Ամբերդ (Ֆրանգանոց) գյուղի բնակչությունը 1831-1931 թթ, խորհրդային տարիներին և այսօր. Էջմիածնի (Վաղարշապատի) շրջան

2665

Ամբերդ գյուղը գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, Ամբերդ և Քասախ գետերի հատման կետում, ծովի մակերևույթից մոտ 950 մետր բարձրության վրա, Արագածի լանջային՝ դեպի Արարատյան դաշտ իջնող հատվածում: Սահմանակից է Աղավնատուն, Լեռնամերձ, Այգեշատ, Դողս գյուղերին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Ոսկեհատ համայնքներին: Ամբերդը մաս է կազմում Խոյ բազմաբնակավայր համայնքի, որի կենտրոնը Գեղակերտ գյուղն է:

Նախկինում ունեցել է Ֆրանգանոց անունը: Ամբերդ է վերանվանվել 1978 թվականի հունվարի 25-ին։ Գյուղում կա երկու խոնարհված եկեղեցի՝ Սուրբ Թովմաս Առաքյալ (կառուցվել է 1760 թ), որը գտնվում է գյուղից դեպի արևելք և Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին (կառուցված 1863թ)՝ գյուղի կենտրոնում:

1920 թվականին գյուղում կառուցվել է տարրական դպրոց, հետո դարձել է 7-ամյա:

Ամբերդ գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է

1831 թվական – 176 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 391 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 505 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 557 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 529-ը՝ հայ, 28-ը՝ իսլամ,

1904 թվական – 617 հոգի,

1914 թվական – 648 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 655 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 637 հոգի,

1919 թվական – 660 հոգի,

1922 թվական – 567 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 682 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 667-ը՝ հայ, 2-ը՝ թուրք, 3-ը՝ եզդի,

1931 թվական – 669 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Ամբերդն ունեցել է.

1939 թվական – 768 հոգի,

1959 թվական – 984 հոգի,

1970 թվական – 1019 հոգի,

1989 թվական – 1268 հոգի:

Ամբերդ գյուղը 2001թ տվյալներով ունեցել է 1363 բնակիչ, 2011-ին՝ 1412 հոգի:

Խոյ բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով։

Խոյ համայնքն ընգդրկում է հետևյալ բնակավայրերը՝

  1. Գեղակերտ գյուղ
  2. Աղավնատուն գյուղ
  3. Ամբերդ գյուղ
  4. Այգեշատ (Էջմիածնի շրջ.) գյուղ
  5. Արագած գյուղ
  6. Արշալույս գյուղ
  7. Դաշտ գյուղ
  8. Դողս գյուղ
  9. Լեռնամերձ գյուղ
  10. Ծաղկալանջ գյուղ
  11. Ծաղկունք գյուղ
  12. Ծիածան գյուղ
  13. Հայթաղ գյուղ
  14. Հովտամեջ գյուղ
  15. Մոնթեավան գյուղ
  16. Մրգաստան գյուղ
  17. Շահումյան գյուղ

Լուսանկարում՝ Քասախ գետը