Կողբ և Մշկավանք. 1888 թվականի վկայություն

3135

Կողբ՝ Բարանից 1 1/2 վերստ, շինուած է ձորի մէջ, բնակիչներն են 133 տուն. ունին եկեկեցի քարաշէն, որի աղիւսաշէն թաղակապ տանիքը հանգչում է վեց սիւների վերայ. եկեղեցիս օծուեց ամսիս 28-ին: Գիւղիս արևմտակողմը բարձրացող
լեառը բաժանում է Բորչալուն Ղազախից:

ՄՇԱԿԱՎԱՆՔ.

Կողբ գիւղի հարուակողմն, անտառապատ լեռան վերայ կառուցուած է այս վայելչակերտ գեղեցիկ վանքն յանուն սուրբ Աստուածածնի: Մշակավանք անունն առնում ենք տաճարի հարաւային սեան արձանագրութիւնից. այժմ կոչում են սովորաբար Կողբայ վանք:

Մենաստանը մի հոյակապ քառակուսի տաճար է 9 Ք. երկարութիւնով և 9 Ք. լայնութեամբ և ունի առաջին գաւիթ հոյակապ և շքեղ, կամարակապ տանիքով երկու միակտուր սիւների և չորս կիսասիւների վերայ. 16 երկարութիւնն է և 14 լայնութիւնը: Տաճարի և գաւթի տանիքները մասամբ խոնարհած են: Թէ տաճարն և թէ գաւիթը ներքուստ և արտաքուստ մաքուր սրբատաշ քարով են և զարդարուած նկարներով և քանդակներով. հիանալի են մանաւանդ քանդակների կողմանէ բեմի ճակատը, դրան եզերքը, խորհրդանոցն և զաւթի միջի երկու խաչքարերը:

Արևելեան կիսասեան վերայ քանդակուած է մի խաչ, և խաչի ներքև երեք պատկեր. մէջտեղինը մի տղամարդու է, որ ձին նստած՝ մի ձեռքով սանձն է բռնել և միւսով տէգը
բարձրացրել, ունելով աջ կողմից սուրն ու նետը. նորա մի կողմը կանգնած է մի այլ տղամարդ, որ մատուցանում է բաժակ. իսկ դիմացը մի կին, որ առաջն է բերում մի նուէր, թերևս հաց:

Մի այլ եկեղեցի, ինչպէս առաջինը, գտնւում է վանքիցս փոքր ինչ հեռու անտառի և ունի, ասում են, արձանագրութիւններ. օրը տարաժամած լինելով մենք չկարողացանք տեսնել. իսկ վանքի հիւսիսակողմր մի քանի քայլ հեռաւորութեան վերայ կայ մի այլ քարաշէն մատուռ կիսաւեր: Այդ մատուռիցն էլ փոքր ինչ հեռացած՝ դէպի գիւղը տանող ճանապարհի վերայ կա մի փոքրիկ փայտածածկ շինութիւն, որի մէջ
դրուած է մի մեծ քար իբրև պատուանդան խաչքարի և նորա վերայ ջարդուած խաչքարի մի կտոր. այդ քարը գիւղի բնակիչներն անուանում են սուրբ Նշանի հանգիստ, որովհետև Հաղբատի սուրբ Նշանը հնումն այս մենաստանը բերած ժամանակ բազմեցրել են այդտեղ ջերմեռանդ հաւատացեալներին համբուրել տալու համար: Այդ քարի վերայ կարդացինք հետեւեալ արձանագիրր.

«Ես Բենիամին վարդապետ հայոց արարի յիշատակ ինձ սուրբ զբեմս որ է, հիմն հաւատո և պատուանդան սուրբ Նշանիս, տեղի աղաւթից երթևեկաց և յոյս, որ գնան
արդարութեամբ յերկրի>>:

Աղբյուրը՝ «Արձագանք», խմբագիր-հրատարակիչ՝ Աբգար Յովհաննիսեան, Թիֆլիս, 3 ապրիլի, 1888, թիւ 12, էջ 159-161, Քաջիկեան, ֆէլիէտօն (Ճանապարհորդական յիշատակարան)