Ադրբեջանը մտադիր է հարձակման դիմել․ Խատիսյանի հեռագիրը Հասկելին, 20 փետրվարի, 1920թ

3469

Հայաստանի բողոք-հեռագիրը

Հայաստանի արտաքին գործոց նախարար Ա․ Խատիսյանը հետևյալ բողոքի հեռագիրն է ուղարկել գնդապետ Հասկելին, Ուորդրոպին և մյուս բոլոր պետությունների ներկայացուցիչներին

Հայաստանի կառավարությունը Գերուսիից նույն ամսի 8-ից ստացել է պաշտոնական հաղորդագրություն Ադրբեջանի պատրաստությունների մասին հայկական Զանգեզուրը գրավելու համար։

Հաղորդագրությունը ասում է, որ Շուշի են ժամանել Նուրի փաշան թուրք սպաներով և գեներալ Նովրուզովը բազմահազար խմբերով։ Ադրբեջանը մտադիր է հարձակման դիմել լայն մասշտաբով՝ միանգամից մի քանի ուղղություններով։ Հարձակման նպատակն է վերջնականապես զինաթափել և հպատակեցնել Ղարաբաղը և գրավել Զանգեզուրը։

Ըստ երևույթին, Ադրբեջանը որոշել է իրագործել այն պլանը, որը առաջ չէր հաջողվել։

Այս հաղորդագրությունը Հայաստանի ազգաբնակչության բոլոր խավերում առաջ է բերել մեծ հուզում։

Հայաստանի արտաքին գործոց նախարարը այս հաղորդագրությունը ստանալով, Բաքու ուղարկեց հետևյալ հեռագիրը։

Արտաքին գործոց նախարար Խան Խոյսկուն

Պատճեն՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Բեկզադյանին

Ըստ Հայաստանի կառավարության ստացած պաշտոնական տեղեկությունների Շուշիում և Ղարաբաղում կենտրոնացվում են թազմաթիվ ադրբեջանյան զորքեր՝ թուրքական և ադրբեջանյան գեներալների գլխավորությամբ, որի նպատակն է նվաճել Ղարաբաղը, անտես առնելով Ղարաբաղի Ազգային խորհրդի հետ կայացած համաձայնությունը և զանց առնելով նոյեմբերի 23-ի համաձայնությունը՝ գրավել Զանգեզուրը։

Մի քանի զորասյուներ արդեն շարժվել են ։ Նման գործողությունները անպայման խախտում են բոլոր համաձայնությունները  և առիթ են տալիս նորանոր արյունահեղությունների։ Ամուր կանգնելով համերաշխության և խաղաղասիրության տեսակետի վրա՝

Ես, Հայաստանի կառավարության անունից խնդրում եմ Ադրբեջանի կառավարությանը ձեռք առնել ամենակտրուկ միջոցներ, կասեցնելու ծրագրված հարձակումը և հաստատել, որ Ադրբեջանի կառավարությունը կողմնակից է իր ուժի մեջ պահելու նոյեմբերի 23-ի համաձայնությունն ու բարի դրացիական հարաբերությունները, որ ամեն անգամ ընդգծվում և ողջունվում են Ձեր կողմից։ Սպասում եմ անմիջական պատասխանի։

20 փետրվար

Արտաքին գործերի նախարար Խատիսյան։

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, Երևան, չորեքշաբթի, թիվ 39, 21 փետրվար, 1920թ․

Լուսանկարում՝ Շուշի