Երկու հայացք

544

Հայաստանին ուղղված երկու հայացք կա։ Մեկը հայստանցիներիս հայացքն է. այն է, ինչ ներսում մենք ենք տեսնում, իսկ մյուսն, ինչ Հայաստանին նայելիս դրսից տեսնում են օտարները։ Այս հայացքները բոլորովին տարբեր իրողություններ են նկատում ու, հետեւաբար, բոլորովին տարբեր վերաբերմունք դրսեւորում։

Ի՞նչ ենք տեսնում մենք ներսում։

Ներսում մենք տեսնում ենք անկարող, ապաքաղաքական, իշխանության մատույցներում ապահով կենցաղ որոնող, վիրավորանքի աստիճանի հնազանդ երիտասարդներից կազմված իշխանություն ու իշխանությունը պահելու հոգսով տարված միահեծան իշխանավոր Փաշինյան։ Տեսնում ենք բարձրագույն իշխանավորին ոչ վայել վարք դրսեւորող՝ հայհոյախոս, բանսարկու, նիհիլիստ ու պոպուլիստ Փաշինյան։ Տեսնում ենք Փաշինյան, որն իր քննադատներին որպես թշնամիներ է դիտարկում, Փաշինյան, որը խառնակչություններով է զբաղված ու ժողովրդավար չէ բոլորովին։ Տեսնում ենք Փաշինյան, որը մեզ տարավ պատերազմի, պարտության, հսկայական կորուստների, հազարավոր զոհերի պատճառ դարձավ, բայց  ափսոսանք ու մեղքի զգացում չունի բոլորովին։

Այսպիսի անորակ իշխանություն ու այսպիսի վարչապետ ենք մենք տեսնում ու վախենում ենք մեր այսօրվա ու մեր վաղվա համար։

Իսկ ի՞նչ են տեսնում դրսից դիտողները.

Եթե դրսից դիտողներն ապրում են, ասենք, Տաջիկստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կորեայի նման երկրներում, ապա նրանց համար Հայաստանը նախանձելի երկիր է։ Այս կարգի երկրներից նետված հայացքն այստեղ խոսքի ու մամուլի ազատություն է տեսնում, ընտրություններով իշխանություն փոխելու հնարավորություն է տեսնում, ժողովրդավարություն ու ապահովություն է տեսնում։

Եվրոպական երկրներից մեզ ուղղված հայացքն էլ է դրական երանգներ պարունակում։

Շատ են հնչում բողոքներ, թե Հայաստանի ներկայիս իշխանավորներն իշխանություն են չարաշահում, հետապնդումներ են կազմակերպում, ժողովրդավար չեն, բայց Արեւմուտքից լուրջ քննադարտության չեն արժանանում։ Բողոքում են, թե նույն կամ մոտավորապես նույն գործողությունների համար Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մշտապես Արեւմուտքի քննադատության թիրախում էին, իսկ Փաշինյանին խնայում են։

Միամիտ է պետք լինել կարծելու համար, թե Արեւմուտքի հայացքը մեր երկրի ներսում կատարվողը չի նկատում։ Անկասկած, նկատում է։ Տեսնում են նրանք, երկրի ներսում խառնակչություններ հրահրող Փաշինյանին, տեսնում են իրեն ու պետությունը նույնացնող, իրեն օրենքից վեր դասող, ենթակաների նկատմամբ կոպիտ, հանրության նկատմամբ անհարգալից Փաշինյանին, բայց, այո՛, չեն արժանացնում նրան այն գնահատականին, ինչ Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին։ Գլխավորապես այն պատճառով, որ այս իշխանությունն, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանի, ունի լեգիտիմության պաշար։

Գո՞հ ենք մենք 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքներից, թե գոհ չենք՝ Արեւմուտքի համար էական չէ։ Նրանց համար էական է, որ մեր ընտրողների մեծամասնության ձայների հաշվին են այս իշխանություններն իշխանություն մնացել։ Մեր տարածաշրջանում, որտեղ Թուրքիան է, Իրանն է, Ադրբեջանն ու Ռուսաստանն են, ընտրությունները ձեւական բնույթ են կրում։ Այդպիսի ընտրություններ էին լինում Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակներում։ Իսկ վերջին երկու ընտրությունները՝ 2019-ին ու 2021-ին, վիճահարույց չեն եղել, բողոքների առիթ չեն հանդիսացել։ Արեւմուտքի համար սա վճռական հանգամանք է։ Նրանց տեսակետից սա Փաշինյանին խրախուսելու առիթ է։

Մյուս հանգամանքն այն է, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, Փաշինյանը, գոնե 2023-ից հետո, երբ արդեն եղել էր 2020-ի պարտությունը, երբ Ռուսաստանին անվերապահ ապավինելուց հետո հասկացել էր կամ հասկացրել էին, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն ու աջակիցը լինել չի ցանկանում՝ սկսեց Ռուսաստանից հեռանալու քաղաքականություն վարել։ Ճիշտ է՝ վայրիվերո, ճիշտ է՝ անծրագիր, ճիշտ է՝ առանց գաղափարական հենքի, բայց, այնուամենայնիվ, սկսեց հեռանալ։ Արեւմուտքի համար սա նույնպես կարեւոր է ու խրախուսանքի արժանի։

Արեւմուտքում լավ են հիշում, որ Սարգսյանի ու Քոչարյանի օրոք Հայաստանը Ռուսաստանի հնազանդ կցորդն է եղել։ Միջազգային հարթակներում, իր շահերը թողած, Ռուսական շահերն է սպասարկել, իսկ 2023-ից հետո անկախության նշույլներ է ցուցաբերում։ Նրանք չեն ցանկանում հիշել, թե ինչպես էր նոր իշխանության եկած Փաշինյանը կրկնում ու կրկնում, թե Հայաստանը մնում է ռուսական ազդեցության ոլորտում, չեն ցանկանում հիշել, թե ինչպես էր Փաշինյանը փորձում տեղավորվել Պուտինի գրպանում շատ ավելի խորը, քան տեղավորված են եղել Քոչարյանն ու Սարգսյանը։ Նրանց հետաքրքրում է, որ Փաշինյանն այսօր՝ ոչ թե աշխարհաքաղաքական ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, ոչ թե ինչ-ինչ համոզմունքներից դրդված, այլ որովհետեւ Կրեմլում իրեն չեն ընդունել, Կրեմլում իրեն մերժել են՝ հեռանում է Ռուսաստանից։ Նրանց Ռուսաստանից հեռացող Հայաստանն է հետաքրքրում։

Հատկապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող հայաստանցիներին կարող է թվալ, թե Արեւմուտքը երկակի չափորոշիչներ է կիրառում։ Իրականում, բայց, այդպես չէ։ Դիվանագիտությունից, քաղաքական նախասիրություններից ու տնտեսական շահերից դուրս Արեւմուտն ունի առաջնային այլ արժեքներ։ Այդ արժեքներից կարեւորները ընտրություններով իշխանություն փոխելու հնարավորությունն է, խոսքի ու մամուլի ազատությունն է, դիկտատորների ճամբարում չլինելն է։ Այսօրվա դրությամբ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը քիչ թե շատ համապատասխանում է այս պայմաններին, այստեղից էլ՝ մեղմ վերաբերմունքը։

Մենք Արեւմուտքից նեղանալու իրավունք չունենք եւ ոչ էլ պետք է պահանջենք, որ նրանք մեր երկիրն իրենց քննադատության թիրախում պահեն։ Նման քննադատությունից Փաշինյանն, իհարկե, կարող է տուժել, բայց, անկասկած, չի շահի նաեւ Հայաստանը։

Եթե ապագա ընտրությունները, որ 2026-ին են տեղի ունենալու, վիճահարույց լինեն, եթե իշխանությունը գնա կեղծիքների ու ընտրական խարդախությունների, ապա առանց մեր հուշումի էլ Արեւմուտքը կսկսի քննադատել Փաշինյանի ու այնքան կոշտ որքան հարկ կհամարի։ Այդ ժամանակ արդեն կհիշեն թե՛ ընդդիմադիր գործիչների նկատմամբ նախաձեռնած նրա հետապնդումները, թե՛ նրա փողոցային վարքը, թե՛ զազրախոսությունները, թե՛ սպառնալիքները, որ իր քննադատների հասցեին է հնչեցնում։ Վրաստանի օրինակը սրա վկայությունն է։

Մեզ համար լավագույն տարբերակն, իհարկե, կլիներ այն, որ ներսի ու դրսի Փաշինյանը նույնը լիներ։ Որ լիներ ժողովրդավար, որ հարգեր մարդկանց, հարգեր  ՀՀ քաղաքացուն, գիտակցեր պետության կարեւորությունը, իրեն ու պետությունը չնույնացներ, հարգեր մեր անցյալն ու մտահոգ լիներ մեր ապագայով։ Որ մեր երկիրն, իրոք, լիներ ժողովրդավարական, որ քաղաքական մրցակցությունը թշնամանքի չվերածվեր, որ ընտրությունները լինեին ազատ ու վստահություն ներշնչող։ Որ դրսից ու ներսից նույն բարվոք կամ բարվոքին մոտ վիճակը երեւար։

Կունենա՞նք այսպիսի երկիր։ Պետք է ունենանք։ Այլ տարբերակ չունենք։

Վարդան Հարությունյան