1919 թվականի նոյեմբերի 23-ին Թիֆլիսում ստորագրվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնություն, որով ժամանակավորապես դադարեցվեցին հայ-ադրբեջանական բախումները երկու հանրապետությունների բազմաթիվ վայրերում: Այդ փաստաթղթից դուրս թողնվեցին հիմնական վիճելի հարցերը՝ Ղարաբաղի և Շարուր-Նախիջանի կարգավիճակի, փոքրամասնությամբ բնակեցված մասամբ ինքնավար անկլավների, փախստականների վերադարձի, զինաթափման:
Փաստաթուղթը, ինչպես գրում է Ռիչարդ Հովհաննիսյանը, հիմնականում իրենից ներկայացնում էր նպատակների հռչակում, ստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Ալեքսանդր Խատիսյանն ու Նասիբ բեկ Ուսուբբեկովը, որպես վկաներ ներկա էին ամերիկյան բանակի գնդապետ Ջեյմս Ռեյը (Col. James C. Rhea) և Վրաստանի արտգործնախարար Եվգենի Գեգեչկորին:
Ադրբեջանի ռազմական անհաջողությունը և իրադրությունից օգտվելու Հայաստանի մտադրությունը նոյեմբերի 19-ին Խատիսյանին և Ուսուբբեկովին Թիֆլիս բերեցին: Երկու վարչապետները, որոնց մեծ շուքով դիմավորեցին Վրաստանի պաշտոնատար անձինք և դիվանագիտական կորպուսի անդամները, զատ-զատ քաղաքավարական այցեր կատարեցին, մասնակցեցին գնդապետ Ռեյի հյուրընկալած ընթրիքին, այնուհետև ուղեկցեցին Գեգեչկորուն և Ռեյին՝ Վրաստանի օպերային թատրոնում դիտելու “Աբիսողոմ և Էթերի” ներկայացումը:
Վրացի, հայ և ադրբեջանցի ղեկավարների պահվածքի, հագուկապի ու տեսքի նմանությունները կրկին դժվար էր պատկերացնել, որ նրանք միմյանց նկատմամբ նկատմամբ խորին անբարյացակամություն տածող և փոխադարձ ճնշամիջոցների մեջ ընկղմված ժողովուրդներ էին ներկայացնում:
[Հայ-ադրբեջանական համաձայնության ստորագրման] արարողությանը հաջորդեց շքեղ ճաշկերույթ Օրիենթ հյուրանոցում: Թամադայի՝ Դավիթ Ղամբաշիձեի առաջարկով, նախ բաժակ բարձրացվեց Ուսուբբեկովի և Խատիսյանի պատվին, այնուհետև անդադար կենացներով ողջունեցին Գեգեչկորուն, Ռամիշվիլուն, Ռեյին, Ուորդրոփին, դե Նոնանկուրին, Գաբբային և բարձրաստիճան ուրիշ անձանց:
Ռեյը խմեց Անդրկովկասի փառքի ու բարգավաճման կենացը:
Խատիսյանն ու Ուսուբբեկովը իրենց վստահությունը հայտնեցին առ այն, որ երիտասարդ հանրապետությունները գտնվում են համագործակցության մի նոր փուլի շեմին:
Խատիսյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունն ու ՀՅ Դաշնակցությունը միանգամայն վճռական են տրամադրված ադրբեջանական ժողովրդավար պետության հետ սերտ, տևական կապեր հաստատելու հարցում:
Ուսուբբեկովը պատասխանեց, որ ինքը միշտ հավատացել է, որ երկու ժողովուրդ, որոնք հազար տարի ապրել ու տառապել են միասին, առկա քաղաքական բոլոր հիմնախնդիրները կարող են հարթել բարեկամաբար:
Աղբյուրը՝ Ռիչարդ Գ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հատոր 2, Վերսալից-Լոնդոն, 1919-1920, Երևան-2014, էջ 264-265:













