Կարճևան, Նյուվադի, Էյնաձոր և Թղութ. Հայաստան-Ադրբեջան վիճելի գյուղերն ու հողատարածքները Մեղրիի հատվածում

1797

1921 թվականի օգոստոսի 31-ին Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ ձևավորվեց Զանգեզուրի գավառը՝ Գորիս կենտրոնով:

Զանգեզուրի գավառը կազմված էր հետևյալ գավառակներից՝

Գորիսի

Դխի (Տեղ),

Տաթևի,

Սիսիանի (կենտրոնը՝ Բռնակոթ),

Ղափանի (կենտրոնը՝ Ղաթարի գործարանները)

և Մեղրիի։

Ամիսներ անց՝ 1922-ին, Մեղրիի գավառակը առանձնացվեց և դարձավ գավառ: Այդ տարիներին Մեղրին Խորհրդային Հայաստանի 9 գավառների մեջ ամենափոքրն էր և սակավամարդը:

1929 թվականի հուլիսին Մեղրիի գավառը ընդգրկվեց Երևանի գավառի մեջ:

1930 թվականի սեպտեմբերի 9-ին ձևավորվեց Մեղրիի շրջանը:

Մեղրիի գավառի գոյության ողջ ընթացքում խնդրահարույց էր Խորհրդային Ադրբեջանի Կարյագինոյի (Ջաբրայիլ) գավառի հետ ունեցած սահմանը: Հիմնական վեճը Արաքս գետի ափամերձ տարածքում գտնվող 3 գյուղերի` Նյուվադիի, Էյնաձորի, Թղութի (միասին ունեին 175 տուն, 664 բնակիչ) պատկանելության խնդիրն էր: (Աղբյուրը՝ Համո Սուքիասյան, Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի ձևավորման ընթացքը 1920-ական թվականներին, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակ, https://www.aniarc.am/2021/07/12/the-process-of-drawing-the-border-between-armenia-and-azerbaijan-in-the-1920s-12-07-2021/):

Ադրբեջանը հավակնություններ էր հանդես բերում նաև Մեղրու Կարճեւան գյուղի հողատարածքների նկատմամբ:

Նախիջևանի Գողթն գավառի միակ գյուղն է, որ մնաց Խորհրդային Հայաստանի կազմում:

1929 թվականի փետրվարի 18-ին Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությունը որոշեց Նյուվադի, Էյնաձոր և Թղութ գյուղերն իրենց հողատարածքներով փոխանցել Մեղրիի գավառին, իսկ Մեղրու գավառի Կարճեւան և Օրդուբադի գավառի Քիլիտ գյուղերի սահմանային վիճելի համարվող հողամասը գրեթե հավասարապես բաժանել երկու գյուղերի միջև: (ՀԱԱ, ֆ. 112, ց. 1, գ. 267, թ. 78–79 շրջ.):

Հաջորդ ամիսներին հայ-ադրբեջանական սահմանի Մեղրու հատվածում սահմանագծման աշխատանքներ կատարվեցին:

Լուսանկարում՝ Կարճեւան գյուղը