Հայաստանը մոտ տասը տարի է, ինչ իր արտաքին քաղաքականության հիմքում դրել է հայդատականությունը: Զբաղված ենք աշխարհին ցեղասպանությունը ճանաչել տալով։ Տուրք ենք տալիս ազգայնականությանը եւ անցյալապաշտությանը։ Այդ պատճառով էլ չենք կարողանում լուծել անցյալ դարի 90-ականներից մեր դեմ ծառացած խնդիրներից եւ ոչ մեկը:
Պարզից էլ պարզ էր, որ հայդատականությունը՝ իր հիմքում հայապահպանումը, ցեղասպանությունը եւ պահանջատիրությունն ունենալով, չէր կարող հաջողության հանգեցնել: Ազգայնականությունը որեւէ պետության հաջողություն չի բերել: Մի բան է հայդատականությունն ու հայապահպանությունը սփյուռքի եւ բոլորովին այլ՝ Հայաստանի Հանրապետության համար: Քսաներորդ դարի ողջ ընթացքում, քանի դեռ հայկական պետություն չկար, սփյուռքը մեծ հաջողությամբ զբաղվում էր այս գործերով: Այսօր էլ սփյուռքը, բացարձակ ազատ լինելով, կարող է իր առջեւ դնել ցանկացած խնդիր եւ լծվել դրա լուծմանն` օգտագործելով իր, Հայաստանի եւ այն երկրների ներուժը որտեղ կենտրոնացած է: Իսկ Հայաստանի Հանրապետությունն, ի տարբերություն սփյուռքի, պետություն է` ծանրաբեռնված պետական խնդիրներով եւ կաշկանդված այլ պետությունների ու միջազգային կառույցների հետ ունեցած հարաբերություններով: Հայաստանի Հանրապետության գործը պետք է լիներ ոչ թե հայդատականությունը, եղեռնը ճանաչել տալը, այլ պետականության ամրապնդումը, իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը եւ հարեւան ու ոչ հարեւան երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը։
Հայաստանի Հանրապետության հռչակումը հայ ժողովրդի կյանքում շատ բան պետք է փոխեր եւ փոխեց: Իշխանության եկան նոր ուժեր` ժամանակի ոգուն համահունչ կարգախոսերով ու ծրագրերով: Հայդատականությունը չդարձավ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության հիմնաքարը: Շեշտը դրվեց այնպիսի կարեւոր խնդիրների վրա, ինչպիսիք էին ներկայանալի պետություն ունենալը, ձերբազատումը սովետիզմից, ժողովրդավարական ինստիտուտների կառուցումը, Ղարաբաղի հարցը:
Մինչեւ 1995թ. Հայաստանն իր առջեւ դրված այս եւ այլ խնդիրները լուծելուն զուգահեռ կարողացավ հասնել նաեւ նրան, որ շատ երկրներ ճանաչեն ու դատապարտեն ցեղասպանությունը՝ չդարձնելով այն դրոշակ եւ գերակա գործ: Իսկ 1998թ. իշխանափոխությունից հետո, երբ իշխանության անցան գաղափարի պակասից նեղ ազգայնականությունը որպես ինքնահաստատման միջոց ընտրած ուժերը, խնդիրը գլխիվայր շուռ եկավ, եւ քաղաքականության առանցքային հարց դարձավ ցեղասպանության ճանաչումը: Չի բացառվում, որ ցեղասպանության ճանաչման հարցում հաջողություններ գրանցվեն: Բայց դրանք, անկասկած, լինելու են ի հաշիվ այն հաջողությունների, որ կարող էր ունենալ Հայաստանը, բայց չի ունենալու այն պարզ պատճառով, որ ամեն ինչ պայմանավորել է ցեղասպանության ճանաչմամբ եւ արտաքին քաղաքականության օրակարգի մյուս խնդիրները հետին պլան է մղել:
Դիմացինիդ ապուշ անվանելիս պետք է պատրաստ լինես լսելու՝ «ապուշը դու ես» պատասխանը: Ճիշտ այս տրամաբանությամբ էլ առաջնորդվելով Ադրբեջանը փորձում է հակադարձել` որպես ցեղասպանություն ներկայացնելով Խոջալուի դեպքերը: Արդեն հասել է նրան, որ այս թեմայով լսումներ են պատրաստվում իրանական պառլամենտում, իսկ բրիտանականում արդեն տեղի են ունեցել:
Վաղուց է ինչ մենք աշխարհի աչքում ագրեսոր ենք ճանաչված: Բոլոր երկրներն էլ` սկսած Չինաստանից մինչեւ Իրան, Ռուսաստան ու ԱՄՆ հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հակամարտության լուծումը դիտարկում են այս տեսանկյունից: Նույն աշխարհի, նույն միջազգային կառույցների ու կազմակերպությունների կողմից, որոնք մեզ աջակից ու զորավիգ էին ժամանակին, այսօր դատապարտման ենք արժանանում:
Հայաստանի Հանրապետությունը մի կողմ դրած պետական նշանակության խնդիրները, այս ամենին հակադարձելու կամ այս ամենի դեմն առնելու իր պարտականությունը` զբաղված է սփյուռքի գործառույթ հայդատականությամբ ու կարգախոսային հայրենասիրությամբ: Մեր իշխանավորների ու պառլամենտականների բարքերի ու ունեցած սուղ մտավոր կարողությունների պարագայում նրանց վերջին հանգրվանը պետք է դառնար ու դարձել է հայրենասիրության այս գռեհիկ դրսեւորումը:
Արդյունքում շարունակում ենք շրջափակված մնալ, դուրս ենք մնում տարածաշրջանային տնտեսական ու կոմունիկացիոն ծրագրերից, մեր հարեւաններին հայտարարում ենք թշնամի եւ մեզ հուզող բոլոր հարցերը դիտարկում ենք ազգայնականության տեսանկյունից` չհասկանալով, որ աշխարհի համար մեր ազգայնականությունը անհասկանալի եւ խիստ մերժելի է:
Քանի դեռ Հայաստան-սփյուռք տարանջատումը մեզանում խորապես ընկալված չէ, քանի դեռ նույնացնում ենք նրանց խնդիրներն ու նպատակները` առաջնորդվելով մեկ ազգ-մեկ հայրենիք կարգախոսով, մոռանալով պետության մասին, մենք մեր պետական հաջողությունները միշտ էլ զոհաբերելու ենք բարոյական հաղթանակներին, ՀՀ պետական շահը դնելու ենք աշխարհասփյուռ հայ ժողովրդի հաջողության աներեւույթ զոհասեղանին։
Վարդան Հարությունյան
Հոդվածը հրապարակվել է 2007թ․ փետրվարի 27-ին «Ժամանակ Երեւան» օրաթերթում։













