Խորհրդային Հայաստանի տարածքային կորուստները 1920-1922 թվականներին

4114

Խորհրդային Հայաստանը, ֆորմալ առումով, անկախ հանրապետություն էր, թեև նրա կախվածությունը Ռուսաստանից բաց գաղտնիք էր։ Այդուամենայնիվ, 1920-1922 թվականներին Խորհրդային Հայաստանն իր դեսպանություններն ուներ տարբեր մայրաքաղաքներում, իսկ Երևանում գործում էին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ։ Այսպես, Թուրքիայի դեսպանությունը, որ գտնվում էր այսօրվա Սախարովի հրապարակում, բաց մնաց մինչև 1923 թվականի հոկտեմբեր, իսկ Ալեքսանդրապոլում գործող թուրքական հյուպատոսությունը, որն այսօր ՀՅԴ մարզային կառույցի նստավայրն է, գործեց մինչև 1924 թվականը։

1920 թվականի նոյեմբերից Ալեքսանդրապոլ քաղաքն ու Շիրակի դաշտավայրը գտնվում էր թուրքական օկուպացիայի՝ Կարաբեքիր զորքերի գրավման տակ։ Թեև հենց Ալեքսանդրապոլի դաշնագրով թուրքական զորքերը պետք է հետ քաշվեին Ախուրյան գետի մյուս ափը, դա տեղի չունեցավ մինչև 1921թ․ ապրիլի 22-ը, երբ ռուսական բանակի ճնշումների տակ քեմալականները հետ քաշվեցին գրավյալ Կարսի մարզ։

Պահպանվել են արխիվային փաստաթղթեր, համաձայն որոնց Խորհրդային Հայաստանի իշխանությունները 1920թ դեկտեմբերի 2 համաձայնագրով թողնված տարածքները համարում էին անբավարար և հավակնություններ էին ներկայացնում, մասնավորապես, Կարսի, Անիի ավերակների, Կողբի աղի հանքերի նկատմամբ։ 1921թ Կարսի խորհրդաժողովում Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդր Մռավյանն ու Պողոս Մակինցյանը փորձում էին Կարաբեքիրից և քեմալականներից հետ ստանալ գոնե Անիի ավերակները, սակայն կտրական մերժում ստացան։

1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Խորհրդային Հայաստանը զրկվեց Կարսից և Նախիջևանից, թեև դեռ 1919-ի ամռանը Հայաստանի Հանրապետությունը չէր կարողացել պահել Նախիջևանը և կռիվներով այն զիջել էր թուրքական ուժերին, իսկ քեմալականները Կարսը գրավել էին 1920-ի հոկտեմբերի 30-ին։ Խորհրդային Հայաստանի կառավարությունը Կարսի պայմանագիրը վավերացրեց 1922թ մարտի 20-ին, իսկ քեմալական Թուրքիան և Ռուսաստանը Կարսի պայմանագիրը վավերացրեցին 1922թ մարտի 16-ին, միաժամանակ, Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրից ուղիղ մեկ տարի անց։

1921 թվականի ամռանը Խորհրդային Հայաստանի իշխանությունն ամողջությամբ տարածվեց Զանգեզուրի գավառի վրա։ Գավառը, սակայն, ամբողջությամբ չանցավ Հայաստանին։ Ղուբաթլուի հատվածը Խորհրդային Ադրբեջանի մաս կազմեց։ Սահմանազտումը մոտավորապես համապատասխանում է այն սահմաններին, որ գոյություն ունեին խորհրդային 70 տարիներին, ինչպես նաև այսօր, երբ 44-օրյա պատերազմի հետևանքով վերականգնվեցին այդ սահմանները։

1921-1922թթ Զանգեզուրում շատ էին վիճելի տեղամասերը, որոնց շուրջ Խորհրդային Հայաստանն ու Ադրբեջանը այդպես էլ համաձայնության չեկան։ 1922-ի դեկտեմբերի 30-ին անդրկովկասյան երեք հանրապետությունները, որպես մեկ միավոր Թիֆլիս կենտրոնով, մաս կազմեցին նոր ձևավորվող Խորհրդային Միությանը, որից հետո՝ մինչև 1930-ական թթ բազմաթիվ տարածքային փոխանմակումներ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի միջև։

1922թ վերջերին Խորհրդային Հայաստանի տարածքը կազմում էր մոտ 32 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում։ 1927թ ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը տեղեկագրում Խորհրդային Հայաստանի տարածքը կազմում էր 30,95 հազար քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը՝ 867․671 հոգի։

Ինչպես նկատում եք, Անդրֆեդերացիայի ընթացքում, երբ 1922-1936թթ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մեկ միասնական միավոր էին ԽՍՀՄ կազմում Թիֆլիս կենտրոնով, Հայաստանը կորցրեց իր տարածքի 7-8 տոկոսը՝ 32 հազարից հասնելով 30 հազար քառակուսի կիլոմետրի։

Հաջորդ հոդվածում ցույց կտանք տարածքային այն փոխանակումները, որոնք տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի միջև և որոնց արդյունքում Հայաստանի մի շարք ճանապարհների վրա ձևավորվեցին ադրբեջանական անկլավներ։

Թաթուլ Հակոբյան, ԱՆԻ կենտրոն

17 փետրվար, 2021թ

Դիտել նաև՝