Սերժ Սարգսյանի հետ որևէ պայմանավորվածություն չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան

2246

«Ես զարմանում եմ, որ ընդհանրապես նման հարց առաջանում է, որովհետև ես իմ գրքում դրա մասին շատ անկեղծ գրել եմ։

Որևէ պայմանավորվածություն չենք ունեցել, որևէ մտադրություն քաղաքականությամբ զբաղվելու չեմ ունեցել։ Եթե ունենայի՝ այն ժամանակ այդ հնարավորությունը կար՝ և՛ լծակներ պահելու, և՛ պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Չի եղել որևէ նման բան։ Որևէ ցանկություն չեմ ունեցել։

Ես իմ վերաբերմունքը վարվող քաղաքականության նկատմամբ 2008-ի վերջից մինչև 2018 թվականը արել եմ իմ անունից։ Իմ անհամաձայնությունը կարևորագույն հարցերի վերաբերյալ ես տարբեր հարցազրույցներով (հաճախակի չէր, բայց տարին գոնե մեկ-երկու անգամ) կարևոր հարցերի վերաբերյալ արտահայտվել եմ։ Անհամաձայնությունը ես արտահայտել եմ ինքս իմ անունով, բայց դա չէր նշանակում, որ ես ձգտում ունեի գալ իշխանության։

Այլ հարց է, որ այո՛, այն ժամանակ իշխանությունը ևս միշտ համարում էր, որ չէի կարող այդ ձգտումը չունենալ, անպայման պիտի փորձի, և պրևենտիվ՝ այսպես ասենք, կանխարգելիչ ձևով, փորձում էին անընդհատ իմ դեմ բավական լայնածավալ քարոզչություն իրականացնել տարբեր լրատվամիջոցներով։

Այո՛, և՛ խոստովանություն կա դրա մասին, և՛ հայտնի զրույցը մեկ պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատողի հետ, որը նաև WikiLeaks-ով, եթե չեմ սխալվում, հրապարակվել է։

Չեմ ունեցել նման ցանկություն, և այդ չունենալու փաստը մեր ընդհանուր շփման մակերեսի միջոցով ես մի քանի անգամ փոխանցել եմ (օրվա իշխանությանը), ասել եմ՝ «հանգիստ մնացեք, չունեմ այդ ցանկությունը, բայց ես չեմ ուզում, որ ձեր այսօրվա քայլերը նույնացվեն իմ հետ, ես չեմ ուզում, որ մտածեն, որ մենք միասին ենք, ես այս ամեն ինչի հետ հաշտ եմ»։ Այսպես էր։

Եթե հիշում եք, և՛ սահմանադրական բարեփոխումների նկատմամբ այն ժամանակ ես արտահայտվեցի, և՛ հայ-թուրքական արձանագրությունների, մի շարք այլ կարևոր հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ ես հենց ինքս էի հարցազրույցներ տալիս և կարծիք արտահայտում։

(….)

Ենթադրաբար, այդ 18 թվականի իրադարձությունները շատ ծանր է ընկալվում իշխանությունը կորցնողների կամ հանձնողների (չեմ ուզում սրան ինչ-որ տվյալ դեպքում որակում տալ) համար, և այդ ինքնաարդարացման փորձը, ուղղակի բարեպաշտության սահմանները խախտելով, փորձում են գցել այս կամ այն մարդկանց վրա կամ իրադարձությունների կամ ուժերի։ Չեմ կարծում, որ սա այն ճանապարհն է, որով պետք է առաջ շարժվել»: