Սիմոն Վրացյանի երրորդ հեռագիրը քեմալականներին, Չիչերինին և Լոնդոն. 18 մարտի, 1921թ

4448

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Հայրենիքի փրկության կոմիտեի (1921 թ. փետրվարի 18-ապրիլի 2) և քեմալականների հետ հարաբերությունների մասին երրորդ գրությունը, որի հեղինակը Կոմիտեի ղեկավար, Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն է: Այս նյութը տեղ է գտել Վրացյանի «ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ. դեպքեր, դեմքեր, ապրումներ» վեցհատորյակի Զ հատորում (Բեյրութ, 1967, տպագրություն Համազգային) «Դ. Թրքական Հարցը» (էջ 55-71) խորագրի տակ:

________________________

Ինձ առանձնապես զարմացրեց, որ վերջում Ղամարլուի ճակատի հրամանատար, մշեցի խմբապետ Սմբատը ինձ և Քաջազնունուն առաջարկեց թուրքերից օգնություն խնդրել:

Այս պայմաններում էր և այս մտահոգությունների հետևանքով մարտի 18-ին ես արեցի հետևյալ դիմումը Անկարա.

«Թուրքերի Ազգային Մեծ ժողովի կառավարության Արևելյան ճակատի հրամանատարության ներկայացուցիչ Բեհաեդդինին,

Հաճեցեք ներկա դիմումը շտապ կերպով հասցնել Ձեր բարձր իշխանության և, ինչպես անձամբ բացատրել եմ Ձեզ, շտապեցնել, որ շուտափույթ պատասխան ստացվի:

Իր ազատության և անկախության համար մարտնչող Հայաստանի կռիվը բոլշևիկների դեմ, մեր համոզումով, ծառայում է ոչ միայն Հայաստանի, այլ Առաջավոր Ասիայի բոլոր ազգերի օգտին: Այդ պատճառով, Հայաստանը հույս ունի, որ իր կռվի ընթացքում ինքը կստանա օգնություն իր հարևաններից և, առաջին հերթին, տաճիկ [թուրք – խմբ. ԱՆԻ-ի] ժողովրդի կենսական շահն էլ պահանջում է Հայաստանի հաղթական դուրս գալը այս կռվից և անկախ մնալ:

Այդ համոզումից ելնելով՝ Հայաստանի կառավարությունը խնդրում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, հանուն երկու ազգերի փոխադարձ շահի, ըստ կարելվույն շուտ.

  1. Վերադարձնել Երևանի ռազմաճակատում գտնվող հայ զնվորական գերիներին,
  2. Տալ որոշ պայմաններով հայ բանակին ռազմամթերք, առաջին հերթին ռուսական երեք գծանի հրացանի կամ տաճկական [թուրքական – խմբ. ԱՆԻ-ի] մաուզերի փամփուշտներ և կամ Ռոսի և Լեբելի սիստեմի հրացաններ,
  3. Հաղորդել մեզ, թե արդյոք Ազգային մեծ ժողովի կառավարությունը հնարավոր գտնո՞ւմ է հասցնել Հայաստանին զինվորական օժանդակություն և, եթե կարող է, ի՞նչ չափով ու եղանակով և ի՞նչ ժամանակամիջոցով:

Սույն դիմումը անելով՝ Հայաստանի կառավարությունը հիմնվում է այն բարեկամական հարաբերությունների վրա, որոնց հիմքն է դրված Ալեքսանդրապոլի դաշնագրից սկսած և որոնք խանգարված էին բոլշևիկների իշխանության ժամանակ:

Խորին հարգանոք

Հայաստանի կառավարության նախագահ

Ս. Վրացյան»:

Բնականաբար, միայն իմ անձնական նախաձեռնությունը չէր այս դիմումը, այլև իմ շրջապատի մարդկանց գիտությամբ և հավանությամբ էր կազմված: Նրան ծանոթ էին, օրինակ, Քաջազնունին, Համո Օհանջանյանը, սպարապետ Սուրենը (Կուռո Թարխանյան), Արշակ Հովհաննիսյանը, Վահան Մինախորյանը, Արշամ Խոնդկարյանը և այլք:

Մենք, իհարկե, այնքան միամիտ չէինք, որ հավատայինք, թե Թուրքիան պիտի բռնի մեր կողմը՝ սովետական իշխանության դեմ, որից աշխատում էր նյութական և ռազմական օգուտներ քաղել, բայց հույս ունեինք, որ մեր գերի սպաներից և մեզանից խլված ռազմամթերքից որոշ քանակություն կտա մեզ: Մյուս կողմից, հույս ունեինք, որ հայերի կողմից նման մի դիմում որոշ վստահություն կներշնչի թուրքերին, թե հայերը իրապես պաշտպան են անկախության:

Պետք է ասել, որ թուրքերը անհետևանք չթողեցին մեր այս դիմումը: Բժիշկ Բաբալյանը, որ նույնպես գերի էր թուրքերի մոտ, իր հուշերում վկայում է, որ այս դիմումի վրա թուրքերի վերաբերումը դեպի հայ ռազմագերիները հիմնովին փոխվեց, նրանցից մի քանի հոգու, գնդապետ Վեքիլյանի գլխավորությամբ, միջոց տրվեց փախչելու Հայաստան:

Երբ այս դիմումը Երևանում հանձնում էի Բեհաեդդինին, նա ամեն կերպ հավատացնում էր, թե Անկարայի կառավարությունը համակրանքով է վերաբերվում դեպի հայերի կռիվը Խորհրդային Ռուսաստանի դեմ և ուրախ կլինի, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունենա անկախ Հայաստանը:

Հայրենիքի փրկության կոմիտեի անունով մարտի 12-ին ես Մոսկվա էի տվել հետևյալ հեռագիրը.

«Մոսկվա, արտաքին գործերի ժող. Գործավար Չիչերինին,

Հայրենիքի փրկության կոմիտեն իր ժամանակին հաղորդեց Ձեզ, որ աշխատավոր զանգվածների տարերային բնույթ կրող ապստամբությունը տապալեց Հայաստանի խորհրդային կարգերը և որ փետրվարի 18-ից սկսած ամբողջ իշխանությունը անցել է հայ դեմոկրատիայի իսկական ներկայացուցիչների ձեռքը: Այնինչ, նախկին Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժող. Գործավար Բեկզադյանը շարունակում  է Մոսկվայում հանդես գալ ու խոսել Հայաստանի Հանրապետության անունից: Հարկ ենք համարում կրկին անգամ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ փետրվարի 18-ի ակտով ոչնչացված են նախկին Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից հաստատված ներկայացուցիչները, նա այս կամ այն անձին տրված լիազորությունները: Հետևաբար, Բեկզադյանի հանդես գալն իբրև Հայաստանի ներկայացուցչի՝ իրեն չպատկանող իրավունքների կոպիտ ոտնահարում է:

Հայաստանի կառավարությունը սրանով հայտարարում է, որ իր համար պարտավորեցուցիչ չեն Հայաստանի Հանրապետության անունով Բեկզադյանի կնքած բոլոր պայմանագրերը, նաև նրա կողմից հանձն առնված բոլոր պարտավորությունները…

Արտաքին գործ. նախար. վարիչ՝ Ս. Վրացյան»:

Մարտի 26-ին Լոնդոն հեռագրեցի հետևյալը.

«Արտաքին գործոց նախարարությանը, Լոնդոն

Խնդրում եմ Լոնդոնի խորհրդաժողովին ներկայացնել հետևյալը.

Հայաստանը ցանակնում է խաղաղությամբ և բարեկամությամբ ապրել իր հարևան Թուրքիայի հետ: Ցանկալի է, ուրեմն, որ Լոնդոնի խորհրդաժողովի որոշումները փոխադարձ անվստահություն և դժգոհություններ առաջ չբերեն Թուրքիայի և Հայաստանի միջև»:

Այս երկու հեռագրերում արտահայտվում էր մեր մտահոգությունը որևէ ձևով բախում առաջ չբերելու թուրքերի և մեր միջև: Անշուշտ, հետագայում մեզ շատ պիտի քաշքշեին այդ հեռագրերի համար, բայց մենք չէինք կարող ուրիշ կերպ վարվել:

Մեզ դատապարտում են, օրինակ, որ իմ հետագիրը Չիչերինին պատճառ եղավ, որ Ալ. Բեկզադյանը չկարողանար Հայաստանի շահերը պաշտպանել Մոսկվայում… Եթե նա չկարողացավ Հայաստանի իրավունքները պաշտպանել, պատճառը այն էր, որ Սովետական Ռուսաստանի իշխանությունը թուրքերին ավելի կարևորություն էր տալիս, քան հայերին: