Հայկական ջարդերը Բաքվում, Զաքաթալայի, Նուխիի, Արեշի, Գյոկչայի ու Շամախիի շրջաններում. 1918-1919 թվականներ

1587

Ելիզավետպոլի լեռնային վիճարկվող հատվածներում բնակվող 300 հազար հայությունից բացի մոտ 250 հազար հայ ապրում էր Ադրբեջանի տարածքներում: Նրանց մեծ մասը 1918 թվականի օսմանա-ադրբեջանական հարձակման ընթացքում տնտեսական և ֆիզիկական վնասներ էին կրել, իսկ տարվա վերջին թուրքերի հետ քաշվելուց հետո նրանք մանր ինքնագլուխ պաշտոնյաների և զինված քոչվոր հրոսակախմբերի թիրախ դարձան:

1919 թվականի Բաքվի քաղաքային վարչության հրատարակած տվյալները ցույց են տալիս, որ 1917-ին քաղաքի 238.168 բնակիչներից 77.123-ը ռուս էին, 67.190-ը՝ ադրբեջանցի, 52.184-ը՝ հայ, 12.427-ը՝ հրեա, 11.904-ը՝ պարսիկ: Ավելի փոքր թիվ էին կազմում վրացիները, լեհերը, գերմանացիները, լեռնականները:

Բաքվի քաղաքային դումայում 1919թ ընտրվել էին 38 հայ, 31 մահմեդական, 19 ռուս, 12 հրեա, 3 լեհ և 2 վրացի:

Սեպտեմբերի 15-ին Բաքվի անկումը հանգեցրեց հազարավոր հայերի կոտորածին և կամ նյութական կործանմանը, հատկապես Արմենիքենդ թաղամասում:

Երբ 1918 թվականի նոյեմբերին օսմանյան զորքերի Բաքվից հեռանալուց և բրիտանացիների մուտքից հետո փախստականներն սկսեցին վերադառնալ, վերականգնված Բաքվի Հայոց Ազգային խորհուրդը տեղի տվեց զորավար Թոմսոնի այն պնդմանը, որ, իբրև Փարիզի Հաշտության վեհաժողովի կարգավորմանը նախորդող կայունացնող միջոցառում, հայերը մաս կազմեն Ադրբեջանի կառավարությանն ու օրենսդիր մարմնին:

Ադրբեջանի հայերից առավելապես տուժեցին Զաքաթալայի, Նուխիի, Արեշի, Գյոկչայի ու Շամախիի 100 հազար բնիկները: Լինելով 1918 թվականի ադրբեջանա-թուրքական առաջխաղացման ճանապարհին՝ նրանց քաղաքներն ու գյուղերը կործանվել էին, իսկ ժողովուրդը վռնդվել, կոտորվել կամ հպատակեցվել: Ողջ մնացածների թշվառությունը 1919 թվականին հարուցեց Բաքվի հայկական հայրենակցական միությունների, Խորհրդարանի պատգամավորների և հայկական մամուլի անդադար բողոքները:

… Հրոսակախմբերը շարունակում էին հարձակվել Զաքաթալայում մնացած մի քանի հարյուր հայերի վրա: Շամախին վերածվել էր սպանդանոցի, իսկ եկեղեցական թեմի 23 դպրոցները փակվել էին: Գյոկչայի շրջանում նախապատերազմական 20 հազար հայ բնակչությունից մնացել էր ընդամենը 2.500, և գրեթե բոլորը քշվել և կենտրոնացվել էին մի քանի վայրերում:

… Արեշի և Նուխիի շրջանների 55 հազար հայերի մոտ կեսը դեռևս ողջ էր մնացել… 1918 թվականի ամռան կռիվներն ավարտվեցին 51 հայկական գյուղերից 48-ի կործանմամբ, մոտ 25 հազար մարդու ոչնչացմամբ և բազմահազար կանանց ու աղջիկների առևանգմամբ:

Նուխիի և Արեշի հայրենակցական միությունը 1919 թվականի մի երկար հուշագրում մանրամասնորեն նկարագրում է Նիջ, Վարդաշեն և Ջալութ երեք կանգուն գյուղերում այդ պահին կուտակված գյուղացիների դեմ կատարվող սանձարձակությունները:

… Ելիզավետպոլի գավառի 50 հազար հայերը 1918 թվականին չէին դիմադրել թուրք-ադրբեջանական զորքերին և ենթարկվել էին զինաթափվելու մասին Նուրի փաշայի վերջնագրին և հանձնվել Ադրբեջանի կառավարությանը: Չնայած կողոպուտներին ու հալածանքներին, Գյանջայի 12 հազար հայերը և շրջանի գյուղացիների մեծ մասը չէին տեղահանվել կամ կոտորվել: Պատերազմի վերջում, երբ Ադրբեջանի Խորհրդարանը վերակազմավորվեց, Գանձակի Հայոց Ազգային խորհուրդը օրենսդիր այդ մարմնի համար երկու պատգամավոր ընտրեց:

Ադրբեջանի օրենդիր մարմնի հայկական խմբակցությունը կազմված էր 10 անդամից, որոնց թվում էին 5 դաշնակցական, 4 ժողովրդական (նացիոնալ դեմոկրատ) և 1 սոցիալիստ-հեղափոխական: Բաքվից առաջին անգամ ընտրված հինգ պատգամավորներն էին Պողոս Չուբարը, Ա. Պապյանը, Աբրահամ Դաստակյանը, Արշակ Պարոնյանը և Ստեփան Թաղիանոսյանը, Ելիզավետպոլից ընտրված պատգամավորներն էին Խորեն Համասփյուռը, Ի. Խոջայանը, Արշակ Մալխասյանը, Ա. Տեր-Ազարյանը և Տեր-Իսրայելյանը:

Աղբյուրը՝ Ռիչարդ Գ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հատոր 2, Վերսալից-Լոնդոն, 1919-1920, Երևան-2014, էջ 218-224: