Այրումլու թյուրքական քոչվոր ցեղախմբի թվաքանակը Երևանի խանության տարածքում և նրանց թողած տեղանունները

1833

Երևանի խանության տարածքում թյուրքալեզու քոչվոր ցեղերը հայերից և քրդերից հետո եղել են մեծությամբ երրորդը: Նրանք բաղկացած էին երկու տասնյակ քոչվոր ցեղերից, որոնց մեջ մեծամասնություն էին կազմում շիա կարափափախները:

Թյուրքական ցեղերի մեջ մեծությամբ երկրորդը այրումլուներն էին, որոնք իրենց անունն են թողել մի շարք տեղանուններում մինչև այսօր:

1847 թվականի այս քարտեզում, որտեղ պատկերված է հատված այսօրվա ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Ադրբեջանի Ղազախի շրջաններից, 4 բնակավայր է հիշատակվում այրումլուների անունով՝ Դուվախ-Այրում (ճիշտ տարբերակը՝ Դովեղ կամ Դվեղ), Բաղման-Այրում, Բաղանիս-Այրում, Ղուշչու-Այրում:

Դովեղ-Այրումը և Բաղման-Այրումը ճիշտ հարևանությամբ են և նշվում են Նոյեմբերյանի (նախկինում՝ Բարանա) և Ղազախի Քամառլու գյուղերի միջև: Ե՛ւ Դովեղ-Այրումը, և՛ Բաղման-Այրումը այսօրվա ՀՀ տարածքում են՝ Դովեղ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Ադրբեջան ուղղությամբ:

Բաղանիս-Այրումը և Ղուշչու-Այրումը նույնպես հարևանությամբ են՝ երկուսն էլ Ղազախի շրջանում, որոնցից առաջինը 1990 թվականից հայկական ուժերի վերահսկողության տակ է:

Համաձայն ռուս (ֆրանսիական ծագումով) պատմաբան, ազգագրագետ Իվան Շոպենի (ով 1829-1832 թթ. անցկացրել է Երևանում և հետագայում պատրաստել Հայկական մարզի մասին մի քանի կարևոր աշխատություններ)՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմից՝ 1826-1828թթ. հետո, Երևանի խանության տարածքում մնացել են թյուրքալեզու քոչվոր 21 ցեղեր, որոնց ընդհանուր թվաքանակը կազմել է 18.287 հոգի:

Ահա թյուրքալեզու այդ ցեղերը և նրանց ընտանիքների թիվը և ցեղերի քանակները.

Կարափափախ               840 ընտանիք     4.619 բնակիչ

Այրումլու                         631 ընտանիք     3.484 բնակիչ

Սեյիդլու-Ախսախլու         311 ընտանիք     1.754 բնակիչ

Մողանլու                         200 ընտանիք     1.100 բնակիչ (մոտ)

Սաադլու                          160 ընտանիք     1.004 բնակիչ

Շահդելու (Ղաջար)          164 ընտանիք     995 բնակիչ

Բյույուք Չոբանկարա       159 ընտանիք     988 բնակիչ

Սադարակլու (Ղաջար)    164 ընտանիք     940 բնակիչ

Ղաֆարլու                         98 ընտանիք      652 բնակիչ

Թաշանլու                         124 ընտանիք     565 բնակիչ

Սարաշլու                          90 ընտանիք     541 բնակիչ

Քարիմ-Բեգլու                   55 ընտանիք     357 բնակիչ

Չահիրլու                           57 ընտանիք     308 բնակիչ

Շեյիխլար                          34 ընտանիք     232 բնակիչ

Դամիրչիլու                       31 ընտանիք     228 բնակիչ

Գյոդաքլու                          24 ընտանիք     158 բնակիչ

Ջաֆառլու                         16 ընտանիք      82 բնակիչ

Ալի-Շարուրլու                   12 ընտանիք     75 բնակիչ

Գորջի-Բաշլու                    13 ընտանիք     72 բնակիչ

Կարաբաղլու                    12 ընտանիք      68 բնակիչ

Ջամ-Մելլի                         10 ընտանիք     65 բնակիչ

Ընդամենը                      3.190 ընտանիք   18.287 բնակիչ

Շոպենի տվյալներով՝ Պարսից տիրապետության շրջանում, նախքան ռուսական նվաճումը, Երևանի խանության տարածքում թյուրքալեզու քոչվորների ընդհանուր թվաքանակը անցել է 20 հազարից: Նա գրում, որ ռուսական նվաճումից հետո թյուրքալեզու քոչվորներից Երևանի խանության տարածքից հեռացել է 350 ընտանիք կամ մոտ 1800 քոչվոր, բոլորը Բյույուք Չոբանկարա ցեղից: Այս ցեղի 988 ներկայացուցիչներ շարունակեցին բնակվել Երևանի խանության տարածքում, որը արդեն 1828-ին անվանվում էր Հայկական մարզ և մաս էր կազմում ցարական Ռուսաստանի:

Թյուրքալեզու այս 21 ցեղերից բոլորին չենք կարող անվանել ժամանակակից ադրբեջանցիների նախնիներ: Կարափափախները՝ կարմիր գլխարկ կրողները, օսմանյան թուրքեր էին:

Այսպիսով, 1827-1828 թվականներին Երևանի խանության տարածքում այսօրվա ադրբեջանցիների նախնիների՝ թաթարների թվաքանակը կազմել է շուրջ 15 հազար: Սա այն դեպքում, եթե բոլոր թյուրքալեզու քոչվորներին, բացի օսմանյան կարափափախների, անվանենք թաթարներ: Այս նույն շրջանում տեղացի, բնիկ հայերի թիվը շուրջ 20 հազար էր, ևս 45 հազար հայեր ներգաղթեցին Օսմանյան կայսրությունից և Պարսկաստանից:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն