Սիմոն Վրացյանի երկրորդ հեռագիրը Քեմալական Թուրքիայի ԱԳՆ. 15 մարտի, 1921 թվական

5095

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Հայրենիքի փրկության կոմիտեի (1921 թ. փետրվարի 18-ապրիլի 2) և քեմալականների հետ հարաբերությունների մասին երկրորդ գրությունը, որի հեղինակը Կոմիտեի ղեկավար, Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն է: Այս նյութը տեղ է գտել Վրացյանի «ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ. դեպքեր, դեմքեր, ապրումներ» վեցհատորյակի Զ հատորում (Բեյրութ, 1967, տպագրություն Համազգային) «Դ. Թրքական Հարցը» (էջ 55-71) խորագրի տակ:

________________________

Փետրվարյան շարժման ամենածանր և ամենամտահոգիչ կողմը թուրքական հարցն էր: Հեղկոմի առաջ բերած խժդժությունները Հայաստանում, կարծես, մոռացնել էին տվել հայ ժողովրդի բնազդական վախը թուրքից: Նրանք, որ ջատագովում էին քաղաքացիական կռիվը՝ բոլշևիկ, թե ոչ բոլշևիկ, մոռանում էին, որ Արաքսի այն կողմ թուրքն էր նստած, և Մարգարայի կամուրջը սահմանն էր Հայաստանի և Թուրքիայի միջև: Կարծես մոռանում էին, որ Ալեքսանդրապոլը թուրքի ձեռքին էր և թուրք ասկյարները թալանում, ավերում և լլկում էին հայ կանանց շրջակա հայկական գյուղերում: Մոռանում էին, որ Հայաստանի Հեղկոմի բողոքները և Ալեքսանդրապոլը դատարկելու պահանջը արհամարհանքով անտեսվում էին թուրքերի կողմից…

… Հանրային մտքերի վրա որոշ տպավորություն գործեց և այն փաստը, որ թուրքերի ներկայացուցիչը Երևանում՝ Բեհաեդդին բեյը, առաջիններից եղավ փետրվար 18-ի հեղաշրջման շնորհավորողը՝ բացառիկ ջերմ խոսքերով…

… Թուրքական հարցը դառնում էր մեր օրվա քաղաքականության կենսական խնդիրը:

[1921 թ.] Մարտի 15-ին ես հատուկ նիստի հրավիրեցի Հայրենիքի Փրկության կոմիտեի անդամներին և մի քանի ականավոր անձանց՝ քննելու թուրքական հարցը: Ներկա էին Հմ. Օհանջանյան, Հ. Քաջազնունի, Ա. Հովհաննիսյան, Ս. Մելիք-Յոլչյան, Վ. Մինախորյան, Սուրեն (Կուռո), Գ. Սարգիսբեկյան, Ա. Մաքսապետյան, Ս. Մեսրովբյան, Ավ. Օհանջանյան:

Հետևյալը այս խորհրդակցության արձանագրությունն է՝ կազմված նույն ժամանակ:

ՕՐԱԿԱՐԳ

Մեր և թուրքերի (տեքստում գրված է տաջիկ, տաջիկների և Տաջկաստան, մենք դարձրել ենք թուրք, թուրքեր, Թուրքիա- ԱՆԻ) փոխադարձ հարաբերությունները:

Նախագահ՝ Ս. Վրացյան – … միակ պետությունը, որի հետ մենք պիտի խոսենք… Թուրքիան է: Մենք հնարավորություն ունենք խոսելու նրանց հետ՝ հիմնված Ալեքսանդրապոլի դաշնագրության վրա…

Հ. Քաջազնունի – Գտնում է, որ մեր և թուրքերի միջև շարունակվում են նախկին զինադադարի պայմանները: Ալեքսանդրապոլի դաշնագրությունը, որից պիտի սկսենք մեր թուրքերի հետ, չի մտել մինչև այժմ իր ուժի մեջ: Հնարավոր է այս ուղղությամբ այժմ իսկ սկսել խոսակցություններ: Ինչքան էլ ծանր լինի Ալեքսանդրապոլի դաշնագրությունը, ըստ ամենայնի այն ժամանակվա և այսօրվա մեր դրությունը երբեք թույլ չի տա մեզ ստեղծել ավելի նպաստավոր դրություն: Ինձ թվում է կա հնարավորություն այսօրվա պայմաններում որոշ բարեփոխումների ենթարկել Ալեքսանդրապոլի դաշնագիրը: Ամենածանր կետը զինվորների թվի կրճատման կետն է: Կարելի է, ելնելով մեր այսօրվա բացառիկ դրությունից, պահանջել, որպեսզի չսահմանափակվի զինվորների թիվը նրանց որոշած չափով… Շնորհիվ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական վերջին փոփոխություններին, ստեղծվել է մի կացություն, որը կարծես ավելի հնարավոր է դարձնում մեր և թուրքերի մերձեցումը: Մեր այս դրությունը և մեր բացառիկ կացությունը կարիք է զգացնում թուրքերի լայն աջակցության՝ որպես զինակցի: Այդ աջակցությունը պիտի լինի գլխավորապես արտաքին թշնամու դեմ:

Ա. Հովհաննիսյան – Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որի մասին խոսվում է, դա ամենասպանիչ դրությունն է մեզ համար… Մենք պիտի աշխատենք խոսել մի այլ դաշնագրի մասին, որով մենք կարողանանք ստանալ թեև փոքր, բայց անկախ Հայաստան…

Վ. Մինախորյան – Գտնում է, որ Ալեքսանդրապոլի դաշնագիրը կնքված է ի նպաստ Թուրքիայի, որպես հաղթողի: Այսօր էլ նույն դրությունն էմեզանում, հետևաբար, ելնելով այդ ընդհանուր սկզբունքից, ներկայումս ինչ դաշնագիր էլ որ կնքվելու լինի, դա լինելու է ոչ նպաստավոր մեզ համար…

Ս. Վրացյան – …Ես կարծում եմ՝ բանակցություններ սկսել կարող ենք մենք՝ միայն հիմք ունենալով Ալեքսանդրապոլի դաշնագիրը: Այսօր ժամանակը չէ գնահատելու այդ դաշնագրի բոլոր կողմերը: Մենք, եթե կամենում ենք փրկել մեր երկիրը այս ծանր դրությունից, հարկարված ենք դիմելու այս քայլին ևս, ինչքան էլ ծանր լինի և ոչ պատվաբեր: Բայց պետք է ասեմ, որ ես ևս դեմ եմ մեր կողմից զինակցության առաջարկին, այդ առաջարկը պիտի լինի նրանց կողմից… Ես այս բանակցությունների վրա նորից պնդում եմ ու առաջնորդվում անմիջական օժանդակության տեսակետից: Այս ճանապարհով գոնե մենք կունենանք մի դուռ, մի բարեկամի ուժ մեր երկրի տնտեսական և քաղաքական շահերի տեսակետից:

Ա. Մաքսապետյան– Մենք մնացել ենք մենակ և անհրաժեշտ է իրոք գտնել մի բարեկամ, որպիսին է թուրքը… Մենք պիտի ընդունենք Ալեքսանդրապոլի դաշնագիրը որպես հիմք…

Ս. Վրացյան– Անհրաժեշտ է հարցը կոնկրետացնել և որոշել մի խնդիր – բոլշևիկների դեմ կռվելիս օգտվելու ե՞նք թուրքական ուժերից, թե ոչ: Եթե այո, այդ դեպքում պիտի բանակցություններ սկսել հենց այսօր:

Սուրեն (Կուռո Թարխանյան) – Մենք մեր ուժերով անզոր ենք պայքարել երկար ժամանակ: Հարցին այս տեսակետից մոտենալով պիտի որոշել՝ օգտվե՞լ թուրքական ուժերից, թե ոչ: Ինձ թվում է, որ մենք հարկադրված ենք դիմել այդ ուժերի աջակցությանը:

Հ. Քաջազնունի – Որովհետև հարցը դրվում է պարզ, ես ունեմ դրա համար դրական պատասխան, որ բոլշևիկների լծից ազատվելու համար մենք դիմենք թուրքերի աջակցությանը, թեկուզ պարտադրված իրագործելու Ալեքսանդրապոլի դաշնագիրը կետ առ կետ:

Վ. Մինախորյան – Եթե մեր կռիվը պիտի լինի ռուսների դեմ, ոչ մի թուրքական ուժ չի փրկում մեզ:

Ս. Վրացյան – Մեր կռիվը Ռուսաստանի հետ չէ, որովհետև Ռուսաստանը պաշտոնապես կռիվ չի հայտարարել մեր դեմ…

Եզրակացնելով արծարծված մտքերը՝ Վրացյանը քվեարկության է դնում հետևյալ կետերը.

Ա. սկսել թուրքերի հետ բարեկամական հարաբերություններ,

Բ. այդ հարաբերությունների հիմք ընդունել Ալեքսանդրապոլի դաշնագիրը

Դեմ քվեարկում են Հ. Օհանջանյանը, Ա. Հովհաննիսյանը: Դեմ քվեարկելով հանդերձ, առաջարկում են մեղմացնել Բ. կետի խմբագրությունը:

Որոշվում է նաև տալ հետևյալ հեռագիրը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի կառավարության արտաքին գործոց կոմիսարություն, Անկարա.

«Ազատվելով բոլշևիզմի անունով Հայաստան մտած օտար լուծից՝ Հայաստանի ժողովուրդը լի է խորունկ վճռականությամբ, ապրելու ազատ ու անկախ և ամենամոտիկ բարեկամական հարաբերություններ ստեղծելու իր հարևանների և, առաջին հերթին, թուրք ժողովրդի հետ: Իմ կառավարությունը Թուրքիայի և Հայաստանի միջև միջազգային նորմալ և բարեկամական հարաբերություններ ստեղծելու բազա է համարում այն պայմանագիրը, որոնք ձևակերպված են անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքված հայ-թուրքական դաշնագրի մեջ և հետագայում ստեղծված իրական պայմանները:

Տոգորված լավագույն զգացմունքներով դեպի թուրք ժողովուրդը և նրա ազատության համար մարտնչող Ազգային Մեծ ժողովի կառավարությունը և ապավինելով Ձեր կողմից շուտափույթ կարգադրության երկու երկրների միջև բարեկամական կապեր հաստատելու և քաղաքական ու տնտեսական-առևտրական հարաբերություններ սկսելու խնդրի մասին, իմ կառավարությունը կարծում է, որ հարցի լուծումը արագացնելու ամենահարմար ձևը անձնական տեսակցությունն է:

Հայաստանի կառավարության նախագահ և արտաքին գործոց նախարարության վարիչ՝ Ս. Վրացյան

Թիվ 89, արտգործնախարարություն, 15.03.1921, Երևան»:

Ժողովում խոսք եղավ և «անձնական տեսակցության» մասին: Քաջազնունին պատրաստակամություն հայտնեց մեկնել Անկարա և անձամբ վարել բանակցությունները, բայց այդ հարցը թողնվեց անորոշ:

Շարունակելի