Կապուտիկյանի և Բալայանի հանդիպումը Գորբաչովի հետ՝ 26 փետրվար, 1988թ, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» հատորից

9100
Ղարարաղյան շարժման մեջ առանցքային էր մտավորականության ներկայացուցիչների անմիջական մասնակցությունը` Զորի Բալայան, Սիլվա Կապուտիկյան, Սուրեն Երեմյան, Լենդրուշ Խուրշուդյան, Մերի Քոչար, Վլադիմիր Բարխուդարյան, Արմեն Հովհաննիսյան, Հենրիկ Իգիթյան, Ռաֆայել Ղազարյան, Լենսեր Աղալովյան, Բագրատ Ուլուբաբյան, Վաչե Սարուխանյան, Ժաննա Գալստյան, ուրիշներ: ՙԲալայանի նշանակությունն առանձնահատուկ էր: Նախևառաջ, նրա ակտիվ մասնակցությունը ՙօրինականացնում՚ էր մյուս մասնակիցներին եւ շարժումն ընդհանրապես, թույլ էր տալիս չկասկածել նրա ոչ լուսանցքային լինելուն և ստեղծում էր ՙմիջոցառման՚ պատկառելիության անհրաժեշտ պատրանք: Նրա հանրաճանաչությունը, լայն կապերը հնարավորություն էին տալիս լուծել ուրիշների համար բավականին դժվար, կազմակերպչական խնդիրներ, մուտք ապահովել տարբեր ակադեմիական և կրթական հաստատություններ՚,- գրում է Իգոր Մուրադյանը:

Երևանում շատերը Բալայանին համարում էին արկածախնդիր, նկատում է Մուրադյանը. ՙՆա ուներ շարքային դեպքերը համարյա թե որպես պատմական նշանակություն ունեցող ներկայացնելու անվիճելի ունակություն: Դա անջնջելի տպավորություն էր թողնում նույնիսկ կրթված հասարակության վրա: Իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանց նա կարող էր ներկայացնել որպես ՙպատմական մեծ սխրանքների՚ մասնակիցներ: Շարժման օրինականության համար կարևոր նշանակություն ուներ Սիլվա Կապուտիկյանի մասնակցությունը, որն այդ ժամանակ կարող էր առավել արմատական քայլեր կատարել, քան որևէ մեկը՚:

Մոսկվայում գիտակցում էին, որ Օպերայի հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդկանց հանդարտեցնելու նպատակով պետք է երկխոսություն սկսել նրանց հետ, ում խոսքը հասկանալի և ընդունելի կլիներ Լեռնային Ղարարաղը պահանջող ժողովրդի համար: Հանրահավաքների ամեն նոր օրը Հայաստանի ղեկավարությունը կորցնում էր վստահությունն ինչպես ժողովրդի շրջանում, այնպես էլ Կրեմլում: Ֆադեյ Սարգսյանն ընդունում է. ՙԲալայանը և  Կապուտիկյանը մեծ հեղինակություն ունեին ժողովրդի շրջանում, և նրանց հետ զրուցելը Գորբաչովի համար ավելի ձեռնտու էր: Գորբաչովը նրանց միջոցով էր դուրս գալիս դեպի ժողովուրդ՚: Վլադիմիր Մովսիսյանն այսպես է մեկնաբանում. ՙՄենք չկարողացանք ժողովրդի ճշմարիտ հարցադրումներին պատասխանել, ուստի ժողովրդի փայփայած գաղափարն արմատներ գցեց այնտեղ, որտեղ այդ մասին ճշմարտությունն էր ասվում: Մի՞թե այդ շարժման առաջնորդներն այնքան ուժեղ էին, որ կարող էին հարյուր հազարավոր մարդկանց սրտերը նվաճել: Իհարկե` ոչ: Ուղղակի գաղափարն էր ուժեղ՚:

Քաղբյուրոյում ղարաբաղյան շարժման դատապարտումը, Երևան, Ստեփանակերտ և Բաքու պատվիրակություններ ուղարկելու Կրեմլի քայլը չեն հանդարտեցնում կրքերը:

Ի՞նչ անել:

Կարեն Բրուտենցը պնդում է. ՙԳորբաչովը ոչ առանց համակրանքի էր վերաբերվում Ղարաբաղի հայերի վիճակին, բայց չէր տեսնում փակուղուց դուրս գալու ելք: ՙԵս կհամաձայնեմ ամեն որոշման, որի շուրջ կպայմանավորվեն հայերն ու ադրբեջանցիները՚, ասում էր նա նեղ շրջապատում՚:

1988թ. փետրվարի 15-ին, գրողների միությունում կազմվել էր հանձնաժողով` միության նախագահ Հրաչյա Հովհաննիսյանի, Սերո Խանզադյանի, Զորի Բալայանի, Վարդգես Պետրոսյանի և Սիլվա Կապուտիկյանի անդամակցությամբ, և որոշվել հեռագիր ուղարկել Գորբաչովին: ՙՀարկավոր էր 2-3 էջում շարադրել ԼՂԻՄ-ի առաջացման ողջ պատմությունը, նրա անտրամաբանական վիճակը, յոթանասունամյա թնջուկի լուծման անհրաժեշտությունը: Կազմեցինք, ուղարկեցինք՚,- գրում է բանաստեղծուհին:

Փետրվարի 26-ին Գորբաչովը Կրեմլում ընդունում է Բալայանին և Կապուտիկյանին: Այս հանդիպման մասին իրենց հուշերում և գրքերում գրել են զրույցի բոլոր մասնակիցները, սակայն ամեն մեկը ներկայացրել է զրույցի ի’ր տարբերակը: Գորբաչովի օգնական, ազգությամբ հայ Գեորգի Շահնազարովը, ով ներկա է եղել հանդիպմանը, գրում է, որ այն բարդ էր, անկեղծ, երբեմն կոշտ, բայց ընթանում էր բարեկամական մթնոլորտում: Ըստ Շահնազարովի` Գորբաչովն ասել է. ՙՂարաբաղի շուրջ կատարվողը թիկունքից դաշույնի հարված է: Ադրբեջանցիներին դժվար է զսպել: Ազգամիջյան հողի վրա հակամարտությունների մի քանի տասնյակ պոտենցիալ աղբյուրներ ունենք երկրում, Ղարաբաղի օրինակը կարող է իմպուլսիվ գործողությունների մղել նրանց, ովքեր մինչևայժմ չէին համարձակվում դիմել բռնության՚:

Գորբաչովն այսպես է ներկայացնում. ՙԵրբ այստեղ` Կենտկոմում, զրուցեցի Կապուտիկյանի և  Բալայանի հետ, նրանց ասացի, որ մենք հարցի ամբողջ պատմությունը գիտենք, որ դա դժվար պատմություն է: Դեռ նախօրեին ես Ալեքսանդր Նիկոլաեւիչին (Յակովլեւ) հանձնարարեցի իմ անունից խոսել Կապուտիկյանի հետ և ուշադրություն դարձնել, որ նրանք պետք է ցուցաբերեն հասունություն, ասեն իրենց ծանրակշիռ խոսքը, կանգնեցնեն դեպքերի անցանկալի զարգացումը: Նա Կապուտիկյանի հետ խոսել է: Խոսակցությունը եղել է երկար, հեռախոսի մոտ` լացով, հեկեկոցներով: Բայց և այնպես նա (Կապուտիկյանը) խոստացել է դա անել, կանգնեցնել անցանկալի գործընթացը, միևնույն ժամանակ մեղադրել, որ մենք կանգնել ենք ադրբեջանցիների կողքին, հայտարարել է, որ իրենք ծայհարևան կաններ չեն, սադրողներ չեն՚:

Կապուտիկյանը գրում է, որ Գորբաչովի հետ մեկ ժամից ավել տեւած խոսակցությունն ընթացել է ՙոչ պաշտոնական, կարելի է ասել՝ մտերմիկ մթնոլորտում՚: ՙՆստեցինք երկարուկ սեղանի շուրջը, ինչպես լինում է կաբինետներում: Միայն թե այստեղ այդ սեղանն ավելի հասարակ էր, նեղ: Նստեցինք` ես եւ Զորին սեղանի մի կողմում, Յակովլևը եւ Շահնազարովը` մեր դիմացը: Սեղանի գլխին` Միխայիլ Սերգեևիչն էր: Եվ որովհետև սեղանը շատ նեղ էր, ապա մեզ նրանից բաժանող տարածությունը քիչ էր: Սա նույնպես նպաստում էր, որ պաշտոնականությունը պակաս լինի՚:

Հայ բանաստեղծուհին հետագայում հրապարակած իր գրքում ամենայն մանրամասնությամբ է ներկայացնում ինչպես 88-ի փետրվարյան այդ հանդիպումը, այնպես էլ դրան հաջորդած իրադարձությունները:

ՙ-Մեզ` հայաստանցիներիս համար,- շարունակեցի ես,- արտասահման գնալն ավելի հեշտ է, քան Ղարաբաղ: Ես այնտեղ եղել եմ միայն 1959 թ.: Ինչպես հետագայում իմացա, վերադարձիցս հետո նեղել էին ինձ հետ հանդիպողներին: Վախից չենք գնում այնտեղ, որովհետև Ադրբեջանի ղեկավարներն ասում են, թե Հայաստանի մտավորականներն են, հատկապես գրողները, ջուրը պղտորում, հրահրում Ղարաբաղում անջատողական տրամադրություններ…

-Ասում են` Դեմիրճյանը,- նկատեց Գորբաչովը,- իր ղեկավարության 15 տարիների ընթացքում չի եղել Ղարաբաղում…

-Ճիշտ է, չի եղել, և ոչ միայն Դեմիրճյանը: Մեր բոլոր ղեկավարներն էլ անթույլատրելի անտարբերություն են ցուցաբերել դեպի ԼՂԻՄ-ը: Վախեցել են միջամտել հարևան հանրապետության գործերին: Մյուս կողմից` նրանք մեղավոր չեն: Ղարաբաղում այնպիսի մթնոլորտ է, Հայաստանից եկողների նկատմամբ այնպիսի հետապնդումներ են կազմակերպում, որ այնտեղ գնալն անհնար է…

-Ղարաբաղ-Հայաստան կապերի միջև եղած արգելքներն ուղղակի խայտառակություն են,- ասաց Գորբաչովը: -Հարկավոր է, որ հայաստանցիներն ազատ գնան-գան, մշակութային փոխադարձ միջոցառումներ կազմակերպվեն, Հայաստանը մասնակցի մարզի կյանքին:

-Մինչև որ մարզը չմիանա Հայաստանին, այդ ամենը համարյա անհնար է, Ադրբեջանը չի թողնի…

-Պետք է Ադրբեջանն ինքը հասկանա: Իսկ ինչ վերաբերում է մարզը Հայաստանին միացնելուն, հիմա դա շատ դժվար է: Այդ տիպի մոտ 19 հարց ունենք, որոնք բոլորն էլ լուծման կարիք ունեն:

-Գոնե մտցրեք Ռուսական Ֆեդերացիայի կազմի մեջ:

Գորբաչովը զվարթ ժպտաց.

-Բոլոր այդ կարգի ինքնավարություներն ուզում են մտնել Ռուսաստանի կազմի մեջ, դա նույնպես հնարավոր չէ:

-Բայց մերն ուրիշ է, հրատապ, անհետաձգելի, վերջապես հավատի տարբերության հարց կա,- դարձյալ պարզաբանեց Զորին:

-Ամեն մեկն իր հարցը համարում է հրատապ ու ամենից կարևորը: Ըստ երեւույթին մենք այդ բոլորի համար պետք է համալիր լուծում գտնենք, ազգային հարցերին նվիրված պլենում հրավիրենք, քննարկենք: Իսկ հիմա անհրաժեշտ է խաղաղեցնել Ղարաբաղի և Երևանի ժողովրդին:

-Բայց ինչո՞վ, գոնե Ղարաբաղի խնդրով զբաղվող մի հանձնաժողով կազմեք,- պնդեցինք մենք:

-Ամբողջ քաղբյուրոն զբաղվում է Ղարաբաղով,- ժպտաց Գորբաչովը,- դա քի՞չ է ձեզ համար…

-Քաղբյուրոն անհամար հոգսեր ունի, այսօր կզբաղվի, վաղը կմոռանա: Եթե Ղարաբաղը չմիացվի Հայաստանին, սրանից հետո այնտեղի ժողովրդի վիճակն ավելի կվատանա: Ադրբեջանը չի ների հայերին իրենց այս ընդվզումների համար:

-Ես խոստանում եմ, որ անձամբ կզբաղվեմ Ղարաբաղով, կլինեն սոցիալ-տնտեսական խոշոր բարեփոխումներ: Ղարաբաղի համար կլինի իսկական վերածնունդ: Ես այդ գործն անձամբ կվերցնեմ իմ հսկողության տակ…

-Այդ մասին մենք կարո՞ղ ենք հաղորդել մեր ժողովրդին,- հարցրի ես:

-Այո, կարող եք…

-Այս գիշեր զանգահարեցին Երևանից,- շարունակեցի ես,- ասում են, Դուք չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում Երևանում: Ամբողջ Հայաստանը լցվել է մայրաքաղաք: Բոլորը բորբոքված` ինչ-որ բանի են սպասում: Հեռախոսով զանգահարողը հուզմունքից իրեն կորցրել էր, ասում էր. ՙԹող գա Միխայիլ Սերգեեւիչը, իր աչքով տեսնի այս ամենը, եթե ինքը չի կարող գալ, թող կինը գա, տղան գա՚:

Գորբաչովը զվարթացավ:

-Իսկապես, գուցե գա՞ք,- կեսլուրջ-կեսկատակ առաջարկեցի ես:

-Հիմա չեմ կարող, բայց հետո կգամ անպայման:

-Իսկ ե՞րբ:

-Այս տարվա երկրորդ կեսին:

-Այս մասին նո՞ւյնպես կարող ենք հայտնել ժողովրդին:

-Կարող եք:

Ինչ-որ կապակցությամբ Զորին ասաց.

-Երանի այնպես լինի, որ աշխարհում ոչ մի սահման ու սահմանագիծ գոյություն չունենա ու մարդիկ ապրեն իրենց համար, առանց երկրների բաժանվելու:

-Ոչ,- կտրեցի ես,- ես դրան համաձայն չեմ:

Ըստ երևույթին իմ խոսքը շատ էր կտրուկ ու կրքոտ. Գորբաչովն ու Յակովլևն իրար նայեցին: Գորբաչովն ասաց.

-Ես նույնպես համաձայն չեմ: Ազգերն ամեն մեկը պետք է իր երկիրը, իր մշակույթը, իր լեզուն ունենա…

-Այնուամենայնիվ գուցե Ղարաբաղի հարցով հանձնաժողո՞վ կազմվի,- նորից հարցրեց Զորին:

-Մենք այդպիսի 19 հարց ունենք, ուրեմն 19 հանձնաժողո՞վ կազմենք…

-Իսկ ինչո՞ւ թաթարների համար կազմեցիք…

-Այնուամենայնիվ,- հարցրինք,- մենք ի՞նչ խոստումով հանգստացնենք ժողովրդին, ինչո՞վ հանգցնենք, ինչպես Դուք եք ասում, հրդեհը:

Այստեղ Շահնազարովը, որ միշտ լուռ էր, ասաց.

-Դուք կարող եք մեջտեղ բերել Միխայիլ Սերգեեւիչի կոչի մեջ եղած հավաստիացումը, որ ազգային հարցերին նվիրված պլենումը Ղարաբաղի հարցին նույնպես կանդրադառնա:

Երևան վերադարձա փետրվարի 27-ի երեկոյան, Բալայանի հետ միասին: Անասելի հոգնած էի, սպառված: Այդ հոգնածության հետքերը միացան հոգեկան տարուբերումների խտությանը, մնացին նաև հաջորդ օրը, երբ անհրաժեշտ էր հանդես գալ` նորից հանրահավաքի ծովածավալ բազմության, ինչպես և հեռուստաէկրանների առջեւ հավաքված` Մոսկվայից բերած լուրերին սպասող ողջ ժողովրդի առջև՚:

Բալայանն այսպես է ներկայացնում Գորբաչովի հետ հանդիպումը. ՙՆա, առաջ գալով դռան մոտ, շատ ջերմ ողջունեց Կապուտիկյանին: Եվ խիստ չարությամբ նայելով ինձ` ասաց. ՙՍա այն Զորի Բալայա՞նն է, որ այսօր գիշերվա ժամը երկուսին հեռախոսով խոսել է Իգոր Մուրադյանի հետ եւ բառացիորեն ասել հետեւյալը. ՙՀարկավոր է էլի դիմանալ: Չցրես ժողովրդին՚: Ես մտածեցի, եթե այսքան շուտ հայտնել են նրան իմ ու Իգորի խոսակցությունը, ուրեմն այս պետությունը դեռ շատ ամուր է, ուրեմն ՊԱԿ-ը շատ ճշտորեն է աշխատում: Ես իսկապես, երկու-երեք ժամը մեկ խոսում էի Իգորի հետ: Նա ինձ տեղեկացնում էր Երևանի գործերի մասին, ես` Մոսկվայի: Այդ գիշեր Իգորը բողոքեց, որ հազիվ է կարողանում պահել ժողովրդին: Նույն հռետորներն են խոսում: Արդեն իրենք իրենց կրկնում են, իսկ դա վտանգավոր է: Իգորը շուտ սկսեց հասկանալ, որ մշտական հանրահավաքները վտանգավոր են՚:

Գորբաչովի խոսքերից պարզ է դառնում, որ խորհրդային երկրի ղեկավարը նախապես ցանկություն է ունեցել հանդիպել միայն Կապուտիկյանի հետ. ՙԱյստեղ նա միացել էր Բալայանի` գրող, ՙԼիտերատուրնայա գազետայի՚ թղթակցի հետ: Ազգայնական դեմք է, ընդ որում` վառ ազգայնական: Տաղանդավոր անձնավորություն է: Նրանց (հայերի) շրջանում շատ հայտնի է և անսանձ, ինքնավստահ և չափից դուրս կարիերիստ: Կապուտիկյանը նրան հետը բերեց, խնդրեց, որ թեկուզ հինգ րոպեով ընդունեմ: Ես մտածեցի` ինչու խուսափել, պետք է օգտագործել (բոլոր հնարավորությունները): Հանդիպեցի: Զրույցը շատ ծանր էր, էմոցիոնալ և լարված: Բալայանը հարցնում է` ի՞նչ ասենք ժողովրդին: Ես նրան պատասխանեցի` պետք է ասել, որ մենք` Կենտկոմը, կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահելու Ղարաբաղում առաջացած և լուծումներ պահանջող խնդիրները: Անկեղծ ասած, մենք էլ չպետք է խուսափեինք նրանց հետ հանդիպումից: Նրանք մտավորականության խոշոր ներկայացուցիչներ են, որոնց խոսքը ժողովուրդը հաշվի է առնում: Ի դեպ, երկուսն էլ կոմունիստներ են: Ահա հայկական այդ թևը, անկեղծ ասած, պետք էր ՙպահել՚, հանգստացնել, որպեսզի ամբողջ ՙբանակը՚ չմիանար շարժմանը՚:

Խորհրդային Միության ղեկավարի հետ հանդիպման արդյունքներին հայ գրողները տարբեր գնահատականներ են տվել: Բալայանը, ելույթ ունենալով գրողների միությունում, հասկացնել է տալիս, որ այս անգամ Ղարաբաղի հարցը լրջորեն է քննարկվելու և այդ նպատակով Գորբաչովին պետք է շունչ քաշելու հնարավորություն տալ: Կապուտիկյանը հեռուստատեսությամբ ելույթում Գորբաչովի հետ զրույցին ավելի զուսպ գնահատական է տալիս: Փետրվարի 27-ին շարժման կազմկոմիտեն որոշեց հանրահավաքները և գործադուլները դադարեցնել մեկ ամսով:

Հրապարակախոս Բակուր Կարապետյանը գրում է, որ Մոսկվայից նոր վերադարձած Բալայանի ելույթից առաջ որոշվել էր, որ նա կհայտարարի ժողովրդի տուն գնալու և հանրահավաքների մեկամսյա դադարի մասին. ՙԵլույթից մեկ ժամ առաջ Զորին հանդիպել էր հանրապետության ներքգործնախարար Շահինյանին, որն ասել էր, թե ԽՍՀՄ ներքգործնախարարի առաջին տեղակալը առիթ է փնտրում զենքի միջոցով ցրելու հանրահավաքները: Ժողովուրդը լսեց և ենթարկվեց Բալայանի կամքին՚:

Բալայանի և Կապուտիկյանի վերադարձին անհամբեր սպասում էին Երևանում: ՙՆրանք եկան-ասացին, որ հանրահավաքները պետք է ցրենք, Գորբաչովի հետ խոսել ենք, նա ինչ-որ բաներ է խոստացել, պետք է մեկ ամսով դադարեցնել հանրահավաքները: Հրապարակը դատարկվեց, իսկ փետրվարի 27-ին սկսվեցին սումգայիթյան ջարդերը: Երբ մենք փորձեցինք դուրս գալ, զորքերն արդեն գրավել էին հրապարակը՚,- գրողների քայլը քննադատում է Շարժման առաջնորդներից Խաչիկ Ստամբոլցյանը:

Կապուտիկյանը գրում է. ՙԶորին ավելի շուտ գնաց տեսագրության և հասցրեց հեռուստակենտրոնից վերադառնալ, հասցնել հանրահավաքին: Ես ելույթ ունենալ չհասցրի: Մինչև այժմ էլ շատերն ինձ և  Բալայանին մեղադրում են, թե դուք Գորբաչովի մոտից եկաք թեւավորված, շեշտեցիք, որ Գորբաչովն ասաց, թե` այո’, ձեր պահանջն իրավացի է, Ղարաբաղը ձերը կլինի և այլն, և այլն: Ես չգիտեմ, թե Զորին հանրահավաքում ինչ է ասել, ինչպես է նկարագրել մեր հանդիպումը, միայն գիտեմ, որ նա իր խոսքի վերջում գոչել է մոտավորապես հետևյալը, թե մենք անպայման կհաղթենք, մենք պիտի Վան էլ հասնենք, Մուշ ու Բիթլիս էլ և այլ այս կարգի թեւավորող կոչեր՚:

Իսկ մինչ այդ` փետրվարի 26-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական հեռուստատեսությամբ ընթերցվել էր Գորբաչովի դիմումն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին, հաջորդ օրը` տպագրվել մամուլում: ՙԴիմում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրադարձությունների կապակցությամբ: Բարձրացվել է ինքնավար մարզն Ադրբ. ԽՍՀ-ից Հայկ. ԽՍՀ-ի կազմ փոխանցելու հարցը: ԽՄԿԿ Կենտկոմն անհանգստացած է իրադարձությունների նման զարգացումից, այն հղի է ամենալուրջ հետեւանքներով: Մենք կողմնակից չենք, որ խուսափենք տարբեր գաղափարների և  առաջարկությունների քննարկումից, բայց դա հարկավոր է անել հանգիստ, դեմոկրատական ընթացքում և օրինականության շրջանակներում` թույլ չտալով, որ նվազագույն իսկ չափով վնասվի մեր ժողովուրդների միջազգային համախմբվածությունը: Չի կարելի ժողովրդի ճակատագրի անչափ լուրջ հարցերը ենթարկել տարերքի և հույզերի կամքին՚:

Գորբաչովը հայ և ադրբեջանցի ժողովուրդներին կոչ է անում հանդես բերել քաղաքացիական հասունություն ու համբերություն, վերադառնալ բնական կյանքի ու աշխատանքի, պահպանել հասարակական կարգը: Հայաստանում դադարեցվում են հանրահավաքները: Սակայն այդ դադարն օգտագործվում է այլ տեղում և այլ ձև ով: Սումգայիթում սկսվում են հայկական ջարդերը, որոնք շարունակվում են երեք օր:

Այսօր` իրադարձություններից ավելի քան երկու տասնամյակ անց, հեշտ է գնահատական տալ` արդարացվա՞ծ էր արդյոք երկու գրողների կեցվածքը: Եթե ցույցերը շարունակվեին, Մոսկվան տեղի՞ էր տալու, Հայաստանին նվիրելո՞ւ էր Ղարաբաղը: Անկասկած, միշտ էլ կար վտանգ, որ խորհրդային զորքերը կարող են գնալ հանրահավաքները ցրելու ուժային տարբերակին, ինչին դիմել էին և’ նախորդող, և’ հաջորդող տարիներին` Ալմաթի, Վիլնյուս, Թբիլիսի` տանկերի թրթուրների տակ ճզմելով անմեղ մարդկանց:

Հարցրեք այս հատորը՝ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև. 2020-ի հայկական աղետը» գրքի 4-րդ հրատարակությունը, Երևանի Նոյյան Տապան, Բուկինիստ, Զանգակ, Արթբրիջ և Էպիգրաֆ գրախանութներում:

Այն կարող եք ձեռք բերել նաև հեղինակից՝ նրա ստորագրությամբ: