Օթարյան եղբայրները Վրաստանի Սղնախ քաղաքից՝ Դովեղի Սուրբ Սարգիս եկեղեցու իջևանատան բարերարներ. 1896-1897թթ

1654

Այս գրությունը, որ վերցրել ենք Թիֆլիսում լույս տեսած ՆՈՐ ԴԱՐ պարբերականից՝ ուրբաթ, օգոստոսի 22, 1897թ, թիւ 142, էջ 3, պատմում է Դովեղի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից իջևանատան կառուցման մանրամասները: Այս գրությունից ակնհայտ է դառնում, որ շինարարությունը հովանավորել են Օթարյան եղբայրները՝ Վրաստանի Սղնախ քաղաքից: Հոդվածը ուշագրավ մանրամասներ է ներկայացնում Սուրբ Սարգիս եկեղեցու մասին:

                                       Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

—–

ԲԱՐԱՆԱ (Ղազախի գաւառ), 15-ն օգոստոսի, 1897թ

Պատմական հին Գուգարաց նահանգի մի մասն է կազմում այժմեան Ղազախի գաւառը. այս գաւառը, ինչպէս և Հայաստանի ամէն գաւառ, նշանաւոր է իւր հոյակապ հին վանքերով, որոնցից միայն մի քանիսն են կանգուն մնացել, իսկ մեծ մասը աւերակներ են դարձել պարսկական աւերիչ աշխարհակալութեան ժամանակ: Կանգուն մնացած վանքերից իւրաքանչիւրը ունի իւր որոշ տօնը. այդ վանքերում իւր անունով սրբերի տօնի ժամանակ շրջակայ գիւղերից մեծ բազմութիւն է հաւաքիում, և կատարում են շքեղութեամբ:

Այս ուխտատեղիներից նշանաւոր է Դվեղու սուրբ Սարգիս ուխտատեղին, որի տօնի ժամանակ ահագին բազմութիւն է հաւաքւում Ղազախի, Լօռու գաւառներից, Թիֆլիսից և Սղնախից: Տօնը շարունակւում է ամբողջ մի շաբաթ:

Ուխտատեղին ներկայացնում է գեղեցիկ սրբատաշ քարերից շինած մի եկեղեցի, երկու խորաններով, որի արեւելեան կողմը գտնւում է սբ. Յարութեան մատուռը: Եկեղեցին շինւած է Թնդոց կոչուած քարաժայռի գլխին, որը մօտ երկու հարիւր սաժէն բարձրութին ունի, իսկ միւս կողմերից շրջապատուած է խիտ մայր անտառով: Այդ անտառից բխղում է մի աղբիւր, որը բացի առողջարար ջուր լինելուց, ունի և բժշկարար յատկութիւն աչքացավի և քոր կոչուած հիւանդութեանց համար: Սակայն ափսոս, որ այսպիսի մի նշանաւոր ուխտատեղին սենեակներ և գիշերելու տեղ չունի հեռաւոր տեղից եկած ուխտաւորների համար, որ անյարմար է մանաւանդ անձրևային եղանակներին: Աչքի առաջ ունենալով այս պակասութիւնը մեր գաւառի երկրորդ մասի գործակալ բարեկրօն Յովհաննէս քահ. Տէր Խաչատրեանցը անցեալ տարի, տօնի օրը մի քարօզ խօսեց այդ մասին: Սղնախցի երկրորդ կարգի վաճառական եղբարք Օթարեանները, որ ուխտ էին եկած սուրբ Սարգիս, մեծ ուրախութեամբ ցանկութիւն յայտնեցին մի երկյարկանի շինութիւն շինել: Շինութիւնը արդէն աւարտուած է. նա պարունակում է վեց գեղեցիկ սենեակներ իրեն խոհանոցով. տանիքը մետաղեայ և թիթեղով է ծածկուած: Շինութեան հիմքը ձգուած է Թնդոց քարաժայռի գլխին, գեղեցիկ բանաստեղծական ձևով շինուած եկեղեցու հանդէպ, իսկ արևմտեան կողմից գտնւում է մի փոքրի պարտէզ:

Այս վեց սենեակները շատ քիչ են այն ահագին բազմութեան համար որ հաւաքւում է տօնի ժամանակ. ուխտատեղի արդիւնքը յատկացրած է Ներսիսեան Հոգևոր դպրոցին, ուստի աւելորդ չէր լինիլ նկատել նոյն դպրոցի հոգաբարձութեանը, որ նա նախօրօք մտածէր այդ մասին և սենեակներ աւելացնէր ու ճանապարհը շինէր:

Մենք լիայոյս ենք, որ տեղական ժողովուրդը ուրախութեամբ կօգնէ հոգաբարձուաց մատակարարելով շինութեան փայտը և քարը: Այդ կատարելով, Ներսիսեան դպրոցի հոգաբարձութիւնը երկու բարի գործ կլինի արած. առաջինը զարդարելով ուխտատեղին մի անմոռաց յիշատակ կթողնէր մեր գաւառում և երկրորդ, կկրկնապատկէր իւր արդիւնքը:

Տ. Խ. Տ.

Լուսանկարը՝ Րաֆֆի Քորթոշյանի