Խորհրդային Հայաստանի զինանշանը 1920-1930-ական թվականներին. Արա Սանջյան

1430

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆԱՆԻՇԸ 1920-1930-ԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆՆԵՐՈՒՆ

1922 թուականին վաւերացուած Խորհրդային Հայաստանի սահմանադրութեան 88-րդ յօդուածը կ’ըսէր (նախքան ուղղագրութեան դասական կանոններու փոփոխութիւնը). «Հ. Ս. Խ. Հ. Պետական գերբն է,—Մեծ և Փոքր Մասիսներից վեր ծագող արեգակի ճառագայթների մէջ մուրճ և մանգաղ, ստորոտում խաղողի թուփի ողկոյզով և տերեւներով, աջից և ձախից ցորենի հասկեր և աւելի բարձր՝ ձիթենու ճիւղերը։ Գերբի կրկնակի շրջագծերի արանքում արձանագրւած է «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային հանրապետութիւն» և «Պրոլետարներ բոլոր երկրների, միացէք»։»

Խորհրդային Հայաստանի երկրորդ սահմանադրութիւնը ընդունուած է 1926-ին՝ Խորհրդային Միութեան կազմաւորումէն (Դեկտեմբեր 1922) եւ վերջինիս սահմանադրութեան հաստատումէն (1924) ետք։ Նոր սահմանադրութեան մէջ պետական զինանիշի մասին 103-րդ յօդուած է խմբագրուած էր հետեւեալ կերպ. «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության պետական զինանիշն ե Մեծ և Փոքր Մասիսներից վեր ծագող արեգակի ճառագայթների մեջ մուրճ և մանգաղ, միմյանց վրա խաչաձև, կոթերը դերի վայր, ստորոտում՝ խաղողի վորթ վողկույզով ու տերևներով, աջ ու ձախ կողմերից՝ ցորենի հասկեր և ավելի ավելի բարձր՝ ձիթենու ճյուղեր։ Զինանշի կրկնակի շրջագծերի արանքում մակագրված ե «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն» և «Պրոլետարներ բոլոր յերկրների, միացեք»։»

Նոյն 1926 թուականի սահմանադրութեան 1935 թուականի – Խորհրդային Հայաստանի Խորհուրդներու 7-րդ (1931) եւ 8-րդ (1935) համագումարներու կողմէ ընդունուած բոլոր փոփոխութիւններն ու լրացումները ընդգրկող – վերահրատարակութեան մէջ կը կարդանք. «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության պետական նշանն ե (գերբ) Մեծ և Փոքր Մասիսներից վեր ծագող արեգակի ճառագայթների մեջ մուրճ և մանգաղ միմյանց վրա խաչաձև, կոթերը դերի վայր, ստորոտում՝ խաղողի վորթ վողկույզներով ու տերևներով, աջ ու ձախ կողմերից՝ ցորենի հասկեր և ավելի բարձր՝ ձիթենու ճյուղեր։ Պետական նշանի կրկնակի շրջագծերի արանքում մակագրված ե «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն» և «Պրոլետարներ բոլոր յերկրների, միացե՛ք»։»

Իսկ Խորհրդային Հայաստանի 1937 թուականին որդեգրուած երրորդ (այսպէս կոչուած՝ ստալինեան) սահմանադրութեան համապատասխան, 120-րդ յօդուածի շարադրանքն ալ հետեւեալը տեսքը ստացած էր. «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական գերբը բաղկանում ե՝ Մեծ և Փոքր Արարատների պատկերից, վորի վերևում մուրճ և մանգաղ հնգաթև աստղի վրա՝ ճառագայթներով շրջապատված, ստորոտում՝ խաղողի վորթ վողկույզներով ու տերևներով, աջ ու ձախ կողմից՝ ցորենի հասկեր։ Գերբի շուրջը—յեզերքում, մակագրություն հայերեն լեզվով՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն», յեզերքի ներքևում, կարմիր ֆոնի վրա մակագրություն հայերեն և ռուսերեն լեզուներով՝ «Պրոլետարներ բոլոր յերկիրների, միացե՛ք»։»

***

Գալով շատ տարածուած զրոյցին թէ թուրքերը բողոքած են այս իրողութեան դէմ, անիկա բաւական հին է եւ անոր ամենահին գրանցումը որուն հանդիպած եմ Նորվեկացի մարդասէր Ֆրիտիոֆ Նանսենի ամերիկահայերու առջեւ ներկայացուցած մէջ դասախօսութեան մէջ։ Ըստ հրատարակուած բնագրի, Նանսենը ըսած է.

«…Արարատը կը գտնուի այսօր թրքական հողին վրայ։ Հայերը իրենց զինանշանին (էմպլէմ) վրայ այդ լեռան պատկերը դրած ըլլալով՝ Թուրքերը ատոր հակառակեցան։ Բայց Հայերը անոնց պատասխանեցին պարզապէս. «Դուք ձեր զինանշանին վրայ դրած եք կիսալուսինն ու աստղերը. եւ սակայն ո՛չ լուսինը եւ ո՛չ ալ աստղերը ձեզի կը պատկանին։» («Տօքթ. Ֆրիտ. Նանսէնի դասախօսութիւնը հայերու եւ Հայաստանի մասին (առաջին մաս)», Հայաստանի Կոչնակ, ԻԷ. Տարի, թիւ 44, Հոկտեմբեր 29, 1927, էջ 1385)

Դժբախտաբար, առիթը չեմ ունեցած անձամբ կարդալու ատկէ մէկ տարի հետ Նանսենի լոյս ընծայած «Հայաստան եւ Մերձաւոր Արեւելք» հատորը, բայց միջնորդ աղբիւրներէ իմացած եմ որ այդ գրքին մէջ եւս Նանսենը կրկնած է նոյն զրոյցը։ Կը ներկայացնեմ ըստ Մուշեղ Սերոբեանի թարգմանութեան. «Ֆ. Նանսէն գրելէ յետոյ, թէ Արարատ լեռը «Կերպով մը Հայկական Պատմութեան կեդրոն»ը ելած է, կը յաւելու. «Զարմանալի չէր եթէ Հայաստան իր զինանշաններուն վրայ կը ներկայացնէ Արարատը, հոգ չէ թէ թուրքերը այս մասին բողոքած ըլլան Արտաքին Գործոց ղեկավար Չիչէրինի: Այս վերջինը պատասխանած է, թէ միթէ կիսալուսինը չ’երեւի՞ր իրենց զինանշաններուն վրայ, և միթէ ասկէ կարելի՞ է հետեւցնել, թէ թուրքերը յաւակնութիւն ունին լուսինը իրենց երկրին կցելու» (L’Arménie et le Proche Orient, p. 124)։» (Մ. Սերոբեան, «Ընկերային խնդիրները. Ա. Երկու դրօշները», Պէյրութ, 1944, էջ 8 ծանօթագրութիւն)

Յուսամ այս տուեալները օգտակար կ’ըլլան հետաքրքրուողներուն։

Արա Սանճեան

Լուսանկարը՝ Սուրեն Մանվելյանի