդիմությունից: Միայն այդ պայմանով կարող է նորմալ գործել հայ հասարակությանը, չեն լինի քաղաքացիների իրավունքների և ազատությունների զանգվածային խախտումներ: Մեզանում, ցավոք, չկան «զսպիչներ և հակակշիռներ», և դա հանգեցնում է ամենաթողության պետական իշխանության ներկայացուցիչների գործողություններում:

Քոչարյանն իր և իր նախագահական ժամկետի մասին թողեց խիստ հակասական կարծիքներ: Չի կարելի ժխտել այն նվաճումները, որին երկիրը հասել է անցած տարիներին: Ժամանակին, երբ զբաղված էի դիվանագիտական աշխատանքով, ես արժանին եմ հատուցել Քոչարյանին: Չէի ուզենա, որ ընթերցողն այն տպավորությունն ստանա, թե ես հակված եմ ժխտելու այն ամենը, ինչ մեր ժողովուրդը ձեռք է բերել վերջին տասնամյակում:

Կյանքը Հայաստանում վերջին տարիներին բարելավվել է բնակչության որոշ խավերի համար: Սակայն չի կարելի մոռանալ, որ ժողովրդի զգալի մասն ապրում է չքավորության մեջ: Իսկ երբ ասում են, թե մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, քան առաջ, ապա պետք է վերհիշել, որ ապրում էին այնպես, որ անկարելի էր ավելի վատ ապրել: Տնտեսության անկման աստիճանն այնպիսին էր,  որ պետք չէ զարմանալ մեր այսօրվա տնտեսական զարգացման տեմպերից: Պատահական չէ, որ աճի տեմպերը մարդկանց չբերեցին կյանքի որևէ էական բարելավում: Չտեսնել այն, ինչն անհանդուրժելի է, հակասում է մեր բարոյական սկզբունքներին, աչք փակել այն ամենի վրա, ինչը խանգարում է առաջընթացին, հասարակության զարգացմանը, ոչ այլ ինչ է, եթե ոչ այն ցավոտ թարախապալարները չնկատելու լռելյայն համաձայնություն, որոնք առաջացել են հայոց հասարակական օրգանիզմի վրա:

Ի՞նչ թողեց Քոչարյանը նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: Եթե հակիրճ ամփոփենք նրա գործունեության արդյունքները, կարելի է ասել, որ նա թողեց կլանային-օլիգարխիական համակարգը, որի օրոք ժողովուրդը մեծավ մասամբ շարունակում է քարշ գալ չքավորության մեջ, ծաղկում է կոռուպցիան, գործազրկությունը սարսափելի չարիք է մնում բնակչության համար, գյուղերն աղետալի վիճակի մեջ են, և լույս չի երևում թունելի վերջում: Հանրապետության շատ բանկիչներ գլուխները պահում են արտասահմանում աշխատող բարեկամների օգնության շնորհիվ: Հասարակությունը պառակտված է, սոցիալ-քաղաքական և հոգևոր ճգնաժամ է ապրում, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Հայաստանում հաստատվել էր մի վարչակարգ, որը գոհացնում էր և՛ Քոչարյանին, որը հենվում էր ֆինանսական օլիգարխիայի վրա, և՛ օլիգարխներին, որոնք իշխանական հենարան ունեին ի դեմս նախագահի ու նրա շրջապատի:

Հայ ու ռուսաստանցի շատ տնտեսագետներ կասկածի տակ են դնում հանրապետության վերջին տարիների նվաճումները: Փորձագետները պսակազերծում են 2000-2008 թվականներին Հայաստանի աներևակայելի տնտեսական հաջողությունների մասին առասպելը: Նրանց կարծիքով, այդ տարիներին իշխանությունը չկարողացավ երկրի ներուժը ուղղել դեպի բարձրտեխնոլոգիական ճյուղեր և բազմատեսականեցնել տնտեսությունը: Դրա հետևանքով շարունակվում է սոցիալ-տնտեսական հետընթացը:

Չլուծվեց արդյունավետ մասնավոր սեփականատիրոջ՝ շուկայական տնտեսության պայմաններում գերիշխող դեմքի ձևավորման խնդիրը: Մանր և միջին բիզնեսը չստացավ ոչ իրավական, ոչ էլ տնտեսական հիմք քաղաքակիրթ զարգացման համար: Տնտեսության ամբողջական հատվածներ, որոնք սեփականաշնորհման հետևանքով մենաշնորհային դիրք էին գրավել շուկայում, նվազեցրել են իրենց արդյունավետությունը:

Ակնհայտ ձախողումների շարքը պետք է դասել հասարակության մեջ սոցիալական անհավասարության աճը: Հետխորհրդային տարածքի և ոչ մի երկրում այնպիսի հսկայական խզում չկա ամենահարուստների և աղքատների եկամուտների միջև, ինչպես Հայաստանում: Ընդ որում, վերջին տարիների ընթացքում ոչ մի լուրջ միջոց չի ձեռնարկվել, որպեսզի գոնե ինչ-որ ձևով հավասարակշռվի այդ խզումը: Սոցիալական որորտում փոփոխություններն այնքան դանդաղ են տեղի ունենում, որ տպավորություն է ստեղծվում, թե երկրում աղքատությունը պահարկվել է: Ինչպես պատկերավոր ասել է հայ տնտեսագետներից մեկը, Հայաստանում մենք նստած ենք վառոդի տակառի վար: Այս ամենին, իհարկե, վերջ կտրվի, սակայն փորձում են դա անվերջ ձգձգել:

Շարունակելով խոսակցությունը Քոչարյանի մասին, կարելի է այսպես ասել, որպես քաղաքական գործիչ նա ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի ներփակ տարածությունում, իր իշխանության սկզբնական շրջանում չէր տիրապետում քաղաքական լայն մտահորիզոնի, չէր պատկերացնում ազգի, պետության խնդիրների ողջ խորությունը, չուներ մեծ փորձ:

Աշխարհընկալման նրա այդ «բծերը» իրենց զգալ էին տալիս նաև նախագահական պարտականությունների կատարման ընթացքում: Ի վերջո նա տիրապետեց, և, կարելի է ասել՝ ոչ անհաջող, երկրի ընթացիկ քաղաքական գործընթացների կառավարման մեթոդներին: Սակայն նրան, իհարկե, չես անվանի ռազմավարական մտածողության տեր մարդ, համազգային բնույթի ղեկավար՝ ընդունակ մշակելու արդի փուլում հայ ժողովրդի շահերը որոշող համադրույթներ:

Նման հետևության հանգելու համար բավական է վերլուծել նրա ելույթներն ու քաղաքական կեցվածքը իշխանական տարիներին: Նրանց գործունեության ոճն ավելի շուտ հիշեցնում է մի խաղացողի, որը որպեսզի «տանուլ չտա», վախենում է ռիսկի դիմել. ընդ որում, ռիսկերը նա ավելի շատ ընկալում էր որպես վտանգ անձնական քաղաքական կարիերայի համար:

Քոչարյանը, իմ պատկերացմամբ, խուսափել է իր ժամանակի մարտահրավերներից, նրան ավելի շատ անհանգստացրել է անձնականը և նվազ չափով՝ հասարակականը, համազգայինը: Թերևս դրա մեջ է նրա ողբերգությունը որպես մարդու, որը բախտի բերումով հայտնվել էր երկրի իշխանության գագաթին:

Բելառուսում դեսպան եղած ժամանակ, մի առիթով գտնվելով Երևանում, հանդիպեցի Սիլվա Կապուտիկյանի հետ: Զրույցի ժամանակ նա անսպասելիորեն խոսեց Քոչարյանի մասին: Ես դրականորեն արտահայտվեցի նրա գործունեության մասին՝ նշելով, որ հանրապետությունում առկա դրական միտումները որոշակի լավատեսություն են ներշնչում: Շատ զարմացա, երբ նա նրան սկսեց բնութագրել խիստ բացասական: Ասաց, որ սկսած հետպատերազմյան տարիներից լավ գիտեր Հայաստանի բոլոր առաջին ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրի մասին կարող է քիչ բարի խոսքեր չասել: Իսկ ինչը չեմ կարող անել՝ դա Քոչարյանին գովելն է, նշեց Կապուտիկյանը: Պատահական չէ, որ ժողովուրդը նրան չի ընդունել և չի ընդունում, քանզի նա զուրկ է մարդկային ազնվությունից: Բանաստեղծուհու խոսքերով, նա ավելի շատ տեսնում է ոչ թե ժողովրդին, այլ իրեն, իր ընտանիքը, իր կլանը: Ժողովուրդը նրա համար խիստ վերացական հասկացողություն է: Դա ակնբախորեն դրսևորվում է կոնկրետ մարդկանց հետ նրա հարաբերություններում: Մեր ժողովրդի պատկերացմամբ, նրան թերևս առանձնացնում էր իրավիճակը կանխազգալու բնազդը:

Կապուտիկյանի այս խոսքերից ես փոքր-ինչ ապշեցի: Դա նկատելով, նա ավելացրեց. «Ես համոզված եմ, որ դուք էլ վաղ թե ուշ նույն հետևությանը կհանգեք»: Վերհիշեցի այդ բնութագրումները արդեն Մոսկվայում, Մինսկից վերադառնալուցս հետո: Նրա կարծիքը, ինչպես նաև Քոչարյանի լավ ծանոթ մի ամբողջ շարք այլ անձանց կարծիքները ինձ ստիպեցին լրջորեն խորհել՝ այնուամենայնիվ ո՞վ է եղել մեր նախագահը այդ բոլոր տարիներին: Հետագահում ես համոզվեցի Սիլվա Կապուտիկյանի խոսքերի իրավացիությանը:

Քոչարյանը լավ էր յուրացրել ղեկավարի արտաքին հագուկապը՝ կոստյումներ, փողկապներ ու վերնաշապիկներ, պահելաձևը: Նրա մեջ չէր նկատվում գլխավորը՝ մտածողության մասշտաբայնությունը, ազնվությունը, անկեղծությունը: Նրա մասին շատերն էին ինձ մոտ արտահայտվում որպես եսամոլի, կոռուպացված կլանային անձի: Երևանում յուրացնելով քաղաքական խաղերի այբուբենը, նա գտնում էր, որ աստված իր թուրը կտրուկ է արել, և ինքը հասել է պետական շինարարության, քաղաքականության և դիվանագիտության բարձունքին:

Քոչարյանի կլանի անդամները արագ կողմնորոշվեցին և զավթեցին կենսականորեն կարևոր, եկամտաբեր բոլոր ոլորտները (վառելիքի, ծխախոտի, մաքսատան, դեղորայքի, հացամթերքի, տրանսպորտի, շինարարության, ջերմագազաէլեկտրամատակարարման): Ասպարեզ ելան ոչ քիչ գանձագողեր, կաշառակերներ, ամեն տեսակ թափթփուկներ, որոնց կյանքի սկզբունքը մեկն է՝ ճանկի՛ր, գողացի՛ր քանի դեռ հնարավորություն կա: Հեղինակավոր փորձագետների կարծիքով, Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանից ստվերային միջոցներով միլիոնավոր դոլարններ են արտահանվել:

Ցավոք, Հայաստանի նորագույն պատմության «քոչարյանական» փուլը չավարտվեց, և այդ լաբիրինթոսից դուրս գալը հեշտ չի լինի, դրա համար ժամանակ կպահանջվի:

Անշուշտ, Քոչարյանը թույլ է տվել շատ սխալներ, իսկ ոմանց կարծիքով՝ նույնիսկ հանցագործություններ: Պատահական չէր նաև նրա նախագահական գործունեության արյունոտ եզրափակումը 2008 թվականի մարտին: Նրա համար այժմ կարևոր է, թե ինքը ինչ գնահատականի կարժանանա հայոց պատմության մեջ: Հայերիս համար, համարձակվում եմ հայտարարել, Քոչարյանը նախագահի պաշտոնում իր «եզրափակիչ ակորդով», ինչպես ամերիկացիւներն են ասում, որպես «կաղ բադ»կմնա մեր ժողովրդի պատմության մեջ՝ անկախ այն բանից, թե հետագայում ինչ պաշտոն կկորզի իր համար: