Միջազգային մոնիթորինգ անցկացնելու ԵԱՀԿ փորձը. Գարիկ Չիլինգարյանի հոդվածը

1757

Նախկին դիվանագետ, ԵԱՀԿ` Վրաստանում Սահմանային Դիտորդական Առաքելության և Ուկրաինայում Հատուկ Դիտորդական Առաքելություն նախկին աշխատակից Գարիկ Չիլինգարյանի այս հոդվածը հրապարակվել է https://newarmenia.am/ կայքում:

Մաս 1

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները վերստին առաջ քաշեցին հակամարտ կողմերի միջև զինադադարի ռեժիմի պահպանման խնդիրը: Ակնհայտ է, որ զինադադարի ցանկացած նման ռեժիմ նախատեսում է նաև այդ ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի համակարգ, որն ինքնին ենթադրում է ռեժիմի խախտման դեպքերի ֆիքսում, այնուհետև հետաքննություն ու խախտող կողմի հայտնաբերում: Հակառակ դեպքում, եթե չկան այս տարրերը, ապա մոնիթորինգի իմաստն ինքնին կորչում է: Այլ հարց է, թե ինչ պիտի հետևի ռեժիմի խախտման մեղավորին հայտնաբերելուց հետո՝ որոշակի պատժամիջոցներ կամ, գոնե միջազգային հանրության կողմից դատապարտում: Բայց այս պահին դա բոլորովին այլ թեմա է:

Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով զինադադարի ռեժիմի պահպանման այսպես կոչված մոնիթորինգը, որն իրականացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի կողմից` վերը նշված տարրերի բացակայության արդյունքում, տարիների ընթացքում կարծես վերածվել է զուտ ձևական, ֆորմալ գործողության: Եվ ներկայիս սահմանային սրացումների պատճառներից մեկն էլ հենց դա է` մոնիթորինգի ձևական բնույթը, ինչի ապացույցներից մեկը նախ այդ մոնիթորինգի հաճախականությունն է` 3-4 ամիսը մեկ անգամ, ընդամենը 5-6 դիտորդի մասնակցությամբ և այլն: Լարվածության թուլացմանը և հրադադարի ռեժիմի խախտումների կանխարգելմանը կարող էր նպաստել շփման գծում միջադեպերի համատեղ հետաքննության վերաբերյալ տարիներ առաջ (2016 թ.) համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական կիրառումը: Չափազանց կարևոր կլիներ նաև հակամարտ կողմերի միջև վստահության ամրապնդման նոր միջոցների մշակումը և կյանքի կոչելը: Բայց արդարության համար պետք է նշել, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են բոլորը, այդ թվում` հակամարտության կողմերը, և Հայաստանը, և Ադրբեջանը: Սակայն, եթե Ադրբեջանի կամ Կասպրշիկի դեպքում մոնիթորինգին նման անլուրջ վերաբերմունքը հասկանալի է, ապա մեր դեպքում այսօր դա անհանդուրժելի է:

Երկու խոսք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի գրասենյակի մասին

Այստեղ, հավանաբար, կարիք կա փոքր ինչ մանրամասն անդրադառնալ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի ղեկավարած գրասենյակի առաքելությանը և դրա պատմությանը: Գրասենյակի ադմինիստրատիվ կայանը Թբիլիսիում է, բայց այն ունի փոքր անձնակազմ (1-2 հոգի) նաև Բաքվում, Երևանում և Լեռնային Ղարաբաղում, որոնք հիմնականում զբաղված են ոչնչով, բացառությամբ` 3-4 ամիսը մեկ անգամ անցկացվող, շատ հաճախ՝ ձևական մոնիթորինգը: Գրասենյակի ղեկավարը մշտական կապ է պահպանում հակամարտող կողմերի քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: ԵԱՀԿ գործող նախագահը հակամարտության վերաբերյալ տեղեկատվությունը ստանում է հենց դեսպան Կասպրշիկից: Միաժամանակ, այս գրասենյակը ծառայում է որպես կողմերի միջև միջնորդ և ամենակարևորը` պարբերաբար իրականացնում է զինադադարի ռեժիմի պահպանման վերը նշված մոնիթորինգը: ԵԱՀԿ ամբողջ տարածքում այս առաքելությունն ամենաբարձր վարձատրվող առաքելությունն է, որն, ի դեպ, անորոշ ժամանակով դադարեցրել է այցելությունները տարածաշրջան՝ պայմանավորված Covid-19 համավարակով  (հավանաբար դեր է խաղում նաև Կասպրշիկի՝ ռիսկային տարիքում լինելու հանգամանքը): Այո, այս փաստը բավականին զավեշտալի կլիներ, եթե չլիներ այդքան տխուր, մանավանդ, հաշվի առնելով շփման գծում վերջին իրադարձությունները, որոնց ընթացքում այդ գրասենյակի գեթ մեկ ներկայացուցիչ ներկա չգտնվեց սահմանի ոչ այս, ոչ էլ այն կողմում: Ցավոք սրտի, մոնիթորինգի անցկացման համար համավարակը զսպող գործոն դարձավ միայն մեզ համար, քանզի նույն համավարակի պայմաններում Ուկրաինայում տեղակայված ԵԱՀԿ Հատուկ Դիտորդական Առաքելությունը շարունակում է աշխատել 24/7 ձևաչափով և ամենօրյա ռեժիմով, զեկույցների տեսքով, ԵԱՀԿ մասնակից-պետություններին մատակարարում է Դոնբասի հակամարտության վերաբերյալ չափազանց կարևոր տեղեկատվություն, ներառյալ հակամարտ կողմերի միջև զինադադարի ռեժիմի պահպանման, դրա խախտումների, ինչպես նաև այդ խախտումների հետաքննության արդյունքների վերաբերյալ: ԵԱՀԿ մասնակից-պետությունները ամենօրյա ռեժիմով տեղեկանում են զինադադարի ռեժիմի խախտման և խախտող կողմերի վերաբերյալ:

Այս համատեքստում, իհարկե, շատ կարևոր է առաքելության ղեկավարի` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դերը, որն այդ պաշտոնը ստանձնել է 1996 թվականից: Դեսպան Կասպրշիկը բավականին տարիքով մարդ է և հասկանալի պատճառներով արդեն բավականին հոգնած այս ամենից: Նա, սակայն, տարիներ շարունակ կարողացել է իր շուրջ ստեղծել անփոխարինելի մարդու և հակամարտության գիտակի իմիջ: Գիտա՞կ: Միգուցե: Բայց, անփոխարինելի՞: Չենք կարծում: Արդյունքում, տարիներ շարունակ, կողմերը գտել են, որ ավելի լավ է լինի Կասպրշիկը, քան թե որևիցե նոր, անփորձ, հակամարտության նրբություններից և կողմերի էմոցիոնալ կետերից անտեղյակ մարդ: Կասպրշիկի շուրջ ստատուս քվոն, կարծես թե, միակ ստատուս քվոն էր, որի շուրջ ձևավորվել էր կոնսենսուս:

Սակայն, հաշվի առնելով ստեղծված նոր իրողությունները և թշնամու օր օրի աճող ռազմատենչ տրամադրությունները` միգուցե ժամանակն է դուրս գալ տարիների ընթացքում ձևավորված կաղապարներից, քարացած դիրքորոշումներից և այստեղ էլ իրականացնել, ինչպես վարչապետն էր ասում, մինի հեղափոխություն և սկսել հարգարժան դեսպան Կասպրշիկին նոր, թարմ, համարձակ և աշխատող դիվանագետով փոխարինելու գործընթացը: Չի կարող 24 տարի նույն աշխատանքն անող մարդը լինել էֆեկտիվ: Էլ չենք խոսում տարիքը և այլն: Վստահորեն, նոր, եռանդով լցված և ամբիցիոզ ղեկավարը հայկական կողմի համար չափազանց կարևոր դաշնակից կդառնա ինչպես այդ առաքելության ընդլայնման, այնպես էլ մոնիթորինգի վստահելի համակարգ ստեղծելու հարցում:

Առաքելության ընդլայնում, Մոնիթորինգի համակարգի և հետաքննության մեխանիզմի ստեղծում

Վրաստան

Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնման, մոնիթորինգի համակարգի և հետաքննության մեխանիզմների ներդրման հարցին, ապա, իրավամբ ԵԱՀԿ-ն այն միջազգային կազմակերպություներից է, որն ունի նման մոնիթորինգի համակարգի բավականին հարուստ փորձ: Առաջին նման փորձը եղել է մոտ 20 տարի առաջ Վրաստանում, երբ չեչենական երկրորդ պատերազմի ընթացքում ռուսական ռազմաօդային ուժերը չեչեն գրոհայիններին հետապնդելու պատրվակով ներխուժում էին չեչենական կողմին ոչ պաշտոնապես սատարող Վրաստանի տարածք և գնդակոծում սահմանամերձ գյուղերը, որտեղ, իրոք, երբեմն ապաստան էին գտնում չեչեն վիրավոր գրոհայինները: Ի պատասխան վրացական կողմի բողոքներին` ռուսական կողմը ոչ մի կերպ չէր ընդունում իր կողմից վրացական տարածքի գնդակոծումների փաստերը (ռուսական օդուժն այդ պատժիչ ռեյդերն անցկացնում էր առանց տարբերանշանների ինքնաթիռներով և ուղղաթիռներով): Արդյունքում, վրացական կողմը դիմեց միջազգային հանրությանը և, ի պատասխան օգնության կոչերին, ԵԱՀԿ-ն որոշեց ռուս-վրացական սահմանի չեչենական և դաղստանյան  հատվածների երկայնքով վրացական կողմում (կարևոր է` վրացական կողմում) տեղակայել միջազգային սահմանային դիտորդական առաքելություն: Ի դեպ, հաշվի առնելով, որ ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, առաքելության տեղակայմանն իր համաձայնությունն էր տվել նաև Ռուսաստանը` ռուս դիտորդների մասնակցության պայմանով: Այդ առաքելության գործառույթներն էին. վրաց-ռուսական սահմանի երկայնքով, լեռնային շրջաններում մշտական հիմքով տեղակայված բազաներից գործող 400-ից ավել դիտորդների և մի քանի ուղղաթիռների միջոցով մոնիթորինգ և պարեկային ծառայություն, անվտանգության իրավիճակի դիտարկում, բոլոր սահմանային միջադեպերի՝  վրացական տարածքի ռմբակոծություն, հրաձգություն, անօրինական սահմանահատումներ, ներառյալ ցամաքային և օդային (ՌԴ օդուժի կողմից), ինչպես նաեւ սահմանամերձ տարածքներում ռազմական և հակաահաբեկչական գործողությունների մոնիթորինգ և դրա վերաբերյալ 27/7 ռեժիմով զեկույցների պատրաստում ԵԱՀԿ Վիեննայի կենտրոնակայանի և 57 մասնակից-պետությունների համար: Նման համապարփակ և ընդգրկուն մոնիթորինգն ուներ նաև չափազանց կարևոր կանխարգելիչ նշանակություն: Արդյունքում, վրացական տարածքի վրա հարձակումների քանակը նվազեց և համարյա զրոյացավ, իսկ սահմանամերձ գյուղերում վերջապես հաստատվեց խաղաղություն: Իհարկե, դրան նպաստեց նաև ՌԴ տարածքում չեչենական պատերազմի ավարտը:

Ուկրաինա (Դոնբաս)

Երկրորդ նման փորձը, ինչպես արդեն նշել էինք, Ուկրաինայում ներկայումս գործող ԵԱՀԿ Հատուկ Դիտորդական Առաքելությունն է, որի մարդկային և տեխնիկական ռեսուրսների առյուծի բաժինը տեղակայված է Դոնբասում և, բացի այլ հարցերից (տեղահանված անձինք, մարդու իրավունքներ և այլն), այս առաքելությունը զբաղված է նաև զինադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգով և խախտումների հետաքննությամբ: Տեխնիկապես ամենահագեցած առաքելություններից մեկն է, որի զինանոցում են. ցերեկային և գիշերային տեսախցիկներ, տեղաշարժի սենսորներ, ԱԹՍ-ներ, դիտորդների տեղակայման ինչպես հիմնական, այնպես էլ առաջնագծին մոտ տեղակայված ենթաբազաներ, ամենագնացների հսկայական պարկ և այլն: Ի դեպ, բացի առաքելության ղեկավարից, Դոնբասի հակամարտության հարցերով նույնպես նշանակված է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, որը հիմնականում զբաղվում է բանակցային հարցերով: Հակամարտության կարգավորման շրջանակներում գործում է նաև Եռակողմ Կոնտակտային Խումբը (ԵԿԽ), որն ունի տարբեր հարցերով (անվտանգության, քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլն) աշխատանքային խմբեր: Որպես օրինակ ներկայացնենք վերջին օրերին ԵԿԽ հերթական հանդիպման ընթացքում զինադադարի պահպանման վերաբերյալ ձեռքբերված բեկումնային պայմանավորվածություները` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված լրացուցիչ միջոցների վերաբերյալ, որոնց նպատակն է անորոշ ժամանակով ապահովել համապարփակ և կայուն հրադադարը: Նախատեսվում է, որ այդ լրացուցիչ միջոցների իրականացման մոնիթորինգը և տեխնիկական աջակցությունը ապահովում է վերը նշված ԵԱՀԿ Հատուկ Դիտորդական Առաքելությունը: Ստորև ներկայացնենք այդ կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հայտարարության մեջ նշված այդ լրացուցիչ միջոցներից միայն մի քանիսը.

  • հարձակողական և հետախուզական-դիվերսիոն գործողությունների արգելում, ինչպես նաև կողմերի ցանկացած տեսակի թռչող սարքերի օգտագործման արգելք;
  • կրակի, ներառյալ դիպուկահարների կիրառման արգելք;
  • բնակավայրերում և նրանց շրջակայքում, հիմնականում քաղաքացիական ենթակառուցվածքների, ներառյալ դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և հանրության համար բաց տարածքների մոտակայքում ծանր զինտեխնիկայի տեղակայման արգելք;
  • հրադադարի ռեժիմը խախտելու համար կարգապահական միջոցառումների արդյունավետ կիրառում և դրանց մասին ծանուցում ԵԿԽ համակարգողին, որն անմիջապես տեղեկացնում է ԵԿԽ բոլոր մասնակիցներին;
  • հրադադարի ռեժիմի խախտումներին արձագանքելու նպատակով համակարգող մեխանիզմի ստեղծում և գործարկում` հակամարտող կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ;

Ամենահեղափոխական կետերից մեկն էլ հետևյալն է.

  • հարձակողական գործողությունների դեպքում պատասխան կրակը* թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այն բացվի Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարության և անջատողականների զորամիավորումների ղեկավարության համապատասխան հրամանով՝ վերը նշված համակարգող մեխանիզմն օգտագործելու անհաջող փորձից հետո: ԵԿԽ-ն կտեղեկացվի նման հրամանների արձակման մասին: 
  • Վերոնշյալ միջոցները չեն կարող լիովին կամ մասնակիորեն չեզոքացվել կամ ուժը կորցրած համարվել կողմերի որևէ այլ հրամանով, ներառյալ գաղտնի:

* Հարձակողական գործողությունների տակ հասկացվում է վերը նշված հայտարարության ընդունման պահին զորքերի դիրքային տեղակայման փոփոխության ցանկացած փորձ, ներառյալ դիրքերի լրացուցիչ ինժեներական ամրապնդում, և (կամ) հակառակորդի ուղղությամբ զինված անձանց ցանկացած առաջխաղացում կամ տեղաշարժում, այդ թվում` հետախուզական կամ դիվերսիոն գործողություններ կատարելու նպատակով:

Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը և անջատողականների զինված կազմավորումները պետք է հրապարակայնորեն հայտարարեն բոլոր նշված միջոցառումները թվարկող հրամանների արձակման մասին և հաստատեն, որ հրադադարի մասին այդ հրամանները համապատասխանում են համատեղ ընդունված այս միջոցներին:

Այլ հարց է, թե ինչ արդյունավետությամբ կիրականացվեն նշված միջոցները, հաշվի առնելով, որ մինչ այս ևս եղել են զինադադարի վերաբերյալ որոշ պայմանավորվածություններ, որոնք ամբողջությամբ չեն պահպանվել: Բայց խնդրո առարկայի լույսի ներքո դա էական չէ, քանզի ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքում անգամ որևիցե քայլ չի արվել այդ ուղղությամբ, բացի, ինչպես նշել էինք, Կասպրշիկի գրասենյակի կողմից արդեն ձևական բնույթ կրող 3-4 ամիսը մեկ անգամ անցկացվող մոնիթորինգի: Այդ իսկ պատճառով, անկասկած, թվարկված միջոցներից անգամ մի քանիսի կիրառումը ղարաբաղյան հակամարտության շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ի զորու են ապահովել անվտանգության շատ ավելի բարձր մակարդակ, քան ունենք այսօր, և Հայաստանը, անշուշտ, պետք է լրջորեն ուսումնասիրի ԵԱՀԿ վերը նշված փորձը և Վրաստանի, և Ուկրաինայի դեպքում: Պետք է հասկանալ, որ ցանկացած մոնիթորինգ, որը կրում է հնարավորինս համապարփակ և ընդգրկուն բնույթ և հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, միանշանակ կատարում է չափազանց կարևոր զսպող և կանխարգելիչ դեր, ինչն իր հերթին ապահովում է հարաբերական խաղաղություն տարածաշրջանում: Եվ իրավամբ անհասկանալի է, թե ինչու մինչ այս չենք ձեռնարկել քայլեր այս ուղղությամբ: Այո, մենք պատերազմ չենք փնտրում, պատերազմից էլ չենք փախչում, բայց մենք 10 միլիոն բնակչություն ունեցող և իր սեփական ժողովրդի վրա թքած ունեցող Ադրբեջանը չենք, մեզ համար կարևոր և արժեքավոր է ցանկացած հայի, առավել ևս` հայ զինվորի կյանքը։

Մաս 2

Գաղտնիք չէ, որ մենք ապրում ենք բավականին անկայուն տարածաշրջանում, և անվտանգության հարցը մշտապես օրակարգում է՝ հաշվի առնելով, թե որ երկրներն են սահմանակից այս տարածաշրջանին, որտեղ ցանկացած էսկալացիա կարող է բերել շատ լուրջ հետևանքների ամբողջ Մերձավոր Արևելքի համար: Հետևանքների, որոնք  անհնարին կդարձնեն ոչ միայն երկու երկրների խաղաղ գոյակցությունը, այլև գոյությունն ընդհանրապես:

Մինսկի խմբի համանախագահներն այս օրերին կոչ արեցին անհապաղ վերսկսել կողմերի միջև առարկայական բանակցությունները: Բայց, եթե թնդանոթները չեն լռում, ինչպե՞ս կարելի է վերսկսել առարկայական բանակցություններ: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կատարի իր աշխատանքը առանց հետագա ռազմական սադրանքների, որոնք, միանշանակ, խանգարում են բանակցային գործընթացին: Ավելին, անհնարին են դարձնում այն: Որևէ բովանդակային բանակցությունների անհրաժեշտ նախապայման պիտի լինեն անվտանգային հարցերը` սկզբից անվտանգություն, հետո բանակցություններ և մնացած ամեն ինչը: Իսկ զինադադարի ռեժիմի պահպանումը այդ անվտանգության մթնոլորտի անհրաժեշտ պայմանն է: Ուստի, բանակցային գործընթացի առարկայական առաջընթացի համար անհրաժեշտ է անմիջապես մշակել և ներդնել զինադադարի ռեժիմի պահպանման վստահելի միջազգային համակարգ։ Այո, Ադրբեջանի՝ արդեն իսկ հայտնի դիրքորոշման պատճառով այդ գործընթացը հեշտ և արագ չի լինի, բայց մի օր դա պետք է սկսել և, անշուշտ, նախաձեռնությունը պիտի լինի մեր կողմից։ Կարևորը նաև այն է, որ այդ գործընթացի արդյունքները հայկական կողմի համար ստեղծելու են, այսպես կոչված, win-win (շահեկան ամեն դեպքում) իրավիճակ.

  • հաջողության և այդ համակարգի ներդնման դեպքում, մենք կունենանք անվտանգության շատ ավելի բարձր մակարդակ;
  • գործընթացի տապալման դեպքում հայկական դիվանագիտությունը պետք է ամբողջ աշխարհին ի ցույց դնի Ադրբեջանի ոչ կառուցողական ու ագրեսիվ պահվածքը, և այսուհետ միջազգային հանրության աչքերում իրավիճակի ցանկացած սրացման դեպքում մեղավոր պետք է ճանաչվի միայն ու միայն Ադրբեջանը։
Մեր օրակարգի առաջխաղացման հնարավոր տարբերակներ

Եվ ուրեմն, ինչպես նշել էինք, այն կազմակերպությունը, որը զբաղվում է ԼՂ հակամարտության կարգավորման և զինադադարի մոնիթորինգի հարցերով, այն է` ԵԱՀԿ-ն, կուտակել է զինադադարի ռեժիմի պահպանման իրական մոնիթորինգի ահռելի և ունիկալ փորձ: Սակայն, ելնելով ԵԱՀԿ շրջանակներում որոշումների ընդունման կոնսենսուսի սկզբունքից, առաջին հայացքից, անհնարին է թվում ԵԱՀԿ կողմից լայնածավալ, ընդգրկուն և տեխնիկապես հագեցած մոնիթորինգի վերաբերյալ որոշման ընդունումը: Նման թանկարժեք առաքելությունները, նախևառաջ, կախված են բյուջեից: Իհարկե, նաև մարդկային ռեսուրսներից: Այստեղ հարկ է նշել, որ ԵԱՀԿ տրամաբանությամբ, ցանկացած գործողություն ծրագիր է, որը պիտի ունենա ֆինանսավորում, մարդկային ռեսուրս, կառավարում և այլն: Որևիցե ծրագրի վերաբերյալ քաղաքական «դաբրոյի» բացակայության դեպքում, կիրառվում է վետոյի իրավունքը, որը, բացի ամենից կիրառվում է նաև նշված տարրերից մեկի` ֆինանսավորման հարցում: Ինչը, անշուշտ, մեր դեպքում կկիրառի Ադրբեջանը: Բայց իրավիճակն այդքան էլ անհուսալի չէ և, միգուցե, կան ելքեր: Իրոք, վերջին տարիներին, որոշ պետություններ այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց անհամաձայնությունը արտահայտում են ֆինանսական լծակի օգտագործմամբ, օրինակ՝ չհաստատելով բյուջեն: Տարիներ առաջ, Ադրբեջանը փակել տվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հենց բյուջեն չհաստատելու միջոցով: Դա այն դեպքում, երբ հայկական կողմը դեմ չէր, որ ԵԱՀԿ-ն շարունակի գործել Հայաստանի տարածքում: Նմանատիպ օրինակներից էր նաև, Վրաստանում տեղակայված Սահմանային Դիտորդական Առաքելությունը, որը ֆինանսավորվում էր ԵԱՀԿ հիմնական բյուջեից և Ռուսաստանում Վ. Պուտինի, իսկ Վրաստանում Մ. Սաակաշվիլիի իշխանության գալուց և վրաց-ռուսական հարաբերությունների հերթական սրացումից հետո, փակվեց Ռուսաստանի կողմից՝ բյուջեն չհաստատելու միջոցով:

Առաջին հայացքից աննորմալ երևույթ է, երբ մի երկրի տարածքում ԵԱՀԿ գործունեությունը կամ այդ պետության համար շատ օգտակար ծրագրերը կասեցվում են մեկ այլ երկրի կողմից: Եվ հենց այդ անհեթեթ կարգավորումը շտկելու նպատակով ժամանակին ԵԱՀԿ-ում ստեղծվեց այսպես կոչված, արտաբյուջետային ծրագրերի համակարգ: Ճիշտ է, հայկական կողմը ժամանակին որոշ վերապահումներ ուներ այդ համակարգի վերաբերյալ` ծրագրերի իրականացման վայր հանդիսացող երկրի համաձայնության անհրաժեշտության տեսակետից: Բայց դա այլ թեմա է: Ինչպես արդեն նշել էինք, ԵԱՀԿ ցանկացած գործողություն ի վերջո ծրագիր է, ներառյալ Կասպրշիկի գրասենյակի գործունեությունը կամ այդ գործունեության շրջանակներում իրականացվող որևիցե գործողություն` առաքելության ընդլայնում, տեխնիկական միջոցներ և այլն: Եվ այստեղ մեզ համար կարող է բացվել հնարավորությունների պատուհան, այն է` ընդլայնված մոնիթորինգի և հետաքննական մեխանիզմների ներդնման ֆինանսավորումը ապահովել արտաբյուջետային աղբյուրներից, օրինակ՝ աշխատանք տանել Սկանդինավյան երկրների հետ`համապատասխան ֆինանսավորման հայթայթման նպատակով: Այստեղ հարկ է նկատել, որ սկանդինավները նաև համեմատաբար չեզոք են, և նրանց թեկնածությունը կարող է դիտարկվել նաև Կասպրշիկին փոխարինելու գործընթացում: Ինչպես արդեն ակնարկել էինք, բացի ֆինանսավորումից, ծրագրի արտաբյուջետային լինելը նաև չեզոքացնում է ԵԱՀԿ-ում ընդունված կոնսենսուսի սկզբունքը: Այսինքն, Ադրբեջանն, ըստ ամենայնի, չի կարող վետո դնել Հայաստանում իրագործվող որևիցե ծրագրի վրա, քանի որ այն որոշվում և ֆինանսավորվում է ֆինանսավորող և ընդունող կողմի համաձայնությամբ: Իհարկե, այստեղ կա մեկ նրբություն` ծրագրի արտաբյուջետային լինելը նշանակում է, որ, արդյունքում, այդ մոնիթորինգը պետք է անցկացվի միայն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում: Ինչը նշանակում է, որ այն չի կարող անցկացվել Արցախում` շփման գծի երկայնքով: Վերջին իրադարձությունների լույսի ներքո, զինադադարի պահպանման գործում մոնիթորինգը միայն հայ-ադրբեջանական սահմանին նույնպես բավականին լուրջ ձեռքբերում կլինի: Ինչպես նշել էինք, նմանատիպ (սահմանի միայն մի կողմում) մոնիթորինգի առաքելություն էր նաև Վրաստանում տեղակայված Սահմանային Դիտորդական Առաքելությունը, որն, ի դեպ, ֆինանսավորվում էր ԵԱՀԿ հիմնական բյուջեից, ինչն էլ հետագայում` Ռուսաստանում Պուտինի, իսկ Վրաստանում Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո և վրաց-ռուսական հարաբերությունների հերթական սրացումից հետո, հնարավորություն տվեց Ռուսաստանին փակել այդ առաքելությունը՝ բյուջեն չհաստատելու միջոցով: Ուկրաինայում տեղակայված Հատուկ Դիտորդական Առաքելության մանդատը նույնպես ընդունվել է կոնսենսուսով, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի Ռուսասատանը կարող է փակել այն: Ուստի, չնայած մի շարք կարևոր սահմանափակումների, մոնիթորինգը որպես արտաբյուջետային ծրագիր ընդունելու դեպքում, Ադրբեջանի ազդեցությունը համարյա հավասար է զրոյի:

Արդեն իսկ գոյություն ունեցող որոշ կառույցների վերակեենդանացում

Վերը նշվածն ամենևին չի նշանակում, թե մենք չպիտի փորձենք հասնել զինադադարի ռեժիմի միջազգային մոնիթորինգի ստեղծմանը` ԵԱՀԿ  Մշտական խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համաձայնությամբ և շրջանակներում: Եւ այս հարցում պետք է արդյունավետ գործակցություն ծավալվի միջնորդ երկրների հետ նաև երկկողմ մակարդակում: Այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը մինչև վերջ դիմադրի, մենք, կարող ենք փորձել արտաբյուջետային ծրագրերի տարբերակը, մանավանդ, որ և՛ Վրաստանում տեղակայված Սահմանային Դիտորդական Առաքելության, և՛ Ուկրաինայում տեղակայված Հատուկ Դիտորդական Առաքելության դեպքում էլ եղել են այդ առաքելությունների որոշ տարրեր, որոնք կրել են արտաբյուջետային ծրագրի բնույթ և ֆինանսավորվել են արտաբյուջետային աղբյուրներից: Ինչ վերաբերում է նման լայնածավալ մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմի տեխնիկական հարցերի մշակմանը, ապա կողմերը հնարավորություն ունեն ներգրավել ԵԱՀԿ ևս մեկ մասնագիտացված կառույց, որը ժամանակին ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապագա խաղաղապահ գործողությունների տեղակայման պլանների մշակման համար: Խոսքը, այսպես կոչված` Բարձր մակարդակի պլանավորման խմբի մասին է (HLPG), որը, բաղկացած է հիմնականում զինվորական մասնագետներից, որոնք, ի դեպ, նույնպես մատնված են անգործության, և որոնց պետք է աշխատեցնել ի շահ ԼՂ հակամարտության կարգավորման և տարածաշրջանում անվտանգության մթնոլորտի հաստատման և, հետևաբար, բանակցային գործընթացի խթանման համար:

Եզրափակիչ դրույթներ

Նման արյունալի և լարված հակամարտության դեպքում զինադադարի ռեժիմի լայնածավալ և ընդգրկուն, տեխնիկապես հագեցած մոնիթորինգի միջազգային համակարգի բացակայությունը խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը կարծես մոռացել է այս հակամարտության մասին: Իհարկե, այսօր բոլորը տարված են Դոնբասի խնդրով: Ի վերջո, Ուկրաինան գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Բայց գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանը նույնպես բավականին անկայուն է, և անվտանգության հարցը մշտապես օրակարգում է՝ հաշվի առնելով, թե որ երկրներն են սահմանակից այս տարածաշրջանին, որտեղ ցանկացած էսկալացիա կարող է բերել շատ լուրջ հետևանքների ամբողջ Մերձավոր Արևելքի համար: Հետևանքների, որոնք  անհնարին կդարձնեն ոչ միայն տարածաշրջանի երկրների խաղաղ գոյակցությունը, այլև գոյությունն ընդհանրապես: Եվ այս անհերքելի իրողությունները շահագրգիռ դերակատարներին հասցնելու բարդ, բայց, միևնույն ժամանակ, շնորհակալ գործն, անշուշտ, մեր արտաքին գերատեսչության առաջնային անելիքը պետք է դառնա:

Այս կապակցությամբ, հարկ է նշել, որ հուլիսի 18-ին իր առանցքային ելույթում վարչապետ Փաշինյանն ազդարարեց, որ հայկական կողմից ձեռնարկվելու են առարկայական քայլեր «հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիտորինգի միջազգային համակարգի ստեղծման ուղղությամբ»: Ինչպես նախկինում անդրադարձել էինք, այդ հարցը քննարկվել էր դեռևս 2016 թ. Ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց` մայիսի 16-ին և 20-ին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում: Սակայն, գործընթացը զարգացում չստացավ: Ո՛չ խախտումների քննության մեխանիզմը ստեղծվեց, ո՛չ էլ լուծվեց ԵԱՀԿ անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման հարցը: Ըստ ԱԳՆ խոսնակի, «առկա են անվտանգության և վստահության ամրապնդման ուղղությամբ հստակ առաջարկներ, ներառյալ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը և նրանց մշտական տեղակայումը, ուղիղ կապը և հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը»։ Խոսքը, հավանաբար, գնում է 2016-ին քննարկված առաջարկների մասին, որոնք, ցավոք, Ադրբեջանի կողմից արդեն իսկ մերժվել են և հնացած են: Ներկայումս պետք է մշակվեն զինադադարի պահպանման նոր ընդգրկուն միջոցներ, ինչպես նաև դրանց իրականացմանն ուղղված համապարփակ և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած մոնիթորինգի նոր համակարգ:

Գարիկ Չիլինգարյան

Լուսանկարում՝ Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ և Վահիդլի գյուղերը և Սևաքար բլուրը, որի շրջանում ընթանում էր վերջին հայ-ադրբեջանական ռազմական սրացումը