Թիֆլիսից Ղազախ և Երևան. Ազգային խորհրդի և Հայաստանի կառավարության մեկնումը 1918-ի հուլիսի 17-ին

4340

«Աշխատանքի դրոշակ» թերթը ՀՀ իշխանության կենտրոնական մարմինների՝ Թիֆլիսից Երևան ճանապարհվելու մասին

17 հուլիս 1918թ.

Հայոց ազգային խորհրդի և կառավարության մեկնումը նշանակված էր ամսիս 16-ի երեկոյան, բայց այդ տեղի չունեցավ նշանակված ժամին: Պատճառը [հետևյալն է]՝ Ազգային խորհրդին պատկանած ավտոմոբիլները գարաժից դուրս հանելու ժամանակ բռնվել են կարմիր գվարդիականների կողմից՝ չնայած այն բանի, որ նախօրոք այդ մասին ստացված էր համապատասխան թույլտվություն:

Այդպես ուրեմն՝ Ազգային խորհուրդը ստիպված եղավ այդ օրը հետաձգել իր գնալը մյուս օրվան, և մեկնեց ամսիս 17-ին, երեկոյան ժամը 5-ին: Կայարանում այդ մասին ոչ մի կարգադրություն չէր արված, ուստի և գնացքը, որ պետք է մեկներ ժամը 2-ին, մեկնեց ժամը 5-ին:

Աչքի էր ընկնում նույնպես վրաց կառավարության ներկայացուցչի բացակայությունը՝ չնայած նրան, որ Ազգային խորհրդի նախագահը գնալուց առաջ պաշտոնական այցելությունով եղավ [Ն.] Ժորդանայի մոտ:

Առանց միջադեպի նաև չկատարվեց վրացական հանրապետության սահմանն անցնելը: Գնացքը կանգնեցնում է գերմանական սպան, որը հայտնում է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Հայոց ազգային խորհրդի մեկնելու մասին: Իսկ Թիֆլիսում հավատացնում էին, որ այդ մասին կարգադրություն արդեն արված է: Գնացքը թույլ տվեցին անցնելու միմիայն շնորհիվ գնացքում ներկա գերմանական սպայի: Շատ սիրալիր ընդունեցին մեզ Ադրբեջանի սահմաններում՝ Փոյլի կայարանում: Վագոն է մտնում գավառապետի օգնականը և Գանձակի նահանգապետի կողմից ողջունում է Ազգային խորհրդին, որը երկու օր սպասել է Ազգային խորհրդին և հետո վերադարձել Գանձակ: Միևնույն ժամանակ հայտնում է, որ Ղազախում գիշերելու համար պատրաստված է առանձին տեղ:

Ազգային խորհուրդը և կառավարությունը որոշում են գիշերել գնացքում:

Փոյլի կայարանում մի քանի ճառեր արտասանվեցին և Ազգային խորհրդի գալու առթիվ նվագում էր սազանդարանների խումբը:

«Աշխատանքի դրոշակ», 25 հուլիսի, 1918թ., թիվ 29
«Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը (1918թ. մայիս-հուլիս). փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009, կազմող՝ Համո Սուքիասյան, էջ 162-163

Լուսանկարում՝ ՀՀ կառավարության շենքը 1918-1920-ին

Դիտել նաև՝