Անդրֆեդերացիայի ձևավորումը 1922 թվականին. Հրանուշ Խառատյան

1372

Դեռևս Անդրկովկասի հանրապետությունների իշխանությունները հեղաշրջմամբ խորհրդայնացնելու փուլում Ռուսաստանում անընդհատ ժողովուրդների ինքնորոշման մասին խոսող բոլշևիկյան կուսակցությունը ծրագիր ուներ դրանք դարձնել ֆեդերատիվ՝ դաշնային: Այդ մասին է վկայում առնվազն 1920թ. Հայաստանի Հանրապետությունում երկրի խորհրդայնացմամբ զբաղվող Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանի՝ դեկտեմբերի 20-ին Չիչերինին գրած նամակը: Այստեղ նա մասնավորապես գրում է, որ «Հայաստանում ներքին յեղաշրջումը նախապատրաստուած էր, եւ 11-րդ բանակի ռազմական գործողությունների պահին Հայաստանում Խորհրդային իշխանության հռչակումը դանդաղեց միայն այն պատճառով, որ դեռ չէին ավարտվել մեր կողմնակիցների ձեռքն անցնելն ապահովող փաստացի միջոցառումները, [այն է՝] տարբեր ազդեցիկ դիրքերից ոչ վստահելի մարդկանց փոխարինումը խորհրդային կարգերի հետ ֆեդերացիայի կողմնակիցներով»[1]:

Ի՞նչ ֆեդերացիայի մասին էր խոսքը: 1918թ. հունիսից սկսած Ռուսաստանն արդեն ֆեդերացիա էր կոչվում: 1917թ. վերջերից խորհրդայնացված Ռոսաստանը անցում էր կատարում Ցարական Ռուսաստանի վարչա-տարածքային բաժանումներից երկրի նոր տարածքային բաժանումների: Նահանգները և մարզերը (область) վերաբաժանվում էին խորհուրդների մարզային միավորումների և խորհրդային հանրապետություններ կոչվող պետական կառույցների: Հստակ չէին ոչ երկրի պաշտոնական անունը, ոչ ներքին վարչա-տարածքային բաժանումները: Իշխանության կողմից ընդունված պաշտոնական որոշումներում, դեկրետներում տարբեր անուններ էին գրվում: Օրինակ, 1917թ. դեկտեմբերի 5-ին Ժողկոմխորհի հաստատած «Դատարանի մասին» որոշումը երկիրն անվանում է «Ռուսաստան» (Россия) և «Ռուսաստանի Հանրապետություն» (Российская Республика): Նույն ամսին՝ դեկտեմբերի 25-ին, Հողային կոմիտեների մասին Ժողկոմխորհի որոշման մեջ երկրի անունը «Ռուսաստանի Ֆեդերատիվ Հանրապետություն» էր (Российская Федеративная Республика), իսկ տաս օր հետո, 1918թ. հունվարի 6-ին, Հիմնադիր խորհրդարանը լուծարելու մասին Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի հրամանագրում (դեկրետ) երկիրն անվանված էր «Ռուսիայի Խորհրդային Հանրապետություն» (Советская Республика России): Եվս 10 օր անց, 1918թ. հունվարի 16-ի՝ նույն Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի ընդունած «Աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների Հռչակագրում» երկրի անունը «Ռուսաստանյան Խորհրդային Հանրապետություն»  (Российская Советская Республика) էր:  1918թ. հունվարի 15 (28)-ին տեղի ունեցած Խորհուրդների 3-րդ համառուսաստանանյան համագումարի բանաձևում երկրի անունը «Ռուսաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետություն» էր, չնայած այդ համագումարում հաստատվել է, որ երկիրը ձևավորվում է որպես ֆեդերացիա Ռուսաստանի ժողովուրդների խորհրդային հանրապետությունների կամավոր միության սկզբունքով [2] : Բայց ահա  պետական պարտքերը չեղարկելու մասին հունվարի 21-ի (փետրվարի 3) դեկրետով և փետրվարի 2-ի (15) «Դատարանի մասին № 2» դեկրետով երկրի անունը «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն» էր (Российская Социалистическая Федеративная Советская Республика): Դրան զուգահեռ օգտագործվում էր «Ռուսաստանի Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն»(Российская Федеративная Советская Республика) անունը (1918թ. հունվարի 27-ին Ժողկոմխորհի ընդունած Հողի մասին հիմնական օրենքում), «Ռուսաստանի Սոցիալիստական Հանրապետություն» (Российская Социалистическая Республика) անունը (Ֆինլանդիայի Սոցիալիստական Բանվորական Հանրապետության հետ մարտի 1-ին կնքված պայմանագրում), «Խորհուրդների Սոցիալիստական Հանրապետություն» ( Социалистическая Республика Советов) անունը (1918թ. փետրվարի 21-ի Ժողկոմխորհի «Սոցիալիստական հայրենիքը վտանգի մեջ է» դեկրետում)[3], «Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն» (Российская Советская Федеративная Социалистическая Республика) անունը (Կարմիր Խաչին առնչվող Ժնևի և այլ միջազգային համաձայնագրերի ճանաչումը 1918թ. մայիսի 30-ին, Արդյունաբերության մի շարք ճյուղերի, երկաթուղային տարնսպորտի և այլն ազգայնացման դեկրետը 1918թ. հունիսի 28-ին) և այլն:

1918թ. հուլիսի 18-ին կայացած Խորհուրդների 5-րդ համագումարը, որը հաստատեց Խորհրդային Ռուսաստանի առաջին Սահմանադրությունը, միաժամանակ հաստատեց, որ «Ռուսաստանի Սովետական Հանրապետությունը» (Российская Советская Республика – РСР) այսուհետ կոչվելու է  «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն — ՌՍՖՍՀ» (Российская Социалистическая Федеративная Советская Республика – РСФСР).

Ինչպես վերն ասվեց, 1918թ. հունվարի 15 (28)-ին տեղի ունեցած Խորհուրդների 3-րդ համառուսաստանանյան համագումարով հաստատվել է, որ երկիրը ձևավորվում է որպես ֆեդերացիա Ռուսաստանի ժողովուրդների խորհրդային հանրապետությունների կամավոր միության սկզբունքով: Բայց Ռուսաստանի ֆեդերացիան միայն հանրապետություններից չէր բաղկացած, կային վարչական այլ բաժանումներ նույնպես՝ «Կենցաղային առանձնահատկություններով և ազգային կազմով տարբերվող» մարզեր, ինչպես ասված էր համագումարի ընդունած Բանաձևի 5-րդ կետում:

(Резолюция III Всероссийского съезда Советов «О федеральных учреждениях Российской Республики»: федеральных учреждениях Российской Республики [Резолюция III Всероссийского съезда Советов]

1) Российская Социалистическая Советская Республика учреждается на основе добровольного союза народов России как федерация советских республик этих народов.
2) Высшим органом власти в пределах федерации является Всероссийский Съезд Советов Рабочих, Солдатских, Крестьянских и Казачьих Депутатов, созываемый не реже, чем через три месяца.
3) Всероссийский Съезд Советов Р., С., Крестьянских и Казачьих Депутатов избирает Всероссийский Центральный Исполнительный Комитет. В период между Съездами Верховным органом является Всероссийский Центральный Исполнительный Комитет.
4) Правительство федерации, Совет Народных Комиссаров, избирается и смещается, в целом и частях, Всероссийским Съездом Советов или Всероссийским Центральным Исполнительным Комитетом.
5) Способ участия советских республик, отдельных областей в федеральном правительстве, областей, отличающихся особым бытом и национальным составом, равно как разграничение сферы деятельности федеральных и областных учреждений Российской Республики, определяется немедленно, по образовании областных советских республик Всероссийским Центральным Исполнительным Комитетом и Центральными Исполнительными Комитетами этих республик.
6) Все местные дела решаются исключительно местными Советами. За высшими Советами признается право регулирования отношений между низшими Советами и решение возникающих между ними разногласий. Центральная Советская власть обязана следить за соблюдением основ федерации и представляет Российскую Федерацию Советов в ее целом. На Центральную власть возлагается также проведение мероприятий, осуществимых лишь в обще-государственном масштабе, причем, однако, не должны быть нарушаемы права отдельных вступивших в федерацию областей.
7) Разработка этих основных положений конституции Российской Федеративной Республики поручается Центральному Исполнительному Комитету Советов для внесения на следующий съезд Советов. [28 (15) января 1918 г.][4]

1918թ. Ռուսաստանի ֆեդերացիայի սուբյեկտներ էին համարվում Թուրքեստանի, Դոնեցկ-Կրիվորոժսկի, Թերեքի, Կուբան-Սևծովյան, Դոնի, Տավրիկյան սովետական հանրապետությունները,  որոնք, Թուրքեստանից զատ, լուծարվեցին քաղաքացիական պատերազմների ընթացքում: Բայց որպես ֆեդերացիայի սուբյեկտ ձևավորվում էին նաև Արևմտյան, Ուրալյան, Հյուսիսային, Մոսկովյան և այլ մարզային միավորումները, որոնցից յուրաքանչյուրը նահանգային խորհուրդների ֆեդերացիայի մասեր էին համարվում: Օրինակ, Մոսկովյան մարզում կային 14 նահանգային խորհուրդներ իրենց ժողովրդական կոմիսարների խորհուրդներով, և դրանք բոլորը գտնվում էին Մոսկովյան մարզային խորհրդի ենթակայության տակ: Նորաստեղծ երկիրը փնտրում էր իր կառուցվածքի ձևը և բովանդակությունը, որը պիտի միաժամանակ թե միատեսակ և  կենտրոնաձիգ լիներ, թե պարունակեր խոստացված «ժողովուրդների ինքնորոշումը»:

Այս խնդիրը պիտի լուծեր Խորհրդային Ռուսաստանի առաջին Սահմանադրությունը: Բայց ըստ էության չորոշեց: Սահմանադրության Առաջին գլխի երկրորդ կետով հաստատվում էր, որ «Ռուսաստանի Սովետական Հանրապետությունը հիմնադրվում է Սովետական ազգային հանրապետությունների ֆեդերացիա ազատ ժողովուրդների ազատ միության հիմամբ» (Российская Советская  Республика  учреждается  на  основе свободного   союза   свободных   наций  как  федерация  Советских национальных республик).

Ըստ երևույթին, չգտնելով ֆեդերատիվ հարաբերությունների ընդունելի սկզբունքները, և անընդհատ պնդելով, որ բոլոր մակարդակների իշխանությունը պատկանում է բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդներին, Սահմանադրության 4-րդ գլխի 8-րդ կետում ասվում է, որ Ռուսաստանի ազգությունների աշխատավորական դասակարգերի միջև իսկապես ազատ և կամավոր, հետևաբար լիակատար և ամուր միություն ստեղծելու ձգտումով Խորհուրդների 3-րդ համագումարը սահմանափակվում է Խորհրդային հանրապետությունների ֆեդերացիայի արմատական սկզբունքների հաստատումով, ազգերից յուրաքանչյուրի բանվորներին և գյուղացիներին թողնելով իրենց սեփական խորհրդային համագումարներում ինքնուրույն որոշելու, ցանկանում են արդյոք և ինչ հիմունքներով <են ցանկանում> մասնակցել ֆեդերալ կառավարությանը և խորհրդային այլ ֆեդերալ հիմնարկներին: (Вместе с тем,  стремясь создать действительно свободный и добровольный,  а  следовательно,  тем более полный и прочный союз трудящихся классов всех наций  России,  III  Всероссийский  съезд Советов  ограничивается  установлением  коренных  начал федерации Советских Республик России,  предоставляя  рабочим  и  крестьянам каждой нации принять самостоятельное решение на своем собственном полномочном Советском съезде: желают ли они и на каких основаниях участвовать в федеральном правительстве и в остальных федеральных советских учреждениях):

Սրանից կարելի է հետևեցնել, որ Խորհրդային ֆեդերացիան կազմող Ազգային հանրապետություններ կոչվող սուբյեկտների բնակչության՝ իշխանությանը մասնակցելու ձևը բացարձակապես նույնն է՝ ընտրելու և ընտրվելու խորհրդային իրավունքը: Ազգային հանրապետության որևէ առանձնահատուկ իրավունք չի նախատեսվում: Նույնն է տրամաբանությունը նաև 4-րդ գլխի 11-րդ կետով սահմանված իրավունքի, այն է՝  Առանձնահատուկ կենցաղային և ազգային կազմով տարբերվող մարզերի խորհուրդները, կարող են միավորվել ինքնավար մարզային միություններով, որոնք ղեկավարվում են մարզային խորհուրդների համագումարներով և դրանց գործադիր մարմիններով, ինչպես ղեկավարվում են որևէ այլ մարզային միավորումները:

Այս ինքնավար մարզային միավորումները ֆեդերացիայի սկզբունքներով մտնում են Ռուսաստանի սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության մեջ: (Советы областей, отличающихся особым бытом и национальным составом, могут объединиться в автономные областные союзы, во главе которых, как и во главе всяких могущих быть образованными   областных объединений вообще, стоят областные съезды Советов и их исполнительные органы. Эти автономные областные союзы входят на началах федерации в Российскую Социалистическую Федеративную Советскую Республику).

Սահմանադրությունում ֆեդերացիայի սկզբունքների մասին որևէ խոսք չկա: Իսկ 8-րդ գլխի 42-րդ կետում, որը ներկայացնում է երկրի գործադիրի, այսինքն՝ 17 ժողովրդական կոմիսարիատների ուղղությունները (արդարադատություն, կրթություն, առողջապահություն, ներքին գործեր, առևտուր և այլն) նախատեսվում է «ազգային հարցերով» կոմիսարիատ, և չկա, օրինակ, ֆեդերատիվ կառավարման կամ ֆեդերատիվ սուբյեկտի հետ աշխատող մարմնի հիշատակում:

Սահմանադրության 9-րդ գլխում, որը կարգավորում է տեղերում Սովետական իշխանության կազմակերպումը, համագումարներ են նախատեսվում ըստ վարչա-տարածքային կառուցվածքի (Областные, Губернские (окружные), Уезднеы (районные), Волостные):

Ինքնավար կոչվող Հանրապետությունների մասին ոչ մի խոսք չկա:

Դրանք, այնուամենայնիվ, տարբեր ձևերով 1919թ. հետո ստեղծվում էին:

1919թ. ստեղծվել էր Բաշկիրական Սովետական Հանրապետությունը, իսկ 1920-21 թթ. ընթացքում՝ Ղրղզականը, Թաթարականը, Դաղստանինը, Լեռնային ինքնավար հանրապետությունը, Կարելիայի աշխատանքային կոմունան, Չուվաշական, Կալմիկական, Մարիական, Ուդմուրտուկան, Կարաչայ-Չերքեզական, Կաբարդինա-Բալկարական, Կոմի, Մոնղոլա-Բուրյաթական ինքավար մարզերը, Յակուտական Ինքնավար հանրապետությունը:

Դեռևս հստակ չէին ոչ դրանց սահմանները, ոչ իրավունքները, ոչ ինքնավարության սկզբունքներն ու շրջանակները:

Միայն 1925թ. Սահմանադրության ընդունմամբ երկրի հիմնական օրենքի մեջ սկսեցին դրույթներ ընդունվել ինքնավարությունների մասին, մասնավորապես միայն համագումարն իրավունք ստացավ «Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Սահմանադրությունները, դրանցում փոփոխություններն ու հավելումները հաստատել: Միայն Համագումարը և ВЦИК-ը իրավունք ստացան հաստատել Ռուսաստանի առանձին ժողովուրդների համագումարների որոշումները ինքնավար սովետական հանրապետություններ և մարզեր ստեղծելու, դրանց սահմաններրը որոշելու, սահմանադրությունների փոփոխությունները հաստատելու, և դրանց և ՌՍՖՍՀ այլ սուբյեկտների միջև վիճելի հարցերը լուծելու:

Այսպիսով, մինչև 1925թ. ՌՍՖՍՀ-ն ֆեդերացիա կազմելու և ֆեդերատիվ սկզբունքներով աշխատելու փորձ և օրենսդրություն, ըստ էության, չուներ: Բայց պատրաստվում էր Կովկասի երեք  խորհրդայնացված երկրները միավորել որպես ֆեդերացիա:

Կովկասի երեք հանրապետությունները խորհրդայնացվեցին մի շրջանում, երբ ՌՍՖՍՀ-ում արդեն փաստացի ձևավորվում էր միակուսակցական կառավարում: Իշխանության սկզբունքների և իրավունքների համահարթեցումից զատ համահարթեցվում էր նաև քաղաքական կյանքը: 1918թ. սկսած բոլշևիկներն այլ կուսակցություններ, այդ թվում սոցիալիստական, չէին հանդուրժում:

Փետրվարյան հեղափոխությունից սկսած մինչև 1918թ. սկզբի բոլոր 6 համագումարներում Էսեռները ամենամեծ թիվն են ունեցել: 1918թ.  սկզբին պատգամավորների խորհուրդների Համառուսաստանյան Գործադիր Կենտրոնական Կոմիտեում – ՀԳԿԿ (Всероссийский Центральный Исполнительный Комитет депутатов –  ВЦИК) գերակշիռ մեծամասնությունը բոլշևիկներն էին և նրանք չընդունեցին հերթական համագումարի ընտրությունների արդյունքները, որում մեծամասնությունը էսեռները և Ռուսաստանի Սոցիալ Դեմոկրատական Բանվորական Կուսակցության (ՌՍԴԲԿ) ներկայացուցիչներն էին, իսկ հունիսի 14-ին չեղարկեց այդ կուսակցությունների մանդատները բանվորա-գյուղացիական բոլոր մակարդակների Խորհուրդներում:

Հաջորդ՝ 1918թ. հուլիսի 4-10 –ին ընթացող 5-րդ համագումարում, ԽՍՀՄ Սահմանադրությունն ընդունելով՝ իշխանության Գերագույն մարմին հռչակվեց Բանվորների, Գյուղացիների, Կարմիրբանակայինների և Կազակների Պատգամավորների Համառուսաստանյան համագումարը  – ԲԳԿևԿՀՀ (Всероссийский съезд Советов рабочих, крестьянских, красноармейских и казачьих депутатов – СРККиКД) գործադիր մարմին՝ (Всероссийский Центральный Исполнительный Комитет советов рабочих, крестьянских, красноармейских и казачьих депутатов):

1920թ. սկսած բոլշևիկների պայքարը մյուս կուսակցությունների դեմ անզիջում էր և միանգամայն ռեպրեսիվ: Ամենամեծ թիրախը դեռևս սոցիալիստ-հեղափոխականների՝ էսեռների կուսակցությունն էր: Էսեռներին, մենշևիկներին, կադետներին Ռուսաստանում մեղադրում էին հակահեղափոխականության, տեռորիզմի մեջ, «մերկացնում էին», ձերբակալում, դատում ժողովրդի անունից որպես թշնամիների, շատերին աքսորում էին, հաճախ՝ գնդակահարում:

Այս երևույթները նույնությամբ պատճենվում էին Անդրկովկասի խորհրդային հանրապետություններում: 1920թ. Ռուսաստանի սոցիալիստական կուսակցություններն արդեն հասկացել էին, որ բոլշևիկների և նրանց իշխանության դեմ պայքարում իրենք պարտված են: 1921թ.-ից նույնն էր սպասվում Անդրկովկասի խորհրդայնացած երեք հանրապետություններում: Բացի այն, որ ազգայնական կուսակցությունները՝ Դաշնակցությունը, Մուսավաթը և Մենշևիկները նույնականացվում էին բոլշևիզմի թշնամիների հետ, դրանք նաև համարվում էին ազգամիջյան հակամարտությունների բորբոքողներ և բոլշևիկյան մենատիրությանը ենթակա մամուլը բոլոր հնարավոր միջոցներով ցեխն էր կոխում այդ կուսակցությունները և դրանց ներկայացուցիչներին: Երեք երկրներում ստեղծված Հեղկոմների և հեղափոխության հակառակորդների ոչնչացման նպատակով ստեղծված Արտակարգ հանձնաժողովների գործունեության գերկշիռ մասն ուղղված էր «ազգային հարց լուծմանը», որի գլխավոր թշնամին հայտարարված էին ազգային կուսակցությունները: Նույն կերպ, սակայն, «ազգային պատկանելությամբ» բոլշևիկներն էին օտարվում քաղաքական օրակարգերից: Օրինակ, Խորհրդային Ռուսաստանը շատ ըմբռնումով ընդունեց Թուրքիայի հետ Կովկասի սահմանները որոշող Մոսկվայի կոնֆերանսում հայերի մասնակցության թուրքերի մերժումը և նույնիսկ Ռուսաստանի Արտաքին գործերի ժողկոմ հայազգի Լևոն Կարախանին հանեց կոնֆերանսի մասնակցության կազմից՝ փոխարինելով թուրքերի թեկնածու դաղստանցի կումըկ Ջելալ-Էդ-Դին Կորկմասովով (նաեւ՝ Կորկմազով, Կորխմազով, Կորկմաս):  Ազգությամբ հայ բոլշևիկը «չէր կարող» Հայաստանի սահմանները որոշող բոլշևիկյան որոշումների ընդունմանը մասնակցել:

Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդայնացումից անմիջապես հետո երեքում էլ միանգամից ձևավորվել են միակուսակցական՝ կոմունիստական (բոլշևիկյան) կուսակության իշխանություններ:

Անդրֆեդերացիայի անհրաժեշտության գլխավոր փաստարկը եղել է «ազգային հարցի լուծումը»: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը բոլշևիկների հայտարարած կարևոր գաղափարներից մեկն էր: Պրոլետարիատի դիկտատուրայից և հողը գյուղացիներին վերադարձնելուց/ ազգայնացումից հետո: /տես Կամենև/

Բայց բոլոր համագումարներում լայնորեն ներկայացվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը անընդհատ ճնշվել է՝ միշտ զիջելով տարածքային պատկանելությանը: Այսրկովկասում առկա են դրա կարկառուն օրինակները: Դիտարկենք սա Ղարաբաղի օրինակով:

1921թ. քննարկվում էր Կովկասյան հանրապետությունները միավորելու հարցը: Ադրբեջանում և Վրաստանում դիմադրում էին այդ միավորմանը: Հարցը ձգձգվում էր:

1922թ. փետրվարի 18-19-ին  տեղի է ունենում Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարը, որի օրակարգի հիմնական հարցը Անդրֆեդերացիայի ձևավորումն էր: Համագումարին Կավբյուրոյի հաշվետվությունից հետո Օրջոնիկիձեի «Անդրֆեդերացիայի հանձնաժողովի զեկույցն» էր: Մինչ զեկույցը երեք հանրապետությունների ներկայացուցիչները ողջունում են համագումարը: Ողջույնի ելույթում Ադրբեջանի պատվիրակ Կարաևը շեշտում է, որ Ադրբեջանի կոմկուսը իր բոլոր ուժերով կողմ է Անդրֆեդերացիայի ստեղծմանը[5]: Սա դեռ չէր նշանակում, որ իսկապես կողմ են: Սա նշանակում էր, որ այդտեղ և այդ պահին պետք էր այդպես արտահայտվել:

Համագումարին ողջույնի խոսքում Անդրֆեդերացիայի ձևավորման անհրաժեշտությունը Հայաստանի ներկայացուցիչ Մյասնիկյանը պայմանավորում է ազգային անստահությունը վերացնելու[6], տնտեսական ամուր համագործակցության[7] , Արևելքին ու Արևմուտքին  հեղափոխության լուսավոր դերն ու հեռանկարը ցույց տալու, համաշխարհային հեղափոխությունը խթանելու խնդիրներով[8]:

Համագումարին Անդրֆեդերացիայի ձևավորման անհրաժեշտության մասին հիմնականը Օրջոնիկիձեի ելույթն էր: Նա պատմական էքսկուրս է անում Անդրկովկասի երեք երկրներում վերջին 1918-1920թթ. իշխած սոցիալիստական կուսակցությունների շրջանում ազգային թշնամանկքի դրսևորումների, կոտորածների, փոխադարձ ատելության օրինակների վրա, ներկայացրեց Անդրկովկասում ազգությունների շերտընդմեջ բաշխվածության պատկերը, ազգերից որևէ մեկի հոծ բնակության սակավությունը և այդ կապակցությամբ ազգային մեկուսացվածության վտանգները: Անդրադառնում է Ղարաբաղի հարցին, թե իբր երկար մտածեցինք, տեսանք, որ ճանապարհների պատճառով Հայաստանին դժվար է ղեկավարել Ղարաբաղը, ուստի  որոշեցինք Ղարաբաղի լեռնային մասի հայերին ավտոնոմիա տալ: Այդ հարցը ձգձգվեց, բայց ահա ընկեր Կիրովն ինձ ասում է, որ հայերն ու մուսուլմանները որոշել են, որ ավտոնոմիայի կարիք չկա:  Չգիտեմ, իսկապես այդպես է, բայց մենք  այդ հարցի որոշումը թողել ենք բնակչությանը, թող իրենք որոշեն[9]: Ապա ներկայացնում է Նախիջևանում հայերի և մահմեդականների իդեալական հարաբերություններն[10] այն դեպքում, երբ Հայաստանի իշխանություններն ամենօյա բողոքներ էին ստանում հայերին դուրս մղելու մասին:

Անցնելով Անդրֆեդերացիայի տնտեսական հեռանկարներին, Օրջոնիկիձեն անդրադառնում է Ադրբեջանի խուլ բողոքներին և Վրաստանի «որոշ ընկերների» բացահայտ ընդդիմությանը մասնավորապես երկաթուղու և արտաքին առևտրի միավորման հարցում[11], դժգոհում է Ադրբեջանի կոմունիստներ Միրզա Դավուդ Հուսեյնովի և Ախունդովի, Վրաստանի կոմունիստ Մդիվանու և ընկերների, Էլիավայի ընդդիմությունից, դժգոհում է, որ նրանք դիմել են Կոմկուսի Կենտկոմին[12], հետո երկար խոսում է Անդրֆեդերացիայի տնտեսական հեռանկարների, կուսակցական կրթության, կուսակցության շարքերի ուժեղացման, Անդրֆեդերացիայի բանակի ձևավորման և այլ հարցերի մասին:

Զեկույցի քննարկման փուլում ելույթ է ունենում Ադրբեջանի պատվիրակը, պնդում, որ «հանուն խաղաղության պետք չի Ղարաբաղին ավտոնոմիա տալ»[13]:

Համագումարի 8-րդ նիստում որոշվում է ստեղծվող միության իշխանությունը, դրա լիազորությունները և կառավարման կարգը[14]:  Որոշվում է, որ հանրապետությունների միության գերագույն իշխանությունը հանդիսանում է երեք հանրապետությունների կառավարությունների կողմից հավասար քանակությամբ ընտրված ներկայացուցիչների լիազոր կոնֆերանսը: Լիազոր կոնֆերանսի գործադիր մարմինը պիտի լիներ Միութենական խորհուրդը, որի անդամներն ընտրվում և ետ են կանչվում Կոնֆերանսի կողմից: Միութենական խորհրդի իրավասություններն են՝ ռազմական, ֆինանսական, արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, հաղորդակցության ճանապարհների, ժողովրդական կապի, հակահեղափոխության դեմ պայքարի խնդիրները, պայմանավորվող կողմերի տարածում իրականացվող տնտեսական քաղաքականությունը… Հանրապետությունների Միությունը ՌՍՖՍՀ-ի հետ փոխհարաբերություններ է հաստատում Միութենական պայմանագրով[15]:

Համագումարում քննարկվում է նաև կոմունիստների Կովկասյան՝ Կավբյուրոյի պրոբլեմները: Կավբյուրոյի ներքին խնդիրները քննադատողներից Խանբուդաղովը գտնում է, որ Անդրֆեդերացիայի կազմավորման պրոբլեմները, խնդիրները ժողովրդի մեջ չէ, «Բաքվի պրոլետարիատը ուզում է ֆեդերալիզացիան», որ կազմավորման խնդիրները Կավբյուրոյի ապարատում են, որ այնտեղից են սնվում ազգայնական թեքումները. «Կավբյուրոն երեք բաժին ունի. մեկը ղեկավարում է ղեկավարում է Օրջոնիկիձեն: Դա հաշտեցման բաժինն է: Մյուսը պատերազմող բաժինն է, դա ղեկավարում է Բուդու Մդիվանին: Երրորդը Ադրբեջանի բաժինն է, նույնպես պատերազմող, ղեկավարում է Նարիմանովը» (դահլիճը ծափահարում է)[16]:

Համագումարի բանաձևը

«Համագումարի կարևորագույն հարցը Անդրֆեդերացիայի հարցն էր: Անդրկովկասի մենշևիկների, մուսավաթականների, դաշնակների նացիոնալ-բուրժուական կուսակցություններն իրենց տիրապետության տարիներին Անդրկովկասում աճեցրել էին ազգամիջյան վայրենի ատելության և սուր շովինիզմի սերմեր, որոնք արտահայտվել են ֆիզիկապես անխղճաբար միմյանց ոչնչացնելու մեջ: Ուստի, Անդրկովկասի խորհրդայնացումից անմիջապես հետո պրոլետարիատի դասակարգային շահերի տեսակետից հառնեց ազգային հարցի լուծման, ազգային խաղաղության հաստատման խնդիրը: Այդ խնդրի լուծումը մի կողմից ընթանում է ինքնավար հանրապետությունների գծով (Օսեթիա, Նախիջևան, Ղարաբաղ), մյուս կողմից՝ Անդրկովկասյան հանրապետությունների տնտեսական և քաղաքական միավորման: Տնտեսական միավորման առաջին փորձերը բախվեցին նացիոնալիստական տրամադրված խմբերի դիմադրությանը: Իսկ երբ արվեցին Անդրֆեդերացիա ձևավորելու քայլեր, որոշ պատասխանատու ընկերներ Ադրբեջանում և հատկապես Վրաստանում, այն վերաճեցրին համակարգված, կազմակերպված առճակատման: Նացիոնալ-ուկլոնիստներ անունն ստացած այդ խումբը ընկ. Բուդու Մդիվանու, Ս. Քավթառաձեի, Կ. Ցինցաձեի և այլոց գլխավորությամբ հայտարարում էին, որ Անդրֆեդերացիան վաղաժամ է, որ այդ գաղափարը զանգվածների մեջ բավարար չափով քարոզված չէ… և փաստացի կանգնած են մենշևիկների դիքերին… Նրանք պնդում են, որ Վրաստանը ինքնուրույն պիտի մտնի համամիութենական ֆեդերացիա, «Վրացական Հանրապետության անկախության բոլոր ատրիբուտների պահպանմամբ»: Սա պահանջելով, մերժում էին Վրաստանի ազգային փոքրամասնությունների ինքնորոշումը (Աջարիա, Աբխազիա, Օսեթիա): Մենշևիկների թեքումն ազդել է նաև ուկլոնիստների ագրարային քաղաքականության վրա… Քանիցս պարտվելով կուսակցական հավաքներում և քննարկումներում, ջախջախվելով վրացական կուսակցական համագումարում, Անդրկովկասյան կուսակցական համագումարում նրանք չփորձեցին իրենց հայացքները պնդել: Համագումարում ֆեդերացիայի հարցը վերջնականապես վճռվեց բոլոր պատվիրակների լիակատար համաձայնությամբ»[17]:

Չնայած որոշումներին, չնայած մարտի 22-ին երեք երկրների ղեկավարներն ստորագրել էին Անդրֆեդերացիայի ստեղծումը, Վրաստանում դիմադրությունն, այնուամենայնիվ, շարունակվում էր: 1922թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի բոլշևիկյան Կոմկուսի Կենտկոմը որոշեց, որ Ադրբեջանի կոմունիստական կազմակերպություններում Անդրֆեդերացիայի ձևավորման շուրջ քննարկումները հարթվում են, բայց Վրաստանում դրանք ստացել են ծայրահեղ տգեղ բնույթ, զբաղված են խարդավանքներով, ինչով սպառնում է քայքայել Վրաստանի Կոմկուսը և սովետական իշխանությունը: Առանձին կոմունիստներ խնդիրները նենգափոխել են, իսկ խմբային պայքարը Կոմկուսի Կենտկոմը գնահատում է որպես անձնական  բնույթի նկատառումներով անհիմն խարդավանք: Կուսակցական միասնականության մեր հիմնական երաշխիքն է, իսկ հատկապես Անդրկովկասում իմպերիալիստական երկրների ներխուժման սպառնալիքի պայմաններում դա հատուկ անհրաժեշտություն է: Անդրկովկասի երկրները գլխավորապես գյուղական են, Բաքվից զատ պրոլետարական զանգվածներ չունեն, կոմունիստներից այս պայմաններում հատուկ զգուշավորություն է պահանջվում, այլապես նացիոնալիստական վերապրուկների վարակի առաջ խոցելի մանրբուրժուական և գյուղական մտավորականության զանգվածների կապը սովետական իշխանության հետ կխզվի: Կենտկոմը գտնում է, որ կոմունիստների սխալները և անզգուշությունը կարող են  առիթ տալ, որ այդ զանգվածներն Ադրբեջանում նետվեն պանիսլամիզմի և պանթյուրքիզմի կողմը, Հայաստանում և Վրաստանում՝ Անտանտի կողմը: Անդրկովկասում հանուն ազգային խաղաղության և աշխատավորների եղբայրական համերաշխության պայքարը շարունակում է մնալ Կոմկուսի հիմնական քաղաքական խնդիրը: Կոմկուսի ԿԿ-ն ևս մեկ անգամ հաստատում է, որ Անդրֆեդերացիայի ձևավորման որոշումը անպայման է և անդառնալի,  Անդրկովկասի կոմունիստներից պահանջում է վերջ տալ խարդավանքներին և անհապաղ անցնել որոշումների կատարմանը, սպառնալով խանգարողներին հեռացնել կուսակցությունից[18]:

Վրաստանում դիմադրությունը նորաստեղծ միության աշխատանքներին շարունակվում է նաև այս որոշումից հետո և սրվում հատկապես Խորհրդային երկրների ընդհանուր միություն ստեղծելու հարցի քննարկման շրջանակներում: Այստեղ բարձրաձայն խոսում էին այն մասին, որ իրենց համար ցանակալի չէ մի միություն, որի կազմի մեջ Վրաստանը պիտի մտնի միջնորդավորված՝ Անդրֆեդերացիայի միջոցով:

[1] РГАСПИ, Ֆ.5, Ց.1, Գ.2127, Թթ.2-6, Բնօրինակ (Барсегов, էջ 327):

[2] Резолюция 3-го Всероссийского съезда Советов // Образование и развитие СССР как союзного государства: Сборник законодательных и других нормативных актов. М.: Известия Советов депутатов трудящихся СССР, 1972, էջ 11:

[3] «Газета Временного рабочего и крестьянского правительства, № 31 (76) от 23 февраля 1918 года, էջ 1:

[4] «Газета временного Рабочего и Крестьянского Правительства», №  11 (56), 31 (18) января 1918 г.):

[5] Стенографический отчет 1-го съезда Закавказских комунистических организаций. 18-19 февраля 1922 года. Ֆ.13, Ց.1, Գ.2, Թ. 22:

[6] Ֆ.13, Ց.1, Գ.2, Թ.24:

[7] Ֆ.13, Ց.1, Գ.2, Թ.25:

[8] Ֆ.13, Ց.1, Գ.2, Թ. 26:

[9] Ֆ.13, Ց.1, Գ.2, Թ. 63:

[10] Ֆ.13, Ց.1, Գ.2, Թ. 64:

[11] Ֆ.13, Ց.1, Գ.2, Թ.65-66:

[12] Ֆ.13, Ց.1, Գ.2, Թ.72-73:

[13] Ֆ.13, Ց.1, Գ.2, Թ.127:

[14] Стенографический отчет 1-го съезда Закавказских комунистических организаций. 18-19 февраля 1922 года. Том 3. Ֆ.13, Ց.1, Գ.4, Թ. 136-149:

[15] Անդ, Թ.143-144:

[16] Անդ, էջ 171-173:

[17] Материалы к протолам 1-го съезда Закавказских комунистических организаций. 15-19 февраля 1922 года.   Ֆ.13, Ց.1, Գ.5, ԹԹ. 33-34:

[18] Протоколы и материалы из протолов заседаний политбщро и оргбюро ЦК РКП(б), 1922 год, Ֆ.13, Ց.1, Գ.4, Տուփ 1, Թ. 46: