Եղեգիս գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, մարզկենտրոնից մոտ 18 կմ, մայրաքաղաք Երևանից` 135 կմ հեռավարության, ծովի մակարդակից ավելի քան 1600 մետր բարձրության վրա: Նախկինում ունեցել է Էրդափին, Ալագյոզ, Ալայազ, Մազրա Քարիմխան, իսկ ավելի վաղ՝ միջնադարում՝ Եղեգիս անունը: 1988թ. սկսված հայ-ադրբեջանական դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով, վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։
Եղեգիս գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 98 հոգի, որից 66-ը՝ հայ, 32-ը՝ իսլամ,
1873 թվական – 223 հոգի, բոլորը՝ թաթար,
1886 թվական – 356 հոգի, բոլորը՝ թաթար,
1897 թվական – 412 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,
1904 թվական – 524 հոգի,
1914 թվական – 524 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1914 թվական – 576 հոգի,
1916 թվական – 322 հոգի,
1919 թվական – 97 հոգի,
1922 թվական – 271 հոգի, որից 91-ը՝ հայ, 180-ը՝ թրքո-թաթար,
1926 թվական – 268 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 267-ը՝ թուրք, 1-ը՝ հայ,
1931 թվական – 353 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:
Միջնադարյան Եղեգիսը Հայատասանի ամենահարուստ համայքներից է էր, 13-14
դարերում եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։ Գյուղի Սուրբ
Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թվականին՝ ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները 13-րդ դարի կառույցներ են։ Գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել է 13-րդ դարի
թվագրությամբ հրեական գերեզմանատուն։
Եղեգիսը, ըստ մարզպետարանի տվյալների, ունի 438 հոգի բնակչություն: Եղեգիսը մաս է կազմում Եղեգիս խոշորացված համայնքի, որը կազմավորվել է 2017 թվականի հունիսի 9-ին: Համայնքի կենտրոնը Շատինն է: Համայնքի մյուս բնակավայրերն են Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Շատին, Սալլի, Վարդահովիտ և Քարագլուխ գյուղերը։
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Կարդալ և դիտել նաև՝













